Դեկլարացիա երեքի

DEKLARACIA-flatt

Դեկլարացիա երեքի

            Ներկա հայ բանաստեղծությունը մի թոքախտավոր է, որ անխուսափելիորեն դատապարտված է մահվան:

            Նրա գոյության միակ արդարացումը  – մահամերձ լինելն է:

            Նրա տրադիցիաները նման են թոքախտավոր երեխաների, որոնք, բացի վարակումից, ոչինչ չեն առաջացնելու:

            «Հայրենիք», «Սեր անբիծ», «Անապատ ու մենություն»,                                                                                                                                                                                                     «Մթնշաղներ նրբակերտ», «Մոռացում ու երազներ»,–  ահա մեր գրական թոքախտի մանրէները, որոնց առաջացրած պտուղներն են՝ նացիոնալիզմ, ռոմանտիզմ, պեսիմիզմ և սիմվոլիզմ:

            Մենք հանդես ենք գալիս որպես ախտահանողներ:

            Մենք բերում ենք մեզ հետ մաքուր օդ և երկաթե առողջություն:

            Քաղքենի նացիոնալիզմին մենք հակադրում ենք պրոլետարական ինտերնացիոնալիզմը:

            «Անբիծ սիրուն» մենք դեմ ենք դնում սեռական առողջ բնազդը:

            Մեզ համար «Անապատները» դարձել են բազմաժխոր քաղաքներ:

Իսկ մեր երակների մեջ մենք զգում ենք բազմահազար ամբոխների հույզը:

«Նրբակերտ մթնշաղներին» այսօր հաջորդել է բոսոր արշալույսը և պայքարող դասակարգի մարտական շեփորը մեզ արթնացրել է «մոռացման երազներից»:

            Մեր մեջ ստեղծագործում է բազմությունների տեմպը, և մենք դեպի բազմությունն ենք իջեցնում մեր ստեղծագործությունը:

            Մենք պահանջում ենք. –

  1. Դուրս հանել բանաստեղծությունը սենյակներից դեպի փողոցներն ու մասսաները և գրքերից դեպի կենդանի խոսքը:
  2. Արտահայտել այն, ինչ որ այժմեական է – շարժում, դասակարգային պայքար, երկաթ ու կարմիր:

Այդ նպատակներին հասնելու համար բանաստեղծության մեջ պետք է կիրառել՝

1) Ռիթմը որպես շարժում.

2) Պատկերը (образ) որպես կենցաղի բնորոշում.

3) Ոճը և լեզուն որպես տվյալ նյութի և խառնվածքի արտահայտություն:

Մեր օրվա լոզունգն է.

Կորչեն գրական արիստոկրատ շկոլաները, առանձնասենյակային գրողները, գրադարաններում ննջող գրքերը և սալոնային կանայք:

Կեցցե՛ գեղարվեստական կենդանի խոսքը ստեղծագործող բազմություններում:

Կեցցե՛ ստեղծագործող բազմությունը իր հզոր ռիթմով:

Կեցցե՛ պրոլետարական հեղափոխությունը:

Եղիշե Չարենց

Ազատ Վշտունի

Գևորգ   Աբով

 

6 հունիսի, 1922 թ.

Երևան

 

 

«Երեքի» դեկլարացիան Երևանը դարձրեց գրական մայրաքաղաք

 

«Երեքի» դեկլարացիան գրվել է 1922 թ.հունիսի 6-ին, տպագրվել «Խորհրդային Հայաստան» թերթի հունիսի 14-ի համարում (թիվ 130): Այն օրերի համար գրության և տպագրության միջև ընկած ժամանակահատվածը հեռու է՝ ութ օր: Նշանակում է դեկլարացիան տպագրելու նպատակահարմարության վերաբերյալ եղել են տարակարծություններ: Ստորագրել են Եղիշե Չարենցը, Ազատ Վշտունին, Գևորգ Աբովը:

Հուշագիրների վկայությամբ դեկլարացիան գրել է Եղիշե Չարենցը:

Գրականության և արվեստի թանգարանի Չարենցի ֆոնդում (թիվ 149) պահվում է դեկլարացիայի մեքենագիր օրինակը:

Դեկլարացիան հայ գրական կյանքում պայթեց ռումբի պես: Այդ օրվանից Երևանը դարձավ նաև գրական մայրաքաղաք: 1915-ից հետո այլևս Կոստանդնուպոլիսը չէր, իսկ Թիֆլիսն արդեն Երևանին էր նայում: Նիկոլ Աղբալյանը 1919 թ. հոկտեմբերի 16-ի զեկուցմամբ՝ նվիրված «Մի նոր բանաստեղծի՝ Եղիշե Չարենց»-ին, Երևանը հռչակեց մշակութային քաղաք, իսկ Չարենցը Երևանը դարձրեց գրական մայրաքաղաք: «Երեքի»  դեկլարացիան գրական մայրաքաղաք Երևանի անձնագիր է:

«Երեքի» դեկլարացիան գրական տարբեր հոսանքներից եկող գեղագիտական առաջադրույթների համադրություն է` իր մեջ ունի ապագայապաշտության` ֆուտուրիզմի, պատկերապաշտության` իմանժինիզմի, պրոլետարական մշակույթի` պրոլետկուլտի տարրեր: Առաջադրում էր հետևյալ խնդիրները:

  1. Դասական պոեզիայի ժխտում՝ իրենց անմիջական նախորդների օրինակով:
  2. Իրենցով գրական նոր շարժում սկզբնավորելու վստահություն և համոզվածություն:
  3. Դասակարգային սահմանագիծ և պրոլետարական կողմնորոշում գրականության համար այնպիսի առանցքային հարցերում, որպիսին են ձևը և բովանդակությունը:
  4. Ըստ այդմ` սիրո քնարերգության փոխարեն սեռական առողջ բնազդ, հակառակ ազգայինի ու հայրենասիրության` պրոլետարական ինտերնացիոնալիզմ:
  5. Գրականության մեջ քաղաքային ավանդույթների ամրապնդում` ամբոխի հարաշարժ երթ, գործարաններ ու կառուցում, քաղաքային միջավայր ու կոլորիտ:
  6. Խոսակցական կենդանի խոսքի ու հնչերանգի, կյանքի իրական ազդակների միջոցով գրական ստեղծագործության թեմատիկ, ոճական, լեզվական, կշռույթային, տաղաչափական, պատկերային համակարգի թարմացում:

Չարենցը հանդես եկավ դեկլարացիան պարզաբանող հոդվածներով՝«ՙԻ՞նչ պետք է լինի արդի հայ բանաստեղծությունը», «Ապադասակարգային ինտելիգենտը և դեկլարացիան», «Pro domo sua»:

«Երեքը» Երևանում և հանրապետության այլ քաղաքներում կազմակերպեցին իրենց գաղափարները տարածող «Շեփորահանդեսներ»  և տպագրեցին իրենց գրական «Բյուլետենները»:

Սա միանգամայն նոր շարժում էր: Գաղափարական հիմքն այս էր. քանի որ հեղափոխությունը հեղաշրջել է աշխարհը՝ նույնը պետք է կատարվի նաև արվեստի բնագավառում: Կորչի՛ Շեքսպիրը, կորչի՛ Պուշկինը…

«Երեքը» թեև ո՛չ են ասում իրենց անմիջական նախորդներին, բայց դա ավելի շատ ժամանակի հովերի բերածն էր, որովհետև նույն այդ տարիներին Չարենցին հարազատ էր և՛ «լուսահոգի» Տերյանը, և՛  «Մեր խոսքի ամենամեծ վարպետ», «Ամենասիրելի պոետ», «Նաիրյան խոսքի ավագ նահապետ», «Վաստակած և իմաստուն» արդեն հիվանդ Թումանյանը:

«Երեքի» դեկլարացիան շարժեց գրական մեռյալ անդորրը և բանավիճային հոդվածներով սկզբնավորեց հաջորդաբար զարգացող գրական շարժում: Հանդես եկան Պողոս Մակինցյանը, Հարություն Սուրխաթյանը, Արտաշես Կարինյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ: Առավել տպավորիչ էր Մակինցյանի «Հայկական Բուալոն և նրա արբանյակներ թվով երեք ու կես» գրական ֆելիետոնը: Գրողներն ու քննադատները շատ արագ ճշտեցին իրենց տեղն ու դերը՝ քչերն էին միայն «Երեքի» հետ, շատերը «Երեքի» դեմ էին:

Դեկլարացիայի պահանջները կյանքի կոչելու նպատակով տպագրվեցին Չարենցի «Ռոմանս անսեր» պոեմը, «Ասպետական» ռապսոդիան, «Պոեզոզուռնա» ժողովածուն (երեքն էլ 1922-ին), Վշտունու  «Հուզանք ու զանգ» ((1923), Աբովի «Դանակը բկին» (1923) գրքերը, այլոց բազմաթիվ այլ գործեր:

Երեքի խումբը գոյատևեց մի քանի ամիս, և նախկին համախոհները կարճ ժամանակ անց դարձան ոխերիմ հակառակորդներ:

1923-ին Չարենցը փորձեց նորոգել «Երեքի» գաղափարները և ստեղծել «Ավանգարդ» վերնագրով Ֆուտուրոկոնստրուկտիվիստական մի ամսագիր, բայց համախոհներ չգտավ:

1924-ին Միքայել Մազմանյանի և Կարո Հալաբյանի համագործակցությամբ Մոսկվայում տպագրեց «Standard» ամսագրի միակ համարը, բայց Հանրապետության նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի հորդորով տպաքանակը ոչնչացրեց:

Դրանից հետո նույն Ալեքսանդր Մյասնիկյանը Չարենցին գործուղեց Եվրոպա` աշխարհ տեսնելու, շփվելու համաշխարհային արվեստի նվաճումների հետ, որտեղից վերջինս վերադարձավ վերափոխված, վերջ տվեց անհեռանկար որոնումներին և նորոգ դասական արժեքներով լիցքավորված, շրջադարձ կատարեց դեպի մոնումենտալ իրապաշտական արվեստը:

Այդ նպատակով ստեղծեց նոր խմբակցություն՝ «Նոյեմբեր», որի միջուկը չորս գրողներ էին՝ Չարենց, Մահարի, Բակունց, Արմեն:

1922-1924 թվականները՝ «Երեքի» դեկլարացիայից մինչև  «Standard»-ի ծրագիրը ներառյալ, Չարենցի ձախ որոնումների տարիներն են…

Դավիթ Գասպարյան

 

Հ. Գ. Ավելի մանրամասն այս ամենը նկարագրված  և վերլուծված է  հեղինակի «Եղիշե Չարենցը և 1920-ական թվականների սովետահայ պոեզիան» (1983) մենագրության մեջ:

 

Լուսանկարում Պավել Կուզնեցովի «Երեք հայ պոետ» 1930-31թթ (կտ., յուղ., 70×97) ստեղծագործությունը և «Դեկլարացիայի» բնօրինակն են: Վերջինս Անդինին է տրամադրել Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան-ինստիտուտը:

 

Անդին 7-8, 2015

Share

Կարծիքներ

կարծիք