Բանաստեղծություններ

Հեղինակ:

 

Երևա՛ն, չեմ գնա

 

1.

Դու չես ձայնում ինձ,

Բայց չեմ գնա, մեկ է…

Որովհետև իմ բոլոր ճիչերը քո մասին են,

Քո աշունների մասին են երգերս բոլոր,

Քո գարունների մասին՝ ձյուները իմ…

Դու չես ձայնում ինձ,

Բայց իմ բոլոր թափառումներում

Ես միայն քե՛զ եմ գտնում,

Ու երբ հասկանում եմ՝ չես արթնացել դեռ

Վախենում եմ, որ կուշանաս երազիս գնացքից,

Որ չես հասնի կայարանն այն, ուր քեզ սպասում են

Հերոսներդ բոլոր Անսահմանից…

 

…Դու չես ձայնում ինձ,

Բայց չեմ գնա, մեկ է…

Որովհետև երբ թևերս պարզում եմ Մասիսին,

Իմ գրկում նորից հայտնվում ես դու…

Ու բոլոր ճիչերս խրոխտ երգեր են դառնում քո մասին…

 

2.

Դու այն սերն ես, որ պահել եմ էջերիս արանքում

Դեռ այն օրվանից, երբ քեզ չէի ճանաչում:

Բայց միշտ, երբ ուզել եմ ինձ նորից թերթել ,

Սահել ես իմ միջից այն ծաղկի նման

Որ խոհումներս ի վեր թանձրացել է իմ մեջ

Որ լուռ ներծծվել է ինքնությանս էջին,

Որին վախեցել եմ ես անզգույշ դիպչել,

Որ հիշողությունս հանկարծ չփշրվի…

Դու այնքան լռին ես ներգաղթվել իմ մեջ

Որ չեմ հասկացել՝ ինչպես շատացա քեզնով,

Ինչպես թանձրացա,

Ու ինքնությունս դարձավ անսքող…

 

…Դու այն սերն ես, որ պահում եմ էջերիս մեջ՝

Մինչ զավակներս մի օր կգտնեն քեզ…

 

3.

Ես որդեգրել եմ իմ ու քո հիշողությունը,

Որ երբ մեծանանք՝

Տիրություն անի՝

փողոց առ փողոց

Շենք առ շենք…

Ես որդեգրել եմ իմ ու քո երջանկությունը,

Որ մնացել էր անտեր

փողոցներիդ սինթետիկ քամիների մեջ,

Աստղապարանոց հյուրանոցներիդ

լյուքս համարներում,

Գովազդապատառ սյուներից կախ…

Ես որդեգրել եմ իմ ու քո ջահելությունը,

Որտեղ մենք այդքան էլ սիրուն չէինք,

Բայց մի բան կար մեր մեջ, թանկագին մի բան.

Մենք իրար այնքա՜ն հավատում էինք…

 

* * *

Նորից հագնում եմ ես վաղվա օրը.

Այն վրաս շատ նեղ է, թևքերը՝ կարճ,

Ու մի լայն սեղմոն կա գոտկատեղից վերև,

Որ իջնում է ուղիղ հոգուս վրա:

 

Ասում են՝ նրանով այնքան էլ տգեղ չեմ,

Որ կարող եմ նույնիսկ ճակատագրին գերել,

Ում չեմ գովաբանում առաջվա պես հնչեղ,

Ու նա ինձ հուշին է վաղուց հետգրել:

 

Ասես որտեղ են մեռնում անհույսները.

անդունդներում, թե թռիչքներում կարճ…

Միթե սառցահեղձ են բոլոր հարավները,

Ու հյուսիսները՝ այսքան արևաբաղձ:

 

Ես հագնում եմ նորից վաղվա օրը.

Ու սեղմվում մի կերպ հետգրության մեջ

Ասես մեզնից ով է ամենանզորը.

Ես, որ ունեմ նրան, թե նա, որ չունի ինձ…

 

 

Անդին 9-10, 2015

Share

Կարծիքներ

կարծիք