Հայրիկ Մուրադյանի «Մոկաց սարեր» ձայնասկավառակի շնորհանդեսը

Այսօր, մայիսի վեցին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Հայրիկ Մուրադյանի «Մոկաց սարեր» ձայնասկավառակի շնորհանդեսը, որը նվիրված էր մեծանուն հայ երգիչ-բանահավաքի 111-ամյակին:

— Ձայնասկավառակում տեղ են գտել Հայրիկ Մուրադյանի երեսուն կենդանի միաձայն կատարում՝ առանց նվագակցության: Ձայնասկավառակի նախապատրաստական աշխատանքները տևեցին շուրջ երեք ամիս, որի ընթացքում մենք օգտվեցինք հիմնականում մեր ընտանեկան արխիվից, ինչպես նաև որոշ ձայնագրություններ տրամադրեց Հանրային ռադիոյի Ոսկե ֆոնդը,- Անդինի հետ իր զրույցում նշեց միջոցառման կազմակերպիչ Նարինե Դելլալյանը:

Միջոցառմանը ելույթ ունեցան Ակունք, Վան, Շողակն և Կարին ազգագրական համույթները:

-Մարտիրոս Սարյանն ասում էր՝ ես հինգ հազար տարեկան եմ, նույն տարիքին է Արամ Խաչատրյանը, Կոմիտասը, և այսօր կարող ենք ասել, որ հինգ հազար տարեկան է նաև Հայրիկ Մուրադյանը, որովհետև ինքը՝ Մարտիրոս Սարյանն այդ միտքն այսպես էր մեկնաբանում՝ ես այդ տարիքին եմ, քանի որ արվեստագետն իր մեջ կրում է իր ժողովրդի կենսագրությունն ու պատմությունը, — իր խոսքում նշեց Դանիել Երաժիշտը:

Միջոցառմանը ներկա էին նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, ազգագրագետ Արուսյակ Սահակյանը, ֆոլկլորագետ և երաժշագետ Ալինա Փահլևանյանը:

-Այսօր, երբ այս հեռավորությունից Հայրիկ Մուրադյանի երգերն են թևածում, հանկարծ հասկանում ես, որ այդ ամբողջ ամբարած իմաստնությունը նրա ես-ի, նրա մաքրության հայելին էր, — նշեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Ձայնասկավառակի նկարազարդման հեղինակը նկարիչ Հայկ Սայադյանն է:

-Մի բան է գիտակից տարիքում ապրել Հայրիկ Մուրադյանի արվեստով, մի այլ բան՝ իմ գործով, իմ նկարչությամբ այսօր լինել այդ արվեստի մի մասնիկը, լինել այդ հեքիաթի մի տառը, — ասաց նկարիչը:

 

Share

Կարծիքներ

կարծիք