Մի հավատացեք իմ զոհվելուն… Լեոնիդ Ազգալդյան

DSC04105vԼեոնիդ Ազգալդյանը, որը վաղուց պիտի պետականորեն արժանացած լիներ հերոսի կոչման, առայժմ, դե յուրե, ՀՀ ազգային հերոս չէ, իսկ դե ֆակտո ժողովուրդը վաղուց է նրան այդ կոչմանն արժանացրել: Կարծում եմ՝ ավելորդ չէ նշել, որ մեզ պարտադրված պատերազմի ժամանակ մկան ծակը փողով ման եկող ադրբեջանական պարտված բանակը, ոչ ավել, ոչ պակաս, 173 ազգային հերոս  ունի…

Լեոնիդ Ազգալդյանին ես հիշում եմ մանկական տարիներից: Իրենց ընտանիքն ապրում էր այն տարիներին Լենինի, այժմ Մաշտոցի պողոտայի թիվ 16 շենքում, անվանի գրող Խաչիկ Դաշտենցի հարևանությամբ, մենք՝ նույն բակի սեփական տանը: Լյոնյան (այդպես էին մտերիմները կոչում նրան) մեզանից տարիքով մեծ էր, արդեն ուսանող ու, բնականաբար, չէր մասնակցում մեր բակային խաղերին, բայց երբեմնակի իջնում էր խաղահրապարակ՝ մոռացության գիրկն ուղարկելով տարիքային տարբերության պատնեշը, մտերմիկ զրուցում հետներս, հաղորդակցվում մեր խնդիրներին ու անելիքներին, իր խորհուրդներով նպաստում դրանց իրագործմանը: Ծագումով բայազետցի, երկար տարիներ Թբիլիսիում ապրած հայրը, որ նաև հորս մտերիմն ու բանավեճերի անփոխարինելի ընկերն էր, կոմկուսի բարձրաստիճան պաշտոնյա էր, ծառայողական սև «Վոլգա» ուներ: Ամռանը շաբաթ օրերին Լյոնյան խնդրում էր վարորդին մի քանի ուղերթով մեզ Մանկական երկաթուղի հասցնել. լողում էինք Լյոնյայի ցուցումներով ու նախագծով մեր իսկ կողմից Հրազդան գետում պատրաստած ջրավազանում, ամբողջ օրն անցկացնում այնտեղ, վայելում Կիրովի անվան մանկական այգու դիմացի կրպակից գնած պոնչիկները, լիմոնադ խմում ու Լյոնյայի հետ արդեն ոտքով տուն վերադառնում: Երբ գործարկվեց Երևան-Սևան երկաթգիծը, Լյոնյան առաջինը մեզ գնացքով Սևան տարավ:

Պատահական չէ, որ նրա խոսքը բոլորիս համար օրենք էր: Եթե բան է, ինչ-որ հարցով վիճում էինք, ապա ամենազոր հաշտարար դատավորը նա էր, որին անվերապահորեն լսում էինք: Նրա միջամտությունից հետո ինչպես մենք, այնպես էլ հարևան բակերից մեզ հետ ֆուտբոլ խաղալու եկած տղաները հաշտվում էինք: Ֆուտբոլ խաղում էինք՝ սկզբում լիմոնադի ու պոնչիկի վրա (պարտվող թիմը հաղթողի տղաներից յուրաքանչյուրին մի շիշ լիմոնադ և երկու պոնչիկ պիտի գներ), հետո, տարիքներս առնելուն զուգընթաց, լիմոնադը փոխվեց գարեջրով, պոնչիկը՝ մսով կարկանդակով: Մի անգամ խաղը հաղթած, քափ-քրտինք մտած վայելում էինք սառը գարեջուրն ու կարկանդակը, երբ հանկարծակի հայտնվեց Լյոնյան: Տեսնելով գարեջրի կիսատ շշերը՝ մռայլվեց ու լուռ տեղավորվելով կողքներիս, ոչ այն է վիրավորված, ոչ այն է զայրացած, կիսաշշուկով  քրթմնջաց.

-Չէ, չեղավ, տղաներ, նախ՝ քրտնած վիճակում սառը հեղուկ խմելը վտանգավոր է, իսկ գարեջուրը, մեղմ ասած, հարբեցողության նման մի բան է: Էսպես որ գնա, դուք կարող է նաև օղի խմեք, ծխեք, թմրամիջոցներ օգտագործեք: Եթե իմ ասածներն ու հորդորները ձեզ համար գրոշի արժեք չունեն, պատրաստվում եք շարունակել ձեր ընտրած ճանապարհով գնալ, ինձ կմնա ցտեսություն ասել ձեզ:

Նա, ինչ խոսք, գիտեր իր հմայքի ուժն ու համոզված էր, որ ասածները տեղ հասան… Մենք ամոթից գետինը մտանք ու բոլորս միաբերան երդվեցինք այլևս չկրկնել: Այդպես էլ եղավ ու շարունակվում է ցայսօր: Ինքն էլ ոչ ծխում էր, ոչ էլ խմում՝ նույնը պահանջելով նաև մտերիմներից ու ընկերներից: Մենք նույնպես այդ խմբում էինք և ակնածանքով էինք ընդունում Լյոնյային, ձգտում նմանվել նրան:

Տարիները մեզ բաժանեցին, յուրաքանչյուրս գնաց իր ճանապարհով: Մեր վերջին հանդիպումը 1992-ի հունիսի վերջերին էր, երբ Լյոնյան, ցավոք, հավերժ լուռ, իր սիրելի Հայոց եռագույնը կրծքին, վերջին հրաժեշտն էր տալիս հարազատներին, ընկերներին, պաշտելի հայ ժողովրդին ու հայրենիքին, մեզ՝ բակի տղաներիս…

Մինչ այդ մենք նրա կյանքի վերջին ավելի քան տասը տարվա մասին գրեթե ոչինչ չգիտեինք: Այն, ինչ պատմեցին հերոսի մարտական ընկերներն ու ծառայակիցները, մեզ համար միանգամայն սպասելի էր, բայց նորություն:

…Ղարաբաղյան շարժման առաջին օրվանից Լեոնիդ Ազգալդյանը որպես ռազմական առաջատար գործիչ մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դեր ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը զենքը ձեռքին պաշտպանելու գործում: Համագործակցել է Հանրապետական կուսակցության և Անկախության բանակի հիմնադիր, երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանի հետ: Եվ քանի որ նրանից տարիքով մեծ էր, շատ բաներով նպաստել է Անկախության բանակի կազմավորմանը՝ երբեք չհավակնելով կուսակցական գործիչ լինել: Երդվյալ անկուսակցական լինելն էլ հետագայում պատճառ դարձավ նրանց բաժանման, քանի որ Նավասարդյանն առաջարկեց մտնել կուսակցության մեջ: Լեոնիդն առանձնացավ և ձեռնամուխ եղավ Ազատագրական բանակի ստեղծմանը: Հեռատես ու բանիմաց հայորդին Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից բարձրաձայնում էր, որ մեզ լուրջ փորձություններ են սպասվում, քանզի ադրբեջանցիները հեշտությամբ չեն հրաժարվի Ստալինի կողմից իրենց նվիրաբերված բնիկ հայկական տարածքներից ու ոչինչ չեն խնայի Արցախը նույնպես Նախիջևանի բախտին արժանացնելու, հայաթափելու և սեփականացնելու համար: Պատահական չէ, որ դեռևս խորհրդային բռնապետության օրերին նա զենք պատրաստելու, ադրբեջանցիների կողմից մեզ պատերազմ պարտադրելուն պատրաստ լինելու բացահայտ կոչեր էր անում: «Ձեռքերը թափահարելով և ճառեր ասելով Արցախը պահել հնարավոր չէ»,- ասում էր նա՝ հընթացս իր շուրջը համախմբելով համալսարանական ու լազերային ինստիտուտի ընկերներին՝ ֆիզիկոս-գիտնականներին, և սկսելով ինքնաշեն զենքերի արտադրությունը:  1990 թ. փետրվարից Ազգալդյանը վարել է Անկախության բանակի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում Նյուվադիի ազատագրմանը: Հետագայում Ազգալդյանն իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախյան ազատամարտի հետ՝ սկզբում գործելով Գետաշենի և Շահումյանի, այնուհետև Մարտակերտի շրջաններում: Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին ֆրանսահայ ազատամարտիկ Հովսեփ Հովսեփյանի («Պարոն Հովսեփ») հետ միասին ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին միտված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև կյանքի վերջը:

Պատմում է ջոկատի մարտիկ, այսօր «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, մասնագիտությամբ կիբեռնետիկ, հոգով ու էությամբ բանաստեղծ-երաժիշտ, ազգային պարարվեստի երախտավոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը.

-Ես Ազատագրական բանակին անդամագրվեցի Ազգալդյանի զոհվելուց մեկ ամիս հետո: Նա չկար, բայց բանակն ապրում ու շնչում էր նրանով: Եթե մի բան անում էինք, անպայման խորհրդակցում էինք, թե Ազգալդյանը տվյալ իրավիճակում ինչպես կվարվեր: Նրա տված բաղադրատոմսերը մինչև պատերազմի ավարտը բոլորիս համար ուղեցույց էին: Իհարկե, մինչև ջոկատին անդամագրվելը ես հեռակա ճանաչում էի Ազգալդյանին, գիտեի նրա անցած ճանապարհը: 1960 թվականին Ազգալդյանն ընդունվել էր Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել էր Երևանի պետական համալսարան ու ավարտել ռադիոֆիզիկա մասնագիտությամբ: Իսկ տեղափոխության պատճառն այն էր եղել, որ 1965 թվականի ապրիլի 24-ին Մոսկվայում ցույց էր կազմակերպել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով, լրջորեն վտանգելով կուսակցական պատասխանատու պաշտոն զբաղեցնող հոր վարկանիշը:

1988 թվականին նա չմասնակցեց միտինգներին, այլ ուղղակի կանգնեց, լսեց ու ձեռքը թափ տալով հեռացավ՝ ասելով, որ այս պայքարը զինված պայքարի է վերածվելու: Իր մարգարեական հեռատեսության, իմաստուն ու ազգային հոգեկերտվածքով հայորդին հեռացավ աղմկահույզ միտինգներից՝ ասելով այն, ինչ ավելի քան մեկ դար առաջ պատկերավոր ասել էր Բեռլինի կոնգրեսից հիասթափված ու ձեռնունայն վերադարձած Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկը՝ «Երկաթե շերեփ», ասել է թե՝ զենք ստեղծելու: Ղարաբաղյան գոյամարտի առաջին ինքնաշեն զենքերը հենց Ազգալդյանն էլ ստեղծեց: Եթե չլինեին Ազգալդյանի այդ ձեռնարկումները, գուցե այդ շարժումը դատապարտված լիներ: ՙԱյս երկրում՝ մերօրյա Հայաստանում, ավելի թանկ արժեք ունեցող երևույթ չկա, քան կամավոր զինվորագրված հայ տղան՚,- սիրում էր կրկնել Ազգալդյանը։

-Արցախյան ազատամարտը երկու հսկաներ է տվել, որոնք անխոցելի են այն առումով, որ մտավորն ու ֆիզիկականն իրենց մեջ հավասարազոր ուժգնությամբ էին՝ Մոնթե Մելքոնյան և Լեոնիդ Ազգալդյան, որոնց միտքն ու ուժը իրար չէր զիջում,- ասում է Ազգալդյանի բանակի զինվոր Գինոսյանն ու շարունակում,- Լ. Ազգալդյանը նժդեհյան գաղափարախոսության կրողն էր: Նժդեհն ասում էր՝ հայ զինվորը սովոր չէ, որ իր հրամանատարը հրամայում է խրամատից, նա սովոր է հրամանատարին տեսնել իր կողքին: Այդպիսին էր և Լեոնիդը, ով միշտ իր ջոկատի կողքին էր և ոգեշնչում էր տղաներին: Միաժամանակ նա ջոկատում խիստ կարգուկանոն էր սահմանել՝ չծխել, չխմել, զենքը միշտ ձեռքին պահել: Պատահական չէ, որ Ազգալդյանի հրամանատարության չորս տարիների ընթացքում մարտական գործողությունների հետևանքով զոհվել է ընդամենը 6 զինվոր, այնինչ նրա գլխավորած ջոկատն ազատագրել է 27 բնակավայր:

Գինոսյանի համոզմամբ՝ հենց Լ. Ազգալդյանն է Նժդեհի հոգեզավակը, իսկ ինքը նրան որակել է որպես «բազամաբևեռ մագնիս», չնայած մագնիսն ունենում է երկու բևեռ: Նա ոչ միայն զինվոր է կերտել, այլև ՀՀ քաղաքացի: Նրա ջոկատում լինելը պատիվ էր ու մեծ դպրոց, որտեղ թրծվել են նաև հայոց բանակի ապագա բազմաթիվ սպաներ:

-Լաչինի ազատագրումից հետո,- շարունակում է Գինոսյանը,- Ազգալդյանն ասել է, որ այս հաղթանակները կհավասարվեն զրոյի, եթե այս ամենի հետևում կանգնած չլինի հայոց կանոնավոր բանակը: Ազգալդյանն անկուսակցական լինելու իր սկզբունքին հավատարիմ է մնացել մինչև կյանքի վերջը: Արտասահամանցի լրագրողի՝ Ազգալդյանին ուղղված հարցին, թե նա ինչ գույնի է, այսինքն՝ ինչ կուսակցության է հարում, հայրենասեր հայորդին ծնկաչոք վերցրել է մի բուռ հող և ասել, որ դա է իր գույնը. հայ զինվորը չպետք է երանգավորում ունենա: Գինոսյանը հիշում է իր հրամանատարի մարգարեությունը՝ եթե ուզում եք, որ Արցախը վերամիավորվի Հայաստանին, ապա պետք է ազատագրել Քելբաջարը: Քելբաջարի ազատագրումը տեղի է ունենում արդեն Լ. Ազգալդյանի մահից հետո: Գործողությունը ղեկավարում էր մեր ժողովրդի մեկ այլ նվիրյալ զավակը՝ Մոնթե Մելքոնյանը՝ Ազգալդյանի ջոկատի ակտիվ մասնակցությամբ: Շատերն են հիշում  Ազգալդյանի խոսքերը՝ ազատագրված տարածքները սակարկման ենթակա չեն: Նա համոզված էր, որ ով կորցնի Արցախը, նա էլ կկործանվի: Ու կրկնելով իր մեծ հայրենակից Դրոյի խոսքերը, ասում էր՝ իսկ Արցախը նրանն է, ում պատկանում է Շուշին:

Բազմաթիվ հիշարժան և ուշագրավ դեպքեր կան Ազգալդյանի հետ կապված: Մի անգամ, օրինակ, մեքենայով գնալիս տղաներից մեկն օդում արծիվ է տեսել և, բարձրացնելով զենքը, ցանկացել է կրակել: Լեոնիդը զենքն իջեցրել է ու ասել. «Երբեք ոչ մեկի ճախրանքը մի ընդհատեք, առավել ևս, որ այդ թռչունը նաև Հայաստանի զինանշանի վրա է»: Մի անգամ էլ ջոկատի տղաներից մեկը, պարապությունից, թե ինչից, կրակել ու սպանել էր դաշտում հայտնված կրիային: Ազգալդյանը կանչել էր զինվորին ու, զսպելով կուտակված զայրույթը, ցածրաձայն հարցրել. «Դու քանի՞ տարի ես ապրելու»: «Մի 60-70»,-վախվորած քրթմնջացել էր տղան: «Իսկ գիտե՞ս կրիան քանի տարի է ապրում»,- հանգիստ հարցրել է հրամանատարն ու ինքն էլ պատասխանել իր հարցին. Մի երկու-երեք հարյուր տարի, այսինքն՝ 3 դար, դառնալով այս բնության մի մասը, լուռ ու անվրդով վկան, իսկ դու նրան զրկեցիր կյանքից: Բա կարելի՞ է: Գնա, այս անգամ ներում եմ: Մենք այստեղ եկել ենք ոչ թե սպանելու, այլ հաղթելու, արժանապատվորեն ապրելու ու ապրեցնելու համար, էլ չկրկնվի…»:

Լեոնիդ Ազգալդյանի գերնպատակը պատերազմի դաշտում մարդկային անխուսափելի կորուստների թիվը նվազագույնի հասցնելն էր: «Շատ քրտինք՝ քիչ արյուն»՝ ասում էր նա ու ինքն էլ անձամբ ղեկավարում զինվորների մարզումն ու զինպատրաստության պարապմունքները: Յուրաքանչյուր զինվոր նրա համար անչափ թանկ էր, յուրաքանչյուր կորուստ շատ ծանր էր տանում: Այդ պատճառով էլ ցանկացած գրոհի ամենամանրակրկիտ ձևով էր պատրաստվում՝ հնարավոր բոլոր տարբերակները, թշնամական դիմադրության ուղղություններն ու ձևերը հաշվարկելով: Ազատ ժամերին ռազմարվեստ էր ուսումնասիրում, հետը գրքերի մի ամբողջ պայուսակ էր ման տալիս, պատեհ առիթը բաց չթողնելով՝ ընթերցում: Յուրաքանչյուր զինվորի հիմնովին բացատրում էր մարտական գործողության բոլոր մանրամասները, հաղթելու ու առաջ շարժվելու միջոցները: Պատահական չէ, որ այս խիստ, պահանջկոտ, միաժամանակ անսահմանորեն բարի հրամանատարն իր բոլոր մարտիկների կուռքն էր: Նրա բանակի կարգապահության հիմքում, Նժդեհի բառերով ասած, գիտակցական կարգապահություն կար: Այսինքն՝ երբ զինվորը հասկանում էր իր կարգապահ լինելու առաքելության կարևորությունը, նրան պետք չէր պարտադրել կարգապահություն, ինչպես արվում է շատ բանակներում:

Եղել են դեպքեր, երբ Լեոնիդը հոգնած զինվորին դիրքերում տեսել է քնած, արթնացրել է նրան ու հրամայել «գնալ քնելու»՝ նրա փոխարեն անձամբ հերթապահելով դիրքում:

Զինվորը հաջորդ անգամ ամեն ինչ անում էր՝ հանկարծ նման օրը չընկնելու համար: Նա շատ ավելի ուշիմ էր լինում, ամոթից չգիտեր ուր գնալ, ոչ թե ասում էր՝ ինչ լավ ա, գնամ քնեմ: Այսինքն՝ երբ քո զորավարն իրոք բարոյական նկարագիր ունի, դա քեզ համար ավելի քան ապտակ է, ավելի քան պատիժ է: Սա իրական մեծ զորավարի խնդիր է. հզոր մարդը վատը լինելու, չար լինելու, պատժիչ լինելու խնդիր չունի: Սա պիտի ընդօրինակման առարկա դառնա խստությունն ու կոպտությունը ինքնահաստատման ու դաստիարակության միջոց դարձրած որոշ վայ հրամանատարների համար:

1403422009_le-commendant-leonide-azgaldianԼեոնիդ Ազգալդյանի մեծությունն ամեն ինչում էր արտահայտվում՝ նա մարմնով առողջ էր, հոգով՝ հզոր, մտքով՝ իմաստուն, իսկական Վերածննդի մարդ՝ առնացի գեղեցկությամբ, բարձր ինտելեկտով և հին սպարտացիների արքաների անունով, որը հպարտությամբ էր կրում: Խորհրդանշական էր նաև «ազգ» արմատով ազգանունը՝ նրա համար ամենասուրբ բառը: Նա պաշտում էր իր ժողովրդին, իր հայրենիքը: Վերջինս նրա համար ժամանակակից Հայաստանի սահմաններով չէր ավարտվում: Ազատագրելով Արցախը՝ նա մտովի ազատագրում էր նաև Կարինն ու Վանը, Կարսն ու Էրզրումը, ողջ Պատմական Հայաստանը: Սիրում էր կրկնել. «Մի հավատացեք, եթե ասեն, որ զոհվել եմ: Ես  Իսթամբուլի պարիսպների տակ եմ ընկնելու»:

Մարտական ընկերները մեծ հաճույքով մեջբերում են նրա մյուս թևավոր խոսքը  Արցախի մասին, ինչը Լեոնիդը կարողացավ ապացուցել անգամ զոհվելու գնով: «Սա Հայաստան է, և վերջ… Ո՛չ ոք չի կարող ասել, որ սա Հայաստան չէ, ո՛չ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնման դնել: Ոչ մի գաղափարով չի կարելի արդարացնել Շահումյանի, Գետաշենի, Արցախի և հայոց այլ հողերի հանձնումը»…

Ազատագրական բանակի մեկ այլ զինվոր՝ Սարգիս Հացպանյանը, հավելում է. «Ինչպես Զանգեզուրը պահելու և թուրքի՝ հերթական բռնազավթման նկրտումներն ի դերև անելուն ենք պարտական մեծն Նժդեհին, այնպես էլ ազգային գաղափարի անմնացորդ նվիրյալ Լեոնիդին ենք պարտական Քելբաջարի ամբողջ տարածքի ազատագրմամբ: Երկար տարիների զինվորական լուրջ աշխատանքի շնորհիվ բոլոր մանրամասնություններով հանդերձ, իր նախապատրաստած ծրագրի իրականացմամբ, հրամանատարի զոհվելուց հետո անգամ, նրա դաստիարակած զինվորները փայլուն գործողությամբ, չնչին կորուստներով ազատագրեցին պատմական Քաշաթաղը: Լեոնիդն է մեր փոքրիկ Արցախ աշխարհը հայրենիքին միացնելու նպատակով կատարված հաջող այս ռազմական գործողության պատմական հեղինակը»:

-Շփվելով հետը, ես զարմանում էի նրա գիտակ լինելով, պատրաստվածությամբ: Այն, որ Լեոնիդը գիտնական էր, խելացի, դաստիարակված, մտավորական ընտանիքի զավակ, ես գիտեի, բայց որ ռազմարվեստին էլ էր տիրապետում՝ ինձ համար թե զարմանալի էր և թե ուրախալի: Զինվորական կրթություն և ռազմական գործողություններ վարելու փորձ չունենալով՝ Լեոնիդը կարճ ժամանակում, այն էլ ծայրահեղ պայմաններում, կարողացավ անել այն, ինչը ռազմական շատ գործիչներ տարիների ընթացքում կանեին:

Ռազմական ակադեմիական գրականություն ուսումնասիրելով՝ Ազգալդյանը ոչ միայն ամենալավն ընտրեց, այլև ստեղծեց իրենը՝ նորն ու արժեքավորը, ես կասեի՝ իր դպրոցը: Նրա կերպարը մեզ համար որպես օրինակ էր ծառայում: Եվ այսօր շատ կարևոր կլիներ, որ նրա փորձը մեր բանակում ուսումնասիրեին:

Սա, ինչպես նաև այն, որ Լեոնիդ Ազգալդյանն իրենից հետո թողել է փորձառու հրամանատարների մի ամբողջ սերունդ, արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի զուսպ գնահատականն է մարտընկերոջը:

Լեոնիդ Ազգալդյանը 1992 թ. հունիսի 21-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ մղված մարտերում զոհ գնաց թշնամու գնդակին՝ անկատար թողնելով Ստամբուլի պատերի տակ ընկնելու երազանքը, ավելի ճիշտ՝ այն կտակելով ուրիշներին…

«Թաղման ժամանակ նրան ձեռքերի վրա տանում էին վեց տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Նա իր մահով իսկ հայրենասիրության դասեր տվեց և եկավ վերահաստատելու, որ «չկան կուսակցական նահատակներ ու հերոսներ, կա և կմնա ազգային մարտիրոսագրությունը և հերոսականությունը»,- եզրափակում է Գ. Գինոսյանը:

 

Անդին 9-10, 2015

Share

Կարծիքներ

կարծիք