Զրույց քեզ համար (գիշերային էսքիզներ շարքից)

IMG_6861Ես կհեռանամ, երբ այլևս ոչ ոք ինձ չի հիշի: Կմիանամ անձրևին, կհոսեմ կիսաթաց այտերովդ, ու ինքդ էլ չես հասկանա, թե դա անձրև՞ն էր, թե՞ ամենավերջին արցունքդ: Չէ՞ որ դու այլևս երբեք չես արտասվի: Չէ՞ որ ես քո վերջին արցունքի կաթիլն էի, որ անձրևը մեղմորեն տարավ:

Ես կհեռանամ, երբ մարդիկ դադարեն ծամածռել իրենց մարմինները նոր վառած խարույկների առաջ: Ես կհանգչեմ վերջին խարույկի հետ մեկտեղ և խարույկից տաքացած, բայց արդեն մրսող մարդկանց հոգիների պես կսկսեմ ծխալ: Չէ՞ որ դու մի օր ինձ ասացիր, թե ձմռանը հասկացար, որ ամառ ունես սրտումդ: Ես կծխամ, որպեսզի նրանք ինձ տեսնեն ու քո ամառը ձմեռ չդարձնեն:

Ես կհեռանամ, երբ նորածնի փափլիկ ձեռքերը դառնան մերկացած ծառի ճյուղերի պես չոր ու անկենդան: Երբ մանկան ճիչը Մունկի ճիչի պես գունավոր դառնա: Չէ՞ որ ես արդեն երբեք չեմ կարող լսել, թե ինչպես ես դու նորից ծնվում ու քո անմեղ ճիչով լցնում սպիտակ հիվանդասենյակի կիսախելագար պատերը:

Ես կհեռանամ, երբ աշխարհի բոլոր գունագեղ ծաղիկները որոշեն թառամել: Չէ՞ որ ես միշտ քեզ ծաղիկներով եմ սպասում: Չէ՞ որ դու ինձ ծաղիկների բույրով ես գտել այն ժամանակ, երբ ես քեզ դեռ չէի կարողանում տեսնել:

Ես կհեռանամ, երբ խենթերի թիվը մեկով պակասի, ու էլ չգժվեն մարդիկ իրենցից:

Ես կհեռանամ, երբ մարդիկ ինձ պես ծույլ ու անբան դառնան, ու նրանց անդադար շարժման փոխարեն ամբողջ աշխարհով մեղմ գետեր հոսեն: Չէ՞ որ դու միշտ քաոս ես քո շուրջը ստեղծում: Չէ՞ որ ես միշտ, տեղումս կանգնած, քո անկանոն շարժ ու ձևին եմ սպասում:

Ես կհեռանամ, երբ կորուստից, խանդից սերը կեղտոտվի: Չէ՞ որ դու ինքդ մի օր մեղմ շշնջացիր, որ ամենից շատ սիրում ես մեր սիրո մաքրությունը:

Ես կհեռանամ, երբ նյութն իր ձևով տապալի հոգին՝ դարձնելով տձև:

Ես կհեռանամ, երբ բոլորը սկսեն հրաշքներ մուրալ ու չտեսնել ոչ ծագող արևը, ոչ բացվող ծաղիկն ու ոչ էլ մեռնող օրը:

Չէ՞ որ դու մի օր ասացիր, որ ինքս կույր եմ, եթե չեմ կարողանում տեսնել, թե արևն ինչպես է քեզ հետ զրուցում:

Ես կհեռանամ, երբ եկեղեցու զանգերի փոխարեն սատանան իր բերնով սկսի կանչել: Ու երկնքից անունդ հնչի ոչ թե հրեշտակի ձայնով, այլ այն ճտի, որը սատանային հայր կկանչի, իսկ քեզ անունով կդիմի: Դու ամենաշատը վախենում էիր, որ զավակդ քեզ ծնող չկանչի։

Ես կհեռանամ, երբ մարդիկ սկսեն այլևս չզրուցել նրանց հետ, ովքեր վաղուց իրենց հետ չեն: Եվ նախնիների ստվերները խռոված գնան: Դու ամեն գիշեր երազումդ նրանց էիր տեսնում: Հետո վախեցած վեր էիր թռչում քնիցդ, նայում շուրջբոլորդ ու տեսնում կողքիդ պառկած խորը քնի մեջ լողացող մարմինը, ամուր գրկում նրան ու նորից քնում։

Ես կհեռանամ, երբ մամռակալած շիրիմների մեջ կորցնեմ քո շիրիմն ու այլևս երբեք չգտնեմ: Չէ՞ որ դու ծաղիկներ ես սիրում: Չէ՞ որ ես քեզ ամեն օր ծաղիկներ եմ նվիրում: Չէ՞ որ ծաղիկների բույրով ենք մենք իրար գտել:

Ես կհեռանամ, երբ ցանկանամ զրուցել քեզ հետ, բայց արդեն ոչինչ չունենամ ասելու…

Ես կհեռանամ…

 

Անդին 6, 2015

Share

Կարծիքներ

կարծիք