Դեպի պրոլետգրականության հեգեմոնիան

Հեղինակ:

 

??

Նաիրի Զարյան — Բանաստեղծ (դիցուք թե)

Հակոբ Հակոբյան — Բանաստեղծ (եթե չէ մոռցեր)

Սիրաս — Բանաստեղծ (եթե գործուղեն)

Աբով — Բանաստեղծ (մինչև արյան վերջին կաթիլը)

Ալազան — Բանաստեղծ (Դարբինյանի ըսելով)

Չարենց — Պրոլետ-Մովսես (որ 40 ամիս թափառելուց հետո իր հետևողներուն Քանան չտարավ)

Մահարի — Եղիսե (եթե Չարենցը Եղիա Մարգարեն ըլլար)

Ազատ Վշտունի — Շտապ բանաստեղծ (եթե ոչ…)

Դանչո — Բանաստեղծ (եթե ճանչնայի)

Սարմեն — Բանաստեղծ (որ թվով մեկը ավել ըլլա)

Խնկո-Ապեր — Ոտանավոր շինող (եթե մատերիալը իրենք տան)

Դաբաղյան — Քննադատ (ինչքան գրեն)

Մելիք-Սեթյան — Պրոլետ գրող

Վանանդեցի — Պրոլետ խոսող

Դեմիրճյան — Շտատնի ուղեկից (քանի որ այդպես կուզվի)

Երկու հատ տաս տարեկան գրող

Միլիցիա

Միլիցիապետ

Պրոլետ ծառա մը

Հինգ անմեղ անցորդներ

Որակյան ամբոխ

 

Դեպքը պատահած է և կշարունակվի պատահիլ Երևանին մեջ:

 

 

Ա  ՊԱՏԿԵՐ

 

Բեմը կներակայացնե պրոլետ գրողներու լաբորատորիան: Ալազան, Վշտունի, Դանչո, Սար-Մեն, Խնկո-Ապեր, Զարյան, Հակոբ Հակոբյան, Մելիք-Սեթյան, Սիրաս զույգ-զույգ աշակերտական սեղաններու վրա նստած կստեղծագործեն: Աբովը դիմաց նստած կղեկավարե աշխատանքը: Բոլորը պորտֆել ունին: Պատեն կախված է մետրանոց խոշոր գրիչ մը, փղի մը պատկեր՝ վրան հինգ տարեկան տղա մը չաքուճը ձեռին «Կեցցե՜ պրոլետ գրողների հեգեմոնիան» մակագրությամբ:

Դեպի հասարակությունը նայող ամբիոնի վրա բազմած են Դաբաղյանն ու Վանանդեցին:

 

ԾԱՌԱ. — (Կավլե հատակը և թուղթ կտորները զամբյուղը լեցնելով կուզե դուրս տանել):

ԽՆԿՈ-ԱՊԵՐ. — Դե արի, դե արի, եղիր բարի, ասոր գլուխը մի տար քարի) Այ բալա, ախըր ատոնց մեջ լիքը հանգեր են, դուն ինչպե՞ս թափելու կտանիս: (Զամբյուղը ձեռքեն առնելով կքրքրե): Սա քեզի «աջ», սա ալ քեզ «քաջ», քաջ, քաջ, քաջ… ահա քեզի «հառաջ»,- կպակսի հանգ մը, ան ալ ես կշինեմ՝ ահավասիկ տուն մը պատվական ոտանավոր… Եվ դուն թափելու կտանիս, ավանակ քեզի: Սա քեզի՝ «եղ», սա քեզի «ուղեղ», ուղեղ, ուղեղ… ուղեղ… սա ալ քեզի «Բաղեղ», իմ քովս ալ երեկվընե ունիմ «աղեղ», ահա քեզի երկրորդ տուն մը հուզիչ ոտանավոր… էշի գլուխ, իսկ դուն թափելու կտանիս: (Շարունակելով քրքրել). Խաչ. սա դնենք «աջ», «Հառաջի»-ին հետ: Այս եղավ լման երեք տուն: (Բարձր) Ընկերներ, հոս տուն մը լրիվ ոտանավոր կա, որո՞ւ ստեղծագործությունն է ինկեր:

ԱԲՈՎ. — Երեկ իմ պորտֆելեն տուն մը ու երեք տող ինկեր են:

ԽՆԿՈ-ԱՊԵՐ. — (Ետև բռնելով): Ի՞նչ երկարությամբ տողեր են:

ԱԲՈՎ. — Վեց սանտիմ՝ չորս սանտին, երկու սանտիմ՝ կես սանտիմ:

ԽՆԿՈ-ԱՊԵՐ. — (Ձեռքը գրպանը խոթելով): Սանտիմետրը քովս չէ: Ի՞նչ կար մեջը, ըսե:

ԱԲՈՎ. — Մի Մկո, մի Սաքո, մի Մաթո:

ՄԵԼԻՔ-ՍԵԹՅԱՆ. — Էդ ի՞նչ Մաթո է. նայեցեք, եթե քիթ ունի՝ դես բերեք, իմս է, «Քիթ Մաթոն» ես եմ գրել:

ԱԲՈՎ. — (Խլելով): Դե լավ, ջանըմ, սա շաբաթ մըն է բան չեմ գրած:

ԽՆԿՈ-ԱՊԵՐ. — Եթե կհարմարի՝ առ:

ԱԲՈՎ. — Անհոգ կաց, իմ քերթվածներուս ինչ կցես՝ կը հարմարի:

ԾԱՌԱ. — Տանե՞մ թափելու:

ԽՆԿՈ-ԱՊԵՐ. — Կեցիր (քրքրելով), սա քեզի «աղ», սա՝ «խաղ», սա «մաղ», «կաղ», «շաղ», «տաղ», «ճապաղ», պա, պա, պա, լեցուն հանգ են, թափիր պորտֆելիս: (Կթափե):

ՎՇՏՈՒՆԻ. — (Թևով բոթելով Ալազանին): Ինչո՞ւ արևելք կերգես, հարավ երգե:

ԴԱՆՉՈ. — Էյ, հարավը ես պիտի երգեմ:

ՎՇՏՈՒՆԻ. — (Ալազանին): Ան ատեն հյուսիս կերգեմ:

ԶԱՐՅԱՆ. — Թող ոչ ոք չհամարձակվի հյուսիս երգել:

ՎՇՏՈՒՆԻ. — Արևմո՞ւտք:

ՍԻՐԱՍ. — Լուսբաժինն ինձ գործուղել է արևմուտք երգելու. Արևմուտքը բռնված է արդեն:

ՄԵԼԻՔ-ՍԵԹՅԱՆ. — Ես որ կըսեմ փակեցեք ցանկը, այլևս մի ընդունեք նոր գրողներ՝ չեք լսեր. դա համեցեք, ընդամենը չորս կողմ ունեցող աշխարհը ինչպե՞ս պիտի բաժնենք քառասունչորս գրողներուն մեջ…

ՍԱՐ-ՄԵՆ. — (Իր մտքերով տարված): Աաա՜խ… Ինչպես կուզեմ քեզի երգել, Սիրանուշ իմ չքնաղ: Եթե արտոնված ըլլայի, տասնվեց ոտնյա ոտանավորով պիտի երգեի քո ծիծերը, վրայի բիծերը… (բարձր) թող տվեք, ընկեր Աբով, երգեմ Սիրանուշին: Կխելագարվեմ, ճար չկա:

ԱԲՈՎ. — Սիրանուշ երգելն արգելված է:

ՍԱՐ-ՄԵՆ. — Ինչո՞ւ «Հրանուշ» թույլ կտրվի Զարյանին:

ԱԲՈՎ. — Հրանուշ թույլ կտրվի այն չափով, որ չափով դեպի նոր կենցաղ տանող հասարակական գործոն է այն:

ՍԱՐ-ՄԵՆ. — Եթե արգելեք՝ կոչումս պիտի ձգեմ:

ԱԲՈՎ. — (Բանալով օրենսգիրքը). Ընկեր Սարմեն, հասկցեք, համառուսական պրոլետ գրողներու 37-րդ համագումարի 47-րդ կետը կարգիլե կին երգել: Նույն հոդվածին ծանոթության բաժնին մեջ կըսե հետևյալը:- Եթե պրոլետ-գրող մը չի կըրնա ժուժալ և կուզե անպայման կին երգել, ապա պիտի դիմե նույն շրջանի պրոֆմիության, որու նախագահը միութենական կարգով հարաբերության մտնելով Կին-բաժնի հետ, կկարգադրե, որ Կին-բաժինը իր անդամներեն մեկուն գործուղե հիշյալ պրոլետ գրողին մոտ՝ երգվելու: (Գոցելով գիրքը): Այս գրելիքդ Սիրանուշը կազմակերպվա՞ծ է գոնե կամ արձանագրվա՞ծ է Աշխատանքին բորսային մեջ:

ՍԱՐ-ՄԵՆ. — Ոչ:

ԱԲՈՎ. — Եղա՞վ: Մինչդեռ բորսային ցանկին մեջ հարյուրավոր ընտիր սիրանուշներ կան, չես երգեր, կերթաս զանազան կասկածելի սիրանուշներ կերգես: Վերջացավ, այլևս ոչ մի խոսք: Ընկերներ, ուրիշ հարց մը կուզեի դնել.- Ինծի տվեր եք պրոլետ գրականության մարտիկի պաշտոն, իսկ դուք սուսիկ-փուսիկ նստեր կարտադրեք: Կպահանջեմ, իբրև վարձ, մեկ ոտանավոր տաք կստորագրեմ, ապա թե ոչ պաշտոնս պիտի ձգեմ:

ԲՈԼՈՐԸ ՄԻԱՍԻՆ. —  Մեր գլխուն, մեր աչքին վրա:

ԴԱԲԱՂՅԱՆ. — (Ամբիոնեն): Դե, շուտ, չպրծա՞ք, բերեք քննադատեմ, ուշ է:

ՎՇՏՈՒՆԻ. — Դուն քննադատե մինչև պրծնենք:

ԱԼԱԶԱՆ. — Այսօր հազիվ թե ես պրծնեմ:

ԶԱՐՅԱՆ. — Ալազան, կամ քոնը տուր իմիս կցեմ, կամ իմս տամ քոնին կցե: Տանք թող քննադատե, ետքեն գովեստը հավասար կբաժանենք:

ԱԼԱԶԱՆ. — Կվերջացնեմ ես, ութ սանտիմ բան է մնացեր:

ՍԻՐԱՍ. — (Մելիք-Սեթյանին): Վա, սխտորի հոտ կուգա բերնեդ, ի՞նչ ես կերեր:

Մ. ՍԵԹՅԱՆ. — Խաշ:

ՍԻՐԱՍ. — Ինչո՞ւ կերար, ես ալ խաշ եմ կերեր:

Մ. ՍԵԹՅԱՆ. — Ի՞նչ կրնա ըլլար ատկե:

ՍԻՐԱՍ. — Չէ՞ որ պոետն իր միջավայրի, իր կենցաղի արտահայտիչն է. երկու խաշ ուտողներ կրնա՞ն տարբեր բան երգել:

ՎՇՏՈՒՆԻ. — Այդ հարցը լուրջ է ու պիտի դնել համագումարին:

ԱԲՈՎ. — Լռությո՛ւն, ընկերներ: (Լռության մեջ կաշխատեն, որի ատեն կհանեն հաճախ սանտիմետրնին, կչափեն տողերը):

ԾԱՌԱ. — (Սարսափած ներս վազելով): Ընկերներ, Չարենցը միլիցիապետի, մեկ միլիցիայի ու Մահարիի հետ սպառնական այս կողմը կուգան: (Իրարանցում):

ԱԲՈՎ. — Ընկերներ, զգույշ, Չարենցի մտքեր կամ ձևեր եթե ունեք ձեր գրածներուն մեջ՝ անմիջապես թաքցուցեք:

ՎՇՏՈՒՆԻ. — (Պատեն վար առնելով խոշոր գրիչը): Սակայն ամեն պարագային պետք է պատրաստ ըլլալ կռվի համար:

ԱԲՈՎ. — Անհոգ կաց, բանը եթե կռվի հասավ, իմ «դանակը» կդնեմ անոնց «բկին»:

ՀԱԿՈԲՅԱՆ. — Բկին վտանգավոր է, ավելի աղեկ է բդին (ցույց տալով):

ԱԲՈՎ. — Թող ըլլա բդին, միայն թե հանգերը չտուժեն: (Ներս կուգան Չարենցը, միլիցիապետը, միլիցիան և Մահարին):

ՉԱՐԵՆՑ. — (Մտրակի կոթով ցուցնելով): Խուզարկե, խնդրեմ Աբովին գրվածքները, բոլորը իմ մտքերն են:

ԱԲՈՎ. — (Դողդոջուն): Իմ գրվածքներու մեջ միտք չկա…

ՄԻԼՊԵՏ. — Անխոս բաց պորտֆելդ, թող անմիտ ըլլա:

ՉԱՐԵՆՑ. — Այդ անմտություններն ալ իմս են: Ինքը ոչինչ չունի սեփական:

ՄԻԼՊԵՏ. — (Հանելով պորտֆելեն՝ կկարդա): Այստեղ մի շուկա կա, դուքան, մյուս պատ՝ կոոպերատ: Այստեղ մի Մակար կար՝ կոշկակար: Այնտեղ մի Սիմոն, մոն՝ բերանը ծամոն… (Չարենցին): Ճիշտ կխոսի մարդը, այստեղ միտք չկա:

ԱԲՈՎ. — (Ուրախ խնդալով): Ես որ կըսեի…

ՄԻԼՊԵՏ. — (Ալազանին): Բաց պորտֆելդ: (Հանելով կկարդա): Ես, ես հսկա պոետ, Ալազան, երկաթե երգ պիտի երգեմ…

ՉԱՐԵՆՑ. — Քեզ որտե՞ղ էիր երկաթե երգ, քո երգերը փայտե էին, երբվընե՞ երկաթ դարձան: (Միլպետին): Վերցուր բոլորը:

ԶԱՐՅԱՆ. — (Ընկերներուն, կամաց ձայնով): Ընկերներ, «երկաթ երգերը» պահեցեք:

ԴԱՆՉՈ. — Իմս «բրոնզե» են բոլորը:

ՍԱՐ-ՄԵՆ. — Իմս վարը «երկաթ» է, ծայրը՝ «պղինձ»:

ՄԻԼՊԵՏ. — (Բանալով Սար-Մենի պորտֆելը կկարդա): Օ, Շիրկանալ, դու Շիրկանալ…:

ՄԱՀԱՐԻ. — Վա՛յ, վա՛յ, սա մեր Լենինականի «Նոյեմբեր» ընկերության Շիրկանալն է: Ի՞նչ իրավունքով: Քեզ ո՞վ արտոնեց գալ մեր քթի տակ հոսող ջրանցքը երգել: Հա՞…

ՍԱՐ-ՄԵՆ. — Հապա դուն ինչո՞ւ ամիսը անգամ մը Լենինականեն կուգաս մեր Երևանը կերգես-կերթաս:

ՄԱՀԱՐԻ. — (Ծոցեն հանելով կնքված թուղթեր): Դուն գիտե՞ս, որ «Նոյեմբեր» ընկերությունը երեսուներկու տարով Շիրջրանցքը վերցուցեր է երգելու: (Միլիցիային): Վերցուր, խնդրեմ և արձանագրություն կազմե: Այսուհետ համարձակեցեք Շիրջրանցքին մեկ կաթիլը երգելո՞ւ…

ՍԱՐ-ՄԵՆ. — Մենք ալ մեր Հիդրոշինը չենք թույլ տար ձեզ երգելու:

ՄԱՀԱՐԻ. — Իրավունք չունիք: Հիդրոշինը երբ վերջացավ՝ կառավարությունը աճուրդի կդնե. այնտեղ «Սեպտեմբեր» միությունն ալ կուգա, «Հոկտեմբերն», ալ, «Նոյեմբերն» ալ: Ով շատ ոտանավոր խոստանա՝ անիկա ալ կստանա պատենտը:

ՉԱՐԵՆՑ. — (Միլպետին): Բաց արա Վշտունու պորտֆելը:

ՎՇՏՈՒՆԻ. — Չմոտենաք պորտֆելիս, այդ ձեզ չի հաջողվելու, քանի կենդանի եմ, պիտի պաշտպանեմ գրածներս մինչև արյանս վերջին կաթիլը: Ձեզի չեմ թող տա մոտենալ… (Միլպետը ձեռքը կտանե ատրճանակին, միլիցան հրացանը կրակի կպատրաստե, Չարենցը Մահարիին ետևը կաշխատի մտնել, Մահարին՝ Չարենցինը)… այլ ես ինքս իմ ձեռքովս պիտի հանեմ ու ձեզ ներկայացնեմ: (Միլպետը ձեռքը ատրճանակեն կքաշե, միլիցան հրացանը ուսը կձգե, Մահարին կուզե Չարենցին առաջը կտրել, Չարենցը՝ Մահարիին):

ՄԻԼՊԵՏ. — (Առնելով Վշտունիին գրվածքը՝ կկարդա): Ելեք, այսօր Լոնդոնեն մինչև Կալկաթա, խաթա, մաթա, գաթա: Փարիզեն մինչև Հնդկաչին կամաչին, լաչին, մաչին, կանաչին, մինչև վերջին չարչին: Այսօր զանգ է, հուզանք է, խնայողական բանկ է, վանք է, զարմանք է, մարզանք է, պարծանք է, ծանք է, զանգ է, հառաչանք է, բառաչանք է, չանք է, քե… քե… քե…, վերջապես քե… (Շնչասպառ ետ-ետ կուգա ու չիյնալու համար պատին կկռթնի՝ շարժումով մը հասկցնելով Չարենցին, որ շարունակե):

ՉԱՐԵՆՑ. — (Շարունակելով): Ելեք: Այսօր քաշեք ձեր առագաստը կտավ, հաստ, դուք նավավար, ձավար… հավար… տավար… ղեկավար… հարմար… մարմար… մար… մար… մար…, վերջապես մարդ… (կիյնա, նշանացի՝ Մահարին, որ շարունակե):

ՄԱՀԱՐԻ. — (Խորը շունչ առնելով): Չե՞ք լսեր, ձեզի կըսեմ, դասակարգ վսեմ, որ կոխեր եք հեղափոխության սեմ. մի ընեք գաղափարը նսեմ, չէ նե սուսերս պողպատե իրար կքսեմ… այդ ես եմ… ձեզի կըսեմ, կմրսեմ… սեմ… սեմ… վերջապես սեմ … (ետ կերթա, նշանացի՝ միլիցիային, որ շարունակե):

ՄԻԼԻՑԻԱ. — (Առնելով թուղթը): Թեև կարդալ չեմ գիտեր, բայց (ետ-ետ կերթա, կկռթնի պատին):

ԾԱՌԱ. — Ետևիցս ինձի բռնեցեք, ես մինչև վերջը կարդամ:

ՄԻԼՊԵՏ. — (Չարենցին): Կարծեմ բավական է: Դատի տալու համար այս նյութերը կբավեն:

ՉԱՐԵՆՑ. — Շատ աղեկ: Հիմա կկազմենք արձանագրություն: Ո՞վ է այս ընկերության հայրը:

ՀԱԿՈԲՅԱՆ. — Ես եմ:

ՄԻԼՊԵՏ. — (Խնկո-Ապորը): Ծերունի, դու այս ընկերության ի՞նչն ես:

ԽՆԿՈ-ԱՊԵՐ. — Ես այս ընկերության հորեղբայրն եմ:

ՄԻԼՊԵՏ. — Ձեր անո՞ւնը:

ԽՆԿՈ-ԱՊԵՐ. — Խնկո-Ապեր:

ՄԻԼՊԵՏ. — Ձեր զբաղմո՞ւնքը:

ԽՆԿՈ-ԱՊԵՐ. — Հին ոտանավորներ կկարկատեմ, նորերը կշինեմ՝ եթե մատերիալը իրենք տան:

ՄԻԼՊԵՏ. — Ընկեր Հակոբյան, դո՞ւք ինչով կզբաղվիք:

ՀԱԿՈԲՅԱՆ. — Ժամանակ մը ոտանավոր կգրեի, հիմա ոտքի վրա գործ կընեմ.- ողջույնի խոսքս կըսեմ պատահած տեղը, հայերեն լեզվով «ռահիվիրա» կըլլամ, ռուսերեն լեզվով՝ «ավանգարդ»: Եթե մեծարեն սեմը կելլեմ կմեծարվիմ, եթե ոչ՝ լուռ կնստիմ տեղս ու չմոռացվելու համար կհազամ երբեմն:

ՄԻԼՊԵՏ. — Շատ լավ: Իսկ ի՞նչ է սա ընկերության անունը և ով է շիներ:

ՎՇՏՈՒՆԻ. — Ես եմ շիներ:

ՄԻԼՊԵՏ. — Ձեր անո՞ւնը:

ՎՇՏՈՒՆԻ. — Ազատ Վշտունի:

ՄԻԼՊԵՏ. — Դուք վի՞շտ ունեք:

ՎՇՏՈՒՆԻ. — Առաջները ունեի, բայց համառուսական գրողներուն վարչության անդամ դառնալեն ետքը՝ այլևս չունիմ:

ՄԻԼՊԵՏ. — Դո՞ւք եք շիներ այս ընկերությունը և ի՞նչ է անունը:

ՎՇՏՈՒՆԻ. — Ես եմ շիներ երեք օրվա մեջ: Անունը ամիս մը «Հոկտեմբեր» էր, ետքեն փոխեցինք «Ասոցիացիա»:

ՄԻԼՊԵՏ. — Զարմանալի բան, դուք անունները շուտ-շուտ կփոխեք:

ՎՇՏՈՒՆԻ. — Որովհետև գեղարվեստին մեջ նորը կփնտրենք, այդ պատճառով երկու ամիս մեկ անունով կրնար ապրիլ: Մենք որոշեր էինք հոկտեմբերեն սկսիլ և նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար, մինչև օգոստոս երթալ, բայց մեր հակառակորդ գրողներու խմբակը «Նոյեմբեր» անունն առավ իր վրա ու եկավ նստեց ճամփաներուս մեջտեղը:

ՄԻԼՊԵՏ. — Անվան համար չարժե կռվել, վերցուցեք Հակոբի որդոց անունները, որ տասներկու հատ են, վերցուցեք տասներկու առաքյալներու անունները: Անվա՞ն ինչ: (Չարենցին): Է, երթանք:

ՉԱՐԵՆՑ. — (Բոլորին): Տարօրինակ մարդիկ եք, եղբայր, երեխայի պես ինչ գրեմ՝ ան կկրկնեք, ուր երթամ՝ ետևես կուգաք, պետքարան ալ չեք ձգեր մենակս մտնեմ, մեկ տեսնենք թե ըրածներս ճի՞շտ են: Ամչցեք վերջապես: (Մահարիի): Ի՞նչ ըսիր, Մահարի:

ՄԱՀԱՐԻ. — Ես համաձայն եմ ընկեր Չարենցին հետ: (Կերթան):

ՍԱՐ-ՄԵՆ. — (Ուրախ): Ոչ մեկ միտք չտարան ինձմե:

ԱԼԱԶԱՆ. — (Ուրախ): Բոլոր Չարենցին մտքերը մնացին ինձի: (Դանչոյին): Քեզմե տարա՞ն:

ԴԱՆՉՈ. — Ոչ:

ԱԼԱԶԱՆ. — (Մելիք-Սեթյանին): Քեզմե՞:

Մ. ՍԵԹՅԱՆ. — Ես ի՞նչ ունեի, որ ինչս տանեին:

ԲՈԼՈՐԸ ՄԻԱՍԻՆ. — Հա՛, հա՛, հա՛, հա՜…

ԱԲՈՎ. — Բա ես որ ձեզի կըսեմ՝ ընկերներ, գրվածքներուդ մեջ միտք մի դրեք՝ չեք լսեր: Տեսա՞ք ինչ անակնկալներ կպատահին: Նու, ինչևէ: Պարապմունքը վերջացավ: Մարզանքի պատրաստ: (Բոլորը մեյ-մեկ խոշոր գրիչ ձեռքերին, շարքի կկենան): Գրիչը ուսին. մեկ-երկու, երեք: Որո՞նք են մեր երկրի թշնամիները:

ԲՈԼՈՐԸ ՄԻԱՍԻՆ. — «Նոյեմբեր» ընկերությունը, քննադատ Կարինյանը և Պետհրատը, որ չի հրատարակեր մեր երկերը:

ԱԲՈՎ. — «Նոյեմբեր», զա՛րկ, մե՛կ, երկո՛ւ, երե՛ք, մե՛կ, երկո՛ւ, երե՛ք: Կարինյան, զա՛րկ, մե՛կ, երկո՛ւ, երե՛ք, մե՛կ, երկո՛ւ, երե՛ք: Մեր թշնամիները պարտված են, ուռռա՜:

 

ՎԱՐԱԳՈՒՅՐ

 

 

 

Բ ՊԱՏԿԵՐ

 

Բեմը կներկայացնե գրողների ակումբը: Դաբաղյանը բեմի վրա կխոսի: Կողքին նստած հերթի կսպասե Վանանդեցին: Գրողները կլսեն:

ԴԱԲԱՂՅԱՆ. — Ես նորեն պիտի կրկնեմ խոսքս: Ընկերներ, պատմականորեն հաստատված օրենք է:- Յուրաքանչյուր դասակարգ հրապարակ գալով,  հրապարակ պիտի բերե նաև իր իդեոլոգիան ու անհետանալով պիտի տանի զայն: Անհայտացող դասակարգերը ատոնք կապիտալիստական, մանր բուրժուական ու կղերական դասերն են: Առաջին երկու իդեոլոգիաները ոտքով գնացին, իսկ երրորդը կառքի կսպասե՝ այնքան զառամեր է: Ընկերներ, կար ժամանալ (ջուր կխմե), երբ մարդիկ դարերով կսպասեին, որ բանաստեղծ մը ծնվի ու իրենց ցավը երգե: Հիմա այդ թեորիան ժխտված է իսպառ: Հիմա ամեն մարդ բանաստեղծ կծնվի ու, ընդհակառակը, բանաստեղծ չծնվելը գրեթե անկարելի է: Ուրիշ մեկ տարբերությունն ալ սա է, — հին բանաստեղծներու և ընթերցողներու միջև գոյություն չուներ վստահություն. բանաստեղծն իր ընթերցողներուն քով կրեդիտ չուներ, ըսել կուզեմ: Ընթերցողը մինչև չկարդար, չհավաներ՝ տվյալ գրողին բանաստեղծ չէր հորջորջեր: Այլ է հիմա, սակայն: Հիմա ընթերցողն այնքան վստահ է իր ծոցեն ելած բանաստեղծին վրա, որ առանց կարդալու բանաստեղծ կհռչակե ամեն անոնց, որոնք իրենց բանաստեղծ կհայտարարեն: Ավելին: Մենք այսօր ունենք ապառնի բանաստեղծներու կադր մը, որոնք միայն ազնիվ խոսք կուտան վերջեն բանաստեղծ ըլլալ: Ու արդի ընթերցողը կընդունի զանոնց գործով բանաստեղծներու իրավունքով:

Մեր տաղանդավոր գրողներեն Աբովն օրինակ, որ հազիվ երկու ոտանավոր է գրեր,- Մեկը նույնիսկ անոտ,- այսօր գրական ասպարեզին վրա «Օպտովի» գործ կընե ու խոշոր հռչակ կվայելե: Այդ հռչակին համար «դանա՞կ» դրավ որևէ մեկին «բկին»: Ոչ: Բնավ երբեք: Կամ ատրճանա՞կ քաշեց, դարձյալ չեմ ընդունիր: Անիկա կուրծքը դուրս, ձեռները շարժելով, մեծ քայլեով ու բաց ճակատով հայտարարեց, թե ինքը բանաստեղծ է՝ ու եղավ: (Ամբոխը կծափահարե: Աբովը շարքեն դուրս գալով գլուխ կուտա ծափողներուն, ետ կուգա իր տեղը, կլսվի ուշացած ծափ մը, նորեն դուրս կգա նույն եղանակով գլուխ տալու ու հարցական աչքերով կնայե հասարակության, ըսել ուզելով, թե՝ ալ ծափ չկա՞):

Այժմ, ընկերներ, տալով թեորիան, կուզեմ անցնիլ պրոլետ գրողներուն և մեկ-մեկ վերլուծության ենթարկել իրենց ստեղծագործությունները:

Գևորգ Աբով: Գևորգ Աբովը մեկն է այն «երեք»-են, որք Չարենցին հետ հայտարարեցին, թե մենք պոետ ենք: Եվ իրոք պոետ էր: 1919 թվին լույս է տեսեր իր «Միայն կին» պոեմը: Միայն կին ըսելով պոետը չի ուզեցեր երգել այն կանանց, որոնց մեջ տղամարդ կա խառնված: Ամայլ-գամա, ըսել կուզեմ: Այո, միայն կին (կկարդա):

 

Ոտներդ նռնեղեն՝

Մնում ես մոտենամ, գրկեմ,

Լուծվեմ քո նյարդահալիչ բույրով,

Ուզո՞ւմ ես փշրտեմ, շուշա…

(Օ, ձայն) համբուրեմ, խածեմ,

Ուզո՞ւմ ես շշնջամ «դուշա»,

Շապիկս խելահեղ բացեմ…

 

Բայց տեսեք որպիսի չափի զգացում: Աբովի չափ «խելահեղ» մի ուրիշ պոետ կարող է «շապիկից» հետո վարտիկն ալ «բացել», բայց դուք կամքի ուժին նայեցեք: Բանաստեղծը ինչպես գիտե իր ընթերցողին խնայել իր խելագարության նոպաների ժամանակ իսկ:

Այնուհետև իր «Հուսաբեկ էջերի» մեջ, երբ պոետը կառքով կերթա իր «ծուռ ոտներով» աղջկա մոտ, չեն ընդուներ՝ խաբելով, թե տունը չէ, բանաստեղծը դառնալով կառապանին կըսե.-

 

Քշիր կառքը, քշիր արագ,

Ձիեր, բաշերը փրփուր արծաթ

Ծըծծաթ, ծըծծաթ, ծըծծաթ…

Կռռակ, կռռակ, կռռակ, կռռակ…

Ցուցափեղկեր թռեք արագ

Արագ, արագ, արագ, առռագ, առռագ…

Լցվում են մեջս, փրփրում իմ մեջ

Ծով լույսի ծիծեր ու ծիծածալքեր.

Քշեք կառքեր, արագ, արագ

Կռռակ, կռռակ, կռռակ, կռռակ, կռռակ:

 

Հոս բանաստեղծն այնքան լքված է ու այնքան շուտ կուզե հեռանալ, որ ձիերուն կհրամայե երկու ռ-ով արշավե: Անոր ձիերու բաշերը արծաթե արծաթեն ալ բան մը անդին են: Անոնք «ծըծծաթ» են- ահա ձեզի նոր մետաղ մը, որ կուգա տեղ բռնելու արծաթին ու ոսկիին մեջտեղը: Իսկ Աբովի ստեղծած «ծիծածալք» բառը նոր ծալքերու դուռ կբանա հայ պոեզիային մեջ:

Երկու խոսք ալ հովի կամ հին թերմինոլոգիայով՝ զեփյուռի մասին: Հին պառնասյան պոետների ժամանակ, հովը սովորաբար նոճիներու կամ սոսիներու կատարները միայն կտարուբերեր ու բնավ վար չէր գար: Աբովը, սակայն, իբրև գերազանցապես ռեալիստ գրող, հովը նոճիներու կատարներեն վար է բերել ու կփչե իր սիրուհիին ոտքերուն ճեղքվածքին մեջ՝ շատ հաջող: Ահա այն.-

 

Հովը կոնքիդ կոկիկ կողքիդ վրա

Քո ոտքերի ճեղքվածքի մեջն է սուրում

Ու մետաքսե կարճ շրջազգեստդ երկճեղքում:

 

Բան մը, որ կարելի է ներել պոետին, այդ այն է, որ կծանրաբեռնե սիրո թևերը: Շարունակ կիջնի, կնստե այդ թևերուն ու չի ձգեր, որ ազատ թռչի: Այսպես՝

 

Ամուսինդ մռայլ ու մութ դևի նման,

Մոլորվել եմ, ոլոր կուգան խևի նման,

Բեր գինի, տիկին, տուր գինիդ՝ ելնեմ

սիրո թևի նման…

 

Խեղճ տիկին. ինկեր է խևի ու դևի արանքը: Ո՞րն ընտրել: Պարզ է, որ հիշյալ տիկինը զոհ է հանգաբանության: Եթե այս գրվածքը արձակ ըլլար, ամենայն հավանականությամբ տիկինը ոչ դևի հետ գործ պիտի ունենար, ոչ՝ խևի:

Իր «Հեքիաթ պոեմ»-ին մեջ բանաստեղծը «բրոնզե կաթ» կգործածե  և շատ աղեկ էլ կընե.- բրոնզե կաթը բանաստեղծության մեջ շատ ավելի մարսողական է, քան օրինակ՝ պղնձե և երկաթե կաթերը: Միայն բանաստեղծը մոռցեր է պլատինե ստամոքս մըն ալ շինել այդ «բրոնզե կաթը» մարսելու համար: Վասնզի յուրաքանչյուր սնունդ իր ուրույն ստամոքսը կպահանջե: Քարածուխը, օրինակ, մեր սովորական վառարաններուն մեջ չի վառիր: Վերջացնելով խոսք… (Վանանդեցին ոտքի կելլե ու խոսելու կպատրաստվի) թող տուր Ալազանի մասին ալ խոսեմ:

ՎԱՆԱՆԴԵՑԻ. — Ես իմ կլիենտս ոչ ոքի չեմ զիջեր:

ԴԱԲԱՂՅԱՆ. — Օրին մեկն ալ ես քեզի զիջում կընեմ:

ՎԱՆԱՆԴԵՑԻ. — Անկարելի է, ես պիտի խոսիմ:

ԴԱԲԱՂՅԱՆ. — (Բարկացած): Դե խոսե, հա՛, (Կնստի):

ԱԲՈՎ. — (Տեղեն): Իսկ վերջին խո՞սքը:

ԴԱԲԱՂՅԱՆ. — (Կանգնելով անտրամադիր): Վերջացնելով խոսքս, կըսեմ, Աբովը մեր փայլուն ուժերեն մեկն է: (Կնստի: Ծափեր):

ԱԲՈՎ. — (Առաջ կուգա ծափերը կընդունի, աչքով միշտ նոր ծափողներ փնտրելով: Տեղը դառնալու ատեն նոր կդառնա ու կընդունի ուշացած ծափ մը):

ՎԱՆԱՆԴԵՑԻ. — Ընկերներ, ես պիտի խոսեմ ձեզի «Հրանուշ» անմահ պոեմայի հեղինակ Ալազանի մասին: (Բուռն ծափեր):

ԶԱՐՅԱՆ. — «Հրանուշն» իմս է: (Կբռնե Ալազանի թևեն, որը կուզե առաջ գալ ծափերեն ընդունել): Ո՞ւր կերթաս, մեկ տպված պոեմ ունիմ, ա՞ն ալ կուզես խլել ձեռքես:

ԱԼԱԶԱՆ. — Վնաս չունի, իմ «Օրիորդ Օլգան» այ քեզի կուտամ: (Ծափերը կընդունի, Զարյանն ալ անոր ետևեն կսկսի գլուխ տալ: Ծափը կդադարի):

ՎՇՏՈՒՆԻ. — (Որը ականջը կապեր է այս պատկերին մեջ): Ծափերն ինչո՞ւ այսքան երկարեցան, չըլլա՞ խոսքը իմ մասին է:

ԶԱՐՅԱՆ. — (Վանանդեցուն): Խոսելե առաջ գրողները ջոկել սորվիր:

ՎԱՆԱՆԴԵՑԻ. — Կոլեկտիվին մեջ ջկողություն չըլլար: Կոմունիզմի ժամանակ գրական փառքը հավասար պիտի բաժնվի ասոցացիայի բոլոր անդամներուն միջև: (Հասարակության դառնալով): Ընկերներ, «Հոկտեմբեր»-ը Ալազանի ստեղծագործությանց մեջ հրաշք կգործե և այդ ոչ անոր համար, որ երեսունմեկ օր ունի, բոլորովին ոչ, անիկա նույն հրաշքը պիտի գործեր, եթե նույնիսկ փետրվարին նման քսանութ օր ունենար: Մնացյալ տասնմեկ ամիսները միացած փայտ մըն իսկ չեն կրնար ճզմեր, հոկտեմբերը մենակ բուրժուի  հոգու պողպատը կճզմե (կկարդա):

 

Հոկտեմբերը…

Թևերը քո

Բանտեց — բուրժույ

Հոկտեմբերը —

Բինտեց երախդ ժահրոտ,

Հոկտեմբերը

Քանդեց ոսկի երազներիդ բերդերը

Ու ոնց որ կատակ մի՝

Հոգուդ պողպատը հին

Ճզմեց:

Արդեն ամենեն կարևոր բուրժուի հոգու պողպատներն են, եթե պողպատները ճզմվեն, մնացյալ թուջերը, թիթեղներն ու կլայեկները օգոստոսն ալ կրնա ճզմել: Շարունակենք.

 

Ապա

Թե կարող ես

Ռեխդ ցույց տուր

Ոռնա,

Կարո՞ղ ես

Փորձիր-

Դիկտատոր բռունցքս

Գանգիդ հովանին է:

 

Շատ տեղին սպառնալիք: Նկատենք, որ այս երկին մեջ անհաշիվ բուրժույներ կան, եթե բանաստեղծն իր սովորական հեռատեսությամբ դիկտատոր բռունցքը չդներ գլուխներուն պահապան ու թող տար, որ բուրժույները ոռնային՝ ամեն այս գիրքը բանալու ատեն գազանանոցի դուռ բանալու պիտի նմաներ, այնքան ոռնողներ պիտի լսեինք:

Իսկ «Պատերազմ» պոեմին մեջ արևը քիթ ունի: Արևի հետ ճամփա երթալը Ալազանին սիրած բաներեն մեկն է: Այնքան հետու կերթան, որ արևը կհոգնի, կնստի լեռան մը ուսին ու կուզե քնել: Գեղեցիկ բան է արևին հետ պտտիլ, խոսք չունիմ, բայց արև հոգնեցնելը պատասխանատու գործ է: Իսկ քնեցնելը՝ հանցանք: Ամբողջ տիեզերքի բախտի հետ խաղալ ըսել է:

Ընկերներ, հոս թույլ տվեք նյութես շեղվեմ:- Կուզեմ երկու խոսքով աստղագետներու անզորությունը ցուցանել: Գիտնականներեն Հերշելը, Ֆլամարիոնն ու Կեպլերը իրենց ողջ կյանքի ընթացքում արևի են նայած, բայց երևակայեցեք, ընկերներ, որ ոչ մեկը ատոնցմե արևի կողքին Ալազանը չէ նկատած: Հետո՝ արևը մինչև օրս նկատված է որպես անշարժ մարմին մը. մինչդեռ, ով մոլորություն, արևը ամբողջ ժամանակ Ալազանի ետևեն հոգնած, քնատ ման է եկեր: Այս կրկնակի փաստերը, ընկերներ, չե՞ն գա ըսելու, որ աստղաբաշխությունը շատ է հեռու է տակավին գիտություն ըլլալե:

«Օրիորդ Օլգա» պոեմի մեջ բանաստեղծը կապույտ շապիկը կհանե ու կառաջարկե օրիորդին հագնելու: Գեղեցիկ ժեստ է, խոսք չունիմ, բայց ցանկալի է, որ լվանալ տար ու կոճակներուն տեղերը փոխեր: (Վերցնելով ուրիշ գիրք): Ընկերներ, հին գրական քննադատները, խոսելով երգի մասին, բնավ նկատի չեն առներ, թե տվյալ երգը մաքո՞ւր, թե՞ կեղտոտ սեղանի վրա է գրված: Անոնք բացառապես երգի գեղարվեստական արժանիքին կնայեն, եթե հաջող է՝ կգովեն, եթե անհաջող է՝ կպարսավեն: Այդ մեթոդը մենք կարող ենք կիրառել հիմա: Հիմա մեզի հետաքրքրողն այն է, թե երկը ինչպիսի՞ սեղանի վրա է գրված, կեղտո՞տ, թե՞ մաքուր: Հիմա արդեն կհասկնանք, թե ինչ ըսել կուզե Ալազանը, երբ կգրե իր «Հրաբխապոեզիա» գրքին մեջ.-

 

Ընկեր,

Այսօր

Սեղանիդ վրա դնում եմ մի գիրք.

Նա չի գրվել կաբինետներում,

Այլ

Մեծագույն մասը նրա

Գրվել է տպարանում, սև ու մրոտ

սեղանների վրա:

 

Ի՞նչ կկարծեք, սև ու մրոտ սեղանների վրա գրված պոեմ մը իրավունք ունի՞ անհաջող ըլլալ. ոչ, իհարկե: Ու իրավցնե «Հրաբխապոեզիա»-ին մեջ ամեն ինչ հրաբուխ է.-

 

Լսեք

Լսեք

Արևելք

Արևմուտք

Հարավ

Աշխարհներ հրաբխածարավ

Լսեք

Ռաբոչի պոետիս հրամանը

Ու ելեք հրաբխաբեմ

Հրաբխամարտ

Հրաբխամարշ

Մարշ

Մարշ

Հրաբխամարշ:

Էյ, Արմենտա, Ռոստա, Զակռոստա,

Կոմինտերն կասսայի հաշվին

Տարեք հրե հրամանն իմ —

Աշխարհի ամեն մասին:

 

Ինչ բարդ հյուսվածք: Ուրեմն Արմենտա, Ռոստան, Զակռոստան պիտի ռաբոչի պոետի հրե հրամանը լեցունեն մանղալին մեջ, վասնզի գրպանը չի դրվի, տանեն աշխարհի ամեն մասին ու գան իրենց հաշիվը Կոմինտերնի կասսայեն առնենք (ինքնիրեն)… Չեմ գիտեր Զակռոստան ապառիկ գործ կընե՞… Բայց կարծեմ կընե:

Վերջացնելե առաջ, երկու խոսք ալ բանաստեղծին գրելու ձևին մասին: Ալազանի, ինչպես պրոլետ-գրողներում մեծագույն մասին, երկերը բացած ատեննիս կնկատենք, որ հաճախ տողերը կազմված են մեկ բառե: Օրինակ՝ լսեցեք-մեկ տող, լսեցեք-երկրորդ տող, արևելք, արևմուտք և այլն: Դժվար չէ պատահել մեկ վանկանի տողերու: Չարենցն, օրինակ, «ցտեսություն» բառը չորս տողի մեջ է գրեր, ամբողջ տուն մը, ըսել է: Հատոր մը բացած պահուն խոշոր երեսներուն մեջ քանի մը բառ կերևա ցան ու ցիր: Այս երևույթին պատճառը պրոլետ գրողներու մտքի աղքատությունը չէ հարկավ, ատով անոնք ըսել կուզեն դաշնակցականներուն, որ եթե ձեր ցանկացած ծովե-ծով Հայաստանն իրականանար, բնակչությունն այնպես ցանցառ պիտի ըլլար, ինչպես մտքերը մեր էջերուն մեջ:

Ես վերջացուցի: (Տեսնելով, որ ծափ չկա): Հա, ընկերներ, մոռցա ըսելու, որ Ալազանը մեր առաջավոր գրողներեն է, ունի տաղանդ և ուժեղ դինամիկա: (Կիսատ ծափեր): Ընկերներ, պիտի ավելացնեմ, որ տաղանդը հաճախ կհասներ հանճարի: (Ուժեղ ծափեր: Ալազանին): Դե, եկուր, ծափերեն ընդունե:

Հիմա անցնենք Վշտունու ստեղծագործությանը:

Ընկերներ, Վշտունին գրվածներուն գլուխ-գործոցն է «Ձիապոեմը», որը գրված է Պարսկաստանի, մասնավորապես Թեհրանի ձիերու կյանքեն: Ընթերցողը, սակայն կզգա բնազդաբար, որ «Ձիապոեմը» առանձին, առանց իշապոեմի, կիսատ, թերի ստեղծագործություն մըն է, ճիշտ այնպես, ինչպես Հոմերոսի «Իլլիականը», առանց »Ոդիսականի»: Կցանկանք տեսնել մոտիկ ապագային նույն հեղինակի իշապոեմը:

ՍԻՐԱՍ. — Մեզի ալ քննադատեք, առտվնե հերթի ենք կեցած: Հերթը պիտի հասնի՞, թե ոչ:

ՎԱՆԱՆԴԵՑԻ. — Ի՞նչ ընենք, երկու քննադատ ենք, հարյուր հիսուն գրող:

ՍԻՐԱՍ. — Ան ատեն թող տվեք ամեն մեկս մեզի համար քննադատ ճարենք:

ՎԱՆԱՆԴԵՑԻ- Եվ շատ ալ հարմար կըլլա: Իհարկե, ամեն գրող մեկ քննադատ, երկու ընթերցող միշտ պատրաստ ունենալու է քովը: Ես կառաջարկեմ, ընկերներ, վերջացնել պարապմունքը, զբաղվել ընթերցող ճարելու գործով:

ԱԲՈՎ. — Պատրաստ: (Բոլորը կվազեն դեպի գրիչները): Գրիչը ուսին՝ մե՛կ, երկո՛ւ, մե՛կ, երկո՛ւ: Պետհրատին՝ որ մեր երկերը չի հրատարակեր՝ խոցե՛լ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ, երկո՛ւ: «Նոյեմբերին» զա՛րկ՝ մե՛կ-երկո՛ւ, մե՛կ, երկո՛ւ:

 

 

ՎԱՐԱԳՈՒՅՐ

 

Գ ՊԱՏԿԵՐ

 

Բեմը կներկայացնե հրապարակ մը: Պրոլետ գրողները հոս ու հոն մարդ կփնտրեն: Կերևա Դեմիրճյանը:

 

ՎՇՏՈՒՆԻ. — Էյ, ո՞վ ես դուն, մոտ եկուր:

ԴԵՄԻՐՃՅԱՆ. — Ես Դեմիրճյանն եմ, ձեր ուղեկիցը, ի՞նչ կա:

ՎՇՏՈՒՆԻ.- Ընկեր-պարոն, դուն մեր շտատնի ուղեկիցն ես որպես թե, բայց պաշտոնդ լավ չես կատարեր: Պիեսներ կգրես… ինչո՞ւ չես երևնար: Զարմանք բան, տասնե ավելի ուղեկիցներ ունենք, հեչ մեկը չի երևար հրապարակ: Մարդ են, պետքարան կերթանք: Մեր նոր անդամներեն շատերը փանթալոննին չեն կրնար կոճկել, փոքրիկ գրողներ են: Շուկա, հոս-հոն, վերջապես հազար ու մեկ բան:

ՏԱՍԸ ՏԱՐԵԿԱՆ ԳՐՈՂ. — Կուզեմ տուն երթալ, կվախենամ, մութ է:

ԴԵՄԻՐՃՅԱՆ. — Պատրաստ եմ: Մենք նվիրվել ենք հեղափոխությանը անվերադարձ կերպով: Ո՞ր կողմն է ձեր տունը, բալաս:

ՏԱՍԸ ՏԱՐԵԿԱՆ ԳՐՈՂ. — Այս կողմը: Առ պալտոս ու պորտֆելս, ծանր է:

ԴԵՄԻՐՃՅԱՆ. — (Գնալով): Այբ-բեն-գիմ գիտե՞ս, բալաս:

ՏԱՍԸ ՏԱՐԵԿԱՆ ԳՐՈՂ. — Մինչև քո:

ԴԵՄԻՐՃՅԱՆ. — Ապրիս, բալա, դե քալե: (Կերթան):

ԶԱՐՅԱՆ. — (Ետևեն): Է՛յ, վաղը բաղնիս կերթամ, եկուր բոխչաս կրե:

ԴԵՄԻՐՃՅԱՆ. — Գլխուս վրա:

ԱԼԱԶԱՆ ԵՎ Ա. ԱՆՑՈՐԴ. — (Խոսելով կուգան):

Ա. ԱՆՑՈՐԴ. — Ուրեմն կնշանակե այն դո՞ւք էիք, որ երկաթուղին մեջ կյանք ազատեցիք:

ԱԼԱԶԱՆ. — Ես ինքս էի:

Ա. ԱՆՑՈՐԴ. — (Բռնելով ձեռքը): Օ, ընկեր, ես ձեզի կյանքովս պարտական եմ: Դուք որ չըլլայիք, դուք ինծի չօգնեիք, հիմա ոսկորներս փշրված պիտի ըլլային երկաթուղիի անիվներուն տակ: (Սեղմելով կրկին ու կրկին): Դուք ազատարար հրեշտակս եք, և կյանքս տամ պիտի, եթե պիտի զգաք:

ԱԼԱԶԱՆ. — (Հանելոց բանաստեղծության տետրակը): Հույս ունեմ, չեք մերժի լսել հատված մը իմ բանաստեղծութենեն:

Ա. ԱՆՑՈՐԴ. —  (Քայլերը կարագացնե):

ԱԼԱԶԱՆ. — (Ետևեն կարդալով կերթա): Արևի քթի տակին տանկին ի՞նչ, ռումբին ի՞նչ, մարդկային գանգերի ու դիերի թումբին ի՞նչ… Ինչո՞ւ այդքան կշտապես:

Ա. ԱՆՑՈՐԴ. — Ը…ը… Ժամ մը առաջ լուծողական առի, կսպասեմ արդյունքին:

ԱԼԱԶԱՆ. — Որտեղի՞ պատրաստած լուծողական էր:

Ա. ԱՆՑՈՐԴ. — Խարկովի:

ԱԼԱԶԱՆ. — Օ, ուրեմն եկուր սա աթոռին վրա նստենք, մինչև Խարկովի լուծողականն իր ազդեցությունը ցուցանե, ես իմ գրվածքները կգլխեմ:

Ա. ԱՆՑՈՐԴ. —  … Կինս ալ մյուս կողմե մահամերձ պառկած է, միայնակ ու անօգնական…

ԱԼԱԶԱՆ. — (Կկարդա) Ճամփան իմ — երկար էր, ուզում էի նորից գնալ —  բայց ճամփիս ուղեկցող արևը — հոգնել էր, գլուխը կախ էր գցել, իջել մի լեռան ուսին, ուզում էր քնել…

Ա. ԱՆՑՈՐԴ. — Ախ, իմ անուշիկ կնիկս: Պիտի մեռնիս, հա՞, պիտի մեռնի՞ս: Չէ, պիտի հասնիմ իսկույն ու գրկեմ զինքը, վերջին անգամ (Վազելով կերթա):

ԱԼԱԶԱՆ. — Փախավ… (Վճռական): Բայց եթե երկրորդ մարդ մըն ալ ինկավ ձեռքս, եթե տասը կնիկ անգամ ունենա պառկած մահամերձ՝ չպիտի ձգեմ փախչի: Բանտեմ-բինտեմ պիտի: (Կնստի նստարանին):

Բ. ԱՆՑՈՐԴ. — (Կուգա փայտացած վզով, ուղիղ իր առաջը նայելով կանցնի):

ԱԼԱԶԱՆ. — Է՛յ, ընկեր, երեսդ այս կողմը դարձուր, նայենք ի՞նչ մարդ ես:

Բ. ԱՆՑՈՐԴ. — Չեմ կրնար, ընկեր, «երեսներս դեպի գյուղ» լոզունգին կհետևիմ:

ԱԼԱԶԱՆ. — Զարմանք: Այսօր ոչ ոք չի անցնիր հրապարակեն. իմացեր են մեր հոս ըլլալը կարծես:

(Տետրակները ձեռները վազելով կանվնին Աբով, Վշտունի, Սար-Մեն, Դանչո, Մելիք-Սեթյան, Սիրաս, Խնկո-Ապեր):

Ուր, այդ ո՞ւր կվազեք: Չըլլա՞ ընթերցող եք գտեր:

ՍԻՐԱՍ. — Մարդ մը կա, խոստացեր է լսել, տեսնենք կաջողի: (Վազելով կանհայտանա):

ԱԼԱԶԱՆ- (Մենակ): Ահա մեկը հեռվեն կուգա… Ը… ը… Չի ըլլա ըսես: Չէ, մարդ է, մարդ է: Պահտվիմ պիտի սա ծառին ետև, տետրակը ձեռիս պատրաստ: (Կպահտվի):

Գ. ԱՆՑՈՐԴ- (Միամիտ կանցնի):

ԱԼԱԶԱՆ- (Դուրս գալով): Ո՞վ ես, կանգ առ:

Գ. ԱՆՑՈՐԴ- (Վախեցած): Ես աղքատ մարդ մըն եմ. ոչինչ չունիմ, խեղճ պրոլետար…

ԱԼԱԶԱՆ- Պրոլետա՞ր: Ես ալ պրոլետ գրող: Մենք արդեն ձեզ համար է, որ կաշխատինք: Լավ պատահեցանք: Որ հազար բուրժույ մեռնեն սատկեն, տող մըն իսկ չեմ կարդա անոնց համար: Բայց ձեզի համար, բայց ձեզի՝ բոլորը, բոլոր տասնութ հատորն ալ: (Հանելով հատորները): Մենք ընչազուրկ բանվորին երգը կերգենք:

Գ. ԱՆՑՈՐԴ- Հա՞: Ափսոս ինծի չի գար, ես սղոց մը ունիմ, թեև ակռաները թափած և ուրագ մը, որ եթե կոթվի, շատ լավ կաշխատի: Եթե ոչ այնպես կուզեի լսել ձեր երգը:

ԱԼԱԶԱՆ- Ոչինչ, մենք տնայնագործներուն ալ կերգենք: Սկսենք առաջին հատորեն:

Գ. ԱՆՑՈՐԴ- Ը…ը… Գիտե՞ս, ընկեր, արտ մըն ալ ունիմ, մեր գյուղի տակին, որ լավ տարին տասներեք խալվար ցորեն կուտա:

ԱԼԱԶԱՆ. — Միջակ գյուղացի ես, ըսել է: Ոչինչ, միջակներուն ալ կերգենք:

Գ. ԱՆՑՈՐԴ. — (Կուզե երթալ): Չէ, ընկեր, իմ հայրը կալվածատեր է ու հայտնի կուլակ: Հիմա ալ մոտս հազար երկու հարյուր ոսկի կա, կտանիմ ճոթի:- Սկիզբը ավազակ կարծելով վախեցա հայտնել քեզ:

ԱԼԱԶԱՆ. — Ը…ը…ը…ը… բայց մտադիր չե՞ք օր մը պրոլետար դառնալու:

Գ. ԱՆՑՈՐԴ. — Ոչ: Կուզենք քաղաքին մեջ աղյուսի գործարան մը բանալ և երկու հարյուր բանվոր աշխատեցնել մեջը ու անոնց արյուն-քրտինքով հղփանալ:

ԱԼԱԶԱՆ. — (Ինքնիրեն): Ափսոս: Ի՞նչ ընելու է: (Անցորդին): Լավ, քանի որ գիրքս բացեր եմ և սաստիկ ալ կարդալու ախորժակ ունիմ, քովիդ ոսկին դիր հեռու այն քարի տակ, ենթադրիր, թե բանվոր ես, քիչ մը կարդամ, ետքեն ոսկիներդ վերցուր, դարձիր բուրժույ, գնա: Հը՞, համաձա՞յն ես:

Գ. ԱՆՑՈՐԴ. — Լավ: (Ձեռքը գրպանը տանելով): Վա՜յ, ոսկիներս ինկեր են (ըսելով կսկսի վազվզել հրապարակին մեջ: Իսկ Ալազանը ետևեն ինկած կկարդա):

ԱԼԱԶԱՆ. — Օլգա, պարտված Օլգա — եթե ուզում ես ապրել, դեռ լինել ուրախ ու սիրվել դեռ — առ կապույտ շապիկս քեզ, հագիր, մտիր բանակը մեր (կիյնա փոսի մը մեջ, կելնե): Մտիր բանակը մեր, բանիր: (Անցորդը կփախչի…): Հազար երկու հարյուր ոսկի: Ի՞նչ լավ կըլլար, որ ես գտնայի: Բայց չէ, չէ, ան ատեն պիտի դառնայի բուրժույ և «Հոկտեմբերը» պիտի «բանտեր թևերս», «բինտեր երախս»… Չէ… չէ… Ի՞նչ լավ, որ չգտա… Բայց այսօր գործերներիս ինչ ձախ կերթա.- Առտվընե կվազեմ, հատ մը ունկնդիր չգտա… Սպասե, հեռվեն կերևա մեկը, որ ուղիղ այս կողմը կուգա: (Պատրաստելով տետրակը): Ստեղծագործություններս անանկ մը պիտի թափեմ գլխուն որ շշկլա, ճամփան չգտնե: Սսս… Եկավ:

Դ. ԱՆՑՈՐԴ. — (Կմտնե):

ԱԼԱԶԱՆ. — (Կկարդա մեկ շունչով): Լսեցեք, լսեցեք, արևմուտք, արևելք, հարավ, հյուսիս, աշխարհներ հրաբխածարավ, լսեցեք, ռաբոչի պոետիս հրամանը ու ելեք հրաբխաբեմ, հրաբխամարտ, հրաբխամարշ, մարշ-մարշ մարշ հրաբխամարշ…

Դ. ԱՆՑՈՐԴ. — (Ապուշ կտրած): Նամանա՞…

ԱԼԱԶԱՆ. — (Կոտրված): Թուրք է եղեր, սատանան տանի: (Թուրքին): Ա քիշի, էրմանիջա բիլմի՞ր սան հեչ :

Դ. ԱՆՑՈՐԴ. — Խեր, կարդաշ:

ԱԼԱԶԱՆ. — Պոետ բիլմիրսան նամանա դըր :

Դ. ԱՆՑՈՐԴ. — Խեր:

ԱԼԱԶԱՆ- Պրոլետ-պոետ…

Դ. ԱՆՑՈՐԴ. — Խեր, խեր:

ԱԼԱԶԱՆ. — … Հրաբխաբեմ, հրաբխամարտ, հրաբխամարշ…

Դ. ԱՆՑՈՐԴ. — Խեր, խեր, խեր. անդոլսուն ալահալա հեչ էլա զատլար բիլմիրաք:

ԱԼԱԶԱՆ. — Գեթմ սիքտիր ոլ էլա իսա:

Դ. ԱՆՑՈՐԴ. — Նիյա ինջիտի՞րսան, այ կարդաշ, գեդիրամ դա… : (Կերթա: Կմտնե Դանչոն):

ԴԱՆՉՈ. — Ինչո՞ւ թողիր բաց այս մարդուն:

ԱԼԱԶԱՆ. — Ի՞նչ գործս է: Դուք ի՞նչ ըիրք, հաջող անցավ…

ԴԱՆՉՈ- Ծո ի՞նչ հաջող, ինչ բան: Ասկե շաբաթ մը առաջ Աբովը փողոցին մեջ պառկած հիվանդ մարդ մըն էր գտեր, տարեր տուն, կերակրեր, մաքրեր, առողջացուցեր ու շաբաթ մը ամբողջ կարդացեր էր գլխուն: Կանչեց՝ գնացինք-տեսանք: Քաղցր դեմքում մարդ մըն է: Ինչքան կարդաս՝ կխնդա: Ութ հոգի հանեցինք ստեղծագործություններուս և երեք ժամ անընդհատ կարդացինք: Շատ վերջը միայն հասկցանք, որ այդ մարդը ի ծնե… խուլ է եղեր:

ԱԼԱԶԱՆ. — Ինչո՞ւ չէիք գիտեր, որ խուլ պիտի ըլլար:

ԴԱՆՉՈ. — Ուրկե՞ գիտնայինք:

ԱԼԱԶԱՆ. — Ականջ ունեցողը շաբաթ մը կրնա՞ Աբովին լսել: Չէ՞ իսկույն կմեռնի:

(Ներս կուգան Սիրաս, Վշտունի, Զարյան):

ՎՇՏՈՒՆԻ. — Ընկերներ, դրությունը կրիտիկական է: Մեզի չեն լսեր, չեն լսեր, չեն լսեր… (Հուսահատ կերթևեկե, ապա հանելով պորտֆելեն գիրք մը): Ես չեմ գիտեր ի՞նչ են գտեր սա հին փտած գրականության մեջ: Ահա օրինակի համար կարդամ սա զզվելի ոտանավորը (կկարդա, անզգայաբար ոգևորվելով ու ձայնը բարձրացնելով: Ընթերցման ընթացքին կամաց-կամաց կհավաքվի ամբոխը ու կլսե հափշտակված):

 

-Ախ, Անուշ, Անուշ, էդ ի՞նչ ես ասում,

Բա դու չե՞ս լսում

Էն որ լանջերին խաղեր եմ ասում,

Ո՞ւմ հետ եմ խոսում…

Էն որ գիշերով շհու եմ փչում,

Էն ո՞ւմ եմ կանչում…

Էն որ մոլորված նստած եմ մնում,

Ո՞ւմ հետ եմ լինում…

Էն որ հառաչում ու ախ եմ քաշում,

Էն ո՞ւմ եմ հիշում…

Ախ, Անուշ, Անուշ, անաստված Անուշ…

Արբեցած անույժ

Հառաչեց հովիվն ու սրտին ընկավ

Հալեցավ, հանգավ…

 

(Տեսնելով, որ ամբոխ է հավաքված, աննկատելի վար կդնե Թումանյանը ու կվերցնե իր գիրքը).

 

Մեր շոգեքարշ օրերը

Օրորոց չեն,

Օրորող չեն,

Հաշիշ չեն,

Մեր շոգեքարշ օրերը

Լպրծուն, լորձունքի վիժանք

Ու ժանգ չեն…

Հիմի միայն կաղ շունն է,

Որ նախշուն յարի բայաթին է ոռնում…

 

ՄԵԿԸ ԱՄԲՈԽԵՆ. — Տղերք, փախեք, պրոլետ գրող է սա…

(Ամբողխը լեղապատառ կփախչի: Գրողները բավական տեղ ետևեն կարդալով կվազեն, ետքեն կատաղած դառնալով):

ԱԲՈՎ. — Տղերք, սա դիմանալու բան չէ, մահ կամ ունկնդիր:

ԶԱՐՅԱՆ. — Ով ալ ըլլա անցորդը, եկեք Ալազանին բանտերովն ու բինտերովը կապենք, ձգենք գետին ու սկսենք կարդալ վրան:

ՍԻՐԱՍ. — Բանտերը չեն դիմանա, եթե բոլորս մեկանց սկսենք կարդալ: Եկեք անցորդին նետենք ջրհորի մը մեջ ու վերեն կարդանք գլխուն:

ՍԱՐ-ՄԵՆ. — Ընկերներ, մարդ եմ գտեր, հասեք, ես բռնեմ, դուք կարդացեք, ետքեն դուք բռնեցեք, ես կարդամ: (Ներս կուգա գրկած անցորդը: Ընկերները կհանեն տետրակները):

Ե. ԱՆՑՈՐԴ. — (Որու թևերը ետևեն բռնված են): Խնայեցեք, ընկերներ, ես երեխաներու տեր եմ:

ՎՇՏՈՒՆԻ. — Ի՞նչ ենք ըրեր քեզի, մարդ, քիչ մը ոտանավոր պիտի  կարդանք:

Ե. ԱՆՑՈՐԴ. — Ոտանավոր կարդալը քի՞չ է…

ՎՇՏՈՒՆԻ. — Չէ, մի, ոտանավոր ալ չկարդանք… Տղերք, հանեցեք ձեր ստեղծագործությունները ու անխնա կարդացեք գլխուն թող սատկի: Մեզ  պետք չեն այսպիսի ունկնդիրեր:

(Բոլորը միասին կկարդան):

Ե. ԱՆՑՈՐԴ. — Օգնությո՜ւն, օգնությո՜ւն, օգնությո՜ւն (գլուխը կոլորե, ոչ չլսե):

ՎՇՏՈՒՆԻ. — Անզգամներ, սորվա՞ծ եք չլսել) Ահա այսպես կհաստատեն պրոլետգրականության հեգեմոնիան:

 

ՎԱՐԱԳՈՒՅՐ

 

 

 

Անդին 10, 2014

Share

Կարծիքներ

կարծիք