Երկու պատմվածք

logoyovԵրբ ինչոր բան վերջանում է

 

Մարդուն վաղուց էի ճանաչում: Հաճախակի հարաբերվելու, զրույցների արդյունքում ակամա գիտեի իր ծագման, ապրած կյանքի որոշ մանրամասնություններ: Ընտանիք ուներ, բնակարան: Թեև գիտնական էր, բայց ավելի շատ գործնական կյանքով էր ապրում ու դրա շնորհիվ խորհրդային չափանիշներով բարեկեցիկ էր, անհոգ: Երեխաներին կրթության էր տվել, լուծել նաև աշխատանքի, ամուսնության հարցերը, տնավորել:

Երբ մեր կյանքը փոխվեց, հակառակ շատ շատերի՝ իրեն չկորցրեց: Համենայնդեպս նկատելի էր, որ իր ու կնոջ համար օրվա ապրուստի խնդիր չունի: Դա երևի շնորհիվ իր գործնականության: Ինչի ասես ձեռքը գցում էր, միշտ պատրաստ էր սրա-նրա խնդիրները լուծելու միջնորդ լինել: Իհարկե ոչ անշահախնդրորեն… Մի խոսքով՝ լավ էր ապրել անցյալում և վատ չէր ապրում նոր ժամանակներում:

Թե իր մասին շրջապատում ինչ կարծիք էր ձևավորվել՝ իրեն չէր հետաքրքրում: Մարդկանց հետ հեշտ մտերմացող ու հարաբերվող էր, նույնիսկ ծանոթություններ փնտրող: Բայց նույնպիսի հեշտությամբ էլ կարող էր երբեմն կոպիտ ու անզուսպ լինել: Որքան ես կարողացել էի ճանաչել իր տեսակը, կարծում էի՝ դա ավելորդ կասկածամտությունից էր: Ասենք, հետը քննարկել ես ինչ-որ հարց կամ խոսել կենցաղային մի խնդրի շուրջ, որը հենց հաջորդ պահին էլ մոռանալու բան էր: Բայց ոչ իր համար: Սովորաբար լսում էր ու կարծիք չէր ասում: Հաջորդ հանդիպմանը, եթե դա նույնիսկ շաբաթներ անց էր, նա անպայման կվերհիշեր այդ խոսակցությունը՝ ճշտելու համար, թե ինչու այս ու այսպես ասացիր: Այնպիսի տպավորություն էր թողնում, որ կարծես ողջ այդ ընթացքում իր ուղեղն զբաղված է եղել առօրեական, հեշտությամբ մոռանալի այդ խոսակցությունը վերլուծելով, մեջը չեղած բաներ փնտրելով: Երևի նման դեպքերի համար է ժողովուրդն ասել. «Եզը հանում, տակը հորթ են փնտրում»: Իր այդ կասկածամտությունից էր, որ հեշտությամբ կարծիք ու վերաբերմունք էր փոխում ցանկացածի նկատմաբ: Դրա համար էլ առանձնապես դժվար չէր նրա կարծիքն ու վարքագիծը կառավարելը:

Մի բան էլ, որն անընդունելի էր ինձ համար: Ինքն ուրիշին հաց տվող մարդ չէր: Բայց, անկախ առիթից, ուրիշի բացած սեղանին պատրաստակամ թամադա էր, ասող-խոսող, կատակասեր, անսպառ կենացների աշուղ ու բանաստեղծ: Մեկ-երկու համատեղ առիթների փորձից այն տպավորությունն եմ ստացել, որ թե կյանքում իսկապես ունի երջանկության պահեր, ապա դրանք իր համար հենց  ուրիշի հացը վայելելն էր:

Ահա այս մարդուն էր, որ մի օր նորից հանդիպեցի աշխատանքից վերադառնալիս: Անմիջապես զգացի, որ ինչ-որ բան այն չէ: Ավելի էր կռացել գոտկատեղից: Տեսքն այնպիսին էր, որ ասես ճմռթել են: Գլխի ընկավ անհանգստություն-զարմանքս ու միանգամից ասաց.

-Թոշակի ուղարկեցին…

-Վա՛յ, տնաշեն, ի՞նչ ես սև ու սուգը կապել: Ձեռով-ոտով մարդ ես, մի էդքան էլ որպես թոշակառու կապրես: Թոշակդ ստացի ու քո բան ու գործին էղի,- փորձեցի հանգստացնել նրան:

Տեսա, որ բան չփոխվեց:

-Հարցը քո ասածը չի,- ասաց ձայնի ցածր ու խորհրդավոր տոնով, ինձնից ավագի իրավունքով թևս բռնեց ու տարավ դեպի մոտակա ծառի տակ պարապ մնացած նստարանը:

Նստեցինք:

-Հարցը քո ասածը չի,- նորից կրկնեց ու նայեց աչքերիս մեջ:

-Բա էլ ի՞նչ…

-Ուրիշներին չեմ ասում, բայց քեզ կասեմ,- ասաց պարտավորեցնող խորհրդավորությամբ:- Հենց թոշակի ուղարկեցին, հաջորդ օրը հասկացա, որ էշ եմ, աշխարհի ամենաէշը:

Տեսավ, որ զարմացա:

-Մի զարմացի: Մենակ իմ նման էշը ուրիշի աղջկան կբերեր, քառասուն տարի կպահեր, նրա բերած երեխեքի մեծ ու փոքր հոգսերը կքաշեր ու թոշակառու դառնալուց էլ չէր հասկանա, թե ինչի՞ համար ապրեց: Ինչի՞ս էր պետք, կապրեի էլի իմ համար…

Բազմանշանակ լռեց…

Արտառոց բան ասած չեմ լինի, եթե ասեմ, որ լսածիցս շշմեցի: Որովհետև ինչ-ինչ, բայց որ նա իսկապես նվիրված է եղել իր կնոջը, երեխաներին, տուն ու տեղին, դա կասկածից դուրս էր:

-Հա, լավ, չեղած բանից ողբերգություն մի սարքի,- ձայնիս մեջ նաև ծաղրական երանգ դնելով փորձեցի սթափեցնել նրան:- Ինչ արել, քո ընտանիքի համար ես արել, տնաշեն, հո ուրիշներին չես տվել:

Բան չստացվեց:

-Չե, դու ջահել ես, հիմա չես հասկանա …

-Ախր բան էլ չկա հասկանալու,- նեղսրտեցի ես:

-Կա,- ասաց վճռական:- Հենց որ թոշակի ուղարկեցին ու հաջորդ օրը գործի չգնացի, մնացի տանը, չկարողացա հասկանալ, թե ինչի համար եմ ապրել: Հիմա էլ չեմ հասկանում. եթե կյանքը էս էր…

Լռեցինք: Ես հասկանում էի, որ նա իմ խոսքի կարիքը չունի: Իրեն էր պետք խոսել՝ խոսեց: Ինձ թվաց, որ դա մարդու այն վիճակն է, որը կարիք ունի միայն մենակության ու լռության:

Վեր կացա:

-Հա, դու գնա հանգստացի, գործից ես գալիս,- ասաց առանց գլխահակ նստած դիրքը փոխելու:

Նոր մեկ-երկու քայլ էի արել, հետևիցս ձայն տվեց.

-Մեր մեջ կմնա, չէ՞…

Զարմացած հեռացա՝ որևէ բան չասելով:

 

 

Փիլիսոփայության զոհը

 

Դարձյալ հացադուլ ու նստացույց էր Ազատության հրապարակում: Քանի օր էր՝ չէի եղել, անցուդարձից տեղեկություն չունեի: Որոշեցի աշխատանքային օրն ավարտվելուց հետո գնալ:

Գնացի: Վերջին տարիներին կրկնվող ու ծանոթ իրականությունն էր: Իրենց արդարացի պահանջներով մի քանի հացադուլավոր, Օպերայի շենքի դիմացի աստիճաններին ու հրապարակի արձանների շուրջը կուտակված տարբեր տարիքի ցուցարարներ: Հիմնականում՝ երիտասարդներ: Պաստառներ, դրոշակներ, ծաղրանկարներ… Հացադուլավորները խորհրդավոր առանձնության մեջ էին. քչերն էին մոտենում: Իսկ ցուցարարների հետ զրուցողները, նրանց խմբերի մեջ ազատորեն պտտվողները շատ էին: Նաև ոստիկաններ՝ իրենց ծառայողական առօրյան բարդացնող ամենից հոգնած, ծուլորեն տարածքը չափչփող: Ես էլ անցա նստացույցի մասնակիցների միջով, զրուցեցի մի քանիսի հետ:

Հրապարակը շրջափակած և անիմաստ առատությամբ սրճարաններում, Կարապի լճի շրջակայքում դեռևս պահպանված ազատ տարածքներում նստած, քայլող, զրուցող մարդիկ: Ինձ թվաց, որ նրանց առանձնապես չի հետաքրքրում մոտակա հրապարակի առօրյան. իրենք հանդիսատես են, զրուցելով սուրճ խմող, մաքուր օդ շնչող, արևածաղիկ չրթող…

Նորից դարձա Առնոյի արձանի շուրջը: Ինձ դուր էր գալիս նրա ինքնամոռաց ներշնչանքը:

Նրա մտքով չէր էլ անցնի, թե իր երգերը միլիոն անգամ հնչեցրած Երևանում դեռ ինչե՜ր են լինելու …

Լճակի մոտակա նստարաններից մեկն ազատ էր. նստեցի: Քիչ հետո նստարանի մյուս ծայրին մոտեցավ ու նստեց սպիտակած մազ-մորուքով, նիհար, քիչ կռացած մեկը: Նստեց, ծնկներին դրեց երկու թխվածքաբլիթով թափանցիկ տոպրակը: Երևում էր, որ եթե նույնիսկ տնանկ էլ չէ, ապա ապրուստը հաստատ հոգում է մի կերպ՝ ծայրը-ծայրին:

Մտածեցի՝ շունչը տեղն է բերում, որ հետո ուտի: Եվ իսկապես, մի քանի րոպեից ուշադրություն գրավող զգուշությամբ թխվածքաբլիթները հերթով հանեց ու դրեց տոպրակի վրա: Նայեց ինձ: Մտածեցի, որ նրա շարժուձևին ակամա հետևելս անպարկեշտություն է, հայացքս դարձրի լճակի շուրջը վազվզող-աղմկող երեխաներին:

-Ըհը՛, ըհը՛,- լսելի աղմուկով մաքրեց կոկորդը:

Չլսելու տվեցի: Քիչ հետո կրկնեց: Նայեցի: Թխվածքաբլիթները նրբորեն վերադասավորեց տոպրակի վրա ու նորից կոկորդը մաքրեց:

-Ի՞նչ ես կարծում, ուտե՞լն է ճիշտ, թե՞ չուտելը,- հարցրեց առանց ինձ նայելու:

Նորից անհարմար վիճակի մեջ ընկա: Հասկացա, որ առանց ինձ նայելու էլ իմացել է, որ հետևում եմ իր շարժուձևին:

-Եթե քաղցած ես, պիտի ուտես,- ասացի՝ մտածելով, որ ուտել-չուտելն առիթ է դարձնում այլ թեմայով խոսակցության մեջ ներքաշելու կամ այդ պահին ուղղակի զրուցակից ունենալու համար:

— Չէ՛, չեղա՛վ: Դա կարևոր հանգամանք է, բայց ոչ բավարար պայման այդ վճռի համար:

-Դե մի կեր,- ասացի օձիքս ազատելու համար:

Նա հաստատ զգաց, որ ուզում եմ գլուխս ազատել ինձ համար չիմաստավորվող այդ խոսակցությունից: Երևի դրանից զգուշանալով էլ պարզաբանեց խնդիրը.

-Գիտե՞ս, ես սոված եմ: Բայց իսկապես չգիտեմ՝ ուտեմ, թե չէ,- ասաց՝ վերջապես նայելով ինձ:

-Այ քեզ փորձանք,- մտածեցի, բայց ասացի.

-Եթե սոված ես, պիտի ուտես, էլ ի՞նչ բավարար պայման …

-Ասենք թե կերա. բա հետո՞ …

Սա երևի ուզում է, որ իրեն մարսողության և դրանից հետո լինելիքի մասին բացատրեմ, մտածեցի սրտնեղած: Բայց նայելով դեմքի լրջությանը՝ ասացի.

-Էլ ի՞նչ հետո, գոնե սոված չես լինի:

-Ի՜նչ ես ասում…,- հեգնեց իմ կարճամտությունը:- Չէ՞ որ որոշ ժամանակ հետո նորից սովածանալով՝ ստիպված մտածելու եմ, որ սխալ վարվեցի: Ամբողջ խնդիրն էլ հենց դրանում է. ուտե՞լ՝ մտածելով, որ հետո սոված ես մնալու, թե՞ սոված մնալ՝ իմանալով, որ եթե ուզես, կուտես: Դե հիմա ասա՝ ուտե՞լն է ճիշտ, թե՞ չուտելը:

-Չգիտեմ,- կարճ կապեցի ես:

Որոշ ժամանակ լռեցինք: Ինքը երևի դեռ իր խնդրի հետ էր, իսկ ես խոսելու ցանկություն չունեի: Ի վերջո ինքը նորից խոսեց.

-Կարդացա՞ծ ես:

-Քիչումիչ:

-Բուրիդանի էշի մասին գոնե լսած կլինես:

-Կարդացել եմ:

-Ուրեմն կհասկանաս ինձ. ես հիմա այդ էշի վիճակում եմ:

-Ինձ թվում է՝ դա անլուրջ պարադոքս է, որովհետև էշն անպայման կուտեր՝ առանց մտածելու, քան թե սոված կսատկեր՝ երկմտելով իր անելիքի մեջ:

-Ճիշտ է, որովհետև էշ է: Իսկ մարդն այդ կենդանուց տարբեր է նրանով, որ պիտի մտածի ինչ-որ բան անելուց առաջ:

-Բայց մտածելով խնդիր լուծի և ոչ թե եղած խնդիրն ավելի բարդացնի:

-Դե միասին մտածում ենք, էլի:

-Եթե դեմ չես, ես քեզ մի լուծում առաջարկեմ:

-Ասա, դեմ չեմ,- ուրախացավ զրուցակիցս:

-Դու դրանք հիմա կեր, իսկ վաղվա թխվածքաբլիթի համար ես քեզ փող կտամ,- ասացի իմ գյուտից ոգևորված ու ձեռքս տարա գրպանս:

-Ի՜նչ եք ասում…,- վիրավորվեց անկեղծորեն ու մեր միջև անտեսանելի սահման դրեց՝ անցնելով անդեմք-անանուն Դուք-ին:

Ես ամաչեցի ու զղջացի ասածիս համար:

-Ուրիշ բան առաջարկիր,- ասաց առանց նեղացածության տոնի՝ երևի ինձ այդ վիճակից հանելու համար:

-Գիտե՞ս, Բուրիդանի էշից բացի փերեզակի ձի էլ է եղել:

-Դա՛ ինչ է:

Ուրախացա, որ հետաքրքրվեց ու պատմեցի իմացածս:

-Ժամանակին մի փերեզակ է լինում, ունենում է մի ձի: Թեև շատ է գյուղեգյուղ շրջում, ջանք չի խնայում մանրավաճառության մեջ, բայց չի կարողանում այնքան վաստակել, որ ձիուն կերակրելը չլինի լուրջ հոգս: Ու մտքի պայծառության մի պահի գտնում է ելքը. ձին պետք է սովորի ապրել… առանց ուտելու:

-Եվ դա նրան հաջողվո՞ւմ է,- հարցրեց հետաքրքրված զրուցակիցս:

Նրա հարցին նշանակություն չտալով՝ շարունակեցի.

-Բերում, ձիուն կապում է ախոռում:

-Դե, քեզ տեսնեմ,- ասում է, խնդրի լուծումը գտածի ինքնավստահությամբ թփթփացնում է գավակին ու գնում:

Հաջորդ օրը գալիս է ձիուն տեսության: Տեսնում է՝ ձին պառկած, բայց դեռ շնչում է: Գոհ է մնում ձիուց էլ, իրենից էլ:

-Կեցցե՛ս, դիմանում ես,- ասում է ու գնում:

Գալիս է երրորդ օրը, ձիուն գտնում է սատկած:

-Ափսոս,- ասում է,- թե այսօր էլ էր դիմացել, կապրեր ու կապրեր:

-Առակդ զի՞նչ ցուցանե:

-Վախենամ, թե դու քեզ արդեն դրել ես փերեզակի ձիու վիճակում:

Ծիծաղեց: Մտածեց ու հակադարձեց.

-Քո առակն ուսուցանող ճշմարտություն ունի, բայց առօրեական է ու կոպիտ: Իսկ Բուրիդանի էշի խնդիրը փիլիսոփայական է, հետաքրքիր ու ամենակարևորը՝ մտածելու արժանի:

-Փերեզակի ձիու ճակատագիրը հայտնի է և ուսուցանող, իսկ Բուրիդանի էշ լինել չի կարող, եթե դիմացն ուտելիք է դրված, այն էլ՝ աջից ու ձախից: Կեր առանց ինքդ քեզ հարց տալու՝ թե՛ աջից, թե՛ ձախից,- նրա համառությունից նյարդայնացա ես:

-Իսկ վաղվա մասին ո՞վ պիտի մտածի իմ փոխարեն,- խոսակցությունն իր խնդրին վերադարձրեց նա:

-Այսօրվանն այսօր կեր, վաղվա մասին էլ վաղը կմտածես:

-Չէ՜, բարեկամս, մարդու դեպքում այդպես չի կարող լինել,- մեղմ ժպիտով ասաց նա:- Մարդն էլ մարդ է նրանով, որ ժամանակին հասկանա հասունացող խնդիրն ու դրա մասին նախօրոք մտածի:

Հասկացա, որ առաջինը չեմ, ում հետ այդ մարդը քաղաքի երևի տարբեր ու մարդաշատ զբոսայգիներում քննարկում է իր ուտել-չուտելու խնդիրը: Հասկացա նաև, որ ավելորդ է իմ մնալն ու վեր կացա: Ինձ համար ամենատարօրինակն այն էր, որ երբ հրաժեշտ տալիս մի անգամ էլ նայեցի նրան, մեջս կասկած չմնաց, որ նա իսկապես մտածում է՝ ուտի, թե չուտի այդ երկու թխվածքաբլիթը…

Մինչև հիմա էլ ափսոսում եմ, որ նկարիչ կամ քանդակագործ չեմ: Հաստատ կլինեի մտածող մարդու միանգամայն ինքնատիպ նկարի կամ քանդակի հեղինակ:

 

Անդին 7-8, 2015

Share

Կարծիքներ

կարծիք