Անտերության կարոտ
Տարօրինակ ցեղ ենք մենք, շատ տարօրինակ, աշխարհից վիրավորված` մեր ունեցածը կորցրել ենք ու վիրավորվել: Ումից և ինչու ենք վիրավորվել, չգիտեմ:
Երբևիցե մենք մեզ հարցրել ենք, թե ինչո՞ւ ենք կորցրել:Երբ որ այսօր և հազար տարի առաջ երազում ենք, փնտրում, պայքարում, որ վերադարձնենք մեր կորուստները: Եվ երբ գտնում ենք մեր երազանքն ու մեր կորցրածը` մեզ քիչ է թվում: Ողորմի հոգուդ , Պոլսում ապրող և ծորակներ ծախող բանաստեղծ Զահրատ, հազար ողորմի քեզ, երբ ասում էիր` կյանքը կհատնի, փնտրտուքը` ոչ, մարդը չգտնող կենդանի մըն է: Վստահ եմ,որ Զահրատը մարդ ասելով`առաջին հերթին հային նկատի ուներ:
Այո, զարմանալիորեն անհայտ աշխարհներ եղան աշխարհին հասկանալի, ուր ցեղովի ընդամենը յոթ գրաճանաչ ունեին, բայց մենք մնացինք չհասկացված: Եվ ինձ թվում է` մեղքը աշխարհինը չէ, մեղքը մերն է, մեղքը մեր ներսում է:
Զվարթնոց տաճարն ուներ երեսունվեց սյուն և կայուն էր երկրի վրա ու երկնքի դեմ, ինչպես մեր երկիրը հնում` Արտաշես արքայի ժամանակ, որ գլխին պահում էր սեփական պետության գմբեթը: Բայց ինչ եղավ հետո. տաճարի ինքնասիրահարված սյուներից մեկը, որին թվում էր, թե ինքը միակ ընտրյալն է, մտածեց` մյուսները թող պահեն երկիր-տաճարի գմբեթը, ես կարող եմ դուրս գալ ու իմ գմբեթը ստեղծել:
Այդպես մտածեցին թերևս էլի սյուներ, և Զվարթնոց հրաշալի տաճարը փլվեց: Սուտ է,չեմ հավատում, որ երկրաշարժից է փլվել Զվարթնոցը: Մեր ցեղը բազում երկրաշարժեր է տեսել, բայց երբեք չի խոնարհվել, քանզի մեր տաճարները դրսից չէ` քանդվել են ներսից:
Եվ այսօր առաջնորդի զուգս հագածները չեն էլ մտածում, որ սարդոստայնի ընդամենը մի թելն են իրենք, իսկ սարդը ուրիշ տեղում է և նենգորեն լուռ է: Անշուշտ, երիցս ճիշտ է, որ ոչ մի կռունկ առանձին կամ երեքով հյուսիսային լճերի տեղը չգիտեն, ինչպես նաև` չգիտեն Աֆրիկայի տեղը: Կռունկների կյանքի ճանապարհը միայն երամը գիտի:
Իսկ երամն ասում է. Դուք ձեր ավերակ տաճարներն ավելի եք սիրում, քան ձեր կանգուն տաճարները: Դուք ձեր կորցրածն ավելի եք սիրում, քան ձեր ունեցածը: Դուք ձեր պարտություներն ավելի եք սիրում, քան հաղթանակները: Չէ՞ որ դուք կռունկ սիրող ժողովուրդ եք: Շարունակեք քանդել ձեր տաճարները ներսից, և կորցնելով ձեր հայրենիքը` հարցրեք մեզ` չվող թռչուններիս.
Կռունկ ու՞ստի կուգաս, կռունկ մեր աշխարհեն խաբրիկ մը չունի՞ս: Այնինչ…
Այնինչ տեր եղեք, որ անտեր չմնաք, տեր եղեք, որ միշտ տեր ունենաք և ձեր իսկ տիրոջով տեր դառնաք ձեզ և ձեր երկրին ու հազարամյակների միջով անցած կորուստներին ու ունեցածին:
Եվ այլևս մեզ մի դիմեք, մենք ընդամենը չվող թռչուններ ենք: