… Եվ մենք ենք Հայրենիքի տերը

Martuni_6Պազիկը շարժվում է Սոթք-Քարվաճառ ճանապարհով։ Ազգային երգուպարով գնում ենք Ազատ Արցախ։

-Մահ ոսոխին,- ավանդույթի համաձայն հնչեցնում է Սիրանույշը։

-Փառք հայրենիքին,- արձագանքում է խումբը։

Արցախյան դրվագներն արդեն մի քանի օր է, ինչ հանգիստ չեն տալիս։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից առաջնագծում ընթացող մարտերը ստիպում են նորից ու նորից հիշել դրանք, նայել ունեցած լուսանկարները, տեսանյութերը։

Աչքիս առաջ են գալիս Ասկերանի, Մարտակերտի զինվորները։ Մեր այցի ժամանակ զորամասերում մշակութային միջոցառումներ էին, բայց տղերքը կազմ-պատրաստ էին, զգոն։ Նախորդ օրը թշնամին ականանետերից կրակել էր։ Արկի բեկորները պահել էին որպես հուշ։ Ձեռքս առա բեկորներից մեկն ու մտածեցի՝ փառք Աստծո, ոչ ոքի չի դիպել։

Զորամասից մինչև դպրոց ու մանկապարտեզ Արցախի ամեն անկյունում զինվորական ռեժիմ էր։ «Հայաստանը մեր տունն է, Արցախը՝ դարպասը» պաստառը փակցված էր ազգային հերոս Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցում։ (Դպրոցը Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղում է։)

Պետոյի անվան դպրոցի աշակերտներն էլ են զինվորներ։ Դասարանները դասակների և ջոկերի են բաժանված։ Ամեն մեկն ունի իր հրամանատարը։ Հրամանատար աղջիկները տղաներին չեն զիջում։

Վերջին օրերին Արցախում ոչ թե զինվորական, այլ պատերազմական ռեժիմ է։ Սովորական պատերազմ, որ տեղի բնակչության համար երբեք էլ չի ավարտվել, կրակոցներ, որ դարձել են նրանց առօրյայի անբաժան մասը։

Մի քանի օրում բոլորս պատերազմի մասնակից դարձանք՝ ոմանք հենց առաջնագծում՝ զինվորի կողքին կանգնելով, մյուսներն էլ առաջին անհրաժեշտության իրեր հավաքելով և դիրքեր ուղարկելով։

Մի բռունցք ենք դարձել։ Էլ ամեն ինչից չենք դժգոհում, ամեն պատեհ-անպատեհ առիթով իշխանություններին չենք հայհոյում, որովհետև հասկացել ենք, որ հայրենիքը իրենցով ոչ սկսվել է, ոչ էլ վերջանալու է։ Մենք ենք հայրենիքի տերերը, մենք էլ պիտի պաշտպանենք այն, առնվազն պիտի արժանի թիկունք լինենք էն տղերքի համար, որ պահում են մեր սահմանը, մեր Արցախը։

Եթե կարողանում ենք յոթ երեխա տանը թողնել ու կամավոր մարտադաշտ մեկնել, միայնակ տասը թշնամի ու մի տանկ ոչնչացնել, ձեռքի մի հարվածով նռնակով ուղղաթիռ խոցել, ուրեմն արդեն հաղթել ենք, ուրեմն վաստակել ենք մեր վաղվա օրվա, մեր ապրելու ու շարունակվելու իրավունքը։

Ու հաջորդ անգամ Արցախ գնալիս մեզ հաղթած ենք զգալու ոչ միայն Արցախյան հերոսների, այլև մերօրյա հերոսների կատարած սխրանքի համար։ Փառք ու պատիվ նրանց բոլորին։

լուսանկարը՝ Razm.info-ի (հեղինակ՝ Սոսե Մուրադյան)

Share

Կարծիքներ

կարծիք