Լքել… Հայրենի՞քը

12241271_905457766208055_7726639097200922143_nԱնհատական ընկալման հարց է՝ լքե՞լ, թե՞ գնալ Հայրենիքից:

Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի երկրորդ հատորում լքել բայն ունի յոթ իմաստ: Հատկապես վեցերորդը շատ «նրբորեն» է բնորոշում լքման «դրությունը»՝ հուսալքել, հուսահատության մատնել: Ուշագրավ է, ոչ թե լքողն է հուսալքված, հուսահատության մատնված, այլ ենթադրվող այն սուբյեկտը կամ օբյեկտը, որը լքվել է: Ահա այն նրբությունը, որ մեր լեզուն զանց չի առել, մանավանդ երբ լքողի վիճակն էլ նախորդ և հաջորդ բացատրություններում չի հակադրում լքվողի վիճակին. չէ՞ որ լքողն էլ կարող է հուսալքված և հուսահատության մատնված լինել: Այսուհանդերձ, հօգուտ լքողի՝ շահեկանորեն տարբերվում է «ելման» դիրքը. լքյալը կշարունակի հածել գաղջության մեջ, իսկ լքողը հեռուն կգնա՝ նոր հորիզոններ, նոր հեռանկարներ՝ գոնե տեսականորեն, գոնե հոգեբանորեն:

Լքավեր. ահա այն ածականը, որ հետևանքում դիպուկ է բնորոշում լքվողին:

Իսկապես, ամեն լքվող ավերվելու հատկություն ունի, և այստեղ անհատական ընկալումը ոչ մի արժեք չունի․ դրության իսկությունն արդեն անհատական ընկալումից չի կախված․ այն օբյեկտիվ իրականություն է:

Նման մի իրականության մեջ պոետը կասի.

 

Ու երբ հանկարծ

Թողնում ես ինձ ու հեռանում՝

Լքված տան պես ճեղք եմ տալիս,

Ծեփս թափում, անտերանում,

Եվ կսկիծը, ցեցի նման,

Բույն է դնում իմ սյունի մեջ,

Ձեղունի մեջ ու գերանում… (Պ. Ս.)

 

Տարաբախտորեն, մենք՝ հայերս, սերնդեսերունդ կանգնած ենք այս դիլեմայի առաջ՝ լքե՞լ, թե՞, ամեն դեպքում, գնալԳնա՞լ, թե՞, ամեն դեպքում, լքել… Հայրենիքը: Իսկ լքումը դարձ չի ենթադրում… Իսկ լքումի մեջ խռովք կա, որ ինչ-որ մի օր զղջման է փոխակերպվում, բայց քանի որ լքումը դարձ չի ենթադրել՝ զղջման նոպան դառնում է տևական, դառնում է քրոնիկ:

Ասում են միգրացիա: Ասում եմ գաղթ, որովհետև գաղթի մեջ լքում չկա, պարտադրված գնալ կա, վիզը ծուլ անել կա, գլուխը հետ գցել կա, անջատման արցունք կա, ողբ ու ողբերգություն կա, հեռացումի ցավ կա, որ գոնե կիսով սփոփվում է դարձի երազանքում։

Ասում են էմիգրացիա: Ասում եմ արտագաղթ, որովհետև արտագաղթի մեջ կտրված արմատի կսկիծ կա, սրբություններից անժամանակ զատվելու գիտակցում կա, դառն ու անհաղորդ երկվություն կա, Հող ու Ջրի, Հայրենիքի ու Լեզվի գալիք կարոտ կա, անզորությունից գալարվող բաց նյարդ կա, բաց նյարդի չընդհատվող մրմուռ կա:

Ասում են՝ էմիգրանտ: Ասում եմ՝ ղարիբ: Ասում են՝ էմիգրանտ: Ասում եմ՝ պանդուխտ: Ասում են՝ չէ՜, էմիգրանտ: Ասում եմ՝ չէ՜, գաղթական, ասում եմ՝ չէ՜, վտարանդի, տարաշխարհական, ասում եմ՝ նժդե՜հ… Ո՛չ երբեք էմիգրանտ, ո՛չ երբեք… կոսմոպոլիտ:

Ասում եմ, որովհետև պատմագրությունը՝ պատմագրություն, բայց արյանս բաղադրությունն է հուշում, որ մեր գենը երբեք չի կրել «որտեղ հաց՝ էնտեղ կաց» վզի փաթաթանը: Որովհետև, մենք կարողացել ենք իրոք քարից հաց քամել ու երբեք աչք չենք դրել ուրիշի «ցորենհացին»: Այլ բան է, որ մեզնից մեր քարեհացի քարն էլ են ուզեցել խլել ու խլել են՝ տեղի ու «անտեղի» խաֆիրները, քեդխուդեքն ու ներսուդրսի տանուտերերը: (Ուր էր, թե դրանց կառապանին մեզ սայլապան արած լինեինք, արտատերին՝ քաղհանչի: Ավա՜ղ, չենք զորել: Ինչո՞ւ: Ինչուն մեզ հեռուն կտանի, շա՜տ հեռուն): Այլ բան է, որ մեր Արդարին մեղավոր են հանել ու իրենց բարաբբաներին մեզ դատավոր կարգել, այլ բան է, որ մեր Հայկից հուդաներ են կռել (անթույլատրելի շատ) ու մեր մեջ միսիոներներ դարձրել, այլ բան է, որ մեզնից զավթել են Հավատ(ք)ն ու արտոնել կրոնը, այլ բան է, որ մեզնից խլել են Տևելու Աստվածատուր իրավունքն ու թուլափայ հանել գոյելու «պատիվ», այլ բան է… որ մեր Գիրը դարձել է գրականություն, իսկ Տիրը՝ «պաշտոնաթող» քուրմ:

Լքել… Հայրենի՞քը: Պատմագիտությունը՝ պատմագիտություն, բայց գենիս հիշողությունը հուշում է, որ մեր բազմահազար պատմության հոլովույթում չի՛ եղել երբևէ նման դրվագ…

 

 

Անդին 9-10, 2015

Share

Կարծիքներ

կարծիք