Ցեղասպանությունների աշխարհագրություն

Հեղինակ:

Որքան էլ ցավալի է, մարդկության պատմության ընթացքում առանձին ազգերի, ժողովուրդների ու ցեղերի դեմ տեղի են ունեցել բազմաթիվ հանցագործություններ, որոնք այսօր իրավամբ կարելի է համարել ցեղասպանություններ: Պարզվում է, ցեղասպանություններն ունեն լայն աշխարհագրություն: Հայերի, Պոնտոսի հույների, ասորիների և հրեաների ցեղասպանությունների մասին թերևս շատ է գրվել ու խոսվել, սակայն աշխարհում կան էլի ազգեր, ժողովուրդներ ու ցեղեր, որոնք նույնպես ենթարկվել են սպանդի: Դրանց մի մասը դատապարտվել ու դատապարտվում է, մի մասն ուղղակի քննարկվում է, իսկ մեծ մասը դուրս է մնում համաշխարհային հանրության տեսադաշտից և/կամ հաճախ անուշադրության մատնվում, որի հետևանքով դարձյալ ու դարձյալ անմեղ մարդիկ են զոհվում: Ահա դրանցից մի քանիսը.

 

Հերերո և նամա ցեղախմբերի կոտորածը գերմանացիների կողմից

Աֆրիկայի հարավում գտնվող Նամիբիա երկիրը ապրելու համար բավական դժվար վայր է: Նամիբիայի ափամերձ տարածքը ձգվում է մինչև 2000 կմ անբերրի ավազուտ ու քարքարոտ տարածքով, որն անբարենպաստ է մշակաբույսեր աճեցնելու համար: Սակայն այս վայրը միաժամանակ ունի ադամանդի, հազվագյուտ մետաղների ու թանկարժեք քարերի հարուստ պաշար: 1880-ականներին գերմանացիների հավակնոտությունը դրդեց գաղութ հիմնել այն տարածքում, որը պատկանում էր հերերո (բանտու) և նամա (հոտենտոտներ) ցեղախմբերին: Գերմանացիների և տեղաբնիկների միջև լարվածությունը շուտով ավելի է աճում, քանի որ ջրի պաշարները գնալով նվազում էին, իսկ բնիկներին պատկանող խոշոր եղջերավոր անասունները, որոնք նրանց ապրելու միակ միջոցն էին, խլվեց գերմանացիների կողմից: Ի վերջո նրանք գերմանացի գաղութարարների դեմ անհաջող ապստամբություն բարձրացրին, որին ի պատասխան գերմանական կառավարությունը Նամիբիա է ուղարկում դաժան հրամանատար Լոթեր ֆոն Տրոթային՝ 10 000 գերմանացի զինվորներով, որպեսզի ճնշեն բնիկների ապստամբությունը: Գերմանացիները երեք կողմից շրջապատում են բնիկներին այնպես, որ միակ փախչելու ելքը Կալահարիի անապատն էր, որտեղ նրանք նախապես թունավորել էին բոլոր ջրափոսերը: Բնիկները կամ պետք է մահանային գերմանացիների գնդակներից, կամ էլ այնքան թափառեին անապատում, մինչև սովամահ լինեին: 1904-1907 թթ. ընթացքում  իրականացված սպանդի արդյունքում Նամիբիայի տարածքում բնակվող 80 000 հերերոներից ոչնչացվել է 65 000-ը, իսկ 20 000 նամաներից՝ 10 000-ը: 1985 թ. ՄԱԿ-ի կողմից  այդ  սպանդը որակվեց ցեղասպանություն, որը 2004 թ. ճանաչվեց Գերմանիայի կողմից:

 

Մի ողջ ազգի արտաքսումը Խորհրդային Միության կառավարության կողմից

Չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մոտ  40 000 չեչեն ու ինգուշ է մարտնչել սովետների բանակում, այնուամենայնիվ պատերազմից հետո կառավարությունը այդ ժողովուրդներին մեղադրեց նացիստներին օգնելու մեջ: Պատժելու համար խորհրդային կառավարությունը նրանց բեռնատարներ «բարձած» արտաքսում է ԽՍՀՄ հսկայական տարածքի սահմանային հեռավոր տարածքներ: 1944 թ. փետրվարի 23-ին բոլոր չեչեն ու ինգուշ բնակիչներին հրամայվեց  հավաքվել կուսակցության տեղական կառույցներում, որտեղ նրանց տեղեկացրեցին, որ պետք է արտաքսվեն գերմանացիներին օգնելու համար: Բոլոր նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չէին կարողանա տեղափոխվել, հենց տեղում, միանգամից սպանվում էին: Այսպիսի մի դեպքի ժամանակ 700 հոգու փակեցին ախոռում ու հրկիզեցին: Մասնագետները հավատացած են, որ չեչեն բնակչության 50 տոկոսը կոտորվել է հենց այդ ժամանակ:

 

«Մաղադանոսի» կոտորածները

1937 թ. սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին (հիմնականում՝ հոկտեմբերի 2-ին) ընդամենը 5 օրվա ընթացքում Հայիթիի ավելի քան 20 000 (տարբեր գնահատականներով՝ 17-ից 37 հազար) բնակիչ կոտորվում է դոմինիկյան դիկտատոր Ռաֆայել Լեոնիդաս Տրուխիլյոյի հրամանով: Կոտորածները տեղի էին ունենում ամբողջ տարածաշրջանում: Դոմինիկյան զինվորներն ու քաղաքացիները զինված անցնում էին բնակավայրից բնակավայր ու սպանում Հայիթիի բնակիչներին: Որպեսզի կարողանային տարբերել Հայիթի բնակչին դոմինիկացուց՝ մաղադանոս էին ցույց տալիս ու հարցնում, թե ինչ է դա, եթե մարդիկ մաքուր ու ճիշտ արտասանում էին ՙպերեխիլ՚ (perejil) բառը, ուրեմն նրանք դոմինիկացի էին, իսկ եթե այս բառը արտասանում էին որոշակի լեզվական շեշտադրումներով, ոչ պարզ, դա հստակորեն նշանակում էր, որ նրանք Հայիթիից են: Մասնագետները մինչ այժմ բանավիճում են այն հարցի շուրջ, թե ինչու պետք է Տրուխիլյոն նման կոտորածներ իրականացներ: Որոշ մարդիկ նշում են, թե դա ռասայական հողի վրա իրականացված կոտորած էր, որպեսզի միայն սպիտակամորթ դոմինիկացիներ մնային Դոմինիկյան Հանրապետությունում, մյուսներն էլ պնդում են, թե նա ցանկանում էր ընդլայնել Դոմինիկյան տարածքները:

Միջազգային հանրությանը այս մասին հայտնի դառնալուց հետո Տրուխիլյոն ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի միջնորդությամբ բանակցեց Հայիթիի նախագահի հետ և որպես փոխհատուցում Հայիթիի կառավարությանը վճարեց 500 հազար ԱՄՆ դոլար (Հայիթին պահանջում էր 750 հազար)՝ յուրաքանչյուր «գլխի համար» 30 դոլար հաշվարկով, որից զոհվածների ընտանիքներին հատուցվում է ընդամենը… 2 ցենտ՝ յուրաքանչյուր սպանվածի դիմաց:

 

Թայպինի ապստամբության հետևանքով 20-30 միլիոն մարդկանց կոտորածը

1850-64 թթ. Չինաստանում տեղի է ունեցել գյուղացիների ապստամբություն Ցին մանջուրական կայսրության և օտար նվաճողների դեմ: Նրանց առաջնորդը եղել է քրիստոնյա Հուն Սյուցյուանը: Նա ստեղծել էր անկախ չինական Թայպինյան Երկնային Կայսրությունը: Այն գտնվում էր Չինաստանի հարավ-արևելքում, որտեղ ապրում էր շուրջ 30 միլիոն մարդ: Հուն Սյուցյուանը տարբեր տեսիլքներ էր ունենում, որոնք նրան մղում են հավատալու, թե ինքը Հիսուս Քրիստոսի կրտսեր եղբայրն է: Նրա տեսիլքները հանգեցնում են նրան, որ նա, ի վերջո, գաղափարակից հետևորդ զինվորներ է հավաքագրում, որպեսզի իշխանությունից զրկի Չինաստանի ցինական կառավարությանը: Հուն Սյուցյուանը իրոք որոշ գաղափարներ ուներ Չինաստանում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ. նա ցանկանում էր արգելել դրամախաղը, բազմակնությունն ու ստրուկների վաճառքը: Նա նաև ցանկանում էր կանանց հնարավորություն տալ ունենալու իրենց սեփականությունն ու կարողանալու իշխանության գալ: Հուն Սյուցյուանն իր հետևորդներին համախմբում է այս հիմնական գաղափարների շուրջն ու բազմաթիվ աղքատ և հասարակ քաղաքացիներով համալրում իր բանակը: Տասը տարուց պակաս ժամանակահատվածում նա արդեն տիրում էր Չինաստանի մեկ երրորդին: Նրա հիմանական հակառակորդը կամ թշնամին Մանջուրիայի կառավարիչներն էին, որոնք իրենք էին վերջերս գրավել Չինաստանը: Մանջուրներն ավելի քան քսան տարի կռվում էին Հուն Սյուցյուանի զորքերի դեմ: Պատերազմի, հիվանդությունների ու կոտորածների արդյունքում երկու կողմից էլ 20-30 միլիոն մարդ է զոհվում: Այս ողբերգական իրադարձությունը պատմության մեջ հաճախ դիտվում է իբրև ցեղասպանություն, քանի որ բազմաթիվ աղքատ ու ցածր դասակարգի չինացիներ են սպանվել:

 

 Թուրքերի կողմից ապստամբ դերսիմցիների կոտորածը

Երբ դերսիմցիները Թուրքիայի ժամանակակից տարածքում հրաժարվեցին ընդունել թուրքական նոր կենտրոնական կառավարությանը և որոշեցին հետևել իրենց սեփական իշխանություններին, թուրքական կառավարությունը որոշեց ուժով ստիպել նրանց «հարգել» իրենց: 1937 թ. մարտից մինչև 1938 թ. գարուն թուրքերը կոտորում են Դերսիմի տարածքում բնակվող բազմաթիվ մարդկանց: Կանայք ու երեխաները, որոնք թաքնվել ու պատսպարվել էին ժայռերում, փակվեցին ու դրանց մուտքերի մոտ վառված կրակի միջոցով ծխահարությամբ խեղդամահ արվեցին քարանձավներում: Երեք ցեղախմբեր՝ կարաբելները, ֆերհադները և պիլվակները, շրջապատվեցին ամեն կողմից ու դաժանաբար սպանվեցին: Նույնիսկ այն երիտասարդ զինվորները, ովքեր հավաքագրվել էին թուրքական կենտրոնական իշխանությունների զորքերում կռվելու համար, ազատվեցին ծառայությունից ու սպանվեցին, քանի որ թուրքերը վախենում էին, որ նրանք ի վերջո կարող են ապստամբել իրենց դեմ: 1938 թ. մեկ օրում 7954 մարդ է սպանվում ու գերեվարվում:

 

 Ստալինի կողմից իրականացված սովամահության ծրագրի միլիոնավոր զոհերը

Խորհրդային իշխանության առաջին տասնամյակներին ցարական Ռուսաստանի գրեթե ողջ տարածքը ենթարկվեց սովի դաժան հարվածի: Առավել համրահայտ են Պովոլժիեի և Ուկրաինայի դեպքերը, որոնք ընդհանուր անվամբ կոչվում են «գոլոդոմոր»: Այստեղ մենք կանդրադառնանք Ուկրաինայի դեպքերին, թեև հարկ է առանձնահատուկ նշել, որ Ստալինի քաղաքականությանը զոհ են գնացել ԽՍՀՄ բոլոր ժողովուրդները:

1917 թ. մարտին ցարական կառավարության տապալումից հետ Ուկրաինան վերջապես անկախություն ձեռք բերելու հնարավորություն ունեցավ: Սակայն նրանց անկախությունը շատ կարճ տևեց: Լենինը ծրագրում էր մինչև տարվա վերջ վերադրաձնել ու միավորել այն բոլոր տարածքները, որոնք նախկինում կառավարվում էր ռուս ցարերի կողմից, այդ թվում և Ուկրաինան: Հաջորդ մի քանի տարիներին ուկրաինացիները անհաջող պայքար էին մղում անկախությունը պահպանելու համար, սակայն ձախողումներն ավելի էին բորբոքում ազգայնական շարժումը:

Լենինից հետո իշխանության եկած Իոսիֆ Ստալինի համար ևս ուկրաինացիների ազգային ապստամբությունն անհանդուրժելի էր, և նա որոշեց կանգնեցնել այն: Սկզբում նա ոչնչացնում է 5000 ուկրաինացի գիտնականների՝ նրանց մեղադրելով  խռովություններ հրահրելու և ապստամբություն բարձրացնելու մեջ: Նա հույս ուներ, որ այս քայլը կկանգնեցնի ուկրաինական ազգայնական խռովությունները:  Ստալինը նաև մի ծրագիր իրականացրեց, որը, ի շարս ողջ ԽՄ-ի, ենթադրում էր Ուկրաինայի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների կոլեկտիվացում: Սա ավելի բորոբոքեց ուկրաինացիներին, սակայն Ստալինը ետ չկանգնեց իր ծրագրից: Նա պատրաստվում էր սովի մատնելով հնազանդեցնել նրանց: Մինչև 1932 թ. կեսը Ստալինը կոլեկտիվացնում է Ուկրաինայի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների յոթանասունհինգ տոկոսը, որի հետևանքով խիստ նվազում են մթերքները, և ուկրաինացիներին գրեթե ոչինչ չի մնում: 1933 թ., երբ Ուկրաինայի տարածքում սով էր, 25 000 մարդ էր մահանում ամեն օր: Ստալինյան այս ծրագրի հետևանքով մոտ 5 միլիոն մարդ է սովամահ եղել:

 

 Ամերիկացի բնիկների ցեղասպանությունը

Հոպին կամ մոկին ամերիկացիների բնիկ ցեղախումբն ապրում էր Հյուսիսային Արիզոնայի տարածքում: Իսպանացիները փորձում էին նրանց հավատափոխել ու քրիստոնյա դարձնել: Առաջին փորձը անհաջողությամբ է պսակվում. մոկինները ապստամբում են, սակայն մի քանի տարի անց իսպանացիները վերադառնում են արդեն զորքով: Աուատովի կոչվող բնակավայրում իսպանացի երկու հոգևորականներ նախկինում հավատափոխված բազմաթիվ մարդկանց հանդիպեցին, որոնք պատրաստ էին նորից քրիստոնեություն ընդունել: Ուրախանալով՝ հոգևորականները վերադառնում են Սանտա Ֆե, որպեսզի իրենց ղեկավարների հետ պայմանավորվեն Աուատովիում եկեղեցի կառուցելու մասին: Աուատովին ամերիկացի բնիկների համար ուխտադրուժների բնակավայր էր համարվում. նրանք չէին ընդունում ո՛չ իսպանացիներին, ո՛չ վերջիններիս տարածած քրիստոնեությունը: Այսպիսով, նրանք փոքր զորք են հավաքում ու շարժվում դեպի Աուատովի, և մինչ վերջինիս բնակիչները պատրաստվում էին հավաքվել քրիստոնեական արարողության, բնիկների զորքը ամեն ինչ հրի է մատնում: Աուատովիի բոլոր բնակիչները սպանվում են: Կանանց ու երեխաների մի մասը գերեվարվում է, սակայն տեղափոխության հետ կապված որոշ անհամաձայնությունների հետևանքով նրանցից շատերին էլ ի վերջո սպանում են:

 

Ժան Ժակ Դեսալինն ամբողջ Հայիթին դարձնում է սևամորթների բնակատեղի

Հայիթիի հեղափոխությունը պատմության մեջ ստրուկների կողմից երբևէ բարձրացրած ամենահաջող ապստամբությունն էր: Պատերազմի վերջին տարիներին հեղափոխականների խարիզմատիկ առաջնորդ Ֆրանսուա Դոմինիկ Թուսեն Լուվերտյուրը առևանգվում է ֆրանսիացիներ կողմից և մահանում բանտում: Նրան փոխարինում է զորավարներից մեկը՝ նախկին ստրուկ Ժան Ժակ Դեսալինը, որը հրաժարվեց ընդունել իր նախորդի այն քաղաքականությանը, ըստ որի նրանք պետք է հաշտ ու խաղաղ լինեին Հայիթիի սպիտակամորթ բնակիչների հետ: Նրա առաջին հրամանն էր սպիտակամորթների բնաջնջումը կղզու երեսից: 1804 թ. փետրվարից միչև մարտ նրանք մտնում են Հայիթիի բազմաթիվ բնակավայրեր ու կոտորում պատահած բոլոր սպիտակամորթներին: Հրամանատարն անձամբ էր հսկում, որպեսզի իր կարգադրություններն իրականացվեն: Բոլոր նախկին ստրկատերերը սպանվեցին, պլանտացիաներն այրվեցին, իսկ սպիատակամորթների բոլոր շտեմարաններն ու սեփականություններն ավերվեցին: Մինչև մարտ ամսվա վերջը Հայիթիի սպիտակամորթ բնակչությունն ուղղակի սրբվել էր երկրի երեսից: Միայն Պորտ-օ-Պրենսում մեկ օրվա ընթացքում 800 մարդ է սպանվում, ու միայն 50 հոգու է հաջողվում փախչել սպանդից:

 

Բիաֆրայի պատերազմը

1960 թ., երբ Նիգերիան անկախացել է Մեծ Բրիտանիայից, մոտ 60 միլիոն մարդ էր բնակվում նրա տարածքում՝ բաղկացած 300 տարբեր էթնիկ ու կրոնական խմբերից: Տարբեր էթնիկ ծագում ունեցող մարդիկ, ապրելով կողք կողքի, երբեմն լարվածություն էին ստեղծում: Ամեն տարի խռովությունների ու հեղաշրջումների հետևանքով երկրում մի իշխանությանը փոխարինում էր մեկ այլ իշխանություն, որը սովորաբար չէր ընդունվում այլ էթնիկ ծագում ունեցող մարդկանց կողմից: Տարածաշրջանի ամենամեծ խմբերից մեկը՝ իգբոն, որոշում է դուրս գալ, առանձնանալ Նիգերիայից ու ստեղծել Բիաֆրայի Հանրապետությունը: Նիգերիայի կառավարությունը արագ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի տիրանա նավթով հարուստ տարածքներին: 1967 թվականից, երբ կազմավորվեց Բիաֆրայի Հանրապետությունը, մինչև 1968 թվականը քաղաքացիական դաժան պատերազմ է բռնկվում: Նիգերիայի կառավարությունն ամեն ինչ արեց, որպեսզի կործանի այս նորաստեղծ պետութունը: Նրանք նույնիսկ փակեցին Բիաֆրա ներկրվող ջրի ու սննդի ճանապարհները՝ երեք միլիոն մարդու զրկելով կյանքից: Ամեն օր մոտ 5000 մարդ էր մահա-նում, որոնց մեծամասնությունը իգբոներ էին:

 

 Կոնգոյի բնակչության ցեղասպանությունը

1865 թ. բելգիական գահաժառանգ է դառնում Լեոպոլդ 2-րդը: Քանի  որ Բելգիան սահմանադրական միապետություն էր, երկիրը կառավարվում էր խորհրդարանի կողմից, իսկ թագավորը չուներ իրական քաղաքական իշխանություն: Թագավոր դառնալուց հետո  Լեոպոլդ 2-րդը ձեռնամուխ եղավ գաղութային կայսրություն ստեղծելու գործին: Նա  Բելգիայի խորհրդարանին համոզում էր հետևել եվրոպական այլ երկրների օրինակին: Նա 1876 թ. հովանավորում է Բրյուսելում կայացած միջազգային աշխարհագրական կոնֆերանսը, որի ժամանակ առաջարկում է ստեղծել բարեգործական կազմակերպություն Կոնգոյում «քաղաքակրթության տարածման» նպատակով: Ստեղծվում է «Աֆրիկյան միջազգային ասոցիացիան», որի նախագահը դառնում է Լեոպոլդ 2-րդը: 1884-85 թթ. Բեռլինում գումարվում է եվրոպական պետությունների կոնֆերանս՝ Կենտրոնական Աֆրիկայի տարածքը բաժանելու նպատակով: Արդյունքում Լեոպոլդը ստանում է Կոնգո գետից հարավ ընկած 2,3 մլն կմ2 մակերեսով տարածքը, որտեղ ստեղծում է Կոնգոյի Ազատ Պետությունը: Լեոպոլդն այնտեղ ստեղծում է այսպես կոչված «Հասարակական ուժեր», որն իրականում պատժիչ ջոկատ էր: Սկսվում է տեղի բնակչության ստրկացումը և ոչնչացումը: Ամենաչնչին զանցանքի համար աշխատավորներին տանջում և սպանում էին: Սպանված կոնգոցիների ստույգ թիվը հայտնի չէ, այն տատանվում է 3-ից 10 միլիոնի միջև: 1920 թ. Կոնգոյի բնակչությունը կազմում էր 1880 թ. բնակչության կեսը:

 

Սերբերի ցեղասպանությունը

1941 թ. Գերմանիան հաղթում է Հարավսլավիային և խորվաթներին թույլատրում վերջինիս տեղում ստեղծել սեփական կիսաանկախ պետություն: Խորվաթները և սերբերը նույն լեզուն և մշակույթն ունեն, սակայն խորվաթները կաթոլիկ են, իսկ սերբերը՝  ուղղափառ: Խորվաթական պետության գլուխ կանգնեցին ծայրահեղ ազգայնական ուժեր, որոնց նպատակն էր Խորվաթիան դարձնել 100-տոկոսանոց կաթոլիկ երկիր, իսկ այնտեղ բնակվող սերբերը, գնչուները և այլ ազգերը պետք է ոչնչացվեին: Խորվաթիան Գերմանիային դաշնակից միակ եվրոպական երկիրն էր, որը ստեղծել էր իր սեփական համակենտրոնացման ճամբարները: 1941-44 թթ. խորվաթական վարչակարգը ոչնչացրել  է 700 000 մարդ, հիմնականում՝ սերբեր:

 

Ցեղասպանություն Կամբոջայում

1975 թ. ապրիլին հնգամյա քաղաքացիական պատերազմից հետո կարմիր կհմերների ջոկատները (Կամբոջայի կոմունիստական կուսակցության ռազմականացված կառույցները) տապալում են գեներալ Լոն Նոլի կառավարությունը և իրենց  հսկողության տակ առնում Պնոմպենը՝ Կամբոջայի մայրաքաղաքը: Կուսակցության գլխավոր քարտուղար Պոլ Պոտի (իսկական անունը՝ Սալոտ Սար) ղեկավարությամբ սկսեցին կյանքի կոչել զառանցական մի գաղափարախոսություն, որի համաձայն պետք է ստեղծվեր բացառապես աշխատասեր գյուղացիներից կազմված հասարակություն: Կարմիր կհմերները տնտեսական և ռազմական օգնություն էին ստանում Չինաստանից և Հյուսիսային Կորեայից: Կամբոջական կոմունիստական կուսակցությունը մարքսիզմի, մաոիզմի և հակագաղութացման գաղափարների խառնուրդ էր: Պնոմպենը գրավելուց անմիջապես հետո մայրաքաղաքի գրեթե 2 միլիոնանոց բնակչությունը արտաքսվեց դեպի գյուղական բնակավայրերի հատուկ ճամբարներ՝ այսպես կոչված «աշխատանքային դաստիարակության» համար: Նույն ճակատագրին արժանացան նաև մյուս քաղաքների բնակիչները: Մարդկանց ստիպում էին անընդմեջ աշխատել 12 ժամ բրնձի բարձր բերք  ստանալու համար: Սկսեցին փակվել դպրոցները, գործարանները, հիվանդանոցները, բոլոր  կրոններն արգելվեցին, ոչնչացվեցին կրոնական համայնքները, մտավորականությունը, առևտրականները, նախկին պաշտոնյաները, բոլոր նրանք, ովքեր արտահայտում էին իրենց անհամաձայնությունը կարմիր կհմերների վարած քաղաքա-կանությանը: Կարմիր կհմերների կառավարման 3 տարիների ընթացքում ոչնչացվեց Կամբոջայի քաղաքային բնակչության քսանհինգ տոկոսը և գյուղական բնակչության տասնհինգ տոկոսը՝  ընդհանուր առմամբ 1,7 միլիոն մարդ:

 

Դարֆուրի աֆրիկյան բնակչության ցեղասպանությունը

2003 թ. փետրվարին Սուդանի արևմտյան պրովինցիա Դարֆուրում էթնոքաղաքական հակամարտության պատճառով արաբալեզու քոչվորները ոչնչացրեցին աֆրիկյան նստակյաց բնակչությանը: Ըստ տարբեր աղբյուրների՝ այդ սպանդին զոհ է գնացել 180 000-300 000 մարդ: Հարկադրաբար իրենց բնակավայրերից տեղահանվածների թվաքանակը  անցնում է 2 միլիոնը: Ցեղասպանությունն իրականացվել է դասական սխեմայով, որը մշակվել էր Օսմանյան կայսրությունում և կիրառվել հայերի և ասորիների ցեղասպանության ժամանակ: Նախ տղամարդկանց քշում էին բնակավայրերից, ոչնչացնում էին սննդի պաշարները, սերմնացանները, անասունները, թունավորում ջրերի աղբյուրները: Փախստականներին քշում էին հատուկ ճամբարներ, որտեղ նրանց սովի էին մատնում, իսկ նրանք, ովքեր սնունդ հայթայթելու համար համարձակվում էին դուրս գալ ճամբարի տարածքից, անխնա ոչնչացվում էին:

 

 Ռուանդայի ցեղասպանությունը

1994-ի ապրիլի 6-7-ի հեղաշրջման արդյունքում Ռուանդայում իշխանության եկած ժամանակավոր կառավարությունը, կազմված երկրում մեծամասնություն կազմող հութու ազգության ներկայացուցիչներից, ցեղասպանություն իրագործեց երկրում: Ցեղասպանության զոհ դարձան երկրի ազգային փոքրամասնություն կազմող թութսիները, ինչպես նաև չափավոր քաղաքական հայացքներ ունեցող հութուները: Ցեղասպանության նպատակն էր ամբողջությամբ բնաջնջել երկու խմբերին, ինչպես նաև Ռուանդայի ռազմաքաղաքական հայրենասիրական ճակատին, որի գործողություններն ուղղված էին հութուների դեմ, որոնք իրագործում էին թութսիների սպանությունները: 100 օրում սպանվեց, տարբեր տվյալներով, 500 հազարից մինչև 1 030 000 մարդ, որոնց 10 տոկոսը հութուներ էին: Սպանությունների արագությունը Ռուանդայում 5 անգամ գերազանցել է Երկրորդ համաշխարհայինի տարիներին գերմանական համակենտրոնացման ճամբարներում սպանությունների հաճախականությունը: Աշխարհազորի մասնակիցները տարբեր զենքեր են օգտագործել, այդ թվում հրազեն, որը նրանց էին բաժանում բանակի զինվորները: Սակայն որպես հիմնական զենք օգտագործվել են կացիններ, դանակներ, փայտեր, երկաթյա ձողեր: Երբեմն մարդասպանները կտրել են զոհերի ձեռքերը, ոտքերը և հետո միայն գլուխը: Վկաները պատմել են, որ հաճախ զոհերը խնդրել են դահիճներին և փող առաջարկել նրանց, որպեսզի իրենց գնդակահարեն, ոչ թե մաչետեով մորթեն: Աշխարհազորայիններին անհրաժեշտության դեպքում օգնության էին գալիս բանակի զինվորները, որոնք ավելի ծանր զենք ունեին, նրանք նռնակներ գցելով պայթեցնում էին դռները: Հաճախ սպանություններից հետո էլ պղծում էին զոհերի դիակները՝ մասնատում և այլն: Ըստ գնահատականների՝ ցեղասպանության ժամանակ մոտ 250 հազար կին է բռնաբարվել: Ըստ Ռուանդայի կառավարության պաշտոնական տվյալների՝ զոհվել է 937 հազար մարդ, ՄԱԿ-ի կողմից ընդունված այլ տվյալներով՝ մոտ 800 հազար մարդ: Արտագաղթել է մոտ 1 միլիոն մարդ երկրի ներսում և սահմաններից դուրս: Փախստականների ճամբարներում հակասանիտարական պայմանների պատճառով խոլերայի համաճարակ բռնկվեց, չէր բավարարում դեղորայքը, սննդամթերքը: 1994 թ. ապրիլ-հունիսի իրադարձությունների հետևանքով հարևան երկրները ստիպված եղան հազարավոր փախստականների ընդունել:

 

Մնում է ընդամենը հիշեցնել, որ ցեղասպանության պատժելիությունը սահմանվել է միջազգային զինվորական դատարանների կանոնադրություններով, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի (ասամբլեա) բանաձևերով ու «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին համաձայնագրով» (1948 թ., ուժի մեջ է մտել 1951 թ.): Համաձայնագիրը մշակելու և ընդունելու գործում էական դեր է խաղացել լեհ (ծագումով հրեա) իրավագետ Ռաֆայել Լեմկինը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի հանցագործների Նյուրնբերգյան դատավարության (1945 թ. նոյեմբերի 20-1946 թ. հոկտեմբերի 1) ժամանակ ԱՄՆ-ի մեղադրողի խորհրդականն էր: Մինչ այդ՝ 1943 թ., նա կիրառել էր «գենոցիդ», «ցեղասպանություն» եզրույթը՝ այդպես բնորոշելով Եվրոպայի հրեաներին հետևողականորեն ոչնչացնելու նացիստական քաղաքականությունը և հայերի կոտորածները Թուրքիայում՝ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18 թթ.) տարիներին: Նյուրնբերգյան դատավարությունը, որը դատապարտեց Եվրոպայում գերմանական զավթիչների իրագործած ցեղասպանության (հրեաների, սլավոնների, գնչուների և էթնիկ այլ խմբերի) բազմաթիվ դեպքեր, հիմք դարձավ ընդունելու Ցեղասպանության մասին համաձայնագիրը:

 

Անդին 4, 2015

Share

Կարծիքներ

կարծիք