Հոգին՝ իբրև զարդանախշ Արփի Ավդալյանի ստեղծագործություններում

DSC00447j

Մայիսի 7-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվեց Արփի Ավդալյանի ձեռագործ աշխատանքների «Հոգին իբրև զարդանախշ» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկայացված էին ժողովրդական վարպետ Արփի Ավդալյանի շուրջ քսան տարիների ասեղնագործությունները, թվով երեսուն գործ՝ զուգակցված վարպետուհու հոր՝ բանաստեղծ Աշոտ Ավդալյանի բանաստեղծություններով:

-Հորս արվեստի փիլիսոփայությունն իմ մեջ վերակերպվել է մեկ այլ արվեստում: Նրա բանաստեղծություններն իմ գործերի պոետական արտացոլանքն են, և իզուր չէ, որ որպես վերնագիր իմ աշխատանքների՝ ընտրում եմ հենց հորս՝ Աշոտ Ավդալյանի բանաստեղծությունները, — նշեց Արփի Ավդալյանը:

Ցուցահանդեսի բացումն ազդարարեց Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն, բանաստեղծ Հովիկ Հովեյանը: Ողջույնի խոսք ունեցան նաև նկարչուհի Ադա Գաբրիելյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը, արվեստաբան Եվգենյա Քալանթարյանը և ուրիշներ:

-Կուզեի հյուրերի ուշադրությունը հրավիրել Արփիի աշխատանքների գրագիտությանը, նրանցում առկա գունային գամմային և հնագույն խորհրդանիշներին, որոնք ներդաշնակում են ավանդականը և նորը,- ասաց Ե. Քալանթարյանը:

Իսկ ազգագրագետ, գորգագետ Տաթև Մուրադյանն իր խոսքում նշեց, որ Արփի Ավդալյանն իր արվեստով այսօր մշակութային քաղաքականություն և ռազմավարություն է: Նա իր աշխատանքներով լավագույն օրինակն է այն ճշմարտության, որ ասեղնագործ գորգերը, որոնք այսօր աշխարհին ներկայանում են որպես թուրքական կամ ադրբեջանական  գորգեր, իրականում սերված են Հայաստանից:

«Հոգին իբրև զարդանախշ» ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 22-ը:

DSC00376

DSC00453

DSC00429

 

 

Share

Կարծիքներ

կարծիք