«Լավ, բա ձեր ուզածն ի՞նչ է»

Հեղինակ:

anna-ohanyanԱյո՛, հենց այսպիսի ձևակերպմամբ ու կոնկրետ հնչերանգով են մեծերը համառորեն ուզում իմանալ, թե ինչ է ուզում հայ երիտասարդությունը: Գոնե ինձ համար այս հարցին միանգամից դժվար է պատասխանել, քանի որ գլխացավ առաջացնելու չափ մտագրոհ է սկսվում: Կա՞ արդյոք «հայ երիտասարդություն» ասվածը, թե՞ այդ բառակապակցությունը գործածում ենք այդ տարիքային խմբի հայ անհատների համախմբի մասին խոսելիս: Մի ամբողջություն դառնալու համար սոսինձ՝ ձուլանյութ է պետք՝ արժեքներ, որոնք կմիացնեն մեզ: Այ այդ ձուլանյութի բաղադրության հարցն ամենադժվարներից է: Արևմտյան հասարակություններում այդ արժեքները առանց ցնցումների փոխանցվում են սերունդներին: Իսկ մենք ունենք լոկ ցնցումներ:

Թեև իմ աչքով չեմ տեսել, բայց իմ սրտով մի տեսակ ցավել եմ, որ մեզ 70 տարի շարունակ փորձել են զրկել կենսական անհրաժեշտության արժեքներից՝ հայ, հայկական, ազգային, առաքելական… Հայ խրոխտ երիտասարդից, որի առաքելությունը նախկինում ազնվագույնն է եղել՝ պայքար ազգի ու ազգայինի համար, փորձել են «կոմերիտական» ստանալ: Անգամ բառն է տհաճ, չէ՞: Ու այստեղ կարևոր մի լար, շատ հեռվից ձգվող մի լար սկսել է քրքրվել: Այն չի կտրվել, որովհետև ինչպես արգելված գրականությունն է պահվել հատուկ դարակներում, այնպես էլ մեր ծնողները գաղափարներ են կուտակել իրենց մտավոր դարակներում: Ու շուտով մեր ծնողներն իրենց հաղթանակով՝ Ղարաբայան շարժմամբ, սկիզբ դրեցին արժեհամակարգի վերափոխմանը: Բայց հնի հիմնովին փլուզումն ու նորի ստեղծումը պետք է ճգժնաժամի հանգեցներ, ու հենց այս արժեքասոցիալատնտեսամշակութային ճգնաժամի պայմաններում ծնվեցինք մենք՝ անկախության սերունդը: Գնում էինք դպրոց, որ վերափոխվում էր հենց մեր սովորելու ընթացքում, սովորում ենք բուհերում, որոնցում գործող նոր համակարգը երբեմն մենք ենք բացատրում մեր դասախոսներին, ու աշխատանքի ենք ընդունվում այն մասնագիտություններով, որոնք ստեղծվել են հենց երեկ: Իսկ պետությունը շատերիս հասակակիցն է, որը մեր տեմպով մեծանալու ու կայանալու իրավունք չունի. այս բարդ ներքին ու աշխարհաքաղաքական պայմաններում այն ժամ առ ժամ պիտի դառնա ավելի ինքնուրույն ու կայուն:

«Հենց դուք եք մեր երկրի ապագա որոշում կայացնողները, մեր երկիրը շենացնողները» խոսքերը, որ լսում ենք դպրոցի ուսուցիչների հորդորներում, տարբեր պաշտոնյաների ելույթներում, նույնիսկ ամպագորգոռ կենացներում, ոչ թե պատասխանատվության չափաբաժինն ավելի են մեծացնում, այլ հոգնեցնում են: Դրանք հաճախ ավագ սերնդի կողմից այնքան անկյանք ու մեքենայաբար են ասվում, որ ոչ մի երիտասարդի չեն ոգեշնչում, իսկ այդ շինծու պաթոսը միանգամայն հակառակ ազդեցությունն է ունենում: Մեզ հետ կարծես անկեղծորեն չեն ուզում խոսել, հետաքրքրվել, թե այդ ինչպես ենք ուզում «երկիրը շենացնել», ինչ որոշումներ ենք պատրաստվում կայացնել: Ներկան ոչ ոք չի ուզում մեզ վստահել, հորդորում են հայացքն ապագային ուղղել: Իսկ մենք, «մեր ֆեյսբուքներում նստած», հեռանում ենք մեր ծնողների պատկերացրած հայրենասիրությունից ու ամեն ինչ վիրտուալացնում: Բայց սոցիալական ցանցերի գերիշխանության այս ժամանակաշրջանում մի բան ակնհայտ է դարձել՝ հայ երիտասարդության սուր հումորի զգացումը անգերազանցելի է: Անգամ ամենադատապարտելի, ամենատհաճ ու անելանելի իրավիճակներում երևան են գալիս մեմերը՝ հեգնանքի ու լավ տրամադրության կրիչները: Մեկս մյուսին հերթ չտալով ծաղրում ենք թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային այն իրադարձությունները, որոնք մեզ դուր չեն գալիս: Երբեմն անգամ զարմանում ես, թե ինչքան կրեատիվ ներուժ ունենք երիտասարդներս: Գուցե դա ձեռքբերովի ռեակցիա է մեզ փոխանցված գենետիկ ցավին, որի դեմ այսպես ենք որոշել պայքարել: Սա կարծես նոր տեսակի լիցք է, որից սնվում ենք:

Ընկերներ ունեմ, որոնց երբ հարցնում եմ, թե ինչ նպատակներ ու ցանկություններ ունեն, ասում են «դե, էստեղից գնալ է պետք, ի՞նչ ապագա կա որ»: Նրանց միշտ ասում եմ, որ այդպես ինձ շատ են վիրավորում: Նրանց ծնողներն էլ են մեղավոր, որ անզգուշություն ունեն այդ ծեծված ու անհեթեթ արտահայտությունն անելու: Ախր հարյուրավոր տարիներ անց հենց հիմա է, որ հայ երիտասարդի համար ապագա կա, հենց հիմա է, որ ամենաանհավանական նպատակները պիտի ունենանք: Ավելի ճիշտ ոչ թե նպատակ, այլ երազանք՝ հայկական երազանք: Պետք չէ վախենալ, որ մեզանից առաջ դա արդեն հորինել են ուրիշները: Պետք է ձևավորել հայկական երազանքը՝ հայկական գաղափարներով ու իդեալներով:

Ու մինչ մտորումների ու որոնումների մեջ էի, թե ի՞նչ արժեքներով պիտի լցնենք առաջացած բացը, ի՞նչ սոսինձ-ձուլանյութ է մեզ պետք, ինչպե՞ս գտնենք մեր երազանքը, մի քանի իրադարձություններ եկան ոչ միայն սփոփելու, այլև թևեր տալու: Օրինակ՝ System of a Down խմբի համերգը իսկական շոկաթերապիա էր Հայոց ցեղասպանության հիշատակման օրերին. հարյուրավոր երիտասարդներ մի այնպիսի խելագար էներգիա կուտակեցին, որ ապրիլի 24-ի առավոտյան արթնացան առանց զոհի բարդույթի, արթնացան որպես իրական «Անկախության սերունդ»: Այդ արտահայտության մեջ արդեն ոչ մի կաթիլ պաթոս չկար. դա պարզ իրողություն էր: Կարծում եմ, որ թշնամու համար իրական սպառնալիքը ոչ միայն միջազգային բանաձևերն են կամ տարատեսակ զրահատեխնիկան, այլև վերածնված, իր արժեքները վերագտած հենց այդ հայ երիտասարդը, ով պատրաստ է գործով ապացուցել իր հայրենասիրությունը:

Բոլորը հիշում են, թե ինչ լայն ժպիտներով էին մեր երիտասարդները կանգառներում պայքարում ուղեվարձի թանկացման դեմ, ինչպես էին հոգսաշատ քաղաքացիներին համոզում միանալ պայքարին, ինչ վարակիչ էր անծանոթին սեփական մեքենայով տեղ հասցնելու փորձը: Անկախության սերունդն էր, որ մի քանի ամիս անց կանգնեց մի այլ պայքարի ու դա արեց՝ աշխարհին ցույց տալով, որ ցույցի ժամանակ կարելի է հայրենասիրական երգեր երգել, ոստիկանին միրգ հյուրասիրել, աղջիկ ցուցարարներին ու ոստիկաններին ծաղիկներ նվիրել, բազմաթիվ անծանոթ երիտասարդների հետ հարսանիք անել հենց հանրահավաքի ժամանակ: Ու ամենակարևորը. թույլ չտվեց, որ մեծերը խանգարեն, շեղեն, ապակողմնորոշեն: Բերածս օրինակները ապաքաղաքական են, հոգեբանական են ու արժեքաբանական: Ու հիմա մի հետաքրքիր, բարի, ջերմ, համերաշխ էներգիա կա, որում հենց պիտի գեներացվի Հայկական երազանքը: Օրինակ՝ իմ ուզածը ապահով երկիր ունենալն է, որը պետք չէ կապել որևէ կուսակցական ծրագրի հետ: Ուզում եմ լինենք ապահով անվտանգության, արդարադատության, տնտեսության, արտաքին հարաբերությունների, էկոլոգիայի տեսանկյունից: Ուզում եմ գիտակցենք, որ մենք ենք այն երջանիկները, որ մեր երիտասարդական մղումով մաս ենք կազմում մեր երազած երկրի կայացմանը և դա անում ենք մեզ հատուկ համերաշխության, աշխատասիրության ու բարության շնորհիվ:

 

Անդին 1, 2016

Share

Կարծիքներ

կարծիք