Դժվար է հավատալ, անհնար է չհավատալ

vahram-atanesyan21Խորհրդային Միության քաղաքացու նրա անձնագրում ծննդավայրի դիմաց գրված էր՝ «Քաղաք Վան, Թուրքիա»: Ծնվել է երիտթուրքական հեղափոխության տարում՝ 1908-ին: Գերդաստանից փրկվել է քրոջ հետ: Էջմիածին է հասել հարսի՝ ավագ եղբոր կնոջ ձեռքը բռնած: Հարսի մեջքին տղա երեխա է եղել, կրծքի տակ՝ աղջիկ, որ ծնվել է Էջմիածնում:

1924-ի օգոստոսյան մի օր տասնվեցամյա պապս Ստեփանակերտում մտել է Ինքնավար Լեռնային Ղարաբաղի լուսժողկոմ Արշավիր Քամալյանի մոտ և… դարձել ղարաբաղցի: Քառասունմեկ տարի ուսուցչություն է արել, մինչև մորաքույրս «Հայրենիքի ձայն» թերթում հայտարարություն է կարդացել, որ Պողոս Զադոյանը որոնում է հորեղբորը՝ Հովհաննես Մաթևոսի Մինասյանին, ով, ըստ տեղեկությունների, բնակվում է Ադր. ԽՍՀ ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում. Երևանից զանգել է գյուղ՝ հորը կարդացել: Եվ հաջորդ ուսումնական տարին պապս սկսել է Բջնիի դպրոցի տնօրենի պաշտոնում:

Այդ ամռան նրա պատրաստությունը հիշում եմ: Որպես պատիվ կոլխոզի նախագահը, որ տատիս ազգականն էր, պապիս փեսա էր ասում, տրամադրել էր «Վիլլիս» մեքենա, որ գնա Երևանի Քանաքեռ թաղում կանգնեցնի եղբորորդի Պողոս Զադոյանի առանձնատան դարպասի մոտ՝ ազդանշան տա. «Հորեղբայրը Ղարաբաղից եկել է»: Պողոսն իրենից կրտսեր էր երևի երկու-երեք տարով: Լրիվ ճերմակած, հաղթահասակ տղամարդ էր, երբ պապիս «հորեղբայր» էր ասում, երեխաներով զարմանում էինք:

Բայց դա զուտ ճշմարտություն էր, այնպես, ինչպես որ Պողոսի մայրն Արաքսի այս կողմում երկրորդ ամուսնությունն էր ունեցել: Զադոյան ազգանունը՝ վկա: Ճշմարտություն էր նաև Ավշարի Հովսեփը: Նա պապիս քեռորդին էր, հայտնի էր Արարատ քաղաքում, որտեղ խանութի վարիչ էր, իսկ Ավշարի տունը դղյակի էր նման: Եվ այգու խուճուճ ծիրանուտը, խաղողի հրաշեկ ողկույզները… Խորքում՝ ջրավազան: Երբեմն ամառները Երևան էին ուղարկում ինձ: Պապս խնջույքի սիրահար չէր, բայց ընտանեկան հավաքույթների գինը գիտեր և Քանաքեռ կամ Ավշար էր տանում նաև ինձ՝ գյուղի իր աղջկա միակ արու զավակին:

Երբեմն պապս էր ամառները գյուղ գալիս: Նա սիրուն տուն ուներ, այգի, որտեղ չորս հսկա թթենի կար: Պապս գյուղ էր գալիս կնոջ, աղջիկների, թոռների հետ, և տունը զվարթանում էր: Ծառերից ճոճք էին կապում, երեխաներով ծառերն էինք մագլցում: Տատս թթի դոշաբ էր եփում: Երեկոները նստում էին բաց պատշգամբում՝ կաղնեփայտե երկար սեղանի շուրջ… Մի անգամ ձայնագրություն էր բերել: Թոռան՝ իմ մորաքրոջ տղա Կարենի ծննդյան օրվա հյուրերից մեկն էլ Սարմենն էր եղել: Բանաստեղծություն էր կարդացել՝ ՙԿմեծանա թոռնիկս՚, ձայնագրել էին: Եվ ես իմացա, որ Սարմենը պապիս որբանոցային ընկերն է: Ուրիշների մասին էլ էր խոսում, որ համալսարանի դասախոս էին, պաշտոնյա, լուսավորության նախարարի տեղակալ: Անգամ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հայրը, ում պապս զանգում, հարցնում էր՝ «Սերոբ ջան, ո՞նց ես…»:

Չգիտեմ, երբ նրանք ընկերովի հավաքվում էին, խոսո՞ւմ էին կորսված հայրենիքից, երազո՞ւմ էին տեսնել իրենց Վանը, Մուշը, Երզնկան… Պապս մեզ հետ այդ մասին չէր խոսում: Իսկ երբ հարցնում էինք, լռում էր: Երևանում նա ապրում էր Արզումանյան փողոցի թիվ 7 շենքի 36-րդ բնակարանում, որի պատշգամբից երևում էր Արարատը: Կիրակի օրերին մեզ զբոսանքի էր տանում: Տնից դուրս էինք գալիս, իջնում Հրազդանի կիրճը, որտեղ այն տարիներին մանկական զմայլելի զբոսայգի կար: Մարզահամերգային համալիրը դեռ կառուցված չէր: Կիրճից բարձրանում, հասնում էինք Կիևյան կամրջի՝ Հալաբյան-Լենինգրադյան խաչմերուկ: Այնտեղ միշտ սառը կվաս էինք խմում, ապա դանդաղ վերադառնում: Նա մեզ երբեք Ծիծեռնակաբերդ չէր տանում:

Ծիծեռնակաբերդ ես առաջին անգամ բարձրացել եմ, երբ քույրերս արդեն համալսարանի ուսանող էին, ձմեռային արձակուրդին ինձ նրանց տեսության էին ուղարկել: 9-րդ դասարանի աշակերտ էի. գիտեի, որ 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվել, ապա աքսորվել և ճանապարհին սպանվել է Գրիգոր Զոհրապը: Տանը հայրս պահում էր Երևանից ուղարկված «Հայրենիքի ձայն» թերթի հավաքածուները, երբեմն քչփորում, ինչ-որ բան էի կարդում երիտթուրքերի, ցեղասպանության և այն մասին, որ աշխարհի չորս ծագերում՝ աղետից 60-70 տարի անց, հայերը դեռ փնտրում են հարազատներին, հուսահատվում, ապա վերստին հուսավառվում…

Դպրոցում մեզ ասում էին, որ Խորհրդային Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Մենք դժվար էինք հավատում, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստան չէր, մենք Երևանի հեռուստահաղորդումները չէինք դիտում, իսկ երբ «Արարատը» խաղում էր, հետևում էինք ռադիոյով: «Արարատի» խաղն առաջին անգամ հեռուստացույցով տեսել եմ, երբ Մոսկվայում գավաթի եզրափակիչում հաղթեց Կիևի «Դինամոյին»: Հայաստանի խորհրդանիշը մեզ համար «Արարատն» էր, իսկ երբ մի փոքր էլ մեծացանք՝ «Սալյուտ» և «Ախթամար» ծխախոտ գտնում էինք… Աղդամի շուկայից, որտեղ հայկական ծխախոտը, կոնյակն ու կոշիկը «իմփըրթնի» ապրանք էր, և մենք աղդամցի «ալվերչու» մոտ հպարտ էինք:

Ուսանող էինք: Դասերից փախչում, տղաներով բարձրանում էինք Շուշի: Ավտոկայանի մոտ, որտեղ Նելսոն Ստեփանյանի կիսանդրին էր՝ կուրծքը ԽՍՀՄ հերոսի երկու աստղով զարդարված, խորտկարան կար: Մի-մի կտոր խորոված էինք պատվիրում, գինի: Քիչ վերև Ղազանչեցոց եկեղեցին էր: Թափառում էինք, ներս մտնում, երկար լուռ կանգնում: Ոչ ոք չէր մոտենում՝ ո՞վ ենք, ի՞նչ ենք անում: Հետո իջնում էինք Ստեփանակերտ և հանրակացարանի սենյակում վիճում՝ եթե զորավար Անդրանիկը մտներ Շուշի, Ղարաբաղը կլիներ Հայաստա՞ն, թե՞ բոլշևիկներն էլի Ադրբեջանին կմիացնեին: Եվ պատասխան չէինք գտնում: Ուշ, շատ ուշ հասկացա, որ պատմությունը կատարված-արձանագրված փաստերի շարադրանք է, ոչ թե վարկածների կամ հավանական տարբերակների: Եվ այդ շարադրանքը փայփայվող ճշմարտություն է ոմանց համար, ոմանց՝ ատելի նենգադավություն:

Պապս իր հայրենիք գիտեր ոչ թե Հայաստանը, այլ Խորհրդային Միությունը: Կյանքը նրան ստիպել էր իրականությունն ընդունել ինչպես կա: Եվ նա կենսագրության նախախորհրդային շրջանը պարզապես մաքրել-ջնջել էր գիտակցությունից: Որբանոցային շուրջ տասնամյա կյանքից նա ընդամենը երկու դրվագ էր պատմում: Առաջինը, թե ինչպես թիֆլիսամերձ Կրծանիսում իրեն գտել, գուրգուրել է Եսայի եղբայրը, որ պատերազմից առաջ Գևորգյան ճեմարան էր ընդունվել ու փրկվել կոտորածից: Եղբայրը խոստացել է շուտով իրեն վերցնել որբանոցից, տանել մոտը, բայց ժամանակ անց դաստիարակչուհին շոյել է որբի գլուխը. «Արիացիր, զավակս, եղբայրդ չկա»: Երկրորդը, որ երբ որբանոց տեսչական ստուգման էր գալիս ամերիկացի մըստեր Յարոն, որբերին քաղցր կաթ էին տալիս: Իսկ մնացած օրերին որբերը երազում էին. «Մըստեր Յարո՝ քաղցր կաթ»:

Երրորդ կուրսում էի սովորում: Հոգեբանության դասախոս Գրիգոր Դանիելյանը մի երեկո տուն հրավիրեց: Սուրճ խմեցինք, երաժշտություն լսեցինք, նա հրաշալի ձայնասկավառակներ ուներ, հետո կարդաց իր հեղինակած մի գործ՝ «Պոեմ ավերակված քաղաքի և մորս մասին»: Քաղաքը Շուշին էր, մայրը, կոտորածներից փրկված, ամուսնացել էր Չափար գյուղից Դավիթ անունով երիտասարդի հետ, որ հայկական կամավորական ջոկատներից մեկում էր կռվել: 1937-ին ամուսնուն աքսորել են, անհայտության մեջ կնքել է մահկանացուն: Այդ պատմությունն էր պոեմի նյութը:

Գրիգոր Դանիելյանը Ստեփանակերտ էր տեղափոխվել Երևանից: Խոսում էր, որ մոտիկից գիտի Սերո Խանզադյանին: Դասախոսություններին նա Չարենց էր կարդում, կծու հեգնում ինստիտուտի ադրբեջանցի դասախոսներին: Երբ ես ավարտում էի ինստիտուտը, 1981-ի գարնանը նրան ձերբակալեցին, մեղադրեցին կաշառակերության մեջ, դատապարտեցին ութ տարվա ազատազրկման՝ անձնական գույքի բռնագրավումով:  Վերադարձավ, երբ Շարժումն սկսված էր: Մի խումբ նախկին ուսանողներով դիմեցինք արդեն անկախ Արցախի պատկան մարմիններին՝ խնդրելով, որ Գրիգոր Դանիելյանի գործը վերանայվի, հանվի կաշառակերության մեղադրանքը, նա ճանաչվի խորհրդային Ադրբեջանի իշխանություններից բռնադատված: Ապարդյուն: Գրիգոր Դանիելյանը մահացավ մի քանի տարի առաջ: Մխիթարություն էր, որ նախագահ Ղուկասյանը նրան փոքրիկ առանձնատուն գնելու միջոցներ էր հատկացրել: Կյանքի վերջին տարիներն ապրեց այնտեղ, ուր, ճիշտ է, միայն տարրական հարմարություններ կային, բայց հաճելի էր ժամերով նստել և խոսել, քննարկել, թե ինչո՞ւ, այնուամենայնիվ, անկախ Արցախի դատական մարմիններն ադրբեջանական ՊԱԿ-ի հերյուրած մեղադրանքը հանելու ուժ չունեն:

Եթե Գրիգոր Դանիելյանի մասին պապիս պատմեի, անպայման կասեր՝ «Ճիշտ են արել, որ դատել են»: 1965 թվականը նրա մեջ արթնացրել էր միայն հարազատներին գտնելու, նրանց ավելի մերձիմոտ՝ Երևանում ապրելու մարդկային պարզ ցանկություն: Նրան լսելիս, երբ արդեն ուսուցիչ, ապա «Խորհրդային Ղարաբաղ» թերթի սեփական թղթակից էի, հետո՝ Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, զարհուրում էի, թե ի՜նչ ահավոր գլանատոփան է անցել մարդու հոգեկան աշխարհով, որ ամեն ինչ՝ մանկական հուշ, որբանոցային կյանք, 30-ականների տվայտանքներ, երբ մի քանի անգամ հալածվել և հազիվ փրկվել է ստալին-բաղիրովյան հրեշավոր պատժամեքենային զոհ գնալու վտանգից, թաղվել է լռության և մոռացումի կարծրակեղևի տակ:

Նա մոլեգին բանավիճող էր և ինձ փորձում էր համոզել, որ 1936 թվականին ձերբակալությունից փրկվել է, որովհետև Նուխի քաղաքի լուսբաժնի վարիչի ազգայնամոլական բնույթի մասին հեռագրել է Միրջաֆար Բաղիրովին, և «արդարությունը վերականգնվել է»: Իրականում ազատել էին հայկական դպրոցի տնօրենի պաշտոնից, մի քանի ամիս Բաքվում աստանդական ապրել էր՝ թաքնվելով կնոջ հարազատների մոտ, մինչև Ադրբեջանի լուսժողկոմի տեղակալ Շավարշ Վարդունին վերադասին համոզել և պապիս ետ էր ուղարկել Ղարաբաղ՝ Առաջաձոր՝ որպես շարքային ուսուցիչ:

Նուխիում նրա մի քանի տարվա կյանքից գյուղ հասած վկայությունը ցնորական վարդերն էին, որ տարին երկու անգամ էին ծաղկում՝ ապրիլի վերջ-մայիսի առաջին օրերին և օգոստոս-սեպտեմբերին: Գարնան վարդերը պոկում էին բարձր դասարանների տղաները, թփերն ուղղակի հոշոտում էին՝ նվիրում աղջիկներին: Ամառնավերջի վարդերը տատս քաղում, թերթերը չորացնում էր թեյի համար, վարդի մուրաբա էր եփում՝ ինչպես սովորել էր Նուխիի հայ կանացից: Նուխիից տատս ակացիա էլ էր բերել՝ մի պստիկ ճուտ: Նոր հողում շիվը հարմարվել, հզորացել, ճտատել, ակացիաների թանձր շուքը տարածել էր տան շուրջբոլորը: Եվ երբ ակացիաները ծաղկում էին, թաղով մեկ տարածվում էր բույրը: Իսկ մեղվանոցն ավերել էին հարևանի տղերքը, և լորենու ծաղիկները բացվում-նեկտար էին կաթում, և տերևների վրա մանանան երբ չորանում էր՝ հուլիս-օգոստոսին, ծառը քամու հետ ճերմակին էր տալիս այգու համատարած մուգ կանաչի մեջ:

1990 թ. օգոստոսի մի խելագար շոգ օր ես ու պապս ՙԷրեբունի՚ օդանավակայանում Ստեփանակերտի չվերթի գրանցման հերթում էինք, երբ բարձրախոսը հայտարարեց, որ ԼՂԻՄ-ի և հարակից շրջանների զինվորական պարետի հրամանով կթռչեն միայն նրանք, ովքեր Ղարաբաղում մշտական գրանցում ունեն: Ստեփանակերտի օդանավակայանում Երևանի չվերթի ուղևորներիս «հաճելի» ընդունելություն էր սպասում: Պապս միանգամից կուչ եկավ: Իմ հանդեպ նրան այդքան գորովագութ տեսած չկայի: «Ո՞ւր ես գնում, զանգիր մորդ, թող երեխեքին վերցնի, գա Երևան: Չգիտես թուրքն ինչ է»- ասաց և նայեց ծերունական շաղված-ջրալի հայացքով: Ես կատակեցի.

-Վախեցա՞ր, ընկեր Մինասյան, էս էլ քո խորհրդային իշխանությունը:

-Գորբաչովը խորհրդային թողե՞ց, ես նրա…- իմ ներկայությամբ առաջին անգամ հայհոյեց: Ստեփանակերտ թռա մենակ: ԼՂԻՄ-ի զինվորական պարետի կարգադրությունը պապիս խեղված հիշողությունից դուրս էր բերել «թուրքն ինչ է» սարսափը:

Իրականությունն է այդպես վրեժ լուծում: Մինչ այդ նա «Խորհրդային Ղարաբաղ»-ում հայտարարություն էր տարածել, որ ի նշան Սումգայիթում հայերի սպանությունների դեմ բողոքի հրաժարվում է Ադրբեջանի վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչումից և կրակի է մատնում վկայականը: Երբ Գերագույն խորհրդի պատգամավոր էի, դիմեցի պատկան մարմիններին, որպեսզի պապիս շնորհվի Հայաստանի վաստակավոր ուսուցչի կոչում: Պատասխանը մի «մեղմ» քմծիծաղն էր:

Նա 1942-45-ին խորհրդային բանակի շարքային զինվոր էր: Մոզդոկից հասել էր Պրահա, մարտական շքանշաններ և մեդալներ ուներ և՝ ոչ մի վերք: Մի անգամ միայն ռմբակոծությունից կոնտուզիա էր ստացել, Սոխումի հոսպիտալում բուժվել: Ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ համարվել է ծառայության համար ոչ պիտանի: Ըմբոստացել և պահանջել է, որ իրեն լրիվ բուժեն, ետ՝ ճակատ ուղարկեն: «Ձեռքերս դողում էին, ոտքերս՝ ծալվում, հաշմանդամ գայի տուն ի՞նչ անեի»,- ասում էր: Ապաքինվել է, ուղարկվել ճակատ:

Տարիներ հետո պատմում էր, որ կուրծքը շքանշաններով զարդարած՝ երկաթուղու Եվլախ կայարանում իջել է գնացքից, համընթաց բեռնատարով հասել Աղդամ: Կառք է վարձել, և երբ կառապանը գնի վրա ավելի մեծ գին է խոսել, ձեռքից խլել է երկճյուղ մտրակը, ապիկարին ծեծել և հաղթական զինվորի իրավունքով կարգադրել, որ իրեն գյուղ հասցնի, և թուրքը ենթարկվել է: Հետո ես մտածում էի, որ այդպես չի եղել: Պապս երևի ուզում էր ցույց տալ, որ կյանքում մի անգամ ոմն թուրքից վրեժ առել է, որովհետև կառապանը ջահել է եղել, պիտի պատերազմում լիներ, բայց հաջողացրել՝ իր տան-դռանն էր մնացել: Թե չէ պապս մարդ ծեծող չէր: Մանավանդ թուրքի:

Պապս ապրեց երկար: 2004-ին ներկա էր տատիս՝ հորս մոր տարելիցին: Ոտքի կանգնեց, բաժակ վերցրեց, դիմեց սեղանակիցներին: Արցախի պատերազմում զոհվածների համար ցավակցեց, ապրողներին խաղաղություն և բարեկեցություն մաղթեց: Եկել էր Քարվաճառ-Վարդենիս- Սևան ճանապարհով: Հիացած էր: Կորցրել էր կնոջը, երկու աղջիկներին, փեսաներին: Չկային հին գյուղի ծանոթները, մի բուռ էր դարձել: Սեղանի շուրջ նստածներից շատերը նրան չէին ճանաչում: Բայց ինքը խոսում էր որպես այդ հասարակության անդամ: Կերկեր ձայնի մեջ հպարտության շեշտ կար՝ որ տեսնում է գյուղը, նրա մարդկանց: Տեսնում է փրկված Ղարաբաղը:

Երբ հրաժեշտ էինք տալիս, ասաց՝ «Սա իմ վերջին գալն էր»: Տարեվերջին հիվանդացավ: Տոն էր, չհասցրի վերջին անգամ տեսնել պապիս: Մի քանի օր անց Նոր Նորքում մորաքրոջս բնակարանից նրան վերջին հրաժեշտը տվեցինք: Պողոս Զադոյանը մահացել էր մի քանի տարի առաջ, աղջիկն ու փեսան էին եկել: Ավշարից Հովսեփը չկար: Նրա տղան Երասխի կռիվներում անհայտ կորած է համարվում: Ցուրտ էր, ձյունում էր: Բակում մի քանի վաղուց երևանաբնակ առաջաձորցիներ էին հավաքվել: Դագաղը դիակառք դրեցինք թոռներով: Մյուսներն արագ ցրվեցին: Գերեզմանոցում ստիպված էի ինքս դամբանական խոսել, թեև կարիք էլ չկար. ով այնտեղ էր՝ հարազատներ էին: Բայց ես խոսեցի և ասացի, որ մարդկային շատ կորուստներ ունենալուց հետո վանեցի որբ Հովհաննես Մինասյանն ավելի շատ տառապում էր, որ 1992-ի ամռանը ռուս վարձկան օդաչուի նետած ռումբն Առաջաձորում ավերել է հենց իր տունը:

Որբացել էր 1915-ին: Խորհրդային յոթանասունամյա կյանքի հպարտությունները փլուզվեցին: Ընտանիքը ցրվեց: Տեսավ սիրելիների մահը: Վերջին օրերին ապրեց աղջկա մոտ: Հուղարկավորվեց անշուք: Կորուստի ցավն ապրեց՝ տեսնելով գյուղի իր տան մերկ պատերը: Գարնանն այնտեղ հիմա մարդահասակ եղինջ է միայն բարձրանում: Հին գեղեցկությունից փրկվել է թանձրագանգուր լորենին: Ծաղկում է, բուրում, հիշեցնում, որ մի ժամանակ այդ տան կյանքը զրնգացել է մանկան ծիծաղով: Ավերակված պատեր՝ ծաղկած լորենու շուքի մեջ: Իսկ հարևանը տնամերձի մետաղացանկապատը հասցրել է լորենուն: Ծառը հիմա պապիս հիշատակի և հարևանի թրքության սահմանապահն է: Վերջին զինվորը, որ դեռ հսկում է Տան համբավը:

…Եթե կարողանամ իր տեղում և պատկերով իր կանգնեցնել պապիս ավերակված տունը, հարևանին վերադարձնեմ իր սահմաններին, պիտի համարձակվեմ ասել, որ նա… Վանում տուն ունի: Դժվար է հավատալ, որ կկարողանամ, բայց անհնար է չհավատալ: Սահմանին լորենին է: Մեր հիշողությունը: Մեր պարտքը…

 

Անդին 1, 2016

Share

Կարծիքներ

կարծիք