Չիկոտիլոն և Չիկոտիլոն. պատմվածք մոլագարի մասին

Տանը

 

-Հեյ, Անդրեյ Ռոմանիչ,- ծղրտաց կինը,- ճղճիմ անասուն, մրափելու փոխարեն լավ է  ջուր բերեիր:

«Ռոստովներուդ» արտադրական միավորման մատակարար Անդրեյ Ռոմանովիչ  Չիկոտիլոն դժկամորեն բացեց աչքերը: Վերմակի տակից զգուշությամբ հանեց տարօրինակորեն ճերմակ, անմազ սրունքը և դեղնած եղունգով բութ մատով, ասես գերզգայուն ալեհավաքով, շոշափեց ննջարանի սառը օդը: Վախվորած հետազոտության արդյունքները սփոփիչ չէին. ընտանեկան անշուք ննջարանում ցուրտ էր ու խոնավ: Խոնավությունը՝ ամեն թաքուն պուճախ սողոսկող այդ անկուշտ ցեցը, Չիկոտիլոների ընտանիքի հետ ծանոթության օրից սկսած, տարիներ շարունակ կերել էր ննջարանի պատերին բնակարանամուտից անմիջապես հետո փակցված պաստառները, անկասելիորեն խունացնելով երբեմնի թարմ գույները՝ բորբոսի կանաչավուն-սև պուտերի տեսքով դրոշմել էր իր սեփականության իրավունքը Չիկոտիլոների համեստ օջախի նկատմամբ:

-Ո՞ւր մնացիր, անբանի մեկը,- կնոջ ծղրտոցը փոխակերպվեց օդային տագնապի շչակի ոռնոցի:

Աղեկտուր ոռնոցը ափեափ լցրեց Անդրեյ Ռոմանովիչ Չիկոտիլոյի էությունը, ու նրա մարմինը, համակված կնոջ ձայնի գերբնական ուժով, կարծես առանց ջանք գործադրելու պառկած տեղից միանգամից ընդունեց ուղղահայաց դիրք:

Անագե դույլերը՝ Անդրեյ Ռոմանովիչ Չիկոտիլոյի բախտի այդ ծանր կշռաքարերը, բաղնիքում էին: Ճանապարհին իր նիհար, բայց ջղուտ և ուժեղ մարմինը փաթաթելով հնամաշ խալաթի մեջ՝ Անդրեյ Ռոմանովիչը բացեց բաղնիքի ֆաներայե ճաքճքած դուռը, երկար տարիների վարժվածությունը մատնող ճարպիկ շարժումով ճանկեց դույլերը և կնոջ՝ թաղման քայլերգի վերածվող ոռնոցի ներքո դուրս եկավ աստիճանահարթակ:

Գունաթափ պատերին դանակի շեղբով խզմզած գռեհիկ գրառումները, որ անհագ կրքից տառապող պատանիները հասցեագրել էին Չիկոտիլոների՝ անբասիր վարքով աչքի չընկնող մի քանի հարևանուհիներին, միշտ կատաղեցնում էին Անդրեյ Ռոմանովիչին: Ինքը՝ «Զնամյա» շրջանային թերթի արտահաստիքային թղթակիցը, երբեք չէր հայհոյում: Անգամ երբ հարկ էր լինում վիճել ջրմուղ-կոյուղու լպիրշ բանվորների կամ նախորդ գիշեր պատշգամբից կախած իրենց կիսամաշ գորգը հմուտ օդաչուի դիպուկությամբ փսխուքով ռմբակոծած վերևի հարևանի հետ: Երբ վեճը թեժանում էր, և հակառակորդը, նրա ակնոցների հաստ ապակիներում գուշակելով Չիկոտիլոյի ինտելիգենտ լռությունը, սկսում էր հիշել Անդրեյ Ռոմանովիչի հեռու և մոտ նախնիներին, Չիկոտիլոն սսկվում էր, ներսում եռացող կատաղության ուժից սփրթնում, անսպասելիորեն շրջվում ու ծոծրակին խփվող հիշոցների ներքո հեռանում: Տարաբախտ ախոյանը ամիսներ անց ապարդյուն փորձում էր կռահել, թե որ թոկից փախածն է լուսադեմին նետած քարով ջարդել իր պատուհանը: Հանցանքը չէր բացահայտվում, իսկ Անդրեյ Ռոմանովիչը ախոյանին հանդիպելիս լայնորեն ու բարեսիրտ ժպտում էր:

-Համա թե անհիշաչար մարդ է մեր հարևանը՝ Անդրեյ Ռոմանովիչը:- Ընթրիքի շուրջ ասում էր ախոյանը իր կնոջը, հետո յոթհարկանի հիշոցներով մտաբերում պատուհանի ապակին փշրողին:

Հասնելով առաջին հարկ՝ Չիկոտիլոն գետնին դրեց դույլերը, ծանր փնչալով բացեց շքամուտքի դուռը և, ոտնաթաթով պահելով այն, նորից վերցրեց դույլերն ու դուրս եկավ բակ: Սառնամանիքը հարբեցող հոր կատաղությամբ ապտակեց Անդրեյ Ռոմանովիչին: Ապտակի ցավեցնող ուժը Անդրեյ Ռոմանովիչին ստիպեց կկոցել վայրկենաբար արցունքակալած աչքերը: Կուլ տալով չորացած կոկորդը սալորի թրմօղու պես քերծող թուքը՝ Չիկոտիլոն գլխիկոր քայլեց դեպի ձյունածածկ բակի անկյունից իր սև երախը երկնքին հառած ջրհորը: Ամեն օր ջրի գնացող հարևանների աննկուն ոտքերով ձյան մեջ տրորված արահետը իր մարմինը գալարում էր բակում՝ մի տեղ գրեթե հպվելով Անդրեյ Ռոմանովիչի վարձակալած խարխուլ ավտոտնակին: Երբ Չիկոտիլոն հասավ իր ավտոտնակին, մի թաքուն հիշողություն գիսավորի պես առկայծեց նրա ուղեղի խորքերում՝ ակնթարթորեն բռնկված էներգիայի սարսռալի ջերմությամբ ողողելով ողջ մարմինը: Բայց Անդրեյ Ռոմանովիչը, խալաթի թևքով գրեթե շոյելով ավտոտնակի պատը, նույնիսկ չնայեց մագնիսի պես իրեն ձգող շինության կողմը: Ուղեղի մի ծալքով հիշում էր՝ վերջին գործուղումից հետո իր հատուկ պայուսակը թողել էր ավտոտնակում, հնոտիքի կույտի տակ հուսալիորեն թաքցրած:

-Բարի լույս, Անդրեյ Ռոմանովիչ,- հարևանի դեռատի աղջիկն էր՝ չարաճճի ու թռվռուն:

-Լույս բարի, Մարիա,- լուրջ-լուրջ պատասխանեց Չիկոտիլոն:- Անտոնինա Նիկոլաևնան երեկ ժավել գնե՞լ է:

-Այո, Անդրեյ Ռոմանովիչ, Լևենցովոյի տնտեսական խանութից է հաջողացրել, կարող եք փոխ վերցնել:

-Շնորհակալ եմ, աղջիկս,- ժպտաց Չիկոտիլոն և, ուղղելով մեջքը, քթի տակ ուրախ պարեղանակ սուլելով մոտեցավ ջրհորին:

Հատուկ պայուսակում խնամքով տեղավորած պարանը վերջին գործուղման ժամանակ արյունոտվել էր: Մյուս Չիկոտիլոյի անսահման իշխանության արտաքին հենակմախքի այդ ճկուն ճոպանների վրա մնացած կեղտոտ արնաբծերը չլսված մի բան էին, գարշելի, ինչպես Անդրեյ Ռոմանովիչի կնոջ օգտագործված ներդիրները: Նման բարակ, բայց չափազանց ամուր պարան գտնելը հեշտ գործ չէր, նաև փոքր-ինչ վտանգավոր էր թվում. քաղաքում վխտացող միլիցիոներներին կարող էր հետաքրքրել, թե «Ռոստովներուդ»  արտադրական միավորման մատակարարի ինչի՞ն է պետք անտառաշերտում ժամանակ առ ժամանակ հայտնաբերվող հոշոտված դիակների ձեռքերն ու ոտքերը կապոտած պարանի մնացորդներին ճիշտ և ճիշտ նման թոկի  խուրձը: Ժավելը, այդ օրհնյալ գյուտը, կօգներ հատուկ պայուսակի կարգուկանոնին հասցված բոսոր անարգանքը մաքրելուն, ու հաջորդ գործուղման ժամանակ հատուկ պայուսակը կրկին կնմանվեր վիրաբուժական գործիքների արկղիկի՝ ախտազերծված, դիարանի չափ մաքուր:

Անդրեյ Ռոմանովիչը, մտովի թեժ զրույցի բռնված մյուս Չիկոտիլոյի հետ, չնկատեց, թե ինչպես գլխավերևի երկնքի պես պողպատագույն ջրով լցրեց իր դույլերը, հետո, չզգալով սառնամանիքի կատաղի ապտակները, աքացիներն ու կսմիթները, արագ-արագ, դույլերի ծանրությունից բադի պես շորորալով, քայլեց դեպի տուն: Կնոջ ձայնը անէացել էր խոհանոցի ինչ-որ անկյունում, և Անդրեյ Ռոմանովիչը խլացուցիչ լռության մեջ արագ և զգույշ սահեց դեպի բաղնիք: Դույլերը զգուշորեն տեղավորեց ժանգոտած լոգարանի մոտ, կարմիր պլաստմասսայե բաժակը լցրեց ջրով, դրեց լվացարանի վերևում պատին ամրացված խունացած հայելու տակդիրի վրա, սափրվելու մածուկի մի թանձրացած-չորացած կաթիլ չարչարվելով դուրս սեղմեց ծռմռված սրվակից և սառը ջուրը վճռականորեն ցայելով այտերին՝ խոզանակը ջանադրորեն քսեց երեսին: Ածելին բութ էր, Չիկոտիլոյին թվաց, թե ինքը չի սափրվում, այլ խարտում է այտերը՝ ամեն շարժումից հետո դեմքի վրա թողնելով գրգռված մաշկի կարմիր հետագիծը: Տհաճ էր, բայց աշխատանքի գնալ պատրաստվող Անդրեյ Ռոմանովիչը լուռ ու մունջ դիմացավ այդ ցավոտ գործողությանը:

Կնոջ ձայնը, ուսումնական զորամասի սերժանտի հրամանի պես խոցող ու ծաղրական, Անդրեյ Ռոմանովիչին կանչեց նախաճաշի: Սեղանը նմանվում էր մինիմալիստ նկարչի կտավի. Անդրեյ Ռոմանովիչի կինը խոհանոցային գեղագետի անսխալ աչքով սեղանին դասավորել էր թեյով լի բաժակը, կլոր շաքարամանը, պովիդլոյով լի կլոր ափսեն և սև հացի խորանարդիկները՝ ապահովելով Չիկոտիլոյի անպաճույճ նախաճաշի տեսողական հավասարակշռությունը: Անդրեյ Ռոմանովիչը վարդակին միացված արդուկի պես անտարբեր կլլեց առավոտյան էներգիայի կնոջ սահմանած չափաբաժինը: Արագորեն հագնվեց և ճաշասենյակի ամայության մեջ անտեսանելիորեն ինչ-որ տեղ մշտապես ներկա կնոջը հայտնելով իր գնալը՝ դուրս եկավ տնից ու քայլեց դեպի մոտակա կանգառը:

Կանգառը դատարկ էր: Մյուս Չիկոտիլոն սրտնեղությունից կրծոտում էր եղունգները, իսկ Անդրեյ Ռոմանովիչը, անտարբեր իրենց ընդհանուր եղունգների մակերեսի սրընթաց նվազմանը, գլխահակ կանգնած էր ամայի կանգառում: Նրա կռացած, գորշ կերպարանքի վրա կենդանի, օձի հայացքի պես սևեռուն ու սառը շարժուն էին միայն մյուս Չիկոտիլոյի աչքերը: Աչքերը կիսախուփ կոպերի տակից ինֆրակարմիր լուսարձակի անտեսանելի ճառագայթներով շոշափում, տնտղում, զննում էին շրջակայքը: Հեռավոր ոլորանից դուրս վազած նրբիրան աղջկա կերպարանքը կիզապակու մոգական ուժով իր վրա կենտրոնացրեց մյուս Չիկոտիլոյի հայացքի ճառագայթները: Սակայն ամեհի թափով փայլատակած ճառագայթները քիչ անց փշուր-փշուր եղան՝ բախվելով աղջկան մոտեցած տղամարդու լայն կռնակին:

-Քեռի,- Անդրեյ Ռոմանովիչի թիկունքից անսպասելիորեն հնչեց մի տղայական մրսած ձայն,- գլանակ կհյուրասիրե՞ս:

Մյուս Չիկոտիլոն մամլիչի ամրությամբ բռնեց Անդրեյ Ռոմանովիչի ուսերից և նրան ակնթարթորեն շրջեց դեպի ձայնի տերը:

Գլխաբաց մի տղեկ էր՝ տասնչորս-տասնհինգ տարեկան, վտիտ, փոս ընկած այտերով ու մեծ աչքերի զգուշավոր հայացքով: Մյուս Չիկոտիլոն հսկայական փարոսների պես շողարձակող աչքերը հառեց տղեկի բիբերին ու սկսեց անհագ ըմպել դրանց պատանեկան խոնավ փայլը:

-Չեմ ծխում, երիտասարդ, սակայն եթե մի քիչ քայլենք, հաճույքով քեզ համար մի տուփ «Սալյուտ» կգնեմ,- մյուս Չիկոտիլոյի խզված ձայնով, շշնջալու չափ ցածր պատասխանեց Անդրեյ Ռոմանովիչը:

-Իսկ չե՞ք խաբի, քեռի,- վարից վեր թերահավատորեն նայելով Անդրեյ Ռոմանովիչին՝ հարցրեց տղան:

-Ոչ, երիտա…,- Անդրեյ Ռոմանովիչի խոսքը մնաց բերանում, կարծես անէությունից, ուրվականի նման լուռ ու կենտրոնացած նյութեղացավ վիթխարի կրծքերով մի կարմրաթուշ կին ու պինդ բռնեց տղեկի ականջը:

-Այ շան որդու զարմ, չունենամ քեզ, դասի գնալու փոխարեն թափառում ու անծանոթ քեռիներից ծխախո՞տ ես կրակում, հա՞, սրիկա,- բամբ ձայնով բղավեց նա,- ներողություն եմ խնդրում այս անամոթի համար, ընկեր,- մսոտ շուրթերի ծայրով Անդրեյ Ռոմանովիչին ժպտաց կինը:

-Մայրիկ, այս քեռին պատրաստվում էր ինձ համար «Սալյուտի» տուփ գնել,- մոր զայրույթը դեպի Անդրեյ Ռոմանովիչը փորձեց ուղղորդել կնոջ հաստլիկ, պիրկ մատների տակ ծամածռվող տղան:

-Պապանձվիր,- տղայի դեմքին ողջ ուժով իջած ապտակի շառաչուն ձայնից Անդրեյ Ռոմանովիչը ուսերի մեջ մտցրեց գլուխը. տղայի մայրը այդ պահին շատ էր նման իր կնոջը:

-Այսպիսի ինտելիգենտ արտաքինով քաղաքացին չէր կարող ծխախոտ առաջարկել երեխային: Մեկ անգամ ևս կներեք, ընկեր,- ասաց արդարացի զայրույթից կարմրատակած կինը և հեռացավ՝ ականջից բռնած քաշ տալով իր հեծկլտացող ժառանգին:

Մյուս Չիկոտիլոն զայրացած թքեց իր և Անդրեյ Ռոմանովիչի ընդհանուր ատամների արանքից և գորշ վերարկուի տակ քրտնած մեջքը հենեց կանգառի ծածկը պահող սյանը:

 

Որսը

 

Նաստյան՝ գզգզված ցորնագույն մազերով ու կանաչ աչքերի անամոթ հայացքով տասնյոթամյա աղջիկը, միջքաղաքային էլեկտրագնացքի վերջին վագոնի ծայրամասում ծխում էր՝ նեղլիկ հարթակը լցնելով էժանագին ծխախոտի տհաճ հոտով: Աղջկա ներսը վառվում էր, նախորդ օրը տղաներից մեկը լիքը պորտվեյն էր բերել, հիշել էին այդ օրը թաղամասի կաթսայատանն հերթապահող Վովային, հյուր գնացել նրան: Ինքնամոռաց խմել էին, հետո, ցրվելով, շենքի մութ անկյուններում մինչ լուսադեմ սեր էին արել: Տղան վատը չէր, սակայն առավոտյան Նաստյայի գլուխը գվվում էր կաթսայատան հսկայական հնոցի պես: Շշերի հատակին ապարդյուն որոնել էին գեթ մի քանի կաթիլ կենարար ալկոհոլ խումարի կանաչ դևի ծարավը հագեցնելու համար: Հետո ձեռքները թափ էին տվել՝ համակերպվելով ծնողական խրատների նման այդ օրն անխուսափելի սրտխառնոցի և գլխացավի հետ: Նաստյան հրաժեշտի մի համբույր էր դրոշմել իր գիշերային սիրեկանի անմազ սֆաթին ու նստել էլեկտրագնացքը, որը նրան՝ արհեստագործական ուսումնարանի սանուհուն, ամեն շաբաթ օր հասցնում էր իրենց գյուղ:

-Լա՞վ չես զգում, աղջիկս,- հաստ ապակիներով եղջերավոր ակնոցներով, գորշ վերարկուով այն մարդն էր, ով վագոնում նստած էր Նաստյայի դիմաց, կաշվե դարչնագույն պայուսակը խնամքով դրած ոտքերի արանքում և վայրկյան իսկ աչքը չէր կտրում աղջկանից:

-Գնա ֆռֆռա, քեռի,- ուղիղ անծանոթի դեմքին փչած կապտավուն ծխի քուլաներում ներդրված աղջկական հանդգնությունը տղամարդուն ամենևին էլ չզարմացրեց: Նա պարզապես հազաց, ըստ երևույթին սովոր չէր ծխախոտին ու արագ-արագ խոսեց.

-Ես գիտեմ՝ ինչը կբուժի քեզ, նայիր էստեղ,- անծանոթը մեջքով կանգնեց դեպի Նաստյան՝ մարմնով ծածկելով իր հետ հարթակ բերած դարչնագույն պայուսակը: Երբ նա շրջվեց՝ ձեռքին շոկոլադե սալիկ էր ու մի շիշ կոնյակ:

Նաստյայի աչքերը վառվեցին ագահությամբ, սակայն նա վաղուց գիտեր, որ այս աշխարհում երիտասարդ աղջիկներին հենց այնպես ոչինչ չեն տալիս, իսկ տարեց հաշվապահին, այսպես էր մտքում կնքել դարչնագույն պայուսակից չբաժանվող անծանոթին, իր նման աղջկանից միայն մի բան կարող էր պետք լինել:

-Էստե՞ղ խմենք կոնյակը, քեռի,-  համենայն դեպս հարցրեց Նաստյան:

-Անդրեյ Ռոմանիչ ասա ինձ, աղջնակ: Ոչ, հաջորդ կայարանում կիջնենք: Անտառաշերտի մոտ մի փոքրիկ տնակ ունեմ, այնտեղ մեզ ոչ ոք չի խանգարի, նաև մի տասը ռուբլի կտամ, նոր շրջազգեստ կգնես քեզ համար:- Ակնոցների տակ լայնորեն տարածված ժպիտը ցույց տվեց հաշվապահի համաչափորեն կոր, մեխանիկական սղոցի ժապավեն հիշեցնող ատամնաշարը:

Հաշվապահի դեմքը մի վայրկյանից էլ կարճ պահ Նաստյային թվաց ամեհի գազանի կատաղությունից աղճատված մռութ, աղջիկը վախեցած ընկրկեց, բայց աչքերը թարթելուց հետո նորից իր առջև տեսավ հավանաբար հաստլիկ, յուղոտ մաշկով կնոջ դժգոհ փնթփնթոցից անասելիորեն հոգնած մի սովորական հաշվապահի, ով, ինչպես շատերը, արկած էր որոնում երիտասարդ աղջիկների հետ: Նաստյան գիտեր, որ տարեց տղամարդիկ երիտասարդ անհամբերներից շատ ավելի հմուտ և հոգատար են լինում, հաշվապահն արտաքուստ մյուսներից վատը չէր, իսկ  դարչնագույն պայուսակի կոնյակն ու շոկոլադը և խոստացած կարմիր տասնոցը նրան մրցակցությունից դուրս էին դնում:

«Ի վերջո, մեկն ավել, մեկը պակաս, ի՞նչ տարբերություն»,- մտածեց Նաստյան ու թույլ ժպտալով՝ գլխով արեց:

-Վագոնում հանկարծ ինձ չմոտենաս, աղջնակ, հաջորդ կայարանում միասին կիջնենք,- ասաց հաշվապահը և, պայուսակը ձեռքին, նորից մտավ վագոն:

«Վախենում ես կնոջդ հասցնեն, որ թրև ես գալիս գնացքներում, քեռի,- մտովի չարախնդաց Նաստյան,- տեղն է քեզ, կիմանաս, որ երիտասարդ աղջիկները քո խելքի բանը չեն»:

Ձմեռային կարճ ցերեկը շտապ-շտապ ծլկում էր, աստիճանաբար խտացող մթնշաղը ճեղքելով՝ կայարանի լապտերները երկարավուն-տարօրինակ ստվերներ էին գցել չմաքրված սառույցի ու ձյան կեղտոտ շերտերով ծածկված կառամատույցի վրա: Նաստյայի սիրտը ճմլվեց անորոշ նախազգացումից: Գուցե պետք չէր անծանոթ մարդու հետ իջնել այս ամայի կայարանում: Տագնապահար նայեց չորս կողմը: Նաստյայի առջևից քայլող անծանոթի՝ մթության մեջ հազիվ երևացող մեջքը,- հաշվապահը հրահանգել էր տասնհինգ քայլից ավելի չմոտենալով հետևել իրեն,- չգիտես ինչու հանգստացրեց աղջկան:

«Քեռին ձիու պես արագ է քայլում, որտեղի՞ց նրան էդքան էներգիա, սա ինձ գիշերը հաստատ սպանելու է ու ինչո՞ւ անունս չի հարցնում»,- մտածեց Նաստյան և չարաճճիորեն խնդաց՝ պատկերացնելով կենտավրոսի պես անխոնջ հաշվապահի հետ սպասվող գիշերը:

Անտառաշերտում ստվերներն ավելի խտացան՝ ձուլվելով միմյանց, ու եղևնիների թաթերը՝ հսկայական ու սև, Նաստյային թվացին մանկական հեքիաթների չար վհուկների՝ դեպի իրեն մեկնված անհամար ցախավելներ: Ցանկացավ մոտ լինել հաշվապահին, սակայն չկարողացավ իրեն ստիպել անցնել նրա ցածրաձայն բառերի գծած տասնհինգ քայլի արգելքը: Լռության մեջ հաշվապահի ծանր քայլերի տակ ձյունը ճրթճրթում էր՝ ասես փշրվող ոսկոր, Նաստյան արդեն գրեթե զղջում էր անծանոթի հետ խոսելու և անտառաշերտում հայտնվելու համար, երբ հաշվապահը հանկարծակի անհետացավ: Լռությունը սառը փեշերով պարուրեց մահու չափ վախեցած աղջկան:

-Քեռի,- մոռանալով գնացքում իրեն ասված անունը՝ անծանոթին բղավեց նա,- քեռի,  ուր կորար, ես վախենում եմ…

Նաստյային թվաց, թե հսկայական եղևնիներից մեկը մի քայլ առաջ եկավ ծառերի չարագուշակ շարքից, ողջ ծանրությամբ փլվեց իր վրա, գցեց ներքև ու, զարհուրելի ուժով ճանկելով վիզը, դեմքն ամբողջ թափով հարվածեց գետնին: Ցավը միլիոնավոր աստղիկներ վառեց Նաստյայի ուղեղում, որոնք, օճառի պղպջակների պես պայթելով, նրա էությունը լցրեցին մինչ այդ երբեք չզգացած, աներևակայելի սոսկումով: Արտասուքի կաթիլներով մշուշված աչքերի առջև փայլատակեց մի երկարավուն նեղ բան ու ագահորեն մխրճվեց նրա կողի մեջ, որովայնի, էլի ու էլի՝ ամեն հպման հետ աղջկա մեջ ներարկելով դժոխային ցավի մի նոր չափաբաժին: Հետո մանկության հեքիաթների բոլոր չար վհուկների դիվային խրախճանքում բզկտվող Նաստյան ցավի կարմիր շերտերի միջից տեսավ, թե ինչպես ձմեռային գիշերը հայտնվեց իր աչքի մի անկյունում որպես մի փոքրիկ սև կետ ու աստիճանաբար մեծանալով՝ լցրեց ողջ տեսադաշտը, իսկ հետո նրա արյունոտ մարմինը դանդաղ-դանդաղ ծածկեց անթափանց խավարի այնքան պաղ ու այնքան անցավ վերմակով…

 

    Ավարտը

 

Անդրեյ Ռոմանովիչ Չիկատիլոն, ձգտելով չաղմկել, ասես մտնում էր թունավոր օձերով լի հոր, ներս սպրդեց խոհանոց: Գազօջախի մոտ խալաթի կապույտ կտորին նկարված ծաղիկների դեզը նրա կինն էր՝ լուռ ու սպառնալից:

-Սիրելիս,- վեհերոտ մրմնջաց Անդրեյ Ռոմանովիչը: Հուզմունքից եղջերավոր ակնոցների հաստ ապակիները քրտնել էին: Թեթևակի դողացող մատներով հանեց ու վանդակավոր վերնաշապիկի թևքով խնամքով մաքրեց մշուշված ապակիները:

Կինը զբաղված էր իր գործով. լվացքի պարանի պես խունացած ու երկար ամուսնական կյանքի տարիներին վարժվել էր չնկատել կողակցին:

-Սիրելիս,- Անդրեյ Ռոմանովիչը այնուամենայնիվ անձնատուր լինել չէր պատրաստվում:- Կարո՞ղ եմ վերցնել քո բանկաներից մեկնումեկը:

-Էլի գարեջո՞ւր ես ուզում լակել, սրիկա: Ողջ օրը իբր թե գործուղումների ես, թրև ես գալիս չգիտես որտեղ ու տան վերջին կոպեկներն էլ ուզում ես փո՞րդ լցնել, հարբեցողի մեկը, սև լինի էն օրը, երբ ռաստվեցի քեզ, ոչնչություն:

Կնոջ զայրույթի՝ սելավի բերած ցեխոտ գլաքարերի չափ ծանր խոսքերի տակ աստիճանաբար կուչ եկող-փոքրացող Անդրեյ Ռոմանովիչն անօգնական թարթում էր աչքերը:

Անսպասելիորեն հեղեղը խաղաղվեց.

-Լավ, թող էդպես լինի, վերցրու պահարանի մոտի երեքլիտրանոցը ու չհամարձակվես առանց երշիկի վերադառնալ տուն:

Անդրեյ Ռոմանովիչը, վախենալով, որ տարերքի պես անկառավարելի ու փոփոխամիտ կինը վերջին պահին կարող է փոշմանել, վերցրեց ապակե բանկան ու դուրս սուրաց տնից:

-«Դոկտորական» կբերես, Անդրեյ Ռոմանովիչ, ու նայիր, որ թարմ լինի,- աստիճանների վրա նրան հասավ կնոջ ծղրտուն ձայնը:

Գարեջրի կրպակը՝ փայտաշեն բաղձալի կառույցը, հանգրվանել էր ստվերախիտ զբոսայգու մուտքի մոտ՝ շրջապատված մշտական ծարավից տանջվող պրոլետարների բազմությամբ: Անդրեյ Ռոմանովիչը մոտեցավ ծխող ու աղմկելով հայհոյող քրտնաթոր հերթին:

-Ո՞վ է վերջը, ընկերներ,- քաղաքավարությամբ հարցրեց նա:

-Տամբովյան գայլն է քեզ ընկեր, քեռի,- ատամների արանքից ծխախոտի քնթուկը թքելով Չիկատիլոյի ոտքերի տակ՝ հերթի միջից հռհռաց հաստավիզ երիտասարդը: Հերթը հազաց, խեղդվեց ու ցնցվեց միահամուռ քրքիջից: Չիկատիլոյի աչքերը արցունքոտվեցին վիրավորանքից: Պատրաստվում էր շրջվել ու հեռանալ, երբ վանդակավոր վերնաշապիկի թևքը քաշեցին:

-Ուշադրություն մի դարձրու դրանց, Անդրեյ Ռոմանիչ,- հարևանն էր՝ թաղամասում ու, ասում էին, նաև քաղաքում հեղինակավոր Սանյան,- իսկ դու, ջահել, լավ կանես կարգի հրավիրես քեզ:

-Սանյա, ախպերս, քեռու հետ պարզապես հանաք էի անում, ներող,- կմկմաց հաստավիզը:

Սանյան նորից շրջվեց դեպի Անդրեյ Ռոմանովիչը:

-Ինչքա՞ն ես վերցնելու, Ռոմանիչ:

-Լիտրուկես, Սանյա,- ցածրաձայն պատասխանեց Չիկատիլոն:

-Դեսը տուր բանկան, չէ, չէ, այ էդ մեկն արդեն պետք չէ,- նկատելով ճմռթված երեքնոցի հետևից վերնաշապիկի ծոցագրպանը մտած Չիկատիլոյի ձեռքը՝ առարկեց Սանյան,- էյ, գջլոտ,- դիմեց քիչ առաջ Անդրեյ Ռոմանովիչին ծաղրող երիտասարդին,- դե մի արագ լցնել տուր Ադրեյ Ռոմանովիչի բանկան:

Հաստավիզը պատրաստակամորեն գլխով արեց և հողը հերկող գութանի համառությամբ ճեղքելով սսկված հերթը՝ մոտեցավ կանաչ ներկված վաճառասեղանի հետևում հոլի արագությամբ պտտվող սևաբեղ վաճառողին: Երբ հաստավիզը վերադարձավ, պռնկեպռունկ լցված բանկայի մեջ ուրախ-ուրախ ծփում էր փրփրաբաշ ՙԺիգուլևյանը՚: Բանկան վերցնելիս Չիկատիլոն փախցրեց հայացքը. հաստավզի աչքերում պարզորոշ տեսել էր հրապարակային ստորացումը չմոռանալու վճռականությունը:

-Շնորհակալ եմ, Սանյա, հարազատս…

Սանյան նույնիսկ չնայեց հարևանի կողմը:

-Լավ է դե, հաջողություն, Ռոմանիչ,- գռմռաց ու նորից իսպառ մոռացավ Չիկատիլոյի գոյության մասին:

Անդրեյ Ռոմանովիչը, արևի տակ հեքիաթային գանձի պես հուրհրացող, թարմ գարեջրով լի բանկան սեղմած կրծքին, քայլում էր հպարտ ու հաղթական՝ ասես Իտալիան նվաճած Նապոլեոնը: ՙԴոկտորական՚ երշիկն էլ թե հաջողացներ գնել՝ նրա տունդարձը լինելու էր հարևանների նախանձը շարժող իսկական հաղթահանդես:

-Անդրեյ Ռոմա՞նովիչ,- ծառուղու նստարանից բարձրացած ամրակազմ անծանոթի շուրթերին խաղում էր թեթև ժպիտը, բայց աչքերը սառն էին, թշնամական ու ծակող:

-Այո, ներեցեք, մենք ծանո՞թ ենք,- աչքերը ակնախոռոչներում տենդագին ոլորելով հազիվ արտաբերեց մի անհատակ, արյունոտ պատերով զնդանի մեջ անվերջորեն գահավիժելու ուժեղացող զգացումից սոսկումնահար Չիկատիլոն: Հանկարծահաս գլխապտույտի միջից կարողացավ նկատել, որ քաղաքի առօրյա համայնապատկերից՝ խաղաղ զբոսնող զույգերից, տաք-տաք վիճելով դոմինո խաղացող խմբից անջատվեցին ու իրեն մոտեցա ևս մի քանի ամրակազմ տղամարդիկ:

Անծանոթը աճպարարի անորսալի շարժումով Չիկատիլոյի քթի տակ բացուխուփ արեց սարսափելի, կարմիր կաշեկազմ վկայականը, որը հավաստում էր Չիկատիլոյի թևերը ոլորելու ու քաղաքից արմատախիլ անելու նրա անսահմանափակ իշխանությունը:

-Խնդրում եմ հետևեք մեզ,- անծանոթի հրամանը հնչեց հրացանի փակաղակի շրխկոցի պես կտրուկ:

Բանկան ընկավ Անդրեյ Ռոմանովիչի ձեռքից և միանգամից, կարծես մինչև ծառուղու ավազին զարկվելը վերածվեց անհամար փշուրների: Ասես դանդաղեցված ֆիլմում, Չիկատիլոն հավերժության չափ երկարած ակնթարթի ընթացքում հետևեց յուրաքանչյուր բեկորի թռիչքին: Երբ դրանք ընկան գետնին, Անդրեյ Ռոմանովիչը զգաց, որ թարմ ՙԺիգուլևյանը՚՝ վախի պես լպրծուն ու թանձր, թրջել է իր վանդակավոր վերնաշապիկն ու տաբատը: Կկոցեց աչքերը, մեքենայական շարժումով ուղղեց ակնոցները, քարշ գցեց գլուխը ու ոտքերը քսքստացնելով, հնազանդորեն հետևեց իրեն դեպի մոտալուտ անէությունը ուղեկցող ոստիկաններին:

 

Դատը

 

Անդրեյ Ռոմանովիչ Չիկատիլոյի տիեզերքը՝ մութ ու սոսկալիորեն ազատ և անսահման, բոլորին անտեսանելի, հրաբխի պես անհանգիստ ու ընդերքից բարձրացող սև, ամենակուլ կրակով ճարակված, փոքրացել էր, տեղավորվել քննչական մեկուսարանի բանտախցի ու առաջին նիստին նախորդած գիշերը դատարանի դահլիճում հապճեպորեն կառուցված հաստ ճաղերով վանդակի մեջ: Սարսափազդու ու անորսալի մոլագարին վերջապես ճանկած արդարադատությունը չէր վախենում, թե նա երբևէ դուրս կպրծնի իր ջլապինդ, մազոտ թաթերից: Տասնամյակներ շարունակ ձեռքն ընկած անհամար մեղավորների արցունքները, արյունը, քրտինքն ու դաժան ծեծին հաջորդող աղերսանքները արդարադատությանը օժտել էին մարդու էությունը միանգամից հասկանալու անըմբռնելի կարողությամբ: Չիկատիլոյին ճանկած արդարադատությունը հիմա գիտեր, որ անտառաշերտից դուրս, որտեղ տարիներ շարունակ կիսանեխած դիակներ էին հայտնաբերվում, որտեղ իրերի սկիզբն ու վախճանը պարում էին նրա դանակի սուր շեղբի ծայրին, որտեղ ազատությունն ու անսահման ուժը նրա նիհար, բայց ջղուտ և ուժեղ մարմինը ողողում էին հերթական զոհի արյան պես առատ ու թանձր տաքության ալիքներով, Չիկատիլոն գորշ ու անվնաս մեկն էր:

Վանդակն իրականում զոհերի հարազատներին բանտարկելու համար էր, պարզապես նրանք ավելի շատ էին, և խելամիտ էր հարյուրավոր մարդկանց վրիժառությունն իր մեջ պարփակելու ունակ հսկայական վանդակի գաղափարը մարմնավորել ցածրիկ աթոռին նստած Չիկատիլոյի կորացած կերպարանքի շուրջը: Միաձայն հառաչող, աղաղակող ու հեծկլտացող դահլիճը ցանկացած պահի կարող էր փոխակերպվել դանակներով ու կռփազենքերով սպառազինված խելակորույս ամբոխի՝ անկառավարելի ու վտանգավոր: Իսկ եթե դատարանի մուտքի մոտ վարժ ձեռքերով խուզարկած լինեին մոլագարի զոհերի հարազատներին, զենք էին դառնալու նրանց ատամներն ու եղունգները, և արդարադատությունը զրկվելու էր Չիկատիլոյի խուզած ծոծրակի մեջ գնդակ մխրճելու բացառիկ իրավունքից: Վրեժը պետության մենաշնորհն էր, ու նա հաստատել էր իր իրավունքը դատարանի դահլիճում վանդակի հաստ, թարմ ներկված ճաղեր բարձրացնելով:

Մեկուսարանի բանտախցում Չիկատիլոն բանտարկյալ մոլագար չէր, այլ դժբախտ ու պատմության՝ 1930-ական թվականներին մոլեգնորեն պտտված աղացաքարերի արանքում ոչնչացած սերունդների մի տձև բեկոր՝ պատված հղացման ժամանակ անթերի ու կատարյալ էությունն այլանդակած խազերով, ճաքերով ու այդ ճաքերից մեկով մեջը խուժած սոսկալի խավարով: Բանտախցում նա սիրալիր ու պատրաստակամ էր իրեն անընդհատ այցելող քննիչների, հոգեբույժների ու լրագրողների հետ: Օրը սկսում էր մարզանքով, խնամում և հետևում էր իրեն:

Ամեն ինչ փոխվում էր, երբ նրան, դաստակներին արնազեղումի կապույտ շերտեր թողնող ձեռնաշղթաներ հագցնելով, ուղեկցում էին դատարան: Անեծքների, սպառնալիքների ու հայհոյանքների ժխորի տակ տեղավորվում էր իր տիեզերքը պարփակող վանդակում: Ճաղերից այն կողմ մոլեգնող բազմությունը թվում էր հզոր, սպառնալից ալեկոծությամբ համակված ծով՝ թշնամական, իր գոյության հնարավորությունն իսկ մերժող: Այդ պահին հայտնվում էր մյուս Չիկատիլոն՝ հեղեղի պես կատաղի ու անողորմ, անտառաշերտի արյունալի գիշերներին իր դանակի շեղբին կապույտ սառնությամբ առկայծող աստղերի նման անտարբեր մարդկային վշտի ու դժբախտության նկատմամբ: Մյուս Չիկատիլոն իրեն համարում էր մարդկային ըմբռնման սահմաններից դուրս, ինքը հեղեղ էր, ամենակուլ լավա, խոլ ու անսանձ տարերային ուժ, կարող էր Անդրեյ Ռոմանովիչի դողացող ձեռքերով իջեցնել շալվարը ու տարիքից դեղնած նրա հետույքը ցույց տալ իր կատարած սոսկալի սպանությունների հերթական դրվագը քննող դատավորին, կարող էր լայնորեն բանալ  մեխանիկական սղոցի համաչափորեն կոր ժապավեն հիշեցնող ատամնաշարը, երբ ուշաթափվում էր պաշտոնական նկարագրության անհոգի բառերում իր մահամերձ զավակի սոսկալի տառապանքները տեսած հերթական մայրը:

Մարդկանց աշխարհին իր վրեժը եղել էր սարսափելի: Գոլոդոմորի կաթսաներից մեկում եփված ու խժռված ավագ եղբոր՝ Ստեպանի, իր անմխիթար, քնքշանքի փոխարեն հիշոցներով, մուշտիներով ու բութ դաժանությամբ լի մանկության դիմաց տարիներ ի վեր հերձել էր ու սպանել՝ անտառաշերտում իրեն համարելով պատերազմի հնդկացիական աստված՝ արյունռուշտ, ամենազոր, կատարյալ: Վրեժը ձգվել էր երկար տարիներ, մինչ տիեզերքը հոգնել էր անմեղների արյունից և նրան փակել հաստ ճաղերով վանդակում՝ հետո սառնասրտորեն ճզմելու համար:

…Անդրեյ Ռոմանովիչ Չիկատիլոյի՝ մոլագար մարդասպանի մահվան վճիռը կարդացող դատավորի ձայնը խլացավ ուժգին ծափահարությունների աղմուկի մեջ:      Չիկատիլոն չհասկացող աչքերով նայեց փոթորկոտ ծովի պես մոլեգնած դահլիճի ալեբախությանը, կանգնեց ու գլխիկոր հետևեց իր պահնորդներին՝ մարդկանց աշխարհ այլևս երբեք չվերադառնալու համար:

 

 

Անդին 5, 2015

Share

Կարծիքներ

կարծիք