Բանաստեղծություններ

1911843_772641962794698_1795757595227520284_n
***
Սա ես եմ, և դու, և նրանք…
Դեպի արևմուտք աչք ծակող կարմիր ճանապարհը բաց էր,
Մայրամուտի հետ աստիճանաբար պակասում էինք,
Իսկ ժամանակը դատարկ փողոցում մեռած-ընկած էր,
Ու ոչինչ չեղավ, չէ, ոչինչ չեղավ, բայց սպասում էինք…

Սա ես եմ, և դու, և նրանք…
Կանգնած ենք անվերջ ինքն իրեն ճոճող եզրին անհունի,
Մի քիչ հիանում ու ցած ենք նետվում խորքերը նրա,
Երջանկությունը կարող է ծնվել, բայց թքած ունի
Մեզ համար գնված մի քանի իզուր պահերի վրա…

Սա ես եմ, և դու, և նրանք…
Մենք իրար վրայով բարձրացել ենք,
ու միմյանց այնքան ենք համոզել, որ կանք,
որ արդեն իրարից ձանձրացել ենք…

Սա ես եմ, և դու, և նրանք…
Չնայած մեզ միշտ թվացել է,
որ պատկառելի ու ստոր մի տականք
մեր սրտում իրեն անվանել է կամք
իսկ հետո լուռումունջ հեռացել է…

Սա ես եմ, և դու, և նրանք
և մի խեղճ ու հիվանդ լուսին…
Մենք կորցնում ենք մեկս մյուսին
ու այն անվանել ենք կյանք …

Սա ես եմ, և դու, և նրանք,
մեզանում ապրվածը շատ է,
իսկ չապրվածը պատնեշ է դրել, որ մոտիկ չգանք,
իսկ երջանկությունը… էս հիմար տողից ավելի կիսատ է…

 

***
Աղմուկը աչքերս խայթում է,
Լռությունը դառնում է բեռ,
Իմ «վաղը» դիմացի մայթում է
ու քայլում է ինձ հետ զուգահեռ:

Ասֆալտը պայքարից եռում է,
Ամպերը ճչում են՝ վազիր.
Օրը չի մթնում, այլ մեռնում է,
Երեկոն շնչում է հազիվ:

Էությանս բնույթն է տիրում,
Եվ ոչինչ չկա ընտրելու,
Ես արդեն եղածն եմ սիրում,
Այն, ինչ կա առանց փնտրելու:

Իսկ այստեղից դուրս ոչինչ չես լսում.
թե մի բան էլ գիտես՝ պնդիր,
Աշխարհը պարապ զրույց է դրսում,
Կյանքը՝ զարմացած խնդիր:

Առօրյան անորոշ հարցում է,
Մտքումս աչքերս եմ փակել,
Այն, ինչ «կա», ես արդեն «կարծում եմ»
Ու կարող եմ միայն գուշակել:

Քաղաքը սրտիս մեջ պայթում է,
Ներսումս թափվում են քարեր,
Իմ «վաղը» դիմացի մայթում է
ու քայլում է ինձ հետ զուգահեռ…

 

***
Այս ամիսը օրեր չունի,
Օրերը չունեն րոպեներ,
Աշունը չունի ժամանակ…
Կամ աշունը ժամանակ չունի.

Տարբերություն էլ չկա,
Բայց սա ճիշտ է՝
Որ աշունը չգրված հեղեղ է,
Որ նա միշտ շտապում ու չի վերջանում միշտ էլ.
Կամ այն, որ չկաս դու, իսկ եթե եղել ես,
Ապա այս ամենը, որ կա…
ուրիշ է…

Այս ամիսը օրեր չունի,
Օրերը չունեն րոպեներ,
Աշունը չունի ժամանակ…
Կամ աշունը ժամանակ չունի…

***
Եվ ես ընկերն էի քո բանաստեղծ… Չ.

Բանաստեղծ

 

Ներսում ուրիշ մի ներս, սրտումդ մի քիչ մահ,
Ու որպես սուտ կարիք կենդանություն մի չոր.
Դու կքայլես երկար այս արևի միջով
Ու ցրտահար կանչից կշրջվես մի պահ.
Սրտում ուրիշ մի մահ, ներսում ուրիշ մի ներս
և չապրված հույսեր դեռ չեղածի մասին,
Դու և մնալ կուզես, և հեռանալ անտես,
և բաժանվել նորից հազար ու մի մասի.
Դու դեռ շնչել կուզես այս արեգակը խորթ,
Քո փոխարեն միայն սիրտդ կուզի հեղեղ,
Սրանց համար մի բան, նրանց համար անցորդ
Կհասկանաս հանկարծ, որ երբեք չես եղել.
Եվ պատերից զզված դու կսիրես հոգիդ.
Երբ քո ամբողջ ուժով դու կհենվես վրան՝
Պայքարների աստծուն կնկատես կողքիդ
ու ավելորդ մի բան կշպրտես վրան.
Հարդագողի վերջից մինչև աչքերը իմ,
Եվ մեր միջև բացված պատրանքների կամար,
Ես սա հղում եմ քեզ իմ էություն ճղճիմ,
Իմ վերջին լույս, աստված, և իմ միակ խավար,
Քե՛զ, բացակա անցորդ, հավերժ խոնավ մի հետք,
Քե՛զ, գլխիկոր զբոսնող այս արևի միջով,
Դո՛ւ, տիեզերք անմաս, դո՛ւ, անաշխարհ անեծք,
Դու ամենուր մեռած կենդանություն մի չոր…

 

***
Ես կուզեի դառնալ ունայնություն մի մութ,
Չգոյացած, չասված, չարտասանված մի բառ,
Երբեք չզգալ հույսի ելևեջները սուտ
Ու մեղավոր լինել սոսկ երազիս համար:

Ես կուզեի զղջալ գտնվածի նման
Ու խենթության մահճում անհետանալ էլի,
Երանության գրկում տարանջատվել հիմա
Շպրտելով կյանքին մի հեգնական «ներիր»…

Ես կուզեի լինել հաճույքների պես սին,
Կարոտների պես մեղմ ու լռության պես քար,
Միայն հավերժ գրել հավերժության մասին
Չգոյացած, չասված, չարտասանված մի բառ…
***
Ակնթարթն անցավ, թարթիչներիդ տակ
մի քանի անգամ մահացած քամի,
ու արևամուտ… ու արևածագ,
ու վերանալու ցանկություն կար մի…

ակնթարթն անցավ, ոչինչ, ոչ մի բան…
ոչինչ, ոչ մի բան այսքանից բացի…
դեռ մի փոքր իմ…
ու մոտ…
ու նման…
ու մտացածին…

Ակնթարթն անցավ, երեկոյի պես ,
որ հիշում է դեռ մեղեդին քո տաք,
ու մի նուրբ քամի, որ դեռ զգում է Քեզ
իմ… արևամուտ…
իմ… արևածագ…

 

***
Ինչ-որ բան ավարտվել է փորձում,
Քաղաքում հորանջում է ներկան,
Մթությունը քնած էր փողոցում,
Շների մտահոգ ոռնոցում
Ասելիքներ չկան…

Դեկտեմբերն անօգնական անցորդ է,
Երբ կորցնում է հմայքը ձյան,
Իրավիճակը ավելի քան խորթ է.
Թերևս այս խիստ մթնոլորտը
Վերնագիրն է իմ ցուրտ էության…

Ձմեռվա քամին խանդոտ երևույթ է,
Ցրտահարությունն անվերջ չէ, այնինչ
Պետք եղած ճամփան միշտ սառած ու մութ է.
Խելագարությունը հասարակ ձանձրույթ է
Եվ ուրիշ ոչինչ…

Ժամանակ չկա. ես չեմ մարտնչում,
Ժամանակ չկա. ես շրջվում եմ ետ,
Ժամանակը վառվում է հոգուս անվերջում,
Աչքերիցս մոխիրն է թռչում,
Խառնվում ձյան հետ…
Քաղաքի ամբողջ աղմուկը դառնում է
Շների երկար լացուկոծ,
Տրամադրությունս ձյան հետ սավառնում է.
Ձյունը չի գալիս, այլ վերադառնում է
Այստեղ, այս քաղաք, այս փողոց…

 

***
Տեր, գուցե քեզ հետ խոսել եմ ուզում,
գուցե ուղղակի ինձ լսել մի քիչ,
ես գիտեմ, որ այս անսկիզբ քաոսում
փրկություն չկա, բայց ավարտ կա միշտ.

Գլխիկոր խախտել նշածդ ուղին՝
Մի քանի քայլից մոռացել եմ այն,
երբ հիշել եմ
հիշել ես…
մեղք էր,
պարզվում է՝ կյանքում հերիք է միայն
լինել աշխարհից… ինչ-որ մեկը
և քայլել ուղիղ…

Դեպի ո՞ւր, այդտեղ՝ պատ-երկնակամար,
իսկ այստեղ՝ միայն թվացյալ վերելք.
թեպետ չես ներում ինձ նրա համար,
որ քո փոխարեն ես եմ ինձ ներել…

Դեպի ո՞ւր, դեպի մի ինչ-որ վճիռ,
որի կարճ պահին… Մեղքերով շահած
նախկին օրերի մի հսկա կնճիռ
պիտի քեզ մեկնեմ ձեռքումս պահած…

Մենք էություն ենք ասում դրան՝
բնության ծածուկ, թևավոր ստվերներ,
որ պարտաճանաչ մինչև «վերջ» թռան՝
թափահարելով մաքրությունը մեր…

Եվ ահա մեզնից ոչինչ չմնաց,
բայց մնաց հենց այդ անորոշ «ոչինչը»,
և այդ ոչնչի երախի մեջ բաց
ծածուկ տեղ գտան երազանքն ու խիղճը…

Ու երազելով ավարտն այն միայն՝
խիղճս ինձ այսօր այստեղ է բերել,
և գուցե մի օր կներես ինձ այն,
որ քո փոխարեն ես եմ ինձ ներել…

 

Անդին 1, 2016

Share

Կարծիքներ

կարծիք