Մոնումենտ | «Երևան» շարքից

210416Քաղաքի մի հատվածի «Մոնումենտ» անունն իսկ հակասում է քաղաքի ոգուն, քանի որ խիստ պայմանականորեն է մատնանշում կամ արտացոլում Երևանի այդ հատվածը: Եվ դա հասկանալի է դառնում, ասենք, այն ժամանակ, երբ կասկադով առաջին դարավանդ հասած քաղաքացին գիտակցում է, թե ինչ է իրենից ներկայացնում այդ ստվերոտ ու բավական մեծ զբոսայգին, որը հիմնվել է գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակից անմիջապես հետո: Հայ ժողովուրդը հաղթանակի զոհասեղանին է դրել մարդկային վիթխարի զոհեր՝ ավելի քան 350 հազար քաջարի և առնական ռազմիկներ:

Բայց թե ի՞նչն են մարդիկ «Մոնումենտ» կոչում՝ բավական բարդ հարց է, թեև երևանցիների համար՝ շատ պարզ ու հասկանալի: Դա քաղաքի տարբեր մասերը՝ խորհրդայնացման առաջին տարիներին կառուցված «հին քաղաքը» և համեմատաբար նոր՝ հետպատերազմյան ժամանակի ոգևորությամբ բարձրադիր դարավանդի վրա կառուցված հատվածներն իրար միացնող կարևոր խաչուղիներից է: Իսկ բուն Մոնումենտը ստեղծվել է իբրև «բոլոր ժողովուրդների հայր» ընկեր Ստալինի հուշարձան: Այո, Մոնումենտը աշխարհ է եկել հետպատերազմյան գարուններից մեկի խոնավ մի օր, երբ անձրևները ծեծկում էին նորածիլ խոտն ու երկինքը: Միևնույն ժամանակ «Մոնումենտը» իրենից ներկայացնում էր նաև մի տեսակ աշխարհաքաղաքական ուղենշան. չէ՞ որ Ստալինին հանկարծ թվացել էր, թե ինքը կարող է մի մեծ հողակտոր պոկել ֆաշիստական Գերմանիայի նախկին դաշնակից Թուրքիայից: Եվ դա պիտի լինեին Արևմտյան Հայաստանի հողերը… Եվ քանի որ այդպես է, ապա՝ հայեր, մտածեք ու նախապատրաստվեք: Ստալինն ինքը հայ ժողովրդին քիչ դժբախտություններ չի պատճառել, այդ իսկ պատճառով էլ դեռ իրական քայլեր չձեռնարկած՝ սկսեց վրացիներին քսի տալ հայերի վրա, վրացիներին տալով պատմական կեղծիքի հսկայական հնարավորություններ: Ի՞նչ ճակատագիր կունենային Թուրքիայից վերցված հայկական հողերը՝ հայտնի չէ, սակայն ես կարծում եմ՝ բարեբախտություն է, որ խորհրդային զորքերը չմտան Թուրքիա: Դա դեռ առջևում է, կլինի և, փառք Աստծո, առանց ցինիկ Ստալինի, որի հայատյացությունը հանրահայտ է: Թեև… ո՞ր ժողովուրդներին կամ ո՞ւմ էր նա սիրում՝ վրացիներից ու ստորաքարշներից բացի: Բայց եթե հարցնենք վրացիներին, նրանք էլ թախծոտ աչքերով (ապշելու դերասաններ են) կսկեն պատմել իրենց կորուստների մասին, թեև Ստալինի շնորհիվ մինչև օրս էլ ապրում են իրենց փոքրիկ կայսրությունում, որը նրանց է մատուցել մարդկության պատմության ամենադաժան ու ողորմելի բռնակալներից մեկը: Թեև գրեթե բոլոր բռնակալներն են ողորմելի: Ես ինչ-որ չեմ հիշում առինքնող, ազնվադեմ բռնակալ…

Հաղթական զինվորներ և գերի գերմանացիներ, որոնց մեջ էր նաև 20-րդ դարի մեծ բնագետ-փիլիսոփա Կոնրադ Լորենցը… Նրանք բոլորը ճանապարհ էին սարքում լեռների միջով՝ բարձրադիր լանջի կողերը վարպետորեն ու կոկիկ պատռելով իրենց սակրավորական սուրսայր բահերով: Ստալինի մոնումենտի պատվանդանը նախագծել և կառուցել է քաղաքում մնացած ճարտարապետներից լավագույնը՝ Ռաֆայել Իսրայելյանը կամ ինչպես սիրով կոչում էին նրան՝ Ռաֆոն: Մյուս ճարտարապետները կամ զոհ էին գնացել 30-ական թվականների բռնություններին, կամ իբրև ֆորմալիստներ ու կոնստրուկցիոնիստներ աքսորվել (ինչպես Գևորգ Քոչարը և Մարտին Մազմանյանը), կամ սովից մահացել էին հենց պատերազմի տարիներին: Այսպես, ոչ Երևանի առաջին գլխավոր նախագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանը, ոչ առաջին գլխավոր ճարտարապետ Նիկոլայ Բունիաթյանը չտեսան ոչ Մոնումենտը, ոչ էլ դարավանդից վերև կառուցված նոր թաղամասը:

Գերմանացի գերիները Հայաստանում իրենց բավական ազատ էին զգում: Նույնիսկ Լորենցի՝ «ֆաշիստ-փիլիսոփայի ու բնագետի» համար ճամբար տարան գերմաներեն գրամեքենա, որպեսզի նա ոչ թե մեխով գրեր ցեմենտի պարկերի բազմաշերտ ու կոշտ թղթերի վրա, այլ իր նուրբ մատներով թկթկացներ «Ռեմիգտոնի» ստեղները: Պատահում էր, որ իրենք՝ թերսնվող քաղաքացիները, գերմանացի գերիների համար մի կտոր պանիր կամ մի բաժակ կաթ էին տանում… և գերմանացի գերիների բազմամարդ գաղութը կենդանանում էր, ու նրանց մեղավոր ժպիտները հասկանալի էին դառնում երևանցիներին… Իմիջիայլոց, Լորենցը հենց այստեղ է ավարտել էթոլոգիային վերաբերող իր կոթողային աշխատությունը, որի համար 1973 թվականին արժանացավ Նոբելյան մրցանակի: Գերմանացիներից որևէ մեկը կեսօրյա շոգին հանկարծ ջութակով Շուման կամ Շուբերտ էր նվագում, և խորունկ երաժշտությունը ռազմագերիների հոգիները տանում էր ինչ-որ տեղ՝ լեռներից այն կողմ, ուր իրենց վերակենդանացող հայրենիքն էր, իհարկե՝ առանց Հիտլերի ու առանց պատերազմի…

ճանապարհը կառուցվեց՝ իրար կապելով խորխորատներն ու սարահարթի ամենաբարձր կետը միացնելով հին քաղաքի ամենաբարձր կետին, որտեղ վերջանում էր Թամանյանի նախագծած քաղաքը, որն այդ պատճառով էլ կոչվում է «Պլանի գլուխ», ինչը պիտի հասկանալ իբրև վայր, որտեղից սկիզբ է առնում քաղաքի գլխավոր նախագիծը. դա նախագծի «գլուխն» է, սկիզբը: Եվ այսպես, ճանապարհը կառուցվեց, և փոքր հզորությամբ բեռնատարներն ու բաց ավտոբուսները գռգռալով, ոլորաններ գծելով բարձրանում էին և ուղևորվում դեպի Սևան: Այդ ժամանակ էլ այդ սարահարթում կառուցվեց լայնահուն մի պողոտա, որը սկիզբ էր առնում Մոնոմենտից (Հաղթանակի զբոսայգուց), որտեղ տեղադրվեց Ստալինի ամենամեծ արձանը, կոթող՝ նվիրված այն հրեշին, որը հենց այդ տարիներին 300 հազար հայ աքսորեց Ալթայի երկրամաս. իր մոգոնած «հստակ ծրագրով» նա ուզում էր բոլոր հայերին քշել հեռու ինչ-որ տեղ՝ Սիբիր, և ի՜նչ բարեբախտություն կլիներ դա վրացիների ու ազերիների համար, որոնք այդուհետ կկարողանային իրենցը հայտարարել հայ մշակույթի ողջ ժառանգությունը: Սակայն դրան խոչընդոտում էին որոշ հանգամանքներ՝ ուժեղ Սփյուռքը և Ամենայն հայոց անհնազանդ կաթողիկոսը, որը հայտարարում էր, որ, այո, իր կոչով բոլոր հայերը կուղևորվեն Սիբիր, սակայն դրա համար հարկ կլինի նաև Սիբիր տեղափոխել Արարատ լեռը, Էջմիածնի Մայր տաճարն ու Սևանա լիճը: ընկեր ստալինը (այստեղ ձեռքս չի բռնում այդ անունը մեծատառով գրել) մտածեց, մտածեց ու որոշեց, որ… բավական է. ինչքան (ներառյալ նաև սփյուռքահայերին, որոնց խաբեությամբ բերել էր ԽՍՀՄ) հայ է «սածիլել» ԳՈւԼԱԳ-ի տարբեր ճամբարներում, բավական է:

Երևանն ամեն առավոտ արթնանում էր արյունարբու բռնակալի զգոն հայացքի ներքո և շարունակում իր անշեղ ուղին «դեպի համայն մարդկության պայծառ ապագան»: Կարծեմ 1953 թվականն էր, ես՝ փոքրիկ տղա, ծնողներիս հետ գավառից եկա Երևան, և մենք գնացինք «Հաղթանակի զբոսայգի», որպեսզի հայրս, որը կամավոր էր գնացել ռազմաճակատ, ծաղիկներ դներ զոհված ընկերների հիշատակին: Իսկ հետո բոլորս վերից նայում էինք մեր մայրաքաղաքին: Ես դեռ դպրոցական չէի, ծնողներս երիտասարդ էին, կենսախինդ, իսկ Մոնումենտն արդեն որբացել էր՝ Ստալինն արդեն վեց ամիս է մահացել էր: Երևանի տարբեր անկյուններում շշուկներ էին պտտվում, որ Մոնումենտը հավերժական չէ, այն հարկավոր է հանել, նրա ծանր շունչը խանգարում է ապրել: Որոշվեց Ստալինին հանել և տեղը կանգնեցնել «Մայր Հայաստան» կոթողը: Խոստովանեմ, դա լավագույն որոշումը չէր, սակայն այն տարիների համար գրեթե հեղափոխական մի բան էր: Գիշերով, խորհրդային բանակի զինվորների մասնակցությամբ հանեցին Ստալինի արձանը (զոհվեց մի զինվոր), իսկ պատվանդանը մնաց: Վաթսունականների կեսերին այնտեղ տեղադրեցին այն արձանը, որը կարող ենք տեսնել նաև այսօր՝ Մայր Հայաստանը: Նոր կոթողից հետո Հայաստանում աղբյուր-հուշարձանների փոխարեն, որոնք ոչ միայն պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձան էին, այլև մի տեսակ հիրավի հայկական կոթող, որտեղ ջուրը թանկարժեք բնական հարստություն է, ի հայտ եկան հուշարձաններ, որոնք հիշեցնում էին «Պիետային», և զինվորի մոր կերպարով հանդես էր գալիս Մայր Հայաստանը:

Հիմա անկախ Հայաստանի երիտասարդությանը կարող է ժամանակավրեպ մի բան թվալ Մեծ հայրենականի թանգարանը, որը Մոնոմունտի մոտ է: Սակայն այդ ժամանակավրեպությունը, ինչպես ինձ թվում է, զարդարում է մեր հիշողությունը, այն դարձնում ավելի ընդգրկուն, նշանակում է՝ ոչ մի ժամանակավրեպություն չկա: Իսկ երիտասարդությունը վաղ թե ուշ կհասկանա, որ առանց փայլուն անցյալի (Երկրորդ համաշխարհայինում հայերը սխրանքի հրաշքներ են գործել) չէր կարող լինել ոչ հաղթանակը ադրբեջանցի օկուպանտների նկատմամբ, ոչ էլ նոր հաղթանակների ոգին՝ Շուշիի ազատագրումը, որը վերին նախախնամությամբ համընկավ մայիսի 9-ի հետ:

Ահա այդպես, կողք կողքի, ավելի ստույգ՝ մի հաղթանակի մեջ անթեղված էր նաև երկրորդը. այդպես որդին է հաջորդում հորը, այդպես թոռն է ձգտում դառնալ Ռազմիկ: Այդպես Մոնումենտը դարձավ մեր առնականության խորհրդանիշը: Եվ պատմությունն սկսեց ընթանալ «ճիշտ ուղղությամբ», ինչպես սիրում են ասել հոռետեսորեն տրամադրված իմ պատմաբան բարեկամները: Եվ ահա առջևում է մայիսյան հաղթանակի օրը՝ ինչպես ֆաշիստական Գերմանիայի, այնպես էլ ադրբեջանական օկուպանտների նկատմամբ: Մայր Հայաստանը մեզ հուշում է, որ այստեղից նա լավ է տեսնում նաև իր ճանապարհը դեպի այն լեռները, որը ժողովրդի հիշողության մեջ դաջված է իբրև «Հայկական պար»: Այո, այդպիսին է մեր պարը, այն քանդակակերտ է, ինչպես լեռնազանգված, և մեղմաշունչ, ինչպես լեռնային աղբյուր:

Իսկ Արարա՞տը — այն վիշապ է, Երկրի պորտը, Երկրի թագն ու պսակը, մեր Խիղճն ու Ամենատես Աչքը ժամանակների մեջ… Այն Հայոց Մեծն Լեռն է, քանց անձեռակերտ Խաչքար, Հավերժական Լուռ Երկխոսություն Երևանի հետ, յուրաքանչյուր Հայաստանցու հետ, յուրաքանչյուր Հայի հետ — այն մեր սրբազան Ցավն է ու Առնականությունը, Վեհությունը, Վեհանձնությունն ու Վահանը և… հավերժական զրույցը Մայր Հայաստանի հետ…

 

մայիս, 2010

 

Անդին 7-8, 2015

Share

Կարծիքներ

կարծիք