Կոլլաժ

Հեղինակ:

260416Ինձ մոռացել էին: Համոզված էի՝ երկուսն էլ տեսել էին, թե ոնց եմ եկել՝ ցեխոտ ափերս վերև տնկած: Շշմած կանգնած բաց դռան շեմին՝ վախենում էի առաջ քայլել: Հետո շտապով անցա ներս ու մտա լոգարան: Երբ ցեխը չորացել էր դողացող մաշկիս երեսին, բերանիս մեջ ուռած վիրավորանքից խեղդվում էի: Շատ էի փոքր, ընդամենը տասներեք տարեկան, որպեսզի կարողանայի հասկանալ տեսածս: Երևի մտածում էին՝ սովոր եմ, չարժե թաքնվել: Հորս գոռգոռոցն ու հայհոյանքը աստիճանաբար մարեցին, մայրս պաշտպանվում էր վիրավորանքի հեղեղից, խեղդում ճիչը, սաստում, համոզում՝ փորձելով մեղմացնել նրա զայրույթը: Քիչ անց հորս ոտնաձայներն անցան ննջարան: Ես մի քանի րոպե էլ ականջ դրեցի խոհանոցում հեծկլտացող մորս, հետո բացեցի ջրի ծորակը: Ցեխը տրորելով, ցավեցնելով լվացի ափերիցս: Կիսաբաց դռնից թաքուն նայեցի խոհանոց: Մայրս արագ շարժումներով մեծ տոպրակներից դատարկում էր մթերքը: Ես զայրույթից դողում էի: Չգիտեմ, թե ինչ էր՝ մայրական պաշտպանող նրբանկատությո՞ւն, հարմարվելու բնա՞զդ, թե՞ սովորություն: Ցավ կար ապրածս հուսահատության մեջ: Դրան չես սովորի: Հատուկ առաջ քայլեցի: Նա թեքվեց իմ կողմը: Աչքերիս չնայեց:

-Ապրե՛ս՝ լվացվել ես: Հագուստդ փոխի՛ր, ոտքից գլուխ ցեխ ես:

Նկատել էր իմ փնթի տեսքը: Ես էլ իր կարմրատակած, կիսակապտած այտն էի տեսնում, կիսադեմը ծռող այտուցը՝ հենց կզակին: Վերջին բանը, որ տեսա մինչ սենյակս վազելը, նրա փոքրիկ ձեռքերի մեջ պտտվող մսի հսկայական կտորն էր, որ ծանրության պատճառով կառչել մնացել էր տոպրակի պոչից: Նա ճիգով դուրս քաշեց միսը: Կողքի տոպրակը ճոճվեց, թեքվեց՝ սեղանից հատակին գլորելով հսկա նարինջները: Գնահատող երկրպագություն կար նրա շարժումների մեջ՝ իր համար չէ, ինձ համար: Հիմա լավ եմ հասկանում՝ մտածում էր՝ գոնե երեխաներին ապահովում է անհրաժեշտ ամեն ինչով:

Սենյակումս մի կուշտ լաց եղա՝ վախն ու հիասթափությունը դատարկելով ներսիցս: Հետո նստեցի սեղանի առաջ: Խոհանոցից տապակվող մսի հոտ տարածվեց: Ստամոքսս կծկվեց, բայց ես կատաղած սեղմեցի ատամներս՝ ոչինչ չեմ ուզում դրանցից: Դարակից հանեցի, սեղանին շարեցի նախորդ օրվա նկարները: Ձեռքերս դողալով սկսեցին պատառոտել ջրաներկի առատությունից ճմռթված թղթերը: Չէի նայում, բայց հիշում էի նախորդ օրվա երազանքներս: Հայացքս քարացել, մնացել էր սեղանի ծայրին: Մատներիս նյարդային, գազանացած շարժումները մի քանի րոպեում գունեղ կույտ լցրեցին սեղանին:

Եթե մի բառով, մի գույնով գնահատեի իմ դրությունը, «գորշն» էր լինելու: Բաց դարակը սպասում էր: Կույտը արագ շարժումներով տեղափոխեցի այնտեղ: Գտա սև մատիտը: Ընդամենը մի պահ վարանեցի, հաջորդին արդեն մաքուր թղթերի վրա համարյա խզբզելով նկարում էի տեսածս: Սա մայրիկն է՝ գունատ դեմքով, գունագեղ գոգնոցով մայրիկը: Գազօջախի առաջ միս և կարտոֆիլ է տապակում՝ հորս սիրած ձևով: Սա հայրիկն է՝ հոգատար ժպիտով, շուկայից հատուկ գնել է մեր սիրած մթերքները: Եղբայրս տուն է գալու: Աստիճանները նկարեցի դատարկ: Թող մի քիչ ուշ գա: Շարեցի նկարները, մոտ քաշեցի ճերմակ թղթերից մեկը: Սա հարևան Կարոն է: Մեծ քթի տակից վավաշոտ ժպտալով՝ ավտոմեքենան է լվանում ու աչքը չի կտրում իմ բաց սրունքներից: Սա նրա կինն է՝ գեր, ճարպոտ, նորից հղի: Սա մեր փողոցն է: Մեր տան ապակիները, ինչպես միշտ, փայլում են մաքրությունից: Հեռագրասյուների վրա սև ամպեր կան: Քամու ձայնը կիրճից բարձրացել, լցվել է փողոց: Սա դիմացի հարևանի շան դատարկ լակամանն է, արդեն երրորդ օրն է, ինչ գցված է նրանց պատի տակ: Շունը երեք օր առաջ սատկել է, չե՛մ նկարի դրան:

Նոր թուղթ առաջ քաշեցի, սա աշխարհն է՝ մաքուր, անմեղ, երազող աշխարհը, որի վրա մարդը կեղտոտ թաթերով ցեխ է շպրտում՝ մեծ, անվերջանալի սուտ գծելով:

Նոր թղթի առաջ մատիտս քարացավ՝ ինձ չե՛մ նկարի: Աշխարհը կտեսնի ինձ: Կհասկանա, որ մաքուր չեմ:

Եղբայրս դուռը հրելով ներս մտավ: Ցնցվեցի, բայց նրա ձեռքի հսկա նարինջը տեսնելով՝ զայրույթս ու գորովանքս խառնվեցին իրար: Ի¯նչ լավ է, որ տանը չի եղել, հիմա նարինջ է ուտում իր սիրած ձևով՝ կծում-պոկում է ու հենց կեղևով ծամում:

Երեկոյան ծնողներս քննարկում էին ընթրիքից իմ հրաժարվելու պատճառները. երևի հիվանդ էի:

Դպրոցից տուն եմ գալիս՝ ծանր պայուսակը ուսիցս կախած: Ոտքերս ցավում են: Ֆիզկուլտուրայի ժամին վազել եմ: Թվա՞ց, թե՞ նոր տղան ինձ հատուկ հայացքով էր այսօր չափում: Կոկիկ հագուստս, խնամքով ականջիս ետևը խոթած մազերս չէին կարող խաբել նրան: Նա, անկասկած, տեսնում էր, որ ես այսօր ավելի ցավոտ եմ զգում ինձ դիպչող ամեն լավ ու վատ բան: Համոզված էի՝ չեմ կարող մյուս աղջիկների նման վստահ ու ցցված քթով ման գալ բոլորի աչքի առաջ: Հայրս մորս այնպիսի բառեր է ասել նախորդ օրը, որ ես դրանց վրայից չեմ կարողանա լվանալ կեղտը: Մեղքը մաշկիս տարածված քայլելու եմ և միշտ՝ միշտ ոտքերիս տակ նայելով:

Մի թաց մռութ կպավ սրունքիս: Շեկ, բրդոտ ձագուկ էր: Նոր զուգագուլպաներս ճանկռեց անպիտանը: Կռացա, շոյեցի կեղտոտ մորթը: Աչքերիս մեջ արցունք էր լճացել, սիրտս ճչում էր, օգնություն կանչում: Նա, ձեռքերս լիզելով, վնգստաց:

-Գնանք տուն, համով ճաշ ուտենք,- վերջին բառը խզվեց կոկորդիս մեջ:

Մայրս արագ նայեց իմ կողմը, զայրույթից դեմքն ավելի գունատվեց: Ինքս ինձ ոտքից գլուխ չափեցի նրա աչքերով՝ ճերմակ վերնաշապիկս՝ ճմռթված, դեղին բծերով, կիսաշրջազգեստս՝ փոշոտ, զուգագուլպաներս՝ պատռված: Ես էլ նրա տեսքից գոհ չէի: Դեռ առավոտյան էի տեսել կապտուկները: Շան քոթոթին թևիս տակ սեղմած՝ կանգնեցի աստիճանահարթակին: Հայրս դուրս եկավ հյուրասենյակից: Ես, փորձելով շեղել նրանց ուշադրությունը շնիկից, բարձր, հստակ ձայնով արտասանեցի.

-Ես երեկ ծառ եմ տնկել բակում՝ հենց պարսպի տակ: Շուշիկի տատիկն ասաց՝ ոնց որ սալորենի է, համ էլ ասաց՝ ուշ չէ, կկպնի: Այսօր ջրել է պետք:

 

 

Անդին 3, 2015

Կարծիքներ

կարծիք