Խոպոպիկը (մուլտիպլիկացիոն հեքիաթ)

Հեղինակ:

DSC06628---Թե ինչպես ծանոթացան Խոպոպիկն ու Բայկին, և ինչ էր ուզում Կռվակծիկը

 

Լինում է, չի լինում, Այգեպատ անունով մի փոքրիկ քաղաք է լինում, որտեղ գեղեցիկ պուրակներ ու այգիներ կային: Այնտեղ ապրում էր մի աղջիկ: Նա շատ սիրուն էր՝ խոշոր, կանաչ աչքերով, երկար, շագանակագույն մազերով: Քանի որ քաղաքում միայն նա ուներ շագանակագույն խոպոպներով մազեր, բոլորը նրան կոչում էին Շագանակագույն Խոպոպիկ: Խոպոպիկը զարմանալի աղջիկ էր: Նա շատ էր սիրում նկարել: Ի տարբերություն բոլորի՝ նրա նկարները կենդանանում էին: Խոպոպիկը երբեք չէր բաժանվում իր մատիտներից. նկարում էր ծառեր, ծաղիկներ, թփեր, կենդանիներ, բզեզներ, և բոլորը շունչ էին առնում: Քաղաքի մյուս ծայրում ապրում էր գեղեցիկ արտաքինով մի տղա: Այս տղան ուներ մի մոտոցիկլետ, և, ինչպես Շագանակագույն Խոպոպիկն իր մատիտներից, նա էլ իր մոտոցիկլետից չէր բաժանվում, քանի որ մոտոցիկլետը կախարդական էր: Նա կարողանում էր շատ մեծ, ակնթարթային արագությամբ հասնել ուզած վայրը և գտնել ցանկացած մեծ ու փոքր ճանապարհ: Ու քանի որ նա էլ իր մոտոցիկլետից էր անբաժան, բոլորը նրան կոչում էին Բայկի:

Այդ ժամանակներում ապրում էր նաև մի չար մարդ, որը կախարդական հնարքների միջոցով ստեղծել էր իր սեփական աշխարհն ու այնպես էր արել, որ ոչ ոք չկարողանա գտնել այդ աշխարհը: Նրա անունն էր Կռվակծիկ: Նա մի չար ծրագիր ուներ, որի միջոցով կամենում էր վերացնել աշխարհի երեսից լավն ու բարին, գեղեցկությունն ու ուրախությունը, բայց քանի որ նրա կախարդանքը ի զորու չէր կենդանի էակներ ստեղծել, նա կարողացել էր միայն սարքեր ստեղծել, որոնց միջոցով պետք է իրականացներ իր չար մտահղացումները: Սակայն նա միայնակ չէր կարող գործարկել այդ սարքերը: Դրա համար նրան շատ ու շատ աշխատողներ էին պետք, և նա անընդմեջ և ամենուրեք փնտրում էր մի բան, որն իրեն կօգներ ու կհաներ այդ դժվար իրավիճակից:

Անցնում են տարիներ: Շագանակագույն Խոպոպիկն ու Բայկին մեծանում են: Մի օր Խոպոպիկը փողոցն անցնելիս մի գեղեցիկ թռչուն է տեսնում: Մատիտը բերանին կանգնում է փողոցի կենտրոնում ու զմայլված սկսում հետևել թռչնակին: Այդ պահին Բայկին իր մոտոցիկլետով արագ սլանում էր: Հանկարծ նկատում է, որ ուր որ է խփելու է Խոպոպիկին: Մի կերպ խուսափում է բախումից, մի փոքր հեռու ընկնում մոտոցիկլետից ու գլորվում դեպի մայթը: Հետո կանգնում է ու զայրացած մոտենում Խոպոպիկին, որպեսզի նախատի նրան: Իսկ Խոպոպիկը դեռ կանգնած էր նույն տեղում և ապշած նայում էր կատարվածին: Երբ Բայկին մոտենում է, Խոպոպիկը նայում է Բայկիի աչքերին, և նրա կանաչ ու խոշոր աչքերից այնպիսի լույս ու բարություն է ճառագում, որ Բայկին անմիջապես մոռանում է զայրույթի մասին ու երբ նայում է Խոպոպիկի աչքերին՝ հասկանում է, որ սիրահարվել է: Այդ պահին նրա մոտոցիկլետը վեր է կենում ընկած տեղից, իրեն թափ է տալիս և դռդռալով ու բռբռալով գնում կանգնում է Բայկիի թևի տակ, որպեսզի նա հենվի իրեն: Բայկին խնդրում է Խոպոպիկին, որ միասին գնան զբոսնելու: Խոպոպիկը սիրով համաձայնում է, և նրանք, նստելով մոտոցիկլետ, սլանում են դեպի դիմացի հիասքանչ այգին:

 

Այն մասին, թե ինչ տեղի ունեցավ այգում Խոպոպիկի ու Բայկիի հետ

 

Այգին մեծ էր ու գեղեցիկ: Այնտեղ հազարավոր ծառեր ու գույնզգույն ծաղիկներ կային: Այգու միջով առվակ էր հոսում, որը հետո ջրվեժի էր վերածվում, ապա լճակ առաջացնում: Լճակի կողքին մի փոքրիկ նստարան կար: Բայկին ու Խոպոպիկը նստում են այդ նստարանին ու զգում, որ կտրվել են իրականությունից: Նրանց թվում էր, թե աշխարհիս երեսին միայն իրենք են, այգին, լճակն ու այն նստարանը, որին նստած են: Հանկարծ Բայկիի մտքով անցնում է, որ կարելի է պաղպաղակ ուտել: Նա Խոպոպիկին խնդրում է, որ իրեն ների և մի քանի րոպե սպասի: Վազում է դեպի մոտոցիկլետն ու սլանում դեպի պաղպաղակի վաճառակետ:

Այդ ընթացքում, մինչ Բայկին կվերադառնար, Խոպոպիկը մի սկյուռիկ է տեսնում: Նա հանում է իր հրաշք մատիտներն ու սկսում նկարել: Հետաքրքիրն այն է, որ երբ Խոպոպիկը սկսում էր նկարել մի որևէ կենդանու, այն ոչ թե փախչում էր, այլ ընդհակառակը՝ կանգնում ու հարմար դիրքեր էր ընդունում: Այդպես էլ անում է այս սկյուռիկը. նա, իր կաղինը թաթի մեջ պինդ սեղմած, կանգնում է հետևի թաթերին, պոչը կիսակլոր ցցում և ուշադիր սկսում է նայել Խոպոպիկին: Երբ Խոպապիկն ավարտում է նկարելն ու մատիտները ցած դնում, հանկարծ նրա նկարած սկյուռիկը սկսում է շարժվել և ՙպի-պի՚ անելով վազում ու կանգնում է իսկական սկյուռիկի դիմաց, որն աչքերը կլորացրած նայում էր այդ ամենին: Հետո կենդանի սկյուռիկն սկսում է հոտոտել նկարածին, և երբ համոզվում է, որ սա էլ է իսկական, իր կաղինը տալիս է նրան: Այդ ժամանակ վերադառնում է մեր Բայկին՝ բերելով երկու պաղպաղակ: Եվ երբ նրանք նստարանին նստած պաղպաղակ էին ուտում, Բայկիի հայացքն ընկնում է բացատի ծաղիկների վրա: Նա մտածում է, որ կարելի է մի գեղեցիկ փունջ հավաքել Խոպոպիկի համար, և նորից ներողություն խնդրելով Խոպոպիկից՝ հեռանում է: Պարզվում է, քանի որ մեր հերոսները մեծացել էին, նրանց հետ հզորացել էր նաև նրանց կախարդական ուժը: Եվ երբ Խոպոպիկի նկարածը կենդանանում էր, այդ ժամանակ շատ հզոր կախարդական ճառագայթներ էին տարածվում բոլոր ուղղություններով, որոնք բարություն էին սփռում:

Այն ժամանակ, երբ մեր հերոսները՝ Խոպոպիկն ու Բայկին, մեծանում էին, Կռվակծիկը մի սարք էր ստեղծել, որով կարողանում էր գրանցել, թե աշխարհի որ մասում ինչ ուժգնության բարության լիցքեր կան: Եվ քանի դեռ մեր հերոսները փոքր էին, նրանց կախարդական լիցքն էլ էր թույլ, և Կռվակծիկը անհամբեր ապասում էր, թե երբ են նրանք մեծանալու:

Եվ ահա, երբ Շագանակագույն Խոպոպիկի նկարած սկյուռիկը կենդանություն է առնում, Կռվակծիկը տեսնում է հզոր լիցքերն ու հասկանում, որ իր տագնապը տեղին է: Նա ակնթարթային արագությամբ հայտնվում է այգում, հափշտակում Խոպոպիկին և նույն արագությամբ էլ անհետանում:

Վերադառնում է Բայկին մի մեծ ու գեղեցիկ ծաղկեփունջ ձեռքին: Ծաղկեփունջն այնքան մեծ էր, որ նա իր դիմաց չէր տեսնում: Մոտենում է նստարանին ու երբ Խոպոպիկի ձայնը չի լսում, ծաղկեփնջի վրայից նայում է ու տեսնում, որ Խոպոպիկը չկա: Նստարանին մնացել էին միայն նրա մատիտահատն ու թափթփված թղթերը: Բայկիի ձեռքից ծաղկեփունջն ընկնում է: Նա վատ բան է կանխազգում: Սկսում է ձայն տալ.

-Խոպոպի՜կ, Շագանակագույն Խոպոպիկ:

Ապարդյուն: Խոպոպիկը չկա ու չկա: Նա վերադառնում է նստարանի մոտ, նստում է, հուսահատությունից գլուխն առնում ձեռքերի մեջ և սկսում արտասվել: Մոտոցիկլետը մոտենում է նրան և դռդռալով ու բռբռալով հասկացնում, որ իրենք կարող են աշխարհով մեկ փնտրել Խոպոպիկին, չէ՞ որ նա էլ է կախարդական և շատ մեծ արագությամբ կարող է հասնել ուզածդ վայր: Բայկին ոգևորվում է ու սկսում որոնումները: Նա լինում է աշխարհի տարբեր անկյուններում, բայց ոչ մի տեղ չի կարողանում Խոպոպիկի հետքը գտնել: Ժամանակ է անցնում, Բայկին ստիպված դադարեցնում է որոնումներն ու վերադառնում իր քաղաք:

 

 

Այն մասին, թե որտեղ և ինչի համար էր պահվում Խոպոպիկը

 

Այն ընթացքում, երբ Բայկին որոնումների մեջ էր, Կռվակծիկը խեղճ Խոպոպիկին տարել ու փակել էր մի հսկայական աշտարակում: Այդ գերությունից Խոպոպիկը ոչ մի կերպ չէր կարողանում ազատվել: Քանի որ Խոպոպիկի նկարները կենդանանում էին, Կռվակծիկը նրա գլխին կանգնած ստիպում էր, որ նա փոքրիկ մարդուկներ նկարի, որոնք, կենդանանալով, անմիջապես քշվում էին տաժանակիր աշխատանքների: Կռվակծիկը աներևակայելի չար մարդ էր: Նա Խոպոպիկին փակել էր աշտարակի մի կիսամութ խցում, որից խոնավության ու բորբոսի հոտ էր գալիս, ու միայն հաց ու ջուր էր տալիս, բայց ստիպում էր, որ նա հնարավորինս շատ մարդուկներ նկարի, որպեսզի շատ աշխատողներ ունենա իր չար ծրագրերն իրականացնելու համար: Մարդուկների հետ նա նույնպես վատ էր վարվում: Նրանց մեծ մասի վիզը շղթա էր գցել ու անդադար ստիպում էր, որ նրանք օր ու գիշեր աշխատեն: Քանի որ նա կախարդական ուժ ուներ, այդ պատճառով մարդուկները չէին կարողանում ազատվել այդ տաժանակրությունից: Ոմանք փորձել էին փախչել, բայց Կռվակծիկն իր կախարդական աշխարհում տեր ու տիրակալ էր: Ամեն ինչ իր ստեղծածն էր, հետևաբար՝ ամեն բան իմանում էր՝ կապ չունի, թե դա նրա աշխարհի որ մասում էր տեղի ունենում: Իսկ փախուստի փորձերի մասին իմանալով՝ բռնում էր ապստամբ մարդուկներին և մյուսներին դաս տալու համար նրանց վերածում էր քարե մարդուկների: Վերջիններս, տեսնելով իրենց եղբայրների ճակատագիրը, վախենում էին այլևս փախուստի փորձ կատարել:

Խոպոպիկը նույնպես մի քանի անգամ փորձել էր փախչել: Նա իր հրաշք մատիտներով դռներ էր նկարել, որոնք իսկական էին դարձել, սակայն աշտարակից փախչելը դեռ չէր նշանակում ազատվել գերությունից: Խոպոպիկը պետք է անցներ նաև Կռվակծիկի աշխարհի միջով, որը շատ մեծ էր, իսկ որ ամենակարևորն է՝ ոչ ոք չգիտեր այնտեղից դուրս գալու ճանապարհը: Չէ՞ որ նա իր աշխարհը ստեղծելուց հետո այնպես էր արել, որ ոչ ոք չկարողանա գտնել այնտեղ տանող ու այնտեղից ելնող ճանապարհը: Եվ այսպես, ամեն անգամ, երբ Խոպոպիկը աշտարակից փախչում էր, Կռվակծիկը հայտնվում էր նրա դիմաց ու նրան նորից տանում-փակում էր աշտարակում՝ ամեն անգամ պայմաններն ավելի դաժան դարձնելով: Վերջին փախուստից հետո նա մեր խեղճ Խոպոպիկին շղթայում է պատին, բայց այնպես, որ նա կարողանա նկարել:

Մարդուկներից մեկը, որը ղեկավարում էր երկու տասնյակից բաղկացած մի խումբ, տեսնելով այս ամենը, խղճում է Խոպոպիկին: Մարդուկները աշխատանքի ընթացքում շատ կարճ հանգստի ժամ էին ունենում: Նա գաղտնի հավաք է հայտարարում, որին մասնակցում են հազարավոր մարդուկներ: Պատմում է եղելությունը և հայտնում, որ այս ամենին վերջ դնելու միայն մի միջոց կա: Պետք է իրենցից մեկը դուրս պրծնի Կռվակծիկի աշխարհից, գնա մարդկանց աշխարհ, գտնի Բայկիին, պատմի նրան ամեն ինչ և օգնություն խնդրի: Բոլորը հավանություն են տալիս այդ ծրագրին, բայց արի ու տես՝ կամավորներ չեն հայտնվում, որ հանձն կառնեն այդ վտանգավոր առաջադրանքը կատարել: Տեսնելով, որ բոլորը վախենում են, ժողով հավաքած մարդուկը հայտնում է, որ ինքը կգնա և կգտնի Բայկիին: Նրա լավագույն ընկերը, տեսնելով, որ նա մենակ է, կանգնում է կողքին ու հայտնում, որ ինքն էլ նրա հետ կգնա: Եվ այսպես որոշում ու ճամփա են ընկնում: Ճանապարհը շատ երկար ու դժվարին էր: Բայց քանի որ նրանք սովորական մարդուկներ չէին, հետևաբար՝ կարողանում են գտնել այդ աշխարհից դուրս բերող ճանապարհը: Մեր մարդուկների արկածների մասին հետո կխոսենք:

 

 

Այն մասին, թե ինչ խնդրի առաջ կանգնեց Բայկին

 

Անցնում են օրեր: Բայկին ամեն օր գալիս է լճակի մոտ, նստում է նույն նստարանին ու մտածում, թե ինչպես գտնի իր Խոպոպիկին: Եվ երբ հասկանում է, որ անզոր է, սկսում է արտասվել: Մի օր էլ հանկարծ ականջին մի ձայն է հասնում.

-Լաց մի եղիր, Բայկի: Մենք քեզ ամեն ինչ կպատմենք, մենք քեզ կօգնենք, մենք դրա համար ենք եկել:

Բայկին, գլուխը բարձրացնելով, նայում է շուրջը և քանի որ ոչինչ չի տեսնում, մտածում է, որ իրեն է թվացել, ու նորից սկսում է արտասվել: Եվ ո՜վ զարմանք, ձայները կրկնվում են, բայց այս անգամ հենց իր կողքին.

-Լաց մի եղիր, Բայկի: Մենք քեզ ամեն ինչ կպատմենք, մենք քեզ կօգնենք, մենք դրա համար ենք եկել:

Բայկին նորից է գլուխը բարձրացնում, նայում է շուրջը և նկատում է կողքին կանգնած երկու շա՜տ փոքրիկ մարդուկներին: Նրանք այնքան փոքր էին, որ հանգիստ կտեղավորվեին Բայկիի ափի մեջ: Նրանք մոտենում, կանգնում են Բայկիի դիմաց, քաղաքավարությամբ հանում են գլխարկները և ներկայանում: Ժողով գումարողի անունը Ուղեղիկ էր, նա իր նմանների մեջ միջահասակ, նրբակազմ մարդուկ էր, բայց շատ խելացի: Իսկ ընկերոջ անունը Գործունյա էր: Նա մարդուկների մոտ համարվում էր հսկա, քանի որ ամենաբարձրահասակ մարդուկից երկու մատնաչափ բարձր էր: Նա ահավոր ուժի տեր էր ու շատ աշխատասեր: Նրանք նստում են Բայկիի ծնկներին ու սկսում իրենց պատմությունը: Պատմում են ամեն բան՝ թե որտեղ և ինչ պայմաններում է պահվում Շագանակագույն Խոպոպիկը, թե ով է նրան առևանգել ու պահել և ինչ նպատակով: Որ իրենց նման արդեն հազարավոր մարդուկներ կան, և հարկ եղած դեպքում նրանք կօգնեն Բայկիին: Բայց, ավա՜ղ, մի խնդիր կա: Քանի որ այդ աշխարհը կախարդական է, ուստի Բայկին չի կարող մուտք գործել այնտեղ և ընդհանրապես գտնել նրա ճանապարհը: Միայն մարդուկներն ու Բայկիի մոտոցիկլետը կարող են գնալ այնտեղ: Բայց դա անիմաստ է, քանի որ մարդուկները եկել են Բայկիի մոտ օգնության ակնկալիքով: Նրանք հուսահատ նստում են լճակի մոտի նստարանին և սկսում լուռ նայել լճի մեջ երևացող իրենց արտացոլանքին: Որոշ ժամանակ անց Բայկիի մոտոցիկլետը դռդռալով ու բռբռալով սկսում է անհանգիստ պտտվել նստարանի շուրջը, կարծես նա մի միտք էր հղացել և ուզում էր, որ Բայկին գնա իր հետ: Հասկանալով մոտոցիկլետին՝ Բայկին ցատկում է նրա թամբին: Մարդուկները տեղավորվում են Բայկիի կաշվե բաճկոնի գրպաններում, և երբ բոլորը պատրաստ էին՝ մոտոցիկլետը, առջևի անիվը կտրելով գետնից, անհետանում է այգուց՝ իր հետևից միայն փոշու թանձր ամպ թողնելով: Նա սլանում է լեռներով ու անտառներով, վայրագ ձորերով ու անհյուրնկալ, մահաբեր անապատներով, մինչև հասնում է մի սքանչելի վայր: Այդ վայրը հեքիաթային գեղեցկություն ուներ: Ծառերն ու ծաղիկներն ամենուր էին: Օդում զգացվում էր անուշ, զգլխիչ ծաղկաբույր: Նրանք դանդաղ առաջանում են ծառերի ու ծաղիկների միջով՝ հիանալով շրջապատի անսովոր գեղեցկությամբ: Բայկին եզրակացնում է, որ իրենք ինչ-որ մեկին են փնտրում: Նա այդ մասին հարցնում է մոտոցիկլետին և ի պատասխան այնպիսի խլացնող դռռոց լսում, որ ամեն ինչ պարզ է դառնում: Նրանք արդեն բավական երկար ժամանակ գնում էին այդ անտառով, և դեռ հույս էլ չկար, որ կհասնեն անտառի վերջը: Մոտոցիկլետը մի պահ կանգ է առնում: Նա կարծես կորցրել էր ճանապարհը: Դա զարմանալի էր, չէ՞ որ աշխարհիս երեսին եղած ու չեղած բոլոր ճանապարհները նա գիտեր: Բայց արի ու տես, որ այստեղ նա մոլորվել էր: Եվ երբ քիչ էր մնում նրանք հուսահատվեին, հանկարծ մեղմ քամի է բարձրանում: Ծառերի սոսափն աստիճանաբար վերածվում է Բայկիի համար հասկանալի ձայնի, որն ասում էր.

-Այս կողմ արի, Բայկի՜: Այս կողմ:

Բայկին մոտոցիկլետի հետ հետևում է ձայներին: Որոշ ժամանակ անց նրանք հայտնվում են մի չքնաղ բացատում: Ձայները մարում են: Բայկին նայում է շուրջը և բացատի կենտրոնում նկատում խրճիթ հիշեցնող ինչ-որ բան: Արտաքուստ կարծես խրճիթ էր, բայց մարդու ձեռքի գործ չէր: Ծառերն իրենք էին միահյուսվել և սարքել այն: Մուտքը չէր երևում: Հանկարծ ծառերի ճյուղերը սկսում են ետ քաշվել, և բացվում է մուտք հիշեցնող մի անցք: Բայց Բայկին վարանում է մոտենալ:

 

Խորհրդավոր մարդը

 

Մի րոպե հետո այնտեղից դուրս է գալիս մի մարդ՝ շրջապատված գազանների ու թռչունների մի փոքր խմբով: Նա խոնարհվում է՝ ի նշան բարեկամության: Բայկին և մարդուկները ապշած նայում էին այդ ամենին: Միայն մոտոցիկլետն էր ուրախ դռդռալով ու բռբռալով պտտվում ու թռչկոտում: Մարդը շատ ջահել ու առույգ էր երևում, բայց նրան նայելիս այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե նա արդեն հազար տարուց ավելի ապրում է այս երկրի վրա: Մոտենալով Բայկիին՝ նա ձեռքերը մեկնում է և ասում.

-Վերջապես դու եկար: Ես շատ երկար եմ սպասել այս օրվան: Համեցիր ներս, սիրելի հյուր:

Հետո, նայելով մոտոցիկլետին, շարունակում է.

-Օ՜, ո՜ւմ եմ տեսնում: Ողջույն, իմ երկաթե բարեկամ: Ինչպե՞ս ես: Տեսնում եմ՝ լավ ես: Դե համեցե՜ք, ներս անցեք, հոգնած կլինեք:

Եվ նրանց խրճիթ է առաջնորդում: Ներսում շատ հարմարավետ էր, սեղաններն ու աթոռները փայտից էին, բայց ոչ կտրտած և իրար մեխած, ինչպես սովորաբար լինում է, այլ ծառերն էին այդպես աճել: Բոլորը նստում են սեղանի շուրջ: Ի վերջո, Բայկիի գրպանից դուրս են գալիս մեր մատնաչափիկ հերոսներն ու սկսում ծռմռվել ու ձգվել: Գրպաններում երկար մնալուց նրանց մկանները ձգվել ու քարացել էին: Իրենց կարգի բերելուց հետո նրանք մոտենում են տանտիրոջն ու գլխարկները հանելով՝ խոնարհվում:

-Ողջունում եմ Ձեզ, բնության տիրակալ,- խոսում է Ուղեղիկը:- Ներողություն եմ խնդրում, բայց ես ու իմ ընկերը կնստենք ոչ թե սեղանի մոտ, այլ սեղանին:

Բնության տիրակալը ժպտում է ու գլխով համաձայնության նշան անում: Բայկին զարմացած լսում էր ու մտածում. «Ինչպե՞ս թե բնության տիրակալ: Ա՜, արդեն ամեն ինչ պարզ է: Ահա թե ինչու է նրա խրճիթը ոչ թե կառուցած, այլ պարզապես ծառերով աճած»: Տանտիրոջ ձայնը ընդհատում է նրա մտորումները.

-Սիրելիներս, ես ոչ թե բնության տիրակալն եմ, այլ բնության ոգիներից վերջինը: Մայր բնության վերջին խոնարհ ծառան:

Նա խոսքն ընդհատում է, քանի որ այդ պահին ներս են մտնում մի խումբ կենդանիներ, որոնք տարբեր ուտելիքներ էին բերել՝ մրգեր, հատապտուղներ, բանջարեղեն, ծառերի ու ծաղիկների նեկտարներից պատրաստված անուշաբույր ըմպելիքներ:

Երբ ամեն ինչ սեղանին է դրվում, նա շարունակում է.

-Հյուրասիրվե՛ք, հարգելիներս: Ես գիտեի, որ դու գալու ես, Բայկի: Շատ դարեր առաջ մենք շատ էինք: Բոլորս պահում, պահպանում, փայփայում էինք մեր Մայր բնության պարգևած ամեն ծիլ, սերմի ամեն հատիկ, ծառ ու ծաղիկ: Բայց հայտնվեց մեկը, որն իրեն Կռվակծիկ էր կոչում: Նա ուզում էր ոչնչացնել ամեն լավն ու բարին, գեղեցիկն ու այն ամենը, ինչ կապված է ՙլավ՚ հասկացության հետ: Պատերազմ սկսվեց: Մեզանից շատերը,- նա մի պահ լռեց, հետո խորը թախիծն աչքերում շարունակեց,- գրեթե բոլորը զոհվեցին այդ դաժան կռվում: Մնացինք կենդանի միայն երեքս, բայց երկուսը մահացու վիրավոր էին: Այն աստիճան, որ անգամ մեր Մայր բնությունը չկարողացավ ապաքինել նրանց: Այդ օրվանից մինչև հիմա ես մենակ եմ պայքարում նրա դեմ: Իսկ նա անընդհատ, օր օրի կատարելագործում է իր չարամիտ հնարքները: Ես գիտեմ, թե դու ինչ խնդիր ունես, Բայկի, բայց քեզ օգնելը շա՜տ բարդ է, գրեթե անհնար:

Հաճույքով համտեսելով համեղ ուտելիքները՝ բոլորը կլանված լսում էին ոգուն: Ոգին սկսեց պատմել բնությունից, նրա օրենքներից ու օգտակարությունից: Բացատրեց, թե ինչպիսի մեծ աղետ կլինի, եթե վերանան ծառերն ու ծաղիկները, խոտերն ու թփերը: Այդպես զրուցելով՝ նրանք չզգացին, թե ինչպես կեսգիշեր դարձավ: Բնության ոգին նրանց ննջարան ուղեկցեց: Այստեղ մեր հերոսներին թողնենք հանգստանալու, իսկ մենք գնանք ու տեսնենք, թե ինչ է անում Շագանակագույն Խոպոպիկը:

 

 

Թե ինչպես Հնարամիտն ազատեց Խոպոպիկին

 

Կռվակծիկը այդպես էլ Խոպոպիկին պատին գամած էր պահում խցում: Խեղճը ուժասպառ էր եղել, չէ՞ որ ամբողջ օրը միայն մի քանի կում ջուր էր խմում ու մի կտոր չոր հաց ուտում: Տեսնելով Խոպոպիկի վիճակը՝ մարդուկներից մեկը, որը մեր Ուղեղիկի կրտսեր եղբայրն էր, որոշում է օգնել, ազատել Խոպոպիկին: Նրան Հնարամիտ էին կոչում: Նա ցանկացած, մինչև անգամ անելանելի թվացող իրավիճակներից միշտ ելք էր  գտնում: Հիմա էլ նա հավաքում է իր ընկերներին և հայտնում իր որոշումը: Ընկերները սկզբում զարմանում են, հետո զայրանում, ոմանք էլ սկսում են խնդրել Հնարամիտին, որ ետ կանգնի իր որոշումից, քանի որ դա ստույգ մահ էր նշանակում: Բայց նա չի հրաժարվում իր մտքից, ավելին՝ հայտնում է, որ եթե իր հետ ոչ ոք չգա, միևնույն է՝ ինքը մենակ մի ելք կգտնի ու կազատի Խոպոպիկին: Երկար վեճ ու քննարկումից հետո ընկերները համաձայնում են օգնել Հնարամիտին: Չէ՞ որ նրանք ընկերներ են: Էլ ո՞ր օրվա համար են, եթե ոչ նեղ օրվա:

Եվ այսպես, նրանք որոշում են հերթական հանգստի ժամին փորձել աշտարակ թափանցել ու գտնել Խոպոպիկի խուցը: Եվ վերջապես հնչում է հերթական ընդմիջումն ազդարարող ձայնը: Նրանք կամաց-կամաց խմբվում են դրսում: Սողալով, տեղ-տեղ վազելով, որոշ տեղերում նույնիսկ կքանստած, թաքնվելով ծառերի հետևում ու թփերի արանքներում՝ մեր անձնազոհ հերոսներն ի վերջո հասնում են այն չարաբաստիկ աշտարակին, որտեղ փակված էր Խոպոպիկը: Մոտենալով աշտարակին՝ նրանք հասկանում են, որ հանդիպել են մեծ խոչընդոտի: Աշտարակը մուտք չուներ: Նա միայն մի քանի լուսամուտ ուներ, այն էլ այնքան բարձր, որ ընդամենը փոքր անցքերի տպավորություն էին թողնում: Մարդուկները խուճապի են մատնվում: Ստացվում էր, որ նրանք անտեղի էին իրենց կյանքը վտանգում: Բայց Հնարամիտը, հեռու կանգնած, ինչ-որ բան էր անում: Եվ հանկարծ գետնի տակից մի քանի կանաչ ծիլեր են բուսնում, որոնք սկսում են արագ աճել ու ձգվել աշտարակի պատն ի վեր: Մարդուկներն ապշած նայում էին այդ ամենին, քանի որ իրենց աշխարհում բուսականությունը գորշ էր, չորացած, ծառերը՝ մեռած, միայն նրանց տձև բներն էին ցցված այրված հողից: Եվ հանկարծ՝ կանաչ, թարմ բաղեղներ: Հնարամիտը արագ հրահանգ է տալիս մագլցել վեր: Բոլորը, միանգամից սթափվելով, սկսում են վեր բարձրանալ: Վերջապես նրանք հայտնվում են աշտարակի ներսում: Երբ մի պահ կանգնած շունչներն էին տեղը բերում, Հնարամիտի ընկերները հարցնում են, թե դա ի՞նչ հրաշք էր: Հնարամիտը կարճ պատմում է, որ օրեր առաջ իրեն մի տարօրինակ մարդ էր հյուր եկել, տվել էր այդ սերմերն ու ասել, որ լավ պահի, քանի որ դրանք անպայման պետք են գալու: Անծանոթն իրեն կոչել էր Բնության ոգի: Հնարամիտը, պատմությունն ավարտելով, առաջ է ընկնում, որպեսզի գտնի Խոպոպիկի խուցը: Ամբողջ ընթացքում նա իր հետ բանալիների մի մեծ խուրձ էր քարշ տալիս, որը բոլորից թաքուն սարքել էր իր արհեստանոցում: Խցերն անթիվ էին, և բոլորում էլ փակված մարդուկներ կային, որոնք ինչ-ինչ պատճառով ՙաչքի էին ընկել՚ ու հայտնվել այդտեղ: Որոշ ժամանակ անց նրանք հասկանում են, որ այդպես անհնար է գտնել այն խուցը, որտեղ Խոպոպիկն է: Սկսում են կիսաձայն կանչել Խոպոպիկին՝ հույս ունենալով, որ խցերից մեկից պատասխան կլսեն: Խոպոպիկը, իր խցում շղթայված, շատ աղոտ ու շատ հեռվից ձայներ է լսում: Նա կարծում է, թե իրեն է թվում, կարծում է՝ մենակությունից խելքը թռցրել է: Հետո նորից է լսում, նորից ու նորից: Ձայներն ավելի ու ավելի էին մոտենում, և նա արդեն կարողանում էր լսել իր անունը: Նա փորձում է ձայն տալ, բղավել, որ ինքն այստեղ է, բայց չի կարողանում: Լարելով ուժերը՝ վերջապես բղավում է.

-Հե՜յ, ո՞վ կա այդտեղ, ես այստեղ եմ:

Հնարամիտը մի պահ կանգ է առնում: Նշան է անում, որ բոլորը լռեն, չաղմկեն, որպեսզի կարողանա լսել: Երբ բոլորը լռում են, նա աջ միջանցքի խորքից աղոտ ձայն է լսում: Բոլորին նշան է անում, որ անձայն շարժվեն այդ կողմ: Հասնելով խցին՝ Հնարամիտը մի պահ կանգ է առնում, նորից ձայն է տալիս և լսելով պատասխանը՝ արագ հանում է բանալիների տրցակը: Հերթով փորձում է բանալիները, և ահա, հաջողությունը ժպտում է նրան՝ դուռը ճռռոցով բացվում է: Նրանք վազելով մտնում են խուց և այն ներսից կողպում: Խոպոպիկը շղթաներով գամված էր պատին: Հնարամիտը նորից գործի է անցնում, և որոշ ժամանակ անց Խոպոպիկի ձեռքերն ու ոտքերն ազատ էին: Նա ազատվել էր կապանքներից և ուրախությունից թռչկոտում էր: Նա արագ մի դուռ է նկարում պատի վրա և երբ ուզում էր անցնել, Հնարամիտը կանգնեցնում է նրան: Նա մի բան էր մտածել: Չէ՞ որ Կռվակծիկը ուր որ է գալու էր Խոպոպիկի խուց և հայտնաբերելու էր նրա բացակայությունը: Այդ դեպքում ամբողջ գործողությունը կձախողվեր: Նա մտածում-մտածում ու գտնում է ելքը: Շագանակագույն Խոպոպիկին խնդրում է, որ նկարի ինքն իրեն: Այսինքն՝ մի ուրիշ Խոպոպիկի: Խոպոպիկը չի հասկանում Հնարամիտին, բայց կատարում է խնդրանքը: Չէ՞ որ նրա նկարները կենդանանում էին: Երբ նկարված Խոպոպիկը կանգնում է նրանց առջև, Հնարամիտը հրճվանքից սկսում է թռչկոտել, նրա ծրագիրն իրականանում էր: Նա մոտենում է նկարված Խոպոպիկին և խնդրում, որ երբ Կռվակծիկը գա ու ստիպի նրան նկարել, թող նա նկարի, ու երբ նկարները չկենդանանան, թող նա մի որևէ բան հնարի: Խոպոպիկի կրկնօրինակը համաձայնում է ու գրավում իսկական Խոպոպիկի տեղը: Հնարամիտը նրան շղթայում է պատին, և նկարված դռան միջով նրանք հեռանում են: Հեռանալուն պես պատի վրայի բացված դուռը չքանում է, ասես չէր էլ եղել: Այս հնարքը նրանց որոշ ժամանակ կտար, որպեսզի մտածեին հետագա քայլերի մասին: Դուռը, որով անցնում են մեր հերոսները, նրանց դուրս է բերում Հնարամիտի արհեստանոցի մոտ: Հնարամիտը փաստորեն վաղուց էր նախապատրաստվել այս օրվան: Չէ՞ որ նա բանալիներ էր ձուլել, և հիմա էլ պարզվում է՝ մի հարմարավետ թաքստոց է պատրաստել Խոպոպիկի համար: Այնտեղ և՜ սեղան կար, և՜ աթոռներ, անգամ մի փափուկ ու շատ հարմարավետ մահճակալ էլ կար: Եվ այդ ամենը մեծ չափերի՝ հարմարեցված Խոպոպիկի համար: Խոպոպիկը, նայելով իրեն հայելու մեջ, մտածում է, որ ինչ-որ կերպ պետք է փոխի արտաքինը: Այդ պահին ներս են մտնում մարդուկները՝ տարբեր տեսակի ուտելիքներով բեռնված սկուտեղներով: Խոպոպիկի աչքերը փայլում են: Նոր է զգում, թե որքան քաղցած է: Կերակուրները դեռ սեղանին չէին դրել, իսկ նա արդեն սկսել էր առանց ընտրելու ուտել այն ամենը, ինչ աչքը տեսնում էր: Նա այնքան հոգնած ու քաղցած էր, որ ուտելու ընթացքում էլ քնում է: Մարդուկները նրան պառկեցնում են մահճակալին ու լուռ հեռանում:

 

Այն մասին, թե ինչու Խոպոպիկը որոշեց կերպարանափոխվել

 

Հետո Հնարամիտը վերադառնում է մի ուրիշ մարդուկի հետ: Պարզվում է, որ վերջինս դերձակ է: Նա վերցնում է Խոպոպիկի չափերը, որպեսզի նրա համար նոր շոր կարի՝ արագ շարժվելու համար ավելի հարմար: Երբ Խոպոպիկն արթնանում է, տեսնում է, որ իր կողքին խնամքով ծալված բոլորովին նոր շորեր են դրված: Հագնվում է, կանգնում հայելու առջև ու սկսեց հիանալ: Նա իր կյանքում այդպես չէր հագնվել: Միշտ հագել էր շրջազգեստ, երեկոյան զգեստ, բարձրակրունկ նուրբ կոշիկներ: Իսկ հիմա հայելու մեջ տեսնում էր մի գեղեցիկ մարտիկի: Նա մինչև ծնկները հասնող երկարաճիտ կոշիկներով էր, ազդրերը կիպ գրկող կաշվե տաբատով, ավելի նուրբ ու բարակ կաշվե վերնաշապիկով: Անգամ իր թղթերի ու մատիտների համար մարդուկները պատյաններ էին կարել, որպեսզի նա դրանք հանգիստ ու անվնաս տեղափոխի իր հետ: Իսկ կաշվե թղթապանակը՝ լայն ու հաստ կաշեփոկով, կարող էր գցել ուսին: Քանի դեռ նա հիանում էր հայելու առջև կանգնած, դռան մոտ իրարանցման ձայներ են լսվում: Դուռը բացվում է, և սենյակ է մտնում մի մարդ, որը ներկայանում է իբրև Բնության ոգի: Պատմում է Խոպոպիկին ամեն բան: Ասում է, որ Բայկին ու նրա ուղեկիցներն իր մոտ են, որ նա այստեղ է եկել բույսերի նմուշներ տանելու համար, որպեսզի դրանցից թուրմ պատրաստի Բայկիի համար, որը խմելուց հետո նա կկարողանա այստեղ գալ: Ոգին Խոպոպիկին ասում է, որ պատրաստ լինի կատարելու բնությունը փրկելու իր առաքելությունը: Խոպոպիկի զարմացած հայացքը տեսնելով՝ ասում է, որ երբ ժամը գա՝ ինքը կհասկանա, թե ինչ պետք է անի: Հեռանալուց առաջ Բնության ոգին հատուկ թուրմով լի մի սրվակ է տալիս Խոպոպիկին: Այդ թուրմով նա կարող էր փոխել մազերի գույնը, որպեսզի Կռվակծիկը չճանաչի նրան: Երբ Բնության ոգին հեռանում է, Խոպոպիկը բացում է սրվակը: Եվ երբ նորից մոտենում է հայելուն, չճանաչում է ինքն իրեն: Մազերն ուղղվել էին (վերացել էին հրաշք խոպոպները), գույնը մգացել և դարձել էր մուգ շագանակագույն, իսկ ամենացավալին այն էր, որ աչքերի գույնն էլ էր փոխվել՝ կանաչից դարձել էր մուգ շագանակագույն: Նա նայում էր հայելու մեջ իր արտացոլանքին և չգիտեր՝ լաց լիներ, թե հիանար: Հանկարծ նրա գլխում մի միտք է ծագում. եթե փոխվել, ապա հիմնովին: Նա Հնարամիտին հայտնում է, որ ուզում է մազերը կտրել: Վարսավիր է գալիս: Նա երկար աշխատում է Խոպոպիկի մազերի վրա: Երբ Խոպոպիկը իրեն տեսնում է, ապշած է մնում ու չի հավատում, որ դա ինքն է: Մազերը հազիվ ականջներն էին ծածկում, ծոծրակի մասը կարճ խուզած էր և թեք իջնում էր դեպի պստիկ քիթը: Նոր սանրվածքը նրան շատ էր սազում:

Խոպոպիկին թողնենք հայելու առաջ՝ համակերպվելու իր նոր կերպարի հետ, իսկ մենք գնանք ու տեսնենք, թե ինչ են անում Բայկին ու իր ուղեկիցները:

 

Կռվակծիկի կասկածները: Բայկիի ու Խոպոպիկի հանդիպումը

 

Երբ նրանք արթնանում են, լույսը վաղուց բացվել էր: Լսվում էին բազում թռչունների ու կենդանիների ձայները: Նախաճաշելուց հետո Բնության ոգին կանչում է Բայկիին ու ասում.

-Մինչ դու քնած էիր, ես պատրաստեցի մի թուրմ, որի շնորհիվ կկարողանաս գտնել այդ աշխարհը, և որ ամենակարևորն է՝ մուտք գործել այնտեղ: Վերցրո՜ւ, Բայկի, շուտ խմիր և ճամփա ընկիր: Մեզ դեռ դժվար փորձություն է սպասում:

Բայկին խմում է թուրմը և որոշ ժամանակ անց զգում, որ կարծես ճանապարհները լուսավորված են: Իրականում ճանապարհները լուսավորված չէին, պարզապես թուրմն էր ազդել, և նա տեսնում էր այն ճանապարհը, որն իրեն պետք էր: Նրանք նախապատրաստվում են գնալու. ուսապարկերը լցնում են ուտելիքով, ջուր են վերցնում ու ճամփա ընկնում:

Այդ նույն պահին Կռվակծիկը գնում է Խոպոպիկի խուցը, որպեսզի նրան նորից ստիպի նկարել: Նա մոտենում է Խոպոպիկին և ասում, որ սկսի աշխատել: Բայց որքան էլ Խոպոպիկը փորձում է, միևնույն է՝ ոչինչ չի ստացվում: Միայն մի քանի խզբզած էջեր է ստանում Կռվակծիկը: Նա ապշահար նայում է թղթերին, հետո Խոպոպիկին: Կասկածանքով մոտենում է նրան և սկսում շա՜տ ուշադիր զննել: Մտքում անընդհատ կրկնում է. «Չէ՜, չէ՜, չի կարող պատահել: Մազերը նույնն են, աչքերը նույնն են, ոչինչ չի փոխվել, սա նա է: Այդ դեպքում ինչո՞ւ չի նկարում, ի՞նչ է պատահել»: Նա հարցնում է կեղծ Խոպոպիկին, թե ինչո՞ւ չի նկարում, ի՞նչ է պատահել, ու ասում է, որ եթե նա չնկարի, ապա ավելի դաժան պայմանների մեջ կդնի նրան: Խոպոպիկը գանգատվում է, որ սոված է, հյուծված, որ ահավոր ծարավ է և ուզում է քնել, որ մի քանի օր է հարկավոր, որպեսզի կարողանա նորից նկարել: Կռվակծիկը կատաղությունից կարմրում է, բայց ուրիշ ճար չի տեսնում՝ ազատել է տալիս Խոպոպիկին: Հրամայում է, որ հաց ու ջուր բերեն և մահճակալ տան, որ նա հանգստանա: Կռվակծիկը կատաղած գնում է իր սարքերի մոտ և սկսում է աշխատողներին դաժանաբար տանջել, որպեսզի արագ ավարտին հասցնեն իրենց տրված հանձնարարությունները:

Այդ ընթացքում մի մարդուկ վազելով գալիս է Հնարամիտի մոտ ու հայտնում, որ Խոպոպիկի թաքստոցի մոտ մի քանի հոգի են հավաքվել: Նրանք այդ տեղերից չեն և որ նրանց հետ մի երկաթե հրեշ կա: Խոպոպիկի դուռը թակում են, և մինչ նա կհասներ դռանը, դուռը բացվում է, և ներս մտավ Բայկին: Տեսնելով Խոպոպիկին՝ նա ուրախությունից սկսեց է արտասվել, հետո լրջանմոս է և սկսում ուշադիր զննել նրան: Հիասթափված ձայնով դիմելով Բնության ոգուն՝ ասում է.

-Սա իմ Խոպոպիկը չէ: Ո՞ւր է նա:

Խոպոպիկը սրտնեղած գրկում է Բայկիին և պինդ սեղմվում նրան: Բայկին զգում է նրա սրտի տրոփյունը և հասկանում, որ դա իր Խոպոպիկն է: Հետո նրան պատմում են ամեն բան, թե ինչպես եղավ, որ Խոպոպիկի արտաքինը փոխվեց: Բայց մենք դեռ մեր պատմության երջանիկ ավարտին չենք հասել:

 

Կռվակծիկն ու մյուսները պատրաստվում են պատերազմի

 

Դու մի ասա, երբ Բայկին ու Խոպոպիկը գրկում են իրար, այդ ժամանակ դրական էներգիայի մի հսկայական լիցք է տարածվում, և Կռվակծիկի սարքը որսում է այն: Նա իր աչքերին չի հավատում: Մի՞թե կարող էր նման բան լինել: Բացի Բայկիի ու Խոպոպիկի լիցքից նա տեսնում է էլի մի հզոր լիցք: Կռվակծիկը հասկանում է, որ այդ երկրորդ լիցքը Բնության ոգունն է: Նա նորից ու նորից է ստուգում սարքի ցուցմունքները: Բայց սարքը չէր խաբում: Կռվակծիկը շատ է մտահոգվում: Շատ տարիներ առաջ նա կարողացել էր հաղթել, բայց հիմա տեսնում է, որ դա իրեն թվացել է: Ու սկսում է մտածել, թե ինչ անի և վերջապես ելքը գտնում է: Հրամայում է մեքենաներ պատրաստել, որպեսզի կարողանա մարտի դուրս գալ նրանց դեմ: Մարդուկներին բաժանում է երկու մասի: Մի մասը սկսում է աշխատել նոր մեքենաների վրա, իսկ մյուս մասը շարունակում է ավարտին հասցնել չարագույժ սարքերը, որոնք պետք է վերացներին լավն ու բարին, գեղեցիկն ու այն ամենը, ինչ կապված է լավի հետ: Անցնում է որոշ ժամանակ: Կռվակծիկը օր ու գիշեր աշխատեցնում էր խեղճ մարդուկներին՝ առանց հանգստի: Ինքն անձամբ կանգնած նրանց մոտ՝ վերահսկում էր աշխատանքներն ու ստուգում վերջնական արդյունքները: Եվ ահա, եկավ այն պահը, որին նա այդքան սպասում էր: Սարքերն ու ռոբոտների բանակը պատրաստ էին, և նա հրաման տվեց, որ գործի գցվեն սարքերը: Մարդուկները խառնվեցին իրար, բայց ճար չունեին, ստիպված էին ենթարկվել: Սարքերն սկսեցին աշխատել, հողը ցնցվեց, և ցնցումի ալիքը տարածվեց բոլոր կողմերը: Կռվակծիկը, կանգնած բարձունքին, հրճվանքից ու հիացմունքից դողում էր: Նա զմայլված նայում էր իր կյանքի երազանքի իրականացմանը:

Մեր հերոսները այդ ժամանակ գտնվում էին Խոպոպիկի թաքստոցում: Նրանք մտմտում էին, թե ինչպես անեն, որ խափանեն Կռվակծիկի ծրագիրը, երբ հանկարծ հողն ուժգին ցնցվում է: Նրանք չեն հասկանում, թե ինչ է կատարվում: Այդ պահին թաքստոցի դուռը բացվում է, և ներս է մտնում Հնարամիտը մի քանի մարդուկների հետ: Նրանք բերել էին տարբեր տեսակի զենք ու զրահ, որոնք Հնարամիտը իր արհեստանոցում էր պատրաստել: Հնարամիտը հայտնում է ահավոր լուրը: Բոլորը խառնվում են իրար. չէ՞ որ նրանք դեռ վերջնական ծրագիր չունեին: Բայց դա ընդամենը մի պահ էր: Արագ սթափվելով ու կողմնորոշվելով՝ նրանք սկսում են զինվել: Հնարամիտը մինչև անգամ մոտոցիկլետի համար էլ էր զրահ սարքել: Երբ զինվում ավարտում են, Բնության ոգին հավաքում է նրանց և կոչով դիմում բոլորին: Նա ասում է, որ եկել է օրհասական պահը, որ նրանք այլ ելք չունեն և ստիպված են անհավասար մարտի ելնելու Կռվակծիկի ու նրա բանակի դեմ: Նա բոլորին հաջողություն է մաղթում, և միասին խմում են նրա պատրաստած ուժաբեր խմիչքը: Հնարամիտին որպես սուրհանդակ ուղարկում են Կռվակծիկի մոտ, որպեսզի նրան հայտնի, որ իրենք սպասում են մարտի աշտարակի մոտ գտնվող ճահճուտ դաշտում: Հնարամիտին ճանապարհում ու նրա հետևից իրենք էլ են ճամփա ընկնում: Երբ հասնում են աշտարակի մոտի ճահճուտ դաշտին, Բնության ոգին կանգնում է կենտրոնում և ինչ¬որ բան է մրմնջում, հետո մի սրվակ է հանում ուսապարկից: Այդ պահին մեղմ քամի է բարձրանում: Նա սրվակի մեջ եղած փոշին շաղ է տալիս օդում, իսկ քամին սկսում է տարածել այն: Եվ, ո՜վ զարմանք, չոր ու անկենդան թփերը ոչ միայն կանաչում են, այլև մեծանում ու հզորանում են:

Հանկարծ հեռվից խուլ դղրդոց է լսվում, որը գնալով ուժգնանում է: Ձայնի հետ հողն էլ է սկսում ուժգին ցնցվել: Երբ նրանք նայում են առաջ, հեռվում տեսնում են միայն փոշու ամպ, որը ծածկել էր ամբողջ հորիզոնը: Մինչ փոշու ամպը մոտենում էր, որից երևում էր Կռվակծիկի բանակի մեծությունը, Հնարամիտը միանում է իր ընկերներին: Նրա գլխում արդեն մի միտք կար: Նա դիմում է ընկերներին՝ ասելով, որ հակառակորդը շատ մեծաթիվ է, և իրենք մի բան պետք է պատրաստեն, որ Կռվակծիկի ռոբոտների մի մասին վնասի մինչև մոտենալը: Նա մոտավորապես բացատրում է, թե ինչ է ուզում սարքել: Հնարամիտի ընկերներից մեկը խնդրում է, որ դրա համար մոտոցիկլետն իրեն տանի մնացած մարդուկների մոտ: Նա ասում է, որ իրենց օգնություն է պետք, և այն մարդուկները, ովքեր չեն վախենա, կգան իր հետ: Մոտոցիկլետը մոտենում է Բայկիին և դռդռում իբրև համաձայնության նշան: Անվախիկը (դա Հնարամիտի ընկերոջ անունն է) արագ նստում է մոտոցիկլետը, և նրանք անհետանում են հեռվում՝ անկենդան ծառերի բների ու թփերի ճյուղերի արանքում: Հնարամիտն այդ ընթացքում Ուղեղիկին բացատրում է, թե ինչ սարք է ուզում: Դա պարսատիկի նման մի բան էր լինելու, բայց շա՜տ մեծ, որպեսզի նետված քարերը վնասեին ռոբոտներին: Ուղեղիկը սկսում է գծագրել այդ սարքը: Նա խնդրում է Բնության ոգուն, որ իր ուզած չափերով հաստաբուն, բայց ճկվող ծառեր աճեցնի: Նա նշում է տեղերը, թե որտեղ պետք է աճեն ծառերը:

Ոգին արագ անցնում է գործի: Նա կանգնում է բացատի կենտրոնում և խնդրում է Մայր բնությանը, որ օգնի իրեն, քանի որ ուժերը թուլանում էին: Ուղեղիկի ուզած տեղում ծառեր աճելուց հետո նա նորից դիմում է Ոգուն, որ բաղեղանման բույս ստեղծի, որն առաձգական կլինի, բայց միևնույն ժամանակ բավականին ամուր: Սակայն դա այնպես պետք է արվեր, որ հանգույց չունենար, այլապես հանգույցները կարող էին լարմանը չդիմանալ: Ոգին նորից կանգնում է կենտրոնում, և հանկարծ գերանների միջից, այն մասերից, որոնք նշված էին գծագրում, սկսում են հաստ ու առաձգական պարանի նմանվող ճյուղեր աճել, որոնք հասնելով միմյանց՝ պետք է միահյուսվեին: Բայց Ուղեղիկը կանգնեցնում է նրանց աճը: Նա արագ բերել է տալիս նախապես պատրաստած լայն և հաստ բռնիչները, որոնց միջոցով պետք է քարերը նետվեին: Ճյուղերը, մտնելով այդ բռնիչների մեջ, միահյուսվում են այնպես, որ երբ նայում էիր նրանց, թվում էր, թե նրանք մի ընդհանուր մարմին են եղել: Այդ ընթացքում մեր հերոսները մեկ ուրիշ աղմուկ էլ են լսում, այս անգամ այն կողմից, որով գնացել էր Անվախիկը: Նրանք շրջվելով տեսնում են Անվախիկին, որը մարդուկների մի հսկայական խմբի գլուխ անցած՝ արագ մոտենում էր իրենց: Իսկ երբ մոտենում են, այդ մարդուկների խմբին այլևս խումբ անվանել չէր կարելի: Նրանք մինչև ատամները զինված էին, դա արդեն կանոնավոր բանակի էր նման: Ուղեղիկը շատ է ուրախանում, քանի որ մինչ Կռվակծիկի զորքը կհասներ իրենց, նրանց հնարավորություն կընձեռնվեր փորձարկելու իրենց պարսատիկները: Գործունյան արագ անցնում է գործի: Նա մարդուկներից խմբեր է առանձնացնում և մոտոցիկլետին խնդրում, որպեսզի այդ խմբերին արագ տեղափոխի մերձակա ժայռերի մոտ: Մոտոցիկլետը մարդուկների խմբերին արագ տեղափոխում է ժայռերի մոտ, որտեղ նրանք սկսում են հսկայական ժայռաբեկորներ հատել պարսատիկների համար: Նրանց աշխատանքները ղեկավարում էր Գործունյան: Այդ ընթացքում Անվախիկը մյուս խմբերին բացատրում և սովորեցնում է, թե ոնց պետք է աշխատեցնեն պարսատիկները: Մի քանի ժայռաբեկոր կրակելուց հետո ամեն ինչ արդեն պատրաստ էր, թերությունները՝ վերացված: Այս ընթացքում Կռվակծիկի զորքը բավականին մոտեցել էր և ուր որ է հասնելու էր ճակատամարտի վայրը: Մի պահ մեր հերոսներին թողնենք կռվի դաշտում և գնանք տեսնենք, թե Կռվակծիկի սարքերի աշխատանքի հետևանքով ինչ է տեղի ունեցել մարդկանց աշխարհում:

Իսկ մարդկանց աշխարհում սկսվել էին տարօրինակ բաներ կատարվել: Մարդիկ սկսել էին իրար չհասկանալ, սիրելիները անհիմն վիճում էին միմյանց հետ, ատելությունն ու չարությունը բույն էր դնում նրանց սրտերում: Հարազատները անպատվում էին միմյանց, ամուսինները բաժանվում էին: Մինչև անգամ ծառերն ու ծաղիկներն էին գունազրկվում ու թառամում: Եվ այդ ահավոր իրավիճակը գնալով տարածվում ու համատարած էր դառնում: Մարդիկ չարացած ջարդում ու թալանում էին ամեն ինչ: Կռվում, վիճում, ծեծում ու սպանում էին միմյանց: Իրենք իրենց ձեռքերով վերացնում էին ամեն լավն ու բարին:

Այս ամբողջ ընթացքում մեր Բայկին ու Խոպոպիկն էլ ազատ չէին: Խոպոպիկը, հասկանալով, որ մարդուկները փոքր են և ինչքան էլ արագ շարժվեն, միևնույն է, նրանց որևէ բան է հարկավոր արագ տեղաշարժվելու համար, սկսում է նկարել: Նա նկարում է մի քանի արագավազ կենդանիներ՝ հովազ, ընձառյուծ, լուսան և թռչուններից մի քանի տեսակ՝ արծիվ ու բազե: Արագ-արագ նկարում է այդ կենդանիներին, որոնք նաև թամբեր ունեին: Իսկ ինչու այդ կենդանիներին՝ պարզ է. որովհետև նրանք էլ իրենց հերթին կարող էին կռվել և զգալի վնաս հասցնել թշնամուն: Իսկ Բայկին կանգնած սպասում էր, որ կենդանացած կենդանուն կցի խմբին ու հանձնի հերթական մարդուկին, որն էլ իր հերթին արագ ծանոթանում և մտերմանում էր իրեն հատկացված կենդանու հետ:

 

Պատերազմ

Եվ ահա հնչեցում են շեփորները, ինչը նշանակում էր, որ Կռվակծիկն իր զորքով արդեն դիրքավորված է և պատրաստվում է հարձակման: Մեր հերոսների դիրքերն ավելի նպաստավոր էին: Նրանք գտնվում էին բարձունքի վրա, և նրանց հեռահար կրակն ավելի դիպուկ կլիներ: Բոլորը գրավում են իրենց տեղերը. մարդուկները հեծնում են իրենց կենդանիներին ու թռչուններին, նետողները շարվում են իրենց պարսատիկների կողքին, իսկ Գործունյան սկսում է ավելի եռանդով ժայռաբեկորներ մատակարարել: Բայկին, նստած իր զրահապատ մոտոցիկլետի վրա, սպասում էր: Նա մտածում էր, թե ինչ պետք է անի, չէ՞ որ ոչ մի անգամ կռվի չէր մասնակցել: Այդ պահին նորից հնչում է շեփորների ձայնը, որն արդեն լայնածավալ հարձակում էր նշանակում: Բոլորը լարված կանգնած էին: Կռվակծիկի բանակը սկսում է առաջ շարժվել: Անվախիկը երկու մեծ խումբ է առանձնացնում, որոնք կենդանիներին հեծած սպասում էին: Խմբերին հրամայում է, որ նրանք շրջանցեն ռոբոտների բանակը և հարձակվեն աջ ու ձախ թևերից: Արծիվներին ու բազեներին հեծած մարդուկները հրաման են ստանում, որ ժայռաբեկորներով ռմբակոծեն ռոբոտներին: Պարսատիկների մարտկոցները, լարված-պատրաստ, սպասում էին, որ հակառակորդն այնքան մոտենա, որ խոցելի դառնա: Եվ վերջապես հնչում է Անվախիկի խրոխտ ձայնը՝ «Կրա՜կ»: Հրամանն արագ տարածվում է մարտիկների մեջ, և պարսատիկները մեկը մյուսի հետևից սկսում են հսկայական ժայռաբեկորներ նետել ռոբոտների վրա: Օդում խուլ սուլոցներ են լսվում, որն աստիճանաբար ուժգնանում էր: Ռոբոտները, վեր նայելով, տեսնում են ժայռաբեկորները, բայց արդեն ուշ էր, քարերը, մխրճվելով նրանց շարքերի մեջ, ջարդում ու վնասում էին նրանց: Բացի հարվածելուց գլորվելիս էլ էին իրենց գործն անում: Թռչունների խմբերն էլ էին ռմբակոծում նրանց: Կանաչ տարածքին հասնելուն պես մեր հերոսներին միանում են նաև ծառերն ու թփերը: Ցանկացած ռոբոտ, որ անցնում էր որևէ բույսի մոտով, դատապարտված էր վերանալու: Ծառերն ու թփերն իրենց ճյուղերով նրանց գրկում ու ճզմում էին այնքան, մինչև սրանք փշրվում էին: Այդպես մեկը մյուսի հետևից բռնում, ճզմում ու փշրում էին ռոբոտներին: Բայցևայնպես, այդ անհամար ռոբոտներից շատերը կարողացան անցնել ռմբակոծվող գոտին, և մեր հերոսներին այլ ելք չէր մնում, քան անցնել ձեռնամարտի: Պարսատիկներն անդադար կրակում էին, թռչունները ռմբակոծում էին, իսկ վերադարձի ճանապարհին էլ, ճանկելով մի որևէ ռոբոտի, բարձրացնում էին նրան բավական վեր ու բաց թողնում: Կռվակծիկի բանակին շրջանցած խմբերն էլ են մարտի մեջ մտնում: Եվ այսպես, Կռվակծիկի բանակը երեք կողմից ենթարկվում է հարձակման: Բայկին իր զրահապատ մոտոցիկլետով խիզախորեն սլանալով՝ մխրճվում է ռոբոտների շարքերը և սկսում է կատաղի մարտնչել: Նա աջ ու ձախ ոչնչացնում է ռոբոտներին իր ձեռքի հզոր ու երկար թրով, որը նրա համար Հնարամիտն էր կռել: Բայկին կռվում ու զարմանում էր ինքն իր վրա, չէ՞ որ նա երբևէ չէր կռվել, էլ ուր մնաց պատերազմել: Նրա ձեռքերը, ոտքերն ու մարմինը անկախ իրենից էին շարժվում, կարծես նախապես գիտեին՝ ինչ պետք է լինի և ինչ պետք է անեն: Նա այնպես էր կռվում, ասես տարիներով մարզվել էր: Բացի այդ, նա մի նոր յուրահատկություն էլ նկատեց: Ինքը ռոբոտների վրա տեսնում էր ամենաթույլ կետերը, որոնք խոցելով կարող էր հեշտորեն շարքից հանել ռոբոտներին: Այդ կետերը կարծես հատուկ լուսավորված լինեին: Խոպոպիկն էլ էր կռվում: Նա անվախ մարտիկի պես մենամարտում էր ռոբոտների հետ: Բայց չէ՞ որ նա նուրբ աղջնակ էր, և, ուրեմն, զարմանալի չէ, որ հոգնել էր թրով կռվելուց: Եվ այն ժամանակ, երբ նա նստած հանգստանում էր, ռոբոտներից մեկը ձեռքը մեկնում է, որ բռնի նրան: Խոպոպիկը, վախեցած, չգիտեր, թե ինչ անի: Այդ պահին նրա ձեռքը դիպչում է մատիտների պատյանին, և նա անմիջապես գլխի է ընկնում անելիքը: Նա արագ հանում է մատիտներից մեկը, օդում մի անցում է նկարում և իրեն նետում է անցումից ներս: Ռոբոտը ձեռքը նրա հետևից մտցնում է անցքի մեջ, բայց այդ պահին անցքը փակվում է, ու ռոբոտի ձեռքը կտրվում է: Խոպոպիկը հասկանում է, որ ինքն այսպես ավելի մեծ օգուտ կարող է տալ իր ընկերներին: Նա սկսում է վազել և միաժամանակ օդում անցքեր նկարել: Եվ երբ որևէ ռոբոտ փորձում է նրա հետևից անցնել այդ անցքով, մնում է երկու կողմերի արանքում: Մեկի գլուխն է կտրվում, մյուսը երկու կես է լինում, մեկը մասնատվում է: Իսկ Խոպոպիկը գնալով ավելի է կատարելագործվում, արագություն ու հմտություն ձեռք բերում:

 

 

Թե ինչ հայտնաբերեցին Խոպոպիկն ու Ուղեղիկը

 

Բայց այսպես երկար չէր կարող շարունակվել: Կռվակծիկի մեքենաներն իրենց սև գործն անում էին, և պետք էր մեկը, ով կկարողանար կանգնեցնել, խափանել նրանց ավերածությունները: Բնության ոգին մի կերպ հասնում է Խոպոպիկին և հայտնում, որ եկել է այն պահը, երբ Խոպոպիկը պետք է փրկի աշխարհը: Նա և միայն նա կարող է անել դա, իսկ թե ինչպե՞ս՝ ինքը պիտի որոշի: Խոպոպիկը մի պահ շվարում է, հետո, հավաքելով իրեն, փնտրում-գտնում է Ուղեղիկին, հայտնում նրան, որ նա պետք է օգնի իրեն՝ վերացնելու այդ սարքերը: Ուղեղիկը անմիջապես համաձայնում է և ուրախանում, որ պետք է մասնակցի նման պատասխանատու առաջադրանքի: Խոպոպիկը գրկում է Ուղեղիկին և մի անցք նկարում: Անցքն անմիջապես բացվում է այդ սարքերի տարածքում, և երբ նրանք հայտնվում են այնտեղ, ապա երևացող տեսարանից սարսռում են: Մեքենաները մե՜ծ, շա՜տ մեծ ու անթիվ-անհամար են: Բայց տարածքն ուշադիր ուսումնասիրելուց հետո նկատում են, որ լուսավոր էներգիայի մի հսկայական սյուն իջնում ու միանում է սարքերին, իսկ մյուս կողմից դժգույն մի սյուն է դուրս գալիս և տարածվում ամենուր: Երկինքը մթնած էր, բայց դրանք սովորական անձրևաբեր ամպեր չէին: Խոպոպիկն ու Ուղեղիկը նայում են միմյանց և փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում: Առհասարակ ինչպես, ինչի հիման վրա են աշխատում այդ սարքերը: Խոպոպիկը այդ սյուներին նայելով մտածում էր և հանկարծ ամեն ինչ հասկանում է: Նա Ուղեղիկին սկսում է բացատրել, որ դրանք պարզապես սարքեր են, մեխանիզմներ, որոնց կարելի է խափանել կամ այնպես անել, որ հակառակ գործն անեն: Խոպոպիկը լավ նկարելուց բացի նաև շատ լավ, գերազանց էր սովորել դպրոցում: Նրա սիրելի առարկաներն էին ֆիզիկան, քիմիան, մաթեմատիկան: Նա հետո էլ էր խորությամբ ուսումնասիրել այդ առարկաները, հատկապես ֆիզիկան: Եվ հիմա նա, Ուղեղիկին գրկած, վազելով մոտենում է սարքերին ու դրանց լաբիրինթոսի միջով փորձում է հասնել կենտրոնական սարքին: Նրանք պետք է հասկանային, թե ինչ է անում այդ սարքը: Տեղ հասնելուն պես սկսում են զննել սարքը կառավարող հսկայական վահանակը, որի վրա ոչ մի սեղմակ չկար: Վահանակը սենսորային էր, աշխատում էր հպման միջոցով: Սա նրանք հասկանում են այն ժամանակ, երբ Ուղեղիկը պատահաբար հենվում է դրան: Վահանակն անմիջապես ակտիվանում է, և նրա վրա պարզ երևում է բոլոր սարքերի միասնական աշխատանքի սխեման:

 

Ինչ որոշում է կայացնում Ուղեղիկը

Որոշ ժամանակ սխեման ուսումնասիրելուց հետո Խոպոպիկը ի վերջո գլխի է ընկնում, թե ինչն ինչոց է: Փաստորեն սարքերի աշխատանքի սկզբունքը հետևյալն էր՝ աշխարհի բոլոր անկյուններից ամեն տիպի դրական լիցքով էներգիան հավաքվում, կուտակվում էր մի սյան մեջ, որն էլ լուսավոր սյան տեսքով մտնում էր սարքի մեջ: Այնտեղ դրականը ձևափոխվում էր բացասական էներգիայի և դժգույն սյան տեսքով դուրս էր գալիս ու տարածվում ամբողջ աշխարհում: Նշանակում է՝ հարկ է, որ դրական էներգիայի փոխարեն հավաքվեր բացասական էներգիան և դուրս գար ու տարածվեր որպես դրական էներգիա: Այդ ժամանակ մարդկանց աշխարհում ամեն ինչ իր տեղը կընկներ: Խոպոպիկը բացատրում է Ուղեղիկին իր մտածածը, և վերջինս անցնում է գործի: Նա նորից սկսում է ուշադիր ուսումնասիրել սարքի սխեման և զուգահեռաբար գծել իր սեփական գծագիրը: Եվ ահա վերջապես ամեն ինչ կարծես պատրաստ է: Մնում էր միայն, որ կարողանան իրականացնել այն ամենը, ինչ մտածել են: Բայց նրանց օգնություն էր հարկավոր: Մի պահ հուսալքվում են. ախր երկուսով չեն կարող պտտել այն անիվները, որոնք պետք է փոխեին բևեռները:

Հանկարծ Ուղեղիկը հիշում է, որ ոչ բոլոր մարդուկներն են մարտադաշտում, և Խոպոպիկին խնդրում է, որ իրեն տեղափոխի մնացած մարդուկների մոտ: Երբ նրանք հայտնվում են մարդուկների տների մոտ, Ուղեղիկը ձայն է տալիս, որ բոլորը հավաքվեն: Վախվորած մարդուկները սկսում են իրենց տներից քիչ-քիչ դուրս գալ, և երբ վերջին մարդուկն էլ է գալիս, Ուղեղիկը սկսում է խոսել.

-Դուք ինչո՞ւ եք վախկոտաբար թաքնվել ձեր խրճիթներում, այն ժամանակ, երբ ձեր եղբայրները անհավասար կռիվ են մղում չար ու դաժան Կռվակծիկի ու նրա զորքի դեմ: Ինչո՞ւ չեք ուզում մասնակցել այս պատերազմին, չէ՞ որ ամեն մարդուկի նույնիսկ աննշան օգնությունը կարևոր է: Մի՞թե դուք չեք ուզում ազատվել այս դաժանությունից ու գոյություն քարշ տալուց, որը դուք ապրել եք համարում: Թե՞ ձեզ դուր է գալիս շղթայված սողալ ու մտրակների հարվածների տակ հրամաններ կատարել որպես ձայնազուրկ ճորտեր:

Նա մի պահ լռում է, նայում է հավաքվածներին, նրանց դեմքերին և ապա շարունակում.

-Եթե դուք վախենում եք պատերազմելուց ու անմիջական մարտից, ապա կարող եք կռվել թիկունքում: Պարտադիր չէ մարտիկի պես կռվեք թշնամու դեմ, կարող եք օգնել ինձ, որ Կռվակծիկի սարքի աշխատանքի բնույթը փոխենք, դրանով իսկ վերջ տանք ամեն ինչին: Թե՛ մենք ազատություն ձեռք կբերենք և թե՛ մարդիկ կվերականգնեն իրենց կորցրած արժանիքները: Այսպիսով, եթե ձեր մեջ մնացել է իսկական մարդուկի ազատամիտ ոգուց մի մասնիկ, և դեռ լիովին չեք դարձել ստրկամիտ, ապա հետևեք ինձ, և ես կբացատրեմ, ցույց կտամ ձեզ, թե ինչ պետք է անել:

Երբ Ուղեղիկը խոսքն ավարտեց, շուրջը քար լռություն էր տիրել: Անգամ Խոպոպիկն էր բերանը կիսաբաց, ապշահար նայում Ուղեղիկին: Այդ լռությունը տևեց մի քանի րոպե, հետո մարդուկների շարքերից հատուկենտ ձայներ լսվեցին: Այդ ձայները տարածվելով դարձան մի ընդհանուր կանչ, կարծես հավաքվածները մեկ մարմին դարձան, որն սկսեց վանկարկել՝«Մենք քեզ հետ ենք»:

Այսպիսով, Ուղեղիկն ու Խոպոպիկը գտնում են օգնականներ, բայց դեռ պետք էր շտապել: Արագացնելու համար Խոպոպիկը սկսում է խումբ-խումբ տեղափոխել մարդուկներին: Երբ բոլորին տեղափոխում է, Ուղեղիկն արդեն պատրաստ սպասում էր: Նա բոլորին բաժանում է խմբերի: Նախ առանձնացնում է երկու հիմնական խումբ, որոնք պետք է պտտեին մեծ անիվները, իսկ մյուսները մանր-մունր անիվները պիտի աշխատեցնեին: Երբ ամեն մեկն ստանում է իր առաջադրանքը, և յուրաքանչյուրն արդեն գիտեր իր անելիքը, Ուղեղիկը հրաման է տալիս, որ բոլորն արագ զբաղեցնեն իրենց տեղերը: Ամենակարևոր և պատասխանատու պահն այն էր, որ անիվները պտտվեին միաժամանակ, այլապես ոչ միայն ոչինչ չէր ստացվի, այլև ամեն ինչ կոչնչանար, կպայթեր: Բանն այն է, որ մի սարքի մեջ միաժամանակ կմտներ երկու դրական լիցք, իսկ փոխարենը ոչինչ դուրս չէր գա և դրանից կառաջանար պայթյուն: Երբ բոլորը տեղերում էին ու պատրաստ, Ուղեղիկը երկու ջահ է վառում և խնդրում Խոպոպիկին, որ ջահերը պարզի վեր և միաժամանակ իջեցնի, դա սկսելու նշանն էր: Խոպոպիկը ջահերը պարզած կանգնում է ամենաբարձր կետում: Բոլորը լարված սպասում էին ազդանշանին, և այն չի ուշանում: Խոպոպիկը ջահերն իջեցնում է: Այդ պահին Ուղեղիկը վահանակի վրա ինչ-որ բաներ է անում, իսկ փոքրիկ մարդիկ սկսում են պտտել երկու հսկայական անիվներն ու փոքր անվակները: Լսվում է մետաղի բարձր ճռնչոցը, կարծես ամեն ինչ փուլ էր գալիս: Ահավոր մեծ ջանքեր էին պահանջվում մարդուկներից՝ պտտելու համար այդ երկու անիվները: Այդ անիվների կենտրոններից էին մտնում ու դուրս գալիս էներգիաների սյուները: Անիվներն անհրաժեշտ չափով պտտելուց հետո մարդուկներն ուժասպառ այս ու այն կողմ են թափվում: Բայց ոչինչ տեղի չի ունենում: Բոլորը հիասթափված նայում էին Ուղեղիկին, որն արագ-արագ իր գծագրերն էր ստուգում, փորձում էր հասկանալ, թե որտեղ է սխալվել: Բայց սխալ չկար՝ ամեն ինչ ճիշտ էր: Խոպոպիկը խուճապի մեջ է ընկնում: Նա չէր հասկանում, թե ինչ է կատարվում: Հանկարծ սյուներն ընդհատվում են, ամեն ինչ մի պահ լռում է: Հետո հողը սկսում է ուժգին ցնցվել, և միևնույն ժամանակ խուլ ձայն է լսվում, որը գնալով ուժգնանում էր, և երկու սյուները նորից ժայթքում են անիվներից: Ձայնն այնքան ուժեղ էր, որ կարծես հզոր պայթյուն լիներ: Այժմ սարքն աշխատում էր հակառակ ռեժիմով՝ բացասական էներգիան վերցնում ու փոխակերպում էր դրական էներգիայի: Բոլորը մի պահ չեն հասկանում, թե ինչ է կատարվում: Նրանց թվում է, թե ամեն ինչ նորից նույնն է, միայն Խոպոպիկն ու Ուղեղիկն էին ուրախությունից թռչկոտում: Նրանք արագ հավաքվում են և որոշում վերադառնալ մարտադաշտ՝ իրենց ընկերների մոտ:

 

Պատերազմի վերջը և Կռվակծիկի վախճանը

Այդ ընթացքում, երբ Խոպոպիկն ու Ուղեղիկը սարքի վրա էին չարչարվում, մեր մյուս հերոսները կատաղի մարտում արդեն հոգնել էին: Էլ ուժ չէր մնացել, որ կռիվը շարունակեին: Այն պահին, երբ բոլորը ուժասպառ ընկել էին, և ռոբոտները ուր որ է պետք է բռնեին ու գերեվարեին նրանց, հրաշք է տեղի ունենում: Բոլոր ռոբոտներն անխտիր մի պահ քարանում են, հետո ուղղվում, սկսում տարօրինակ կերպով ցնցվել, ապա համատարած սկսում են քանդվել ու պայթել: Փաստորեն ռոբոտները սնվում էին այն բացասական էներգիայով, որը տարածում էր սարքը: Իսկ հիմա, երբ սարքը դրական լիցքերով էներգիա էր տարածում, նրանց համար դա կործանարար էր: Անգամ Կռվակծիկի համար էր այդ էներգիան մահացու: Սկզբում նա իր բարձունքից տեսնում է, թե ինչպես է իր զորքը շարքից դուրս գալիս, վերանում: Նա կատաղությունից չգիտեր ինչ անել, հետո տարօրինակ բան է զգում՝ թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց: Երբ հասկանում է, թե իր հետ ինչ է կատարվում, արդեն ուշ էր: Նա իր համար մահացու չափաբաժնով դրական էներգիա էր ստացել և դեռ շարունակում էր ստանալ: Եվ այդ էներգիան ստանում է այնքան ժամանակ, մինչև պայթում է: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես Կռվակծիկը երբևէ չէր էլ եղել: Նրա գոյության մասին խոսում էին միայն քանդված ու ջարդված ռոբոտների մնացորդները: Բոլորը մի պահ շվարած նայում էին շուրջը և ոչինչ չէին հասկանում:

Հետո հանկարծ երկինքը սկսում է հետզհետե լուսավորվել, պայծառանալ: Այնքան, մինչև ամբողջ երկնակամարը բաց երկնագույնով է ներկվում: Մութ, սև ամպերը ցրվում են: Մեր հերոսները հասկանում են, որ ամեն ինչ ավարտված է, որ իրենք վերջապես Չարին հաղթեցին բազում տարիներ տևող անհավասար պայքարում և օգնեցին, որ Արդարն ու Բարին վերադառնան մարդկանց մոտ: Նրանք ուրախությունից չգիտեին ինչ անել: Վազվզում էին ռոբոտների մնացորդների արանքով, բարձր աղաղակում, գրկախառնվում, կապ չունի, թե ով ում՝ մարդիկ, կենդանիները, մարդուկները: Այդ աշխարհի բնությունն էլ է զարթնում: Չէ՞ որ այդտեղ ամեն բան դժգույն էր ու անկենդան: Ծառերն ու թփերը կանաչում են, ծաղիկներ են հայտնվում, դաշտերն ու մարգագետինները ծածկվում են թավշյա կանաչով: Մարդուկներն ու գազանները թավալվում էին կանաչ խոտի վրա, բերանքսիվայր պառկած գետնին արագորեն շնչում էին թարմ ու կանաչ խոտի և ծաղիկների բույրը, քանի որ նրանք երբեք չէին տեսել կանաչ բուսականություն:

Իսկ մարդկանց աշխարհում շարունակվում էր ընդհանուր խելացնորությունը: Մարդիկ խենթացած վնասում, ջարդում, կռվում էին միմյանց հետ: Եվ երբ Խոպոպիկն ու Ուղեղիկը շրջում են անիվները, ու էներգիաները փոխվում են, մարդիկ սկսում են քիչ-քիչ սթափվել: Ուշքի գալով՝ ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է եղել իր հետ, իր տան ու քաղաքի հետ, իր հարազատների հետ: Նրանք փնտրում, գտնում էին իրենց հարազատներին ու ներողություն խնդրում իրարից: Այնուհետև բոլորը միասին համատեղ ուժերով սկսում են վերականգնել իրենց ավերված քաղաքը:

Խոպոպիկը, տեսնելով Բայկիին, վազում է նրա մոտ, ամուր գրկում և ուրախությունից սկսում է արտասվել: Քիչ անց նրանց է մոտենում Բնության ոգին: Նա պայծառացած, ավելի ջահելացած էր: Ապա բոլորը միասին գնում են մարդուկների բնակավայրը: Հանկարծ Հնարամիտը հիշում է մեր Խոպոպիկի կրկնօրինակի մասին և մոտոցիկլետին խնդրում, որ միասին գնան նրա հետևից: Մարդուկների բնակավայրում խնջույք էր սկսվել: Սեղանների ծայրը չէր երևում: Բոլորն ուրախ ուտում, խմում, համբուրվում, երգում ու պարում, շնորհավորում էին միմյանց: Երբ մեր հերոսներին միանում է Խոպոպիկի կրկնօրինակը, Բայկին մի պահ զարմանքից քարանում է ու տխրում: Բնության ոգին մոտենում է Խոպոպիկին ու նրա կրկնօրինակին, բռնում նրանց ձեռքերն ու սկսեց ինչ-որ բան շշնջալ: Եվ այդ պահին հրաշք է տեղի ունենում. Խոպոպիկը նորից իր նախկին տեսքն է ստանում: Բայկին շատ է ուրախանում, չէ՞ որ իր սիրելի Խոպոպիկը վերադարձավ: Բնության ոգին Բայկիին ու Խոպոպիկին խնդրում է, որ կրկնօրինակ աղջկան թողնեն իր մոտ, ախր նա էլ հասարակ աղջիկ չէր: Նա ասում է, որ աղջնակին կսովորեցնի բնության բոլոր գաղտնիքները, և նա կդառնա բնության ոգիներից երկրորդը: Բոլորը սիրով համաձայնվում են: Խոպոպիկի կրկնօրինակը շատ ուրախ էր, որ վերջապես գտավ իր գոյության իմաստը:

Վերջապես գալիս է այն պահը, երբ Բայկին ու Խոպոպիկը պետք է վերադառնային իրենց աշխարհը: Բոլորը տխրում են, Ուղեղիկը, Գործունյան, Հնարամիտն ու Անվախիկը, կողք կողքի կանգնած, տխուր դեմքերով նայում էին նրանց: Գնալուց առաջ Բայկին ու Խոպոպիկը հավաքում են նրանց բոլորին և պայմանավորվում, որ եթե երբևէ աշխարհի մի որևէ անկյունում նորից հայտնվի Կռվակծիկի նման մեկը, ապա նրանք նորից համատեղ ուժերով նրա հախից կգան, նորից բոլորը կհամախմբվեն և կպայքարեն չարի դեմ: Իսկ մինչ այդ նրանք խոստանում են, որ առանձին-առանձին կպահեն ու կտարածեն միայն լավն ու բարին: Պայմանավորվում են, վերջին բաժակ նեկտարը խմում ու ճանապարհ ընկնում: Իսկ երբ տեղ են հասնում, չեն ճանաչում իրենց հարազատ քաղաքը: Այն ավելի էր գեղեցկացել, իսկ բնակիչները բարեկիրթ ու ժպտերես էին դարձել: Բայկին գրկում է Խոպոպիկին ու շշնջում ականջին, որ ինքն ամուսնության առաջարկություն է անում նրան: Խոպոպիկը մի պահ կարմրում է, բայց հետո ուրախ կախվում Բայկիի վզից: Դա համաձայնության նշան էր: Նրանք շատ մեծ ու շքեղ հարսանիք են անում, որին մասնակցում են քաղաքի բնակիչներն ու նրանց բարեկամները՝ Ուղեղիկն ու Գործունյան, Հնարամիտն ու Անվախիկը, Բնության ոգին ու Խոպոպիկի կրկնօրինակը: Այդ օրը բոլորն ուրախ ու երջանիկ էին:

Ահա թե ինչպես ընկերությունն ու բարությունը հաղթեցին չարին:

 

Անդին 7-8, 2015

Share

Կարծիքներ

կարծիք