Մեր մանկության հերոսը

IMG_2357(Երևան, 1949 թվական, ամառ)

 

Իսկապես, ո՞վ էր մեր մանկության հերոսը:

Հերոս՝ բոլոր իմաստներով:

«Միամիտ հարց է»,- կասի բանիմաց ընթերցողը: Հերոսը նա է, ով հանդես է գալիս որպես հիմնական գործող անձ, իսկ կյանքում՝ նա, ով բացառիկ, անձնվեր, ազգօգուտ, մի խոսքով՝ հերոսական արարք է գործում:

Բանիմաց ընթերցողը ճիշտ է ընդհանրապես, բայց մեր դեպքում խնդիրը պարզվելու փոխարեն բարդանում է, քանի որ մեր պատմության բոլոր հերոսներն են հերոս, այսինքն՝ խորապես համոզված են, որ եթե ոչ խիզախ ու հերոսական, ապա առնվազն ազգանվեր ու հանրօգուտ գործ են անում ի փառս հայրենիքի: Այսինքն՝ ոչ բոլորը:

Օրինակ՝ Սիրուն Բուլոն, որն անպայման հանրօգուտ գործ է անում. հինգ հարկանի նորակառույցի հնոցապանն է կամ, ինչպես ժողովուրդն էր ասում, «կաչեգարը»: Իսկ մինչև այդ գործին անցնելը պատերազմի տարիներին Խաղաղօվկիանոսյան նավատորմի կազմում ճապոնացիների դեմ կռվելիս արժանացավ մի քանի շքանշանների: Հավանաբար որպես գնահատություն խիզախ կամ գուցե նույնիսկ հերոսական արարքների:

Սակայն Բուլոն համեստորեն լռում էր և, ի տարբերություն ոմանց, չէր սիրում իր պատերազմական սխրանքների մասին պատմել և մանավանդ այդ շքանշանները կախել: Նույնիսկ տոնական օրերին:

Իմիջիայլոց, անձնագրով նա Բուլո չէր, այլ Բաղդասար, բայց չգիտես ով ու երբ նրան կնքել էր այդ մականունով, կողքին էլ դրել «Սիրուն»-ը, որը լիովին համապատասխանում էր իրականությանը:

Բնիկ սևանցի քսանհինգամյա Բաղդասար-Բուլոն իրոք գեղեցիկ էր: Կանոնավոր դիմագծեր ուներ, ազնվականորեն ճերմակ մաշկ, լիաբերան ժպիտով բացվող անթերի ատամնաշար, արիական ուղիղ քիթ, մուգ կապույտ աչքեր, որոնք երբեմն-երբեմն հայտնվում էին ճակատին իջնող շեկ քյաքուլի տակ: Ոչ ավել, ոչ պակաս Նիցշեի «շիկահեր դևը»:

Դեմքի գեղեցկությանը գումարվում էր նրա մարզված մարմնի առանձնահատուկ գեղեցկությունը, որը նա, չգիտես ինչու, հատկապես ձմռան ամենացուրտ, մանավանդ ձյունառատ օրերին ի ցույց էր դնում շենքի վախեցած և հիացած բնակիչներին: Վախեցողները տղամարդիկ էին, հիացողները՝ տղաներն ու կանայք և հատկապես նրանցից մեկը… Բայց ամեն ինչ՝ հերթով:

Մինչև գոտկատեղը մերկացած կանգնում էր բակի կենտրոնում, ձյունով շփում, ճակնդեղի պես կարմրացնում մարմինը, հետո սկսում փթանոց մարզաքարերը մայիսմեկյան փուչիկների պես խաղացնել:

Հանուն մաքրության չէր արվում այս հանդեսը, քանի որ նկուղային հարկում գտնվող հնոցապանի իր խցում նա բոլոր պայմաններն ստեղծել էր՝ օրը մի քանի անգամ քարածխի մրից մաքրվելու, մանավանդ որ ձեռքի տակ առատորեն տաք ջուր ուներ:

Ոչ մեկի մտքով չէր անցնում նրան հարցնել, թե՝ ընկեր Բուլո, ինչո՞ւ ես հատկապես այս դաժան ցրտերին մերկանում և մարզվում, քանի որ հավանաբար հասկանում էին, որ ամառը Բուլոն այդտեղ չէ, քանի որ, ըստ քաղսովետի որոշման, ջեռուցման սեզոնը Երևան քաղաքում սկսվում էր նոյեմբերի 15-ին և ավարտվում մարտի 15-ին, ուստի դրանից հետո, ասենք ապրիլի կեսերին եթե քաղաքը ծածկվեր ձյան մեկ մետրանոց շերտով (ինչը բնավ հազվադեպ չէր), միևնույն է՝ Բուլոն ութ ամիս պիտի անելիք չունենար այդ շենքում:

Բայց հունիսավերջի այդ օրը Բուլոն երևաց: Առավոտ շուտ նրան կանչել էին քաղսովետ և հայտնել, որ այդ տարի քարածուխը ոչ թե անցած տարվա պես պիտի նոյեմբերի սկզբին բաժանվի, այլ ժամանակից շուտ, առաջիկա օրերի ընթացքում, ուստի եկել էր հնոցը կարգի բերելու, կուտակված մոխիրն ու աղբը մաքրելու և այլ գործեր անելու:

Երկաթյա դուռը բացելուն պես մի նեխահոտ զարկեց քթին: Ներսը կատարյալ աղբանոց էր: Սնունդի մնացորդներ, պահածոյի դատարկ տուփեր, շշեր, ապակու կտորտանք, փաթեթաթղթեր, փալաս-փուլուս, «Կազբեկ» պապիրոսի անթիվ ու անհամար կոթուկներ (անժխտելի վկայություն, որ այստեղ պարբերաբար «լցել» և «ուռել» են, ինչը լիուլի բավական էր, որ միլիցիայի հետ շա՜տ լուրջ խնդիրներ ունենար) և այլ աղբ ու զիբիլ:

«Мать твою!»- կիսաբերան, բայց սրտանց հայհոյեց Բուլոն չգիտես ինքնիրեն, թե մեկ ուրիշին:

Ապրիլի սկզբին էր, երբ Թափով Յուռը հայտնվեց «Սպարտակի» մարզադահլիճում, որտեղ Բուլոն սամբոյի համամիութենական մրցումներում արծաթի մեդալ շահեց, մտավ հանդերձարան, շնորհավորեց փոխչեմպիոնին և, իմիջիայլոց, «կաչեգարանոցի» բանալին խնդրեց՝ ասելով, թե տնեցիների հետ կռվել է, քնելու տեղ չունի: Ընդամենը մեկ շաբաթով, շատ-շատ՝ տասը օրով:

Տասը դարձավ քսան, քսանն էլ՝ երկու-երեք ամիս: Այդ ընթացքում Բուլոն մրցումների գնաց, նոր մեդալներ նվաճեց և, բնականաբար, ժամանակ չունեցավ ստուգելու, թե իր աշխատանոցում ինչ է կատարվում:

Նախևառաջ կոթուկները հավաքեց ամենայն խնամքով, հետո՝ մնացած աղբը: Այնուհետև մայթն անցավ և հողաշեն տներից մեկի դուռը թակեց: Բացող չկար, բայց ներսից խռմփոց էր լսվում: Դուռը հրեց, մտավ ներս և Թափով Յուռին տեսավ բազմոցին տարածված: Ամենայն հավանականությամբ նորից «ուռել» էր և եկել տուն քնելու:

Գրպաններն ստուգեց, բանալին չգտավ: Թափահարեց, քնից հանեց:

-Բանալին տո՛ւր:

Յուռը մի քանի վայրկյան ուշքի էր գալիս:

-Մոտս չի,- փաթ ընկած լեզվով մի կերպ արտաբերեց նա:

-Բա որտե՞ղ ա:

-Չգիտեմ, մոտիցս գողացել են:

-Ո՞վ, ե՞րբ:

-Չգիտեմ…

Սրտնեղած վերադարձավ և որոշեց ձմռանից հնոցի ներսում կուտակված մոխիրը մաքրել, իսկ բանալին հետո փնտրել: Մի բան նրան կասկածելի թվաց. հնոցի ամուր փակված դուռը: Ինքը հանգցնելուց հետո սովորաբար բաց էր թողնում, որպեսզի «օդ խաղա»: Ինչ որ է, բացեց, և կասկածը խորացավ. հստակ երևում էր, որ ինչ-որ մեկը մոխիրը խառնշտել է: Ո՞վ, ինչո՞ւ:

Բահով սկսեց մոխիրը հանել, և հանկարծ մի կոշտ բանի դիպավ, ու զնգոց լսվեց: Գործիքը գցեց մի կողմ, մոխիրը ձեռքով զգուշորեն մի կողմ տարավ, և աչքերի առջև հայտնվեց կտավի մի տոպրակ՝ ըստ երևույթին լցված մետաղե իրերով:

Սառը քրտինքը պատեց Բուլոյին: Ի՞նչ կարող էր լինել այդ տոպրակում… Ամենայն հավանականությամբ զենք, այլապես եթե սովորական գործիքներ են կամ մետաղյա այլ իրեր՝ ինչո՞ւ պիտի բերեին և այստեղ թաքցնեին:

Պատերազմ անցած, զենքից հասկացող և պատասխանատվության զգացում ունեցող Բուլոն անմիջապես մտածեց, որ պետք է հայտնել կոմիսարիատ և սակրավոր կանչել: Ի՞նչ իմանաս, տոպրակի մեջ կարող է նաև պայթուցիկ լինել: Բայց տեղնուտեղը հրաժարվեց այդ գաղափարից. պիտի իրեն կասկածեին, և ոչ մի կերպ չէր կարողանա ապացուցել, որ ինքը կապ չունի այդ տոպրակի հետ:

Որոշեց ռիսկի դիմել և ամենայն զգուշությամբ ստուգել տոպրակի բովանդակությունը: Բայց մինչև գործի անցնելը երկաթյա ծանր ու երկար նիգը շեղակի հարմարեցրեց դռան ետևը, այնպես, որ դրսից չկարողանան բանալ: Այնուհետև մոտեցավ և կամաց շոշափեց հաստ կտավը: Մատների տակ ինչ-որ առարկա ընկավ, որ նման էր դանակի: Հետո մյուսը, որն ասես պատառաքաղ լիներ: Հետո երրորդը, չորրորդը…

Հանգստացած, որ վտանգավոր բան չկա, տոպրակը կամաց դուրս բերեց:

Բավական ծանր էր, կլիներ 25-30 կիլո: Բացեց, և կասկածն անմիջապես փարատվեց. տոպրակի ներսում ընդամենը սեղանի սպասք էր, արծաթե դանակ ու պատառաքաղ, մի քանի դյուժին: Դրանց կողքին նաև գավաթներ կային և զանազան զարդեր՝ բոլորն արծաթե: Երևում էր, որ խանութից է գողացված, ոչ միայն, որ նոփնոր էր, չգործածված, այլև որ հազիվ թե որևէ տանն այսքան դանակ¬պատառաքաղ լիներ:

Ահա թե ինչու էին բանալին գողացել Յուռի մոտից… Գողացե՞լ էին, թե՞ ինքն էր գողացել այս ամենը և բերել այստեղ թաքցրել…

Դուռը ծեծեցին: Կտրուկ, հրամայական: Բուլոն տոպրակը շտապ խցկեց հնոցի մեջ և գնաց բանալու: Առջևը մլիցա Անդրեն էր մայորի նոր, փայլուն ուսադիրներով:

-Հը, ի՞նչ կա, դուռն ինչո՞ւ ես փակել,- մեղադրելու պես հարցրեց Անդրեն:

-Մաքրում եմ, կարգի եմ բերում, փակեցի, որ լակոտլուկուտները չգան, չխանգարեն:

-Բա ինչո՞ւ էս շոգին, ամառվա կեսին:

-Քաղսովետում ասացին, որ էս երկու օրը քարածուխի ձմռան պաշարը պիտի բերեն, տեղ եմ ազատում, որ ինչքան կարող է շատ վերցնեմ:

Անդրեն շուրջբոլորը զննեց ուշադիր հայացքով, հետո հնոցի մեջ դրված տոպրակը տեսավ.

-Էդ ի՞նչ ա, ինչո՞ւ ես դրել էդտեղ:

-Հա՜,- միամիտ ծոր տվեց Բուլոն:- Թուղթ ու զիբիլ էր մնացել ձմեռվանից, լցրեցի տոպրակի մեջ, որ միանգամից էդտեղ վառեմ, բակն էլ չկեղտոտեմ:

-Ապրե՛ս, ճիշտ ես անում,- հավանություն տվեց Անդրեն:

Հետո մոտեցավ պատի տակ դրված իշոտնուկին և կողքի ազատ տեղը ցույց տալով՝ Բուլոյին հասկացրեց, որ մոտ գա:

-Էս քանի օրը ձեր շենքում կասկածելի բան չես նկատե՞լ:

-Երեկ գիշերն եմ եկել,- պատասխանեց Բուլոն:- Մրցումների էի գնացել: Քիչ առաջ մտա էստեղ, որ կարգի բերեմ: Ի՞նչ կա, բան է պատահե՞լ:

Անդրեն լուռ գլխով արեց, «Ավրորա»կպցրեց և ծխի մի թանձր քուլա թողնելուց հետո ասաց.

-Պատահել է, պատահել է: Երկու օր առաջ, նախանցած գիշեր Աբովյանի ոսկու խանութն են կտրել, էն, որ «Կավկազ» ռեստորանի կողքին է:

Բուլոն ցնցվեց, բայց կարողոցավ զսպել իրեն և դժգոհ հարցրեց.

-Է, հա, մենք ի՞նչ գործ ունենք, Աբովյան փողոցն ո՜ւր, մենք ո՜ւր:

-Տղա ջան,- ներողամիտ ասաց ութերորդ քաղմասի պետ մայոր Անդրեն,- երևում է, որ օպերատիվ մտածողություն չունես: Քաղաքում գողական երեք թաղ կա՝ Երրորդ մասը, Կայարանը և Սարաջովն ու Սիլաչին իրար կպած: Հենց որ մի լուրջ գողություն է լինում, կասկածն ընկնում է էդ երեքի, բայց ամենից շատ մեր թաղի վրա:

-Դա ի՞նչ լուրջ գողություն է որ, շատ-շատ մի տասը-քսան հազարի բան գողացած լինեն:

Անդրեն, հեգնական ժպիտը դեմքին, վերից վար չափեց Բուլոյին.

-Ասում ես տասը-քսա՞ն… Эх, моряк, моряк! Դե իմացիր՝ միլիոն ու կես ռուբլու ապրանք են տարել:

Այս անգամ Բուլոն քիչ մնաց նստարանից ընկներ, բայց չընկավ, տիրապետեց իրեն և հարցրեց.

-Հետո՞, ի՞նչ եք անելու:

-Ի՞նչ պիտի անենք, պիտի գտնենք գողին կամ գողերին: Այնպես որ, կասկածելի բան տեսար թե չէ՝ թռի հայտնիր ինձ, քաղմասն էլ հեռու չի, երկու քայլի վրա է:

Անդրեն հրահանգեց ու գնաց, իսկ Բուլոն ընկավ հակասական մտածմունքների մեջ: Ոչ մի կասկած, որ այս սպասքը ոսկու խանութից է գողացված: Նման ապրանք միայն այնտեղ է վաճառվում: Բայց դա մեկուկես միլիոն չարժե: Առավելագույնը մի քսան-երեսուն հազար: Իսկ մնացածը, հիմնական մասն ո՞ւր է, որտե՞ղ են թաքցրել: Հավանաբար մաս-մաս են արել և տարել տարբեր տեղեր: Ստույգ էր մի բան. գողն այս կողմերից է: Առայժմ պետք էր այս տոպրակը թաքցնել՝ հնարավորին չափ խոր:

Դուռը նորից փակեց նիգով և սկսեց հնոցում եղած ամբողջ մոխիրն առաջ բերել, և այդ պահին բահը նորից զնգաց, այս անգամ ավելի ցածր, նրբորեն և մի քիչ էլ խուլ: Ասես թիթեղի դիպչեր: Եվ իսկապես, լապտերի լույսի տակ հնոցի խորքում թիթեղյա մի տուփ տեսավ: Զգուշորեն հանեց և բացեց կափարիչը. աչքերը պարզապես շլացան. տուփը բերնեբերան լցված էր ոսկյա մատանիներով՝ քարակուռ և անքար, շղթաներով, ոսկե և արծաթե ժամացույցներով, մանյակներով ու ապարանջաններով: ՙԱհա միլիոն ու կեսը՚,- որոշեց Բուլոն:

Հետո հանկարծ փաստեց, թե ինչպիսի վտանգ է կախվել իր գլխին: Գողերին բռնելու դեպքում իրեն անպայման մեղսակից կհամարեն, չնայած գողության օրը քաղաքում չի եղել: Պիտի երկար-բարակ արդարանա, թե ինչու է բանալին վստահել թմրամոլին, թե նրանից էլ ով է գողացել, գողացե՞լ են, թե՞ տվել է, թե ինքն ի՞նչ փայ ունի այդ գողոնից… Մի խոսքով, այլանդակ շիլաշփոթ, որից հազիվ թե կարողանա մաքուր դուրս գալ:

Թիթեղյա արկղը դրեց տոպրակի կողքին, հետո ծածկեց եղած ամբողջ մոխիրով, ստվարաթղթեր ու տախտակներ գցեց վրան և շտապ դուրս եկավ: Անհրաժեշտ էր հնարավորին չափ շուտ փոխել կողպեքը, փակել գողերի ճամփան, հետո կորոշեր իր անելիքը: Եվ ամենակարևորը. կպարզեր, թե ով է գողը կամ՝ ովքեր:

Cherchez la femme-ն այս դեպքում առավել քան տեղին է: Ոչ միայն, որ հերոսության մեր հաջորդ թեկնածուն կին է, այլև որ նա իսկապես հերոս է, և շատ ու շատ բաներ առանց նրա տեղի չէին ունենա: Նրա անունն է Լյալյա Սոլոմոնովնա Պարսեկովա, կրկնում ենք՝ Պարսեկովա և ոչ թե Բարսեգովա կամ, ո՞վ գիտի, Բարսեղյան: Նա երիտասարդ է, քսաներեք տարեկան, ճերմակ, կաթնաթույր մաշկ ունի, բաց շագանակագույն խոպոպիկներ, մեղրագույն աչքեր: Գեղեցիկ է, ինչպես դարասկզբի բացիկների՝ կատվիկներ գրկած գեղեցկուհիները ալպիական ձյունոտ բնանկարների ֆոնին կանգնած:

Լյալյայի բնանկարը, սակայն, «Սարաջով» կոչված թաղն է, Գետառից քիչ հեռու, երկու շուկաների միջև ընկած տարածքը: Իսկ իր երրորդ հարկի պատշգամբից հաճախ է հիանում իրենց խնամված ու ծառազարդ բակով և մանավանդ այդ բակում ցուցադրական մարզանք անող Բուլոյով: Այսինքն՝ վերջինիս նայում էր խոհանոցի պատուհանի վարագույրի արանքից, քանզի ոչ միայն ձմռանը հաճելի չէր պատշգամբ դուրս գալ, այլև նրա անհամեստ հետաքրքրասիրությունը լուրջ կասկածների տեղիք կարող էր տալ: Եվ իրոք, գուցե պատճառ կար կասկածելու, չնայած մեջտեղը բան չկար: Այնուհանդերձ:

Ամռան այդ օրը Լյալյան պատշգամբում նստած գործ էր անում, երբ կաթսայատնից դուրս եկող Բուլոյին տեսավ և անմիջապես դիմեց նրան.

-Բուլիկ ջան, էս ուր ես կորյել, մեր քառացուխ վերջացել, չգիտյեմ ինչ անյեմ:

Սարաջովյան այս նորակառույցի բնակարանների լոգասրահում ՙկալոնկա՚ էր դրված՝ ցնցուղով, բացառիկ նորություն խորհրդահայ աշխատավորության համար, ովքեր սովորաբար իրենց մարմնի մաքրությունը հոգում էին հանրային բաղնիքներում: Այդ տարիների համար շքեղ այդ հարմարավետությունը, սակայն, մի լուրջ թերություն ուներ. ահագին ցախ էր խժռում, մինչդեռ մի դույլ քարածուխը բավական էր երեք-չորս անգամ տաքացնելու համար:

Օրվա ցնցող անակնկալից գլուխը կորցրած Բուլոն բնավ ցանկություն չուներ այդ պահին որևէ մեկին տեսնելու, առավել ևս խոսելու հետը, բայց Լյալյան ուրիշ էր: Ուստի ջերմորեն բարևեց նրան և խոստացավ քիչ ուշ քարածուխ բարձրացնել: Եվ իսկապես, մոտակա ՙկոլխոզ շուկայի՚ տնտեսական խանութից զանգվածեղ մի կողպեք առնելուց և շուտափույթ փոխելուց հետո ծանր դույլը հանեց վերև:

Լյալյայից օծանելիքի խեղդող բուրմունք էր տարածվում: Ասես մարմինը ոտից գլուխ ողողել էր «Красная Москва»-ով: Այտերը ծածկել էր պուդրայով, իսկ բերանը սրտիկաձև թունդ կարմրացրել շրթներկով: Հագել էր մետաքսյա չինական խալաթ, ոտքերին մուգ կարմիր բարձրակրունկներ էին:

-Համ էլ դուշը լավ չի աշխատում, ջուռը հազյիվ ա գալի…

Այս բացառիկ պահը Բուլոն վաղուց էր երազել. գեղեցկուհի Լյալյան,  բնակարանում մենակ, բայց երանի այս հանդիպումը մեկ ուրիշ օր լիներ, միայն թե ոչ այսօր, հիմա, երբ բացահայտ վտանգը կախվել է գլխին: Բացի այդ, Ախպար Սերոբի կինը՝ ընկերուհի (այո, ընկերուհի, և ոչ այլ կերպ) Զարմանույշը տեսավ, թե ինչպես դույլը ձեռքին եկավ այստեղ: Դա նշանակում էր, որ այսօր, ամենաուշը ժամը 22.00-ին, Լյալյայի ամուսինն անպայման կիմանա այս այցելության մասին, և հետո գնա ու արդարացիր… Պետք էր խոհեմ լինել, մանավանդ որ համոզվեց մի բանում. Լյալյան դեմ չէ, Լյալյան ուզո՜՜՜ւմ է, ուրեմն, պետք չէ անզգույշ քայլեր անել, պետք է հարմար պահը ջոկել: Դա դժվար չէ, նրա ամուսինը հաճախակի է բացակայում, ինչ-որ գործուղումների մեկնում:

Ինչ վերաբերում է Ախպար Սերոբին և նրա զինակից ընկերուհի Զարմանույշին, ապա նրանք ոչ միայն մեր պատմության լիարժեք հերոսներն են, այսինքն՝ dramatis personae [1] , այլև Սիրիայի, Լիբանանի, թե Իրաքի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից էին (իրենց ասելով), ավելին՝ այնտեղ հերոսական արարքներ էին գործել («Սուրիա եղած ատենը ֆրանսացի սպաներուն ճաշարանը կ’աշխատեինք: Ընկերուհի Զարմանույշը սպասքը կը լվար, ես ալ խոհարարին օգնականն էի: Օր մը անանկ բան մ’ըրի… անա՜նկ բան մ’ըրի… Հի-հի-հի-հի… Այդ օրը իբրև թե հիվանդ էի, գործի չի պիտի երթայի, սակայն վայրկյան մը մտա և աննկատ աղվոր դեղ մը լեցուցի կաթսային մեջ… Եվ… Հի-հի-հի-հի… Եվ ֆրանսացի սպաներն ու իրենց տիկնայք մեկ շաբաթ պետքարանեն դուրս չ’ելլեին… Հի-հի-հի-հի… Աս պատմութենեն ես մաս-մաքուր ելա, սակայն ֆրանսացի խոհարարը պատժվեցավ… Մեկ շաբաթ, առտվնե իրիկուն, ադ գափիթալիսթները պետքարանին մեջ անցուցին… Հի-հի-հի-հի…»‎):

Այսպիսի անձնուրաց արարքի հեղինակն, անշուշտ, կարող էր մեր հիմնական հերոսը դառնալ, եթե, ավա՜ղ, նրա սխրանքը դուրս չլիներ մեր համատեքստից: Չէ՞ որ այս պատմությունը ծավալվում է հետպատերազմյան մի իրականության մեջ, որտեղ արդեն հերոսականության ուրիշ չափանիշներ են գործում: Ինչ որ է, Ախպար Սերոբը և ընկերուհի Զարմանույշը մնում են մեր հերոսների շարքում, մանավանդ որ նրանք շարունակում են իրենց պայքարը «գաղտնի ֆրոնտում»: Այդ մասին կիմանաք քիչ հետո:

 

Լիբկնեխտ Սանիչն    այդ օրը գործի ժամանեց բարձր տրամադրությամբ և տեղնուտեղը կանչվեց բաժնի վարիչի մոտ:

-Ну, что, герой, вражеские голоса слушаем?

Երևան տեղափոխվելու առաջին օրերին էր, երբ ընկերներից մեկը բնակարանամուտին գերմանական տասներկուլամպանոց Telefunken ռադիոընդունիչ նվիրեց: Ավելի լավ նվեր անկարելի էր պատկերացնել: Լյալյան գիշեր-ցերեկ դասական երաժշտություն էր լսում, իսկ ինքը գործից տուն գալուց և հաց ուտելուց հետո միացնում էր «Ամերիկայի ձայնը»:

Զարմանալի, հակասական հույզերի գերի էր դառնում Լիբկնեխտ Սանիչն այդ «ձայնը» լսելիս: Նա գիտեր, որ միայն այդ փաստը բավական է, որպեսզի ռադիոունկնդիրը դառնա համապատասխան օրգանների սևեռուն ուշադրության առարկան: Անշուշտ, կարճ ժամանակով, մինչև հեռավոր տեղեր ուղարկվելը: Լյալյան նույնիսկ մի երկու անգամ զգուշացրեց, խնդրեց, որ գոնե ձայնը ցածրացնի: Բայց Սանիչը գիտեր, որ եթե իրեն թույլատրված չէ, արգելված չէ նաև: Ուստի լսելու հետ մեկտեղ ժամանակ առ ժամանակ բարձրաձայն, այնպես, որ հստակ լսելի լինի, վրդովված շպրտում էր. «Вот мерзавцы!»

Սակայն Լիբկնեխտ Սանիչի տակ ապրող Ախպար Սերոբը ռուսերեն չգիտեր, այնպես որ վրդովմունքի այդ արտահայտությունները նրան ոչինչ չէին ասում: Նա փաստում էր, որ իր վերևն ու իր տակն ապրող բնակիչները սկզբից մինչև վերջ, պարբերաբար լսում են «ձայնը»: Փաստում էր ու գրավոր հայտնում ուր որ անկ է:

-Виноват, товарищ полковник,- գլխահակ պատասխանեց Սանիչը:

-Да ладно, не поэтому я тебя вызвал,- ասաց գնդապետը և շարունակեց հայերեն:- Ոսկու խանութի կողոպուտի մասին լսել ես, անշուշտ: Միլիցիան լրիվ գլուխը կորցրել է, երեք օր է անցել, բայց ոչ մի հետք չեն գտել: Бездари! Աղմուկն արդեն Մոսկվա է հասել: Քիչ առաջ զանգեցին այնտեղից և ասացին, որ գործը հանձնվում է մեզ:

Գնդապետը մի լղարիկ թղթապանակ դրեց նրա առջև:

-Մեկ շաբաթ ժամանակ են տվել: Քաղաքային վարչությունում սպասում են քեզ, գնա տես ինչ են ասում, չնայած սպասելիքներ չունեմ, բայց հանդիպիր:

-Ճիշտ այդպես, ընկեր գնդապետ,- ասաց Լիբկնեխտ Սանիչը՝ ոտքի կանգնելով:

Իսկ երբ մոտեցել էր դռանը, թիկունքից լսեց.

-Լավ իմացիր, այս գործը հաջողությամբ ավարտելու դեպքում քեզ սպասում է մայորի աստղը, удачи, герой!

Իմիջիայլոց ասենք, որ մեր հերոսի իսկական անուն-ազգանունը Լիբկնեխտ Սանիչ չէր: Վրաստանի մայրաքաղաքում հանգրվանած նրա գաղթական հայրը՝ Սանասարը, ծննդավայրի հուշը պահպանելու նպատակով որդու անունը դրել էր Սասունիկ: Սակայն պատերազմից առաջ, երբ սասունցի զարմն անցնում էր կոմերիտմիության շարքերը, շրջկոմի քարտուղարը, որը հայերեն չգիտեր, անձնական թերթիկը նայելով վրդովված գոչեց.

-Что за имя, Сасуник?! Во-первых, не сасуник, а сосунок, во-вторых, сосункам нет места в комсомоле!

Հանձնարարվեց անունը փոխել և նորից ներկայացնել: Դպրոցի կոմերիտկազմակերպության քարտուղարը «հեղափոխական» անունների մի ցուցակ դրեց Սասունիկի առջև. Կիմ, Մելս, Վլադլեն, Ավանգարդ, Մարատ, Ժորես, Լիբկնեխտ…

Մեր հերոսն առանց վարանելու նախապատվությունը տվեց գերմանական կոմկուսի հիմնադիր Կառլ Լիբկնեխտին: Մի տեսակ խորհրդավոր հնչեղություն ուներ այդ ազգանունը. Լիբկնեեեե՜խտ… Իսկ երկարաշունչ հայրանունը՝ Սանասարի՜չ, կրճատվեց Հայրենական մեծ պատերազմի տարիներին (երբ Սասունիկ-Լիբկնեխտը ծառայում էր «смерш» [2] -ի շարքերում) և դարձավ Սանիչ: Ի դեպ, այստեղ նա աչքի ընկավ դյուցազնական նկարագրով և բազում սխրանքներով, որոնց շնորհիվ նրա ուսերին կարճ ժամանակում ավագ լեյտենանտի ուսադիրներ հայտնվեցին:

Կապիտանի կոչումին նա արժանացավ քիչ ավելի ուշ, երբ հատուկ հանձնարարությամբ, անշուշտ քաղաքացիական հագուստով, Բաթումից Երևան էր «ուղեկցում» «Պոբեդա» նավով ժամանած հայրենադարձներին: Հենց այդտեղ արդեն նոր-նոր ցամաք իջնող հայրենակարոտ եղբայրների մեջ մի շարք «գործակալներ» զատեց, որոնք այնուհետ 1949 թ. հունիսյան տաք գիշերով շարունակեցին իրենց ուղևորությունը, այս անգամ դեպի Ալթայ:

 

Վարչությունում, իսկապես, նոր բան չունեին ասելու: Գործել էին իրենց ստուգված մեթոդներով. նախևառաջ ոտքի էին հանել լրտուների ամբողջ ցանցը, որոնք հասարակական բոլոր վայրերում աշխուժորեն զրույց էին բացում ոսկու խանութի կողոպուտի շուրջ, փորձում ինչ-որ տեղեկություն կորզել: Բացի այդ, միլիցիան հսկողության տակ էր առել հանրապետության բոլոր ոսկերիչներին, կայարաններում մանրակրկիտ ստուգում էին ուղեբեռները, թաղայիններն աչքները չորս արած նայում էին բնակիչների, հիմնականում կանանց զարդերին՝ փորձելով հիշել, թե դրանք արդյոք գոյություն ունեի՞ն չարաբաստիկ գիշերից առաջ, մի քանիսին նույնիսկ տարան քաղմաս, պահանջեցին բացատրել, թե որտեղից են այդ մանյակները կամ ապարանջանները:

Ամենամեծ որսը սև շուկայում եղավ, որ գտնվում էր Ստալինի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցից քիչ հեռու, կայարան տանող Հոկտեմբերյան պողոտայի երկաթուղային կամրջի մոտ: Կողոպուտին հաջորդող երեք օրերի ընթացքում այստեղ մոտ հարյուր հոգու ձերբակալեցին, որոնց մեծ մասն «ախպարներ» էին կամ տեղացիներ, ովքեր, կարիքից դրդված, իրենց զարդերն էին բերել վաճառելու: Մնացած քսանն, այսպես ասած, հասարակական թափթփուկներ էին. «պլանքյաշներ», որոնք թռցրել էին իրենց տներում եղած զարդերը, որպեսզի շտապ վաճառեն և Կոմայգու մուտքի մոտ բաղձալի «պլանն» [3]  առնեն, «ջեբկիրներ» կային, որոնք գործում էին հիմնականում հացի-շաքարի-կարագի և այլ մթերքների բազմամետրանոց հերթերում և հրմշտոցի մեջ աննկատ կանանց զարդերը հանում և տղամարդկանց գրպանները դատարկում: Այդ քսանի մեջ հայտնաբերվեցին նաև մի քանի «տուն կտրողներ»՝ նախկինում կատարված, բայց չբացահայտված բնակարանային գողությունների մասնակիցներ, որոնք, սակայն, ոչ մի առնչություն չունեին ոսկու խանութի հետ:

Եվ վե՛րջ: Չորրորդ օրը սև շուկայում այլևս զարդ ծախող չկար: Լուրը տարածվել էր քաղաքով մեկ: Ոմանք նույնիսկ վաղուց ի վեր ունեցած զարդերը պահեցին ապահով տեղերում: Իսկ լրտուները, որ առաջին օրերին հակասական և մեկը մյուսից անհեթեթ տեղեկություններ էին բերում, մի քանի օր անց դադարեցին ընդհանրապես որևէ լուր բերել, որովհետև ահաբեկված բնակչությունը խուսափում էր խոսել այդ նյութի շուրջ:

Գործը տեղում դոփում էր: Ոչ մի հետք, ոչ մի առաջընթաց: Լիբկնեխտ Սանիչի հոգում առաջին օրվա խանդավառությունն աստիճանաբար տեղը զիջում էր հուսահատությանը: Այնուհանդերձ, մայորի աստղի հույսը նա դեռ չէր կորցրել, ուստի որոշեց, ինչպես ասում են, քայլել չտրորված արահետով՝ ուշադրությունը սևեռել քաղաքի «գողականների» վրա, որոնք, համաձայն իրենց չգրված օրենքների, ատում էին «ջեբկիրներին» և բնակարանների գողերին, քանզի համոզված էին, որ իսկական գողը պիտի պետությունից գողանա, իսկ ոսկու խանութը հենց պետական ունեցվածք էր, հետևաբար նման օբյեկտի գողությունը չէր կարող առանց նրանց գիտության լինել:

Բարեբախտաբար, դրանց թիվն առանձնապես շատ չէր: Երկու օրը բավական եղավ, որպեսզի Լիբկնեխտը մեկ առ մեկ հանդիպի նրանց և զրուցի: Սակայն քաղաքի բոլոր օրենքով գողերը, ասես խոսքները մեկ արած, անժխտելի ալիբի ներկայացրին և իրենցից վանեցին հնարավոր բոլոր կասկածները: Հետաքննությունը մտնում էր փակուղի: Դա նշանակում էր՝ ոչ միայն չի տեսնի մայորի աստղը, այլև մոտ ապագայում նրան կհանեն այդ բաղձալի համակարգից որպես անհեռանկարային կադր և լավագույն դեպքում մթերային խանութի վարիչ կնշանակեն կամ պահեստապետ: Մինչդեռ նա ի՜նչ երազներ էր փայփայում. մայոր, փոխգնդապետ, գնդապետ, վերջապես գեներա՜լ…

Այնուհանդերձ, Լիբկնեխտ Սանիչը հույսը չէր կորցնում: Առաջին անգամը չէր, որ կյանքը նրան դնում էր անլուծելի իրավիճակների առջև, և նա միշտ կարողացել էր իր հնարամտության, համբերության և համառության շնորհիվ հաղթող դուրս գալ: Նաև ընդունենք, որ բախտն էր ժպտացել: Այս անգամ էլ գուցե ժպտար, եթե այսպիսի նեղ շրջանակների մեջ դրված չլիներ. մեկ շաբաթ՝ չափազանց դժվարին գործի համար: Յուրաքանչյուր ժամի հետ նրա անհանգստությունն աճում էր՝ սպառնալով վերածվել խուճապի:

Եվ այսպես, հինգերորդ օրվա ավարտին Լիբկնեխտը, տագնապների ճարակ դարձած, ծխում էր պատշգամբում, երբ կաթսայատնից դուրս եկող Բուլոյին տեսավ: Եվ այդ պահին կայծակի պես նրա գլխում մի հետաքրքիր միտք փայլատակեց. Բուլոն ապրում է Շենգավիթում, նույնն է թե Երրորդ մասում, նույնն է թե գողերի և զանազան հանցագործների որջում: Բուլոն պատերազմով անցած, մարտական պարգևների արժանացած գիտակից քաղաքացի է, կուսակցական, համամիութենական ճանաչում գտած մարզիկ: Նա պիտի որ շահագրգռված լինի օգնելու իր հարազատ երկրի օրգաններին: Ավելին, նա պարտավոր է օգնել…

-Булик, подожди, у меня к тебе разговор…

Մի պահ վարանեց, չգիտեր վերև կանչե՞ր, թե՞ ներքև իջներ՝ կաթսայատուն: Վերջը որոշեց, որ ճիշտ կլինի իջնել, որպեսզի Լյալյան չլսի:

Կաթսայատուն կոչվածը հաճելի մի վայր էր: Այնտեղ զով էր ու զարմանալիորեն խնամված ու մաքուր: Նույնիսկ ռադիո կար՝ մշտապես միացված («…հարվածային կթվորուհի Նունուֆար Ջանջուղազյանը՝ Թաքյառլու գյուղից, հերոսուհի մայր Մուզաֆֆար Ահամադա կըզի Ջաֆարովան՝ Բասարգեչարից, ուսուցչուհի Վալենտինա Սեմյոնովան՝ Կալինինոյից և շքանշանակիր հովիվ Ղահրամանե Մստոյանը՝ Թալինից, հայրենդարձ բանվորներ Սիրազնիկ և Հրազնիկ Ջենդերեջյանները խնդրել են հաղորդել «Мальчик весёлый из Карабаха» երգը Ռաշիդ Բեյբութովի կատարմամբ: Սիրով կատարում ենք նրանց խնդր…»):

-Выключи,- առարկություն չընդունող ձայնով պահանջեց Սանիչը:- У меня серьезный разговор.

Բուլոյի ներսը տակնուվրա եղավ: Երբ տղամարդը տղամարդուն ասում է, թե «լուրջ խոսելիք» ունի, նշանակում է՝ մեջտեղն անպայման կին կա: «Ընկերուհի Զարմանույշը հաստատ իր սև գործն է արել,- ենթադրեց նա:- Եվ հավանաբար ուռճացրած ու զանազան ստերով համեմված»: Բայց ի՞նչ կարող էր հորինել, հինգ րոպե էլ չմնաց Լյալյայի հետ…

-Դու, անշուշտ, լսել ես ոսկու խանութի կողոպուտի մասին,- անթերի հայերենով հարցրեց Սանիչը:

Պետք է ասել, որ նա բավականաչափ տիրապետում էր մայրենիին՝ թե՛ արևմտյան, թե՛ արևելյան: Սանասարը հոգ էր տարել, որ իր որդիները հայկական կրթություն ստանան: Ավելին, Սանիչը Րաֆֆի և նույնիսկ Ավետիս Ահարոնյան էր կարդացել, իհարկե ոչ գեղարվեստական հաճույքի համար:

Բուլոյի ուսերից ասես մի բեռ ընկներ: Ավելին՝ տրամադրությունը միանգամից բարձրացավ և կաթսայատան խորքերից շտապեց հանել շոկոլադի սալիկն ու «Cognac» [4] -ի կեսլիտրանոց շիշը:

-Ո՞վ չի լսել,- պատասխանեց նա՝ հյուրի բաժակը լցնելով:- Ամբողջ քաղաքն այդ մասին է խոսում:

-Խոսելը քիչ է, պետք է գործ անել,- վճռական ասաց Սանիչը՝ ուրախ, որ այսպիսի լավ ընդունելության է արժանանում: Նշանակում է՝ Բուլոն հակված է համագործակցել օրգանների հետ:

-Ի՞նչ գործ,- ապշած հարցրեց Բուլոն:- Ինչպե՞ս:

-Հիմա կասեմ, թե ինչ գործ և ինչպես,- խորհրդավոր հայտարարեց Սանիչը և կոնյակի բաժակը միանգամից քաշեց գլուխը, հետո «Նարգիլե» պապիրոսը կպցնելով՝ մի երկար քուլա փչեց դեպի առաստաղը և պատմեց իր հանդիպումների մասին Երևանի «զակոննի» գողերի հետ:

-Հակառակի պես բոլորն էլ այդ կողոպուտի հետ ոչ մի կապ չունեն:

-Չի կարող պատահել,- անկեղծ զարմանքով ասաց Բուլոն:- Իսկ դուք ստուգե՞լ եք… ինչպես հարկն է:

-Ստուգել ենք, ստուգել ենք,- սրտնեղած ասաց Սանիչը:- У всех железное алиби.

Ասաց և միանգամից դիմեց Բուլոյին.

-Լսիր, իսկ ձեր կողմերը, ձեր թաղում ժողովուրդն ի՞նչ է խոսում: Հասկանում ես, չէ՞, ինչ եմ ասում: Ты как старый моряк, как член партии, обязан помочь нам. Это же дело государственной важности!

Խմիչքը լեզուն բացել էր.

-Դու հասկանո՞ւմ ես, այս գործը հանձնարարվել է ինձ: Քեզ կարող եմ վստահել, դու պատերազմով անցած մարդ ես, ասում են՝ հերոսական բաներ ես արել… Իմ կարիերան այս գործից է կախված, հասկանո՞ւմ ես…

Սանիչը լիովին գիտակցում էր, որ ձեռքը գցում է փրփուրին, բայց ուրիշ ելք չուներ: Բուլոն էլ հասկանում էր, որ իրենից պահանջվում է լրտու դառնալ, և նա, շատ հավանական էր, արժանապատվորեն մերժեր, եթե տեղնուտեղը չգործեր հնարամտությունը:

-Ժողովրդին ականջ դնել պետք չէ, ինչ ասես խոսում են, իսկ գողերի ալիբին միայն մի հոգի կարող է ասել՝ ճիշտ է, թե սուտ…

-Ո՞վ,- զարմացած հարցրեց Սանիչը:

-Պադվալի Համոն:

-Որտեղի՞ց պիտի իմանա, նա հիմա պադվալում է, հա՛, հա՛, հա՛,- սրամտեց Սանիչը:

Բուլոն չգնահատեց սրամտությունը.

-Համոն որտեղ էլ լինի՝ ամեն ինչ իմանում է… Ես ավելին կասեմ՝ առանց նրա դաբռոյի այդպիսի գործի չէին գնա:

-Լուրջ ես ասո՞ւմ:

-Ավելի լուրջ անկարելի է:

-Նա հիմա որտե՞ղ է:

-Քյավառի բերդում:

-Որտեղի՞ց գիտես:

-Իմ հարևանն էր:

-Ուրեմն լավ ծանոթ եք:

-Շատ լավ:

-Կգա՞ս միասին գնանք Քյավառ:

-Ես որ հետդ գամ, գործը լրիվ կփչանա: Դու պիտի մենակ գնաս, համոզես, հասկացնես, խոստանաս, որ սռոկը կկարճես, եթե քեզ ասի, թե ով է կտրել խանութը:

-Իսկ կասի՞ որ:

-Կասի, բա ի՞նչ պիտի անի, ուրիշ ճար չունի, նա ծանր հիվանդ է, և դեռ չորս տարի էլ պիտի նստի:

Կաթսայատունը լքելուց առաջ Սանիչը բարեկամաբար նայեց Բուլոյին և ասաց.

-Գիտե՞ս, որ ինձ լավ գաղափար հուշեցիր, ես վաղն իսկ կգնամ Քյավառ, ափսոս, որ հետս չես գալիս, իշխան կուտեինք այնտեղ: Վաղն առավոտը մի փոքր գործ ունեմ, ժամը տասներկուսին ճամփա կընկնեմ: Տե՛ս, եթե միտքդ փոխեցիր, միասին կգնանք:

-Վաղը քարածուխ են բերելու, պիտի այստեղ լինեմ, իսկ քեֆը հետո կանենք, մաղարիչ պիտի անես, չէ՞, լավ խորհուրդի համար:

 

Բուլոն խաբում էր, հաջորդ օրը քարածուխ չէին բերելու: Դա ստույգ էր: Բայց դա հրաշալի պատրվակ էր: Նա ավելի լո՜ւրջ պատճառ ուներ Սանիչի առաջարկից հրաժարվելու. Լյալյա՜ն, որն այն օրը բացեիբաց դյութում, փաստորեն տրվում էր նրան, և կեցցե՛ ինքը, որ կարողացավ իրեն զսպել ու սպասել ավելի հարմար առիթի: Եվ նրա խոհեմությունն, ահա՛, շռայլորեն վարձատրվեց:

Կեսգիշերն անց էր, երբ Բուլոն կաթսայատան դուռը խնամքով փակեց ու հեռացավ: Նրա գնալուց մի հինգ րոպե էր անցել, երբ պարտեզի ծառերի ետևից մի ստվեր դուրս եկավ, ուշադիր զննեց շուրջբոլորը, վերև ներքև նայեց և համոզվելով, որ աշխատավոր ժողովուրդը խոր քուն է մտել, մոտեցավ կաթսայատան դռանը, գրպանից բանալի հանեց և փորձեց բացել կողպեքը: Բայց ապարդյուն: Բանալին մի կերպ մտավ, բայց ոչ ձախ էր դառնում, ոչ էլ աջ: Նա մի քանի հարկանի հայհոյանք հասցեագրեց Բուլոյին և Մարքսի փողոցով քայլեց դեպի Կրկես, այնտեղից էլ…

Բուլոյի բախտը բերեց, կարողացավ N1 վերջին տրամվայը նստել և հասնել տուն: Պառկել էր և քունը չէր տանում: Կես շիշ կոնյակը և հաջորդ օրվա երազային հեռանկարները բորբոքել էին ուղեղը: Սակայն կամաց-կամաց մարմինն ընդարմացավ, քունն արդեն սկսեց գրավել նրան, երբ դուռը ճանկռելու պես թակեցին: Գիշերվա ժամը մեկն էր, ո՞վ պիտի գար այսքան ուշ: Որոշեց տեղից չշարժվել: Մի քանի վայրկյան հետո թակոցը կրկնվեց, այս անգամ հստակ, հրամայական:

Բուլոն ընդոստ ելավ անկողնուց, մոտեցավ դռանը և խիստ հարցրեց.

-Ո՞վ է:

-Ես եմ, Բուլո ջան, Աբոն ա, բաց արա, ցավդ տանեմ,- աղերսանքով ասաց մի ձայն:- Խոսալու բան կա:

Դռան մյուս կողմում Պզուկ Աբոն էր՝ թաղի ամենաարհամարհված արարածը: Նա հայտնի էր որպես «ջեբկիր, պլանքյաշ և ուշախբազ»: Երբ փողի կարիք էր ունենում, գնում էր Մարքսի փողոցի N2 բաղնիքը և այնտեղ առանձին խցերում տարիքոտ գ…երին բավարարում: Միակ սխրանքը, որ նա գործեց, հարևան փողոցում ապրող օպերի տունը կտրելն էր: Բոլորը գիտեին, որ նրա ձեռքի գործն է, բայց «վրեն չկարողացան հաստատել», անգամ օպերն իր կապերով անզոր եղավ: Ուրիշ թուլություն էլ ուներ Պզուկ Աբոն: Միաժամանակ սիրահարվում էր թաղի բոլոր՝ քիչ թե շատ աչքի ընկնող աղջիկներին և հալածում նրանց գիշեր-ցերեկ, իսկ դրանցից մեկի՝ ամենագեղեցիկի տունը օրերից մի օր կրակի ճարակ դարձավ, որովհետև աղջիկը համարձակվել էր ոչ միայն մերժել այդ գարշելի արարածին, այլև ապտակել: Բոլորը կասկածում էին Պզուկ Աբոյին, բայց դարձյալ կաշին փրկեց: Մի խոսքով, ստոր ու եղկելի մի լակոտ, որին անգամ ցերեկով փողոցում Բուլոն մոտ չէր թողնի, ուր մնաց այս ժամին դուռը բացեր նրա առջև, ուստի խիստ և անվերապահ պատասխանեց.

-Հոգնած եմ, թող քնեմ:

-Բուլո ջան, ոտերդ պաչեմ, կոշիկներիդ փոշին լզեմ, բաց արա, շատ կարևոր բան ունեմ ասելու:

-Ուրիշ բաներ էլ չես ուզո՞ւմ պաչես,- հարցրեց Բուլոն:

-Դրանք էլ կպաչեմ, ախպեր ջան, մենակ թե դուռը բաց:

-Արա, դու ինձ ի՞նչ ախպեր, ս… եղիր ըստեղից, էլ էս կողմերը չերևաս:

-Հա, Բուլո ջան, ս… կըլնեմ, մենակ թե թող էրկու բառ ասեմ՝ նոր:

Ինչպես երևում էր՝ սրանից պրծում չկար: Հավանաբար «լոմկի՚»մեջ է, եկել է փող մուրալու: Խղճաց անկոչ հյուրին, որոշեց մի քանի ռուբլի գցել նրան հենց դռան շեմին, առանց ներս թողնելու և օձիքն ազատել հնարավորին չափ շուտ, քանի որ Պզուկ Աբոյի այցելությունն այս ժամին որոշակի կասկածների տեղիք էր տալու: Ուստի դուռը բացեց, կապտագույն հինգ ռուբլիանոցը ճմռեց և գունդ արած շպրտեց նրա ոտքերի տակ: Աբոն կռացավ, վերցրեց թղթադրամը, շտկեց, ափերի մեջ խնամքով ՙարդուկեց՚ և վերադարձնելով՝ ասաց.

-Բուլո ջան, փողի համար չեմ էկել, ինձ բալնիքն ա պետք:

-Ի՞նչ բանալի,- անհանգիստ հարցրեց տանտերը:

-Կաչեգարանոցի բալնիքը:

-Նե՛րս արի,- տեղնուտեղը հրամայեց Բուլոն:

Աբոն վարանոտ մտավ և շեմին հապաղեց, հետո առաջացավ և կանգնեց սենյակի կենտրոնում:

-Նստի՛ր,- կարգադրեց տանտերը:- Բանալին ինչի՞դ է պետք, ի՞նչ ես անելու այնտեղ:

-Դե, տղերքով հավաքվում զառ ենք գցում, պիվա խմում…

-Էլ ուրիշ տեղ չգտա՞ք պիվա խմելու, գնացեք Կոմայգում խմեք ու զառ գցեք:

-Բուլո ջան, կաչեգարանոցում համ հով ա, համ էլ աչքից հեռու ա:

-Ի՞նչ գիտես, որ հով ա, էնդեղ եղել ե՞ս:

-Հա, մի էրկու անգամ տղեքով հավաքվել ենք, բալնիքը Յուռը տվեց:

-Դե, գնա Յուռից էլ ուզի:

-Յուռը ասեց, որ բալնիքը քեզ ա տվել…

Ահա թե ի՜նչ… Գաղտնիքը կարծես բացվում է… Սակայն մի՞թե այս քնձռոտն է ոսկու խանութի կողոպտողը… Իհարկե, սա չէ, իսկական գողը եկել է թալանը տանելու և նոր կողպեքին դեմ առել, հիմա սրան է ուղարկել նոր կողպեքի բանալին վերցնելու: Հետաքրքի՜ր է: Ուրեմն պետք է հավատալ սրա հեքիաթին և բարդացնել խնդիրը:

-Ճիշտ ա, ես բանալին վերցրել եմ Յուռից, որովհետև էնտեղ խոզանոց էր սարքել, կողպեքն էլ փոխել եմ:

Աբոյի աչքերը չռվեցին, իսկ հետո դեմքին երանելի ժպիտ հայտնվեց.

-Ես էլ ասում էի…,- նա ուշքի եկավ ու լռեց: Հետո միանգամից հարցրեց.

— Հըմի կարա՞ս նոր բալնիքն ինձ տաս:

-Կարող եմ, բայց իմաստ չունի:

-Ընչի՞:

-Որովհետև վաղը քարածուխ պիտի բերեն ու բերնեբերան լցնեն:

-Ո՞նց բերներան,- անհանգիստ հարցրեց Աբոն:

-Հա, ինչքան որ տեղ կա:

-Բա խի՞ էդքան շատ:

-Որովհետև անցած տարի քարածուխը չհերիքեց, մարդիկ մրսում էին:

-Ուրեմն փեչի վրա էլ պըտի քարածուխ լցնե՞ք…

-Ինչքան ազատ տեղ կա՝ պըտի քարածուխ լցնեմ:

-Ըտենց բան չանես, Բուլո ջան…

-Ինչո՞ւ, իմ փեչը քո ինչի՞ն ա պետք…

-Հա, Բուլո ջան, պետք ա… Մեջը ապրանք ունեմ:

-Ե՞րբ ես դրել, ի՞նչ ա:

-Չանգալդանակ արծաթից, շատ-շատ ա, վաղուց եմ դրել, դու ըստեղ չէիր, բանալին Յուռից առա պահեցի, հըմի ինձ շատ պետք ա, կարանք կիսենք, մնացածով էլ պարտքս կտամ, թե չէ կտրաքացնեն:

-Բանալին քեզ ե՞րբ ա պետք:

Աբոյի աչքերը շողացին.

-Կարա՞նք հըմի գնանք:

-Ձեռ ես առե՞, ես հոգնած սատկում եմ, վաղը իրիկունը ժամը իննին արի:

-Կըլնի՞ ավելի ուշ, ասենք տասներկուսին, որ մարդմուրդ չտենա:

-Եղավ, վաղը գիշերվա տասներկուսին սպասում եմ քեզ:

Այսպիսով արծաթեղենի հետքը պարզվեց: Իսկ ոսկեղե՞նն ով է գողացել, նա՞ երբ պիտի հայտնվի: Բուլոն դուռը փակեց և վասն զգուշության սեղանը հրեց դռան ետևը, իսկ բարձի տակ դրեց անվանական «TT» ատրճանակը, որն ստացել էր Խաղաղօվկիանոսյան նավատորմի հետախուզության կազմում ցուցաբերած սխրանքների համար:

Սանիչն ասել էր, որ ժամը տասներկուսին պիտի գնա Քյավառ: Բուլոն սակայն կաթսայատուն ժամանեց ժամը տասին և լավ արեց, քանի որ նույն պահին սեփական աչոք տեսավ, թե ինչպես Ընկերուհի Զարմանույշը և Ախպար Սերոբը նստեցին «շահի բաջանաղի շոֆեր» Ուսեփ խանի 1936 թվականի արտադրության De Soto-ն և հեռացան:

Ամերիկյան այս մեքենայի մասին արժե հիմա պատմել, քանի որ հետո այլևս առիթ չի լինի: Ուսեփ խանն իսկապես Մոհամմադ Ռեզա Պահլավիի քենակալի վարորդն էր, և հենց այս հանգամանքով նա հետաքրքրեց Հյուսիսային Իրան մտած Կարմիր բանակի հետախուզությանը, քանի որ կարմրաճերմակ այս մեքենան նստում էր ոչ միայն շահուհու քրոջ ամուսինը, այլև բազմաթիվ արտասահմանցիներ էին նստում: Ուսեփ խանն էլ, որ ավարտել էր Թեհրանի Սեն Ժոզեֆ լիցեյը և բավականաչափ ֆրանսերեն ու անգլերեն ուսանել, լուռումունջ լսում էր մեքենայի ներսում, երբեմն էլ դրսում ծավալվող զրույցները և բառ առ բառ հաղորդում ուր որ պետք է: Հետագայում, հայրենադարձվելիս, նրա ծառայությունը բարձր գնահատվեց խորհրդային իշխանության կողմից. նրան ոչ միայն թույլ տվեցին ամերիկյան մեքենայով ու պահեստամասերի մեծ պաշարով անցնել սահմանը, այլև բնակարան հատկացրին նորակառույցում: Իսկ շահի բաջանաղն էլ արևմտյան ժողովրդավարությանը մատուցած իր անգնահատելի ծառայությունների համար մի նոփնոր Chevrolet ստացավ ամերիկյան դեսպանից որպես նվեր:

Բուլոն նախ հնոցի դուռը բացեց, համոզվեց, որ գողոնները տեղում են, այնուհետև ցնցուղվեց, խնամքով ածիլվեց, և զով կաթսայատանը կիսամերկ նստած «Советский спорт» էր կարդում:

Ժամը տասներկուսին քառորդ պակաս ածուխով լի դույլն առած բարձրացավ երրորդ հարկ: Չշտապեց զանգել, որովհետև ականջին կանացի ձայներ հասան: Այ քեզ չար բա՜խտ: Հավանաբար Լյալյան մենակ չէր: Եվ իսկապես. դուռը բացեց անծանոթ մի կին և, քարածուխի դույլը տեսնելով, համր զարմանքով նայեց Բուլոյին: Վերջինս չհասցրեց բերանը բացել, երբ հայտնվեց Լյալյան:

-Ой, спасибо, Булик джан, как раз вовремя!

Հետո ուղեկցեց նրան պատշգամբ, ցույց տվեց, թե ուր դնի և հազիվ լսելի ասաց.

-Հիմա մոտս հյուռ կա, ցիռանյի ջեմ ենք շինում, ժամը չորսին արյի վեդռոն կտամ:

Եփվող ջեմի բույրն, իսկապես, տարածվել էր տնով մեկ: Բուլոյի դյուցազնական մարմնով մի դող անցավ, երբ Լյալյայի ձեռքը դիպավ նրան: Հենց հիմա, հենց այստեղ կգրկեր նրան և… բայց, բայց, բայց… Ուստի շտապեց դուրս գալ, որպեսզի ճակատագրական սխալ թույլ չտա:

Չո՜րս ժամ պիտի տանջվեր: Երկու հարյուր քառասո՜ւն րոպե: Սակայն ստիպված չեղավ այդքան սպասել, քանի որ երեքին քառորդ պակաս տեսավ, թե ինչպես Լյալյայի հյուրը, նոր եփած ջեմի բանկաներով բեռնավորված, լքեց տեղանքը և շարժվեց դեպի տրամվայի կանգառ: Ճանապարհը բաց էր: Հառա՜ջ:

Լյալյան նրան դիմավորեց արգենտինյան տանգոյի հնչյուններով:

-Ты за ведром?- հարցրեց նա և ձեռքի պերճախոս շարժումով հրավիրեց ներս:

Գործը միանգամից դույլին չհասավ: Տանտիրուհին նախ ջեմ հյուրասիրեց, այնուհետև սեփական պատրաստության բալի լիկյոր առաջարկեց, որը քաղցր էր, թունդ և արբեցնող: Պակասում էր երաժշտությունը, ավելի ճիշտ Կառլոս Գարդելի [5]  անմահական «Adios muchachos» [6] -ը, որը տեղնուտեղը հնչեցրեց Սանիչի հարևան ուրուգվայահայ Խոսե-Սենտ-Էստեբան Լյուլեջյանից «ջրի գնով», ձայնապնակների հարուստ հավաքածուի հետ միասին ձեռք բերած պատեֆոնը…

Մարմինները մոտեցան, միացան նախ տանգոյի հնչյունների տակ, իսկ հետո սերտացան, վերից վար հպվեցին և քիչ անց փոխներթափանցվեցին ընդարձակ ու հարմարավետ բազմոցի վրա…

Պատեֆոնի սկավառակը մի քանի պարապ պտույտներ անելուց հետո կանգ առավ. զսպանակը թուլացել էր: Տանգոն նորից լսելու համար պետք էր նորից լարել, իսկ Սիրուն Բուլոյի զսպանակը լարվում-լարվում էր ու չէր թուլանում: «Կամասուտրան» նա չէր կարդացել, բայց այդ գրքի քաջ գիտակը կվկայեր, որ մեր նախկին նավաստին հմտորեն կիրառում է այնտեղ պարունակվող քիչ թե շատ ուշագրավ դիրքերն ու խորհուրդները: Լյալյան արդեն նվաղում էր, հալվում. «Хватит, Булик, дорогой, я больше не могууу…»: Այդ տրտունջքը, սակայն, ավելի էր բորբոքում Խաղաղօվկիանոսյան նավատորմի քաջարի նավաստու կտղուցքը, և նա շարունակում էր մոլեգնորեն ճխլել Լյալյայի բուշեատիպ7  մարմինը:

Մի կրակոց հնչեց: Այո, կրակոց, իսկական:

Բուլոն և Լյալյան ուշքի եկան և Սանիչին տեսան իրենց առջև՝ ատրճանակը ձեռքին:

-Վեր կաց, տականք, շուտ արա, հագնվիր և ասա, թե քեզ որտեղ պիտի սատկացնեմ:

Իր կյանքում արդեն բազմաթիվ կրակոցներ տեսած Բուլոն հասկացավ, որ Սանիչը եթե սատկացնող լիներ, ապա առաջին կրակոցով կսատկացներ: Ուստի պաղարյունությունը պահպանելով, հանգիստ հագնվեց և անվրդով հարցրեց.

-Համոյին տեսա՞ր, քեզ ի՞նչ ասաց:

-Подонок! Դու ինձ ուղղեցիր կեղծ հետքի վրա, որպեսզի ինքդ բարձրանաս այստե՞ղ, դու տղամարդ չես, գյադա ես, լակոտ ես, и вообще…

-Դու ինձ չպատասխանեցիր,- կտրուկ ընդհատեց նրան Բուլոն:- Համոն ի՞նչ ասաց:

-Համոն ոչինչ չգիտեր, և դու շատ լավ գիտեիր, որ նա չգիտի:

-Խոստացա՞ր, որ սռոկը կկարճես:

-Խոստացա, բայց նա երդվեց, որ ոչինչ չգիտի, և ես հավատում եմ նրան:

-Ես էլ եմ հավատում, որ նա չգիտի, зато ես գիտեմ, թե ով է:

-Ուզում ես կաշիդ փրկե՞լ, зубы заговориваешь?

-Ամենևին: Արի տղամարդու պես պայմանավորվենք: Ես հասկանում եմ, որ դու բարոյական իրավունք ունես ինձ հենց այստեղ գնդակահարելու: Բայց դրանից ոչ մեկս ոչինչ չի շահի. ես կկորցնեմ կյանքս, քեզ կդատեն, Լյալյան էլ կմնա մենակ: Ավելին, ես կարող եմ այնպես անել, որ քեզ չդատեն, տղամարդու պատիվդ էլ բարձր մնա. խոստանում եմ այսօր իսկ ինքնասպան լինել: Բայց կա ավելի լավ տարբերակ. ուղիղ վեց ժամ հետո դու կբռնես գողին, կգտնես գողացած ապրանքը՝ в полной сохранности, և առաջադրանքը ժամանակին ու գերազանց կատարելու համար պաշտոնի բարձրացում կստանաս և, ամենայն հավանականությամբ, մայորի կոչում:

Բուլոն չգիտեր, որ այդ աստղն արդեն խոստացված է, և հենց դրանով իսկ դիպավ նրա հոգու քնքուշ լարերին:

-Անունը ասա, անո՛ւնը,- գոռաց Սանիչը:

-Համբերիր,- ասաց Բուլոն՝ զգալով, որ դառնում է դրության տերը,- վեց ժամ հետո ինքդ կիմանաս:

-Ապրանքը որտե՞ղ է:

-Մոտակայքում, համբերիր, կտեսնես:

Սանիչի վիճակը բնավ նախանձելի չէր: Քյավառում իսկապես ոչինչ չպարզեց: Վատ տրամադրությամբ վերադարձավ և կնոջը բռնացրեց դավաճանության մեջ, իսկ մի քանի րոպե անց իր ճակատին պոզեր տնկողն ասաց, որ վեց ժամ հետո կարող է ձերբակալել գողին և փրկել գողոնը: Դա նշանակում էր, որ մայորի աստղը դառնում էր շատ հավանական: Իրոք ամուր նյարդեր էին պետք այսպիսի՝ բացասական և դրական ցնցումներին դիմանալու: Սակայն տեղնուտեղը մեկ ուրիշ հարց ծնվեց. ի՞նչ պետք է անի Բուլոյի հետ մինչև գիշերվա տասներկուսը: Հենց այնպես չէր կարող թողնել, որ հեռանա, դա կասկածից դուրս էր, բայց նա որտե՞ղ պիտի անցկացներ այդ վեց ժամը, այստե՞ղ, կաթսայատա՞նը, փողոցո՞ւմ… Պատասխանը տվեց ինքը՝ Բուլոն.

-Իմ ներկայությունն այստեղ ավելորդ է, երևի ճիշտ կլինի, որ իջնեմ կաթսայատուն և այնտեղ սպասեմ…

Հետո տեսնելով Սանիչի թերահավատ դեմքը՝ ավելացրեց.

-Եթե կասկածում ես, կարող ես դուռը վրաս փակել, միայն թե չմոռանաս տասներկուսին քառորդ պակաս բացել, որպեսզի գողին միասին բռնենք:

-Փակելու կարիք չկա, ես քեզ վստահում եմ: Բայց ավելի լավ է մնաս այստեղ: Դու ինձ ասա, թե օգնությունը երբ կանչենք, զինված խումբը:

-Ամոթ չէ՞, որ մի խղճուկ ջեբկիր բռնելու համար երկու սպա օգնություն կանչեն:

-Իսկ նա զինված չէ՞:

-Հազիվ թե: Եթե նույնիսկ զինված լինի, մեզ համար վտանգ չի ներկայացնի: Եվ հետո, եթե խումբ կանչես, կարող է վախեցնես նրան:

Այս փաստարկը համոզիչ թվաց Սանիչին: Բուլոն պատրաստվում էր իջնել իր բունկերը, երբ հայտնվեց զուգված-զարդարված Լյալյան, ասես ոչինչ չէր եղել, ասես ինքն էլ հենց նոր ժամանեց:

-Դե, տղանյեր, չեք ուզյում սեղան նստյել, ես շատ համով տոլմա եմ շինյել:

Սանիչն ապշած նայում էր մերթ կնոջը, մերթ Բուլոյին:

Լյալյան Բուլոյի թևից բռնած մոտեցրեց կաղնեփայտի զանգվածեղ սեղանին, հետո հրամայական դիմեց ամուսնուն.

-Чего стоишь, неси бутылку! Я голодна.

Սանիչը լուռ ենթարկվեց և քիչ հետո վերադարձավ երեք լիտրանոց «Սեղանի սպիտակ»-ը ձեռքին:

Նստեցին ճաշի: Լյալյայի տոլման իսկապես հաջող էր: Իսկ սառը ճերմակ գինու հետ ավելի համեղ էր դառնում: Թեթև գինին հոսում էր ջրի պես… Քիչ հետո պարզվեց, որ Սանիչը հրաշալի ձայն ունի, դրամատիկ տենոր, իսկական bel canto: Չէ՞ որ նա երաժշտական ուսումնարան էր ավարտել և այնտեղ սիրահարվել Լյալյային: Լենսկու արիային հաջորդեց Կանիոյի արիան, որը շատ տեղին էր իրավիճակին: «Riiiiidi pagliaaaaccio»,- ողբում էր նա և զսպում սրտի ցավը՝ պատկերացնելով աստղի մոտեցող փայլը: Հետո ռուսական ռոմանսներ հնչեցին Լյալյայի դաշնամուրային հմուտ նվագակցությամբ: Օրինակելի քեֆ ստացվեց: Իսկ երբ Բուլոն, եղբայրական անկեղծ հույզերով լցված, շնորհակալություն էր հայտնում ամուսիններին, Սանիչն ասաց, որ իսկական քեֆը կլինի մոտ ժամանակները՝ մայորի աստղից հետո:

Չնկատեցին, թե ինչպես անցան ժամերը: Արդեն քսաներեքն անց երեսուն էր: Սանիչը հանկարծ հարցրեց.

-Լսիր, ասենք բռնեցինք գողին, հետո ի՞նչ ենք անելու, հո տրամվայո՞վ չենք տանելու:

-Հա ճիշտ ես ասում, մանավանդ որ այդ ժամին տրամվայ չի լինում: Ուրեմն պետք է մեքենա կանչես:

-Ես գիտեմ, թե ում եմ կանչելու:

Այդպես ասելով՝ Սանիչը Բուլոյին հրավիրեց կողքի սենյակ և մինչև զանգելը հարցրեց.

-Դու համոզվա՞ծ ես, որ այսօր բռնելու ենք գողին, չես խաբում, չէ՞:

Բուլոն մի քանի անգամ գլուխը հաստատական վերուվար արեց: Իսկ Սանիչը վերջապես զանգեց.

-Товарищ полковник, извиняюсь за поздний звонок, хочу доложить, что ровно через полчаса вор окажется в капкане… пришлите, пожалуйста, подходящий транспорт.

Բուլոն հրահանգեց Սանիչին պատուհանից աննկատ հետևել, և հենց որ «հյուրը» ժամանի և մտնի կաթսայատուն, անմիջապես իջնել և դռան մոտ սպասել նրա դուրս գալուն, և չմոռանալ համենայդ դեպս զենքը վերցնել:

Պզուկ Աբոն ավելի քան ճշգրիտ եղավ. Հայկական ՍՍՌ-ի հիմնի առաջին հնչյունների հետ նա թակեց կաթսայատան երկաթե դուռը: Ձեռքին շիշ կար, որը պատրաստվում էր բացել, սակայն Բուլոն արգելեց («Հիմա խմելու ժամանակը չի, դու ապրանքը հանի»): Աբոն հնոցի խորքերից կտավի  տոպրակը լույս աշխարհ բերեց: Չմոռանանք ասել, որ Բուլոն մինչ այդ ոսկյա զարդերը թիթեղյա տուփից դատարկել էր մեկ այլ, ավելի փոքր տոպրակի մեջ և դրել սպասքի տակ:

Աբոն ոչ մի փոփոխություն չնկատեց: Նա շտապեց տոպրակի բերանն ամուր փակող ծովային հանգույցը քանդել:

-Պետք չի, մի բաց,- կարգադրեց Բուլոն:

-Բա քո փայը չտա՞մ, Բուլո ջան:

-Ասացի պետք չի, ապրանքդ առ ու շառդ քաշի ըստեղից:

Աբոն լսածին չէր հավատում: Տոպրակը Ձմեռ պապիի պես գցեց ուսը և դուռը բացեց, որ դուրս գա, սակայն մեխվեց տեղում՝ տեսնելով Սանիչի ատրճանակը:

-Руки вверх!

Տոպրակը զրնգոցով ընկավ հատակին: Սանիչն ատրճանակի փողն ուղղեց Աբոյին և հրամայեց.

-Բա՛ց տոպրակը:

Աբոն ապարդյուն փորձում էր քանդել հանգույցը: Բուլոն ստիպված եղավ օգնել նրան: Փառահեղ մի տեսարան բացվեց. արծաթյա սպասքը խառնվել էր ոսկե զարդերին:

-Քոնն է՞,- հարցրեց Սանիչը Աբոյին: Վերջինս, այդ տեսարանից հմայված ու ապշած, գլխով արեց:

Ճիշտ այդ պահին լսվեց սեփսև M-1-ի ժամանումը: Մեքենան կանգ առավ հնոցարանի առջև: Դուռը բացվեց, և հայտնվեց Товарищ полковник-ը՝ քաղաքացիական հագուստով: Սանիչն անմիջապես զեկուցեց նրան, որ գողության մեջ կասկածվողը հայտնաբերված է՝ գողացած ապրանքի հետ:

Աբոյի վեր տնկած ձեռքերն անմիջապես իջեցրին և կապանքներ հագցրին:

-Իսկ այս ընկերն ո՞վ է,- հարցրեց գնդապետը՝ ցուցամատն ուղղելով Բուլոյի կողմը:

-Մեր շենքի հնոցապանն է, նրա ակտիվ համագործակցությամբ հայտնաբերվեց գողը:

-А что ж,- ասաց Товарищ полковник-ը:- Բնակչությունն ակտիվորեն համագործակցում է օրգանների հետ: Это похвально. Մենք դա հաշվի կառնենք և կզեկուցենք ուր որ պետք է:

Չնայած ուշ ժամին ընկերուհի Զարմանույշը երկրորդ հարկի իր պատշգամբից ուշիուշով հետևում էր ծավալված գործողություններին, իսկ երբ կաթսայատնից դուրս բերեցին ձեռնակապերով կաշկանդված Աբոյին, նա իր բարձրությունից Սանիչին դիմեց.

-Ընկեր Սանիչ, ադ դղային քանի մը անգամներ տեսած եմ հոս, կը հավքվեին վարը, կխմեին և գեշ բաներ կը ծխեին, ծուխը կ’ելլար մինչև մեր պատշգամբը և մեզի կը թունավորեր:

 

Հարցաքննությունը կարճ տևեց: Աբոն միանգամից ընդունեց իր մեղքը: Ճիշտ է, սկզբում հայտարարեց, թե ինքն ընդամենը տոպրակի պարունակության մի մասն է գողացել, սակայն դա միայն քննիչների ծիծաղը հարուցեց: Էլ դեսուդեն ընկնելու ցանկություն և ժամանակ չկար: Պետք էր շտապ զեկուցել Մոսկվա և հանրապետության ղեկավարությանը գործի հաջող ավարտի մասին: Ուստի ստիպեցին ստորագրել, որ ոչ միայն արծաթը, այլև ոսկին է գողացել: Աբոն էլ հասկացավ, որ մասը թե ամբողջը, միևնույն է՝ նույն «սռոկն» է հասնելու, այնպես որ ճիշտը ստորագրելն էր: Բացի այդ, կար մի շատ կարևոր հանգամանք. ստանձնելով ամբողջի գողությունը՝ նա, փաստորեն, «մատ էր անում» քաղաքի բոլոր գողականներին, նրանց, ովքեր պարբերաբար ստորացնում, արհամարհում, երբեմն նույնիսկ ծեծում էին իրեն: Այժմ ինքը հերոս էր, քանզի արել էր մի բան, որը նրանցից ոչ մեկը չէր կարող անել, այժմ իրավունք ուներ պահանջելու, որ իրեն օրենքով գող հայտարարեն:

Մյուս հերոսների կյանքում էլ կարևոր փոփոխություններ եղան: Լիբկնեխտ Սանիչը ոչ միայն մայորի աստղ, այլև պաշտոնի բարձրացում ստացավ: Պաշտոնի բարձրացում ստացավ նաև գնդապետը: Անմասն չմնաց նաև Բուլոն: Ավելին, նրա կյանքում շատ կարևոր փոփոխություններ տեղի ունեցան: Նրան հրավիրեցին Խորհրդավոր Շենք և հաշվի առնելով, որ Հեռավոր Արևելքում ծառայած տարիներին հետախուզական հատուկ դպրոցում չինարեն էր սովորել, առաջարկեցին մեկնել Չինաստան: Այնտեղ մեծ փոփոխություններ էին նախապատրաստվում:

Դժվար չէ կռահել, որ սևանցի դյուցազնին այդքան հեռու ուղարկելը Սանիչի գաղափարն էր: Սակայն հեռու ոչ թե Հայաստանից, այլ… Լյալյայից: Եվ նրան այս հարցում անգնահատելի ծառայություն մատուցեց Товарищ полковник-ը, քանի որ նա ևս, գուցեև Սանիչից ավելի շատ, շահագրգռված էր, որպեսզի իր… մրցակիցն ասպարեզից հեռանա, քանի որ նա ևս Լյալյայով հիացողների շարքում էր և ամենևին ոչ պլատոնիկ նկատառումներով: Օթելլոյական կրակոցի դեցիբելները և դրա հետ կապված բոլոր մանրամասները հասել էին նրան, ահա ինչու ջանք չխնայեց, որպեսզի Բուլոն հնարավորինս երկար ժամանակով և հնարավորինս հեռու անհետանա տեսադաշտից:

Այսպիսով, կարո՞ղ ենք ասել, թե մեր պատմությունը բարեհաջող հասավ իր ավարտին: Իհարկե ոչ:

Նախ՝ մենք չիմացանք, թե ով է գողացել ոսկին, և ինչպես է արծաթի հետ հայտնվել նույն տեղում: Չիմացանք նաև մյուս հերոսների մասին: Մինչդեռ դրանց թվում է հիմնական գործող անձը, որը ձգտում էր հերոս դառնալ, բայց, ավա՜ղ, հանգամանքները…

Ինչպես գիտենք, Երևանում դեռևս սարդարի ժամանակներից ոչինչ գաղտնի չի մնում, և քանի որ ոսկու խանութը կտրելու լուրը մեկ շաբաթ անդադար քննարկվում էր ամենուր, ապա երջանիկ հանգուցալուծումն էլ կայծակի արագությամբ տարածվեց քաղաքով մեկ: Պզուկ Աբոն դարձավ օրվա հերոս, գրեթե բոլորն անթաքույց նախանձով խոսում էին նրա հանդուգն արարքի մասին, և բոլորը համոզված էին, որ նա է գողը, մեկից բացի, որն անժխտելի ապացույց ուներ, որ այդպես չէ, կամ, ավելի ճիշտ, որ Աբոն մասամբ, ըստ որում փոքրիկ մասով է գող, և որ հիմնական հերոսն ինքն է: Հետևաբար ինքն է իսկական գողը:

Սակայն մինչև նրա անունը տալը պատմենք մի աննշան, մի չնչին (բայց ըստ էության շա՜տ կարևոր) բանի մասին, ինչն օրգանների համընդհանուր էյֆորիայի պայմաններում փաստորեն մատնվեց անուշադրության:

Տոպրակի պարունակությունը երբ համեմատում էին մուտքագրման փաստաթղթերի հետ, ի զարմանս բոլորի հաստատվեց, որ ոչինչ չի պակասում՝ բացառությամբ մեկ մատանու, որի արժեքն առանձնապես բարձր չէր: Որոշեցին փնտրել կաթսայատանը, ամենայն մանրամասնությամբ, բայց չգտան: Աբոն երդումկոտոր եղավ, որ այդ մատանու գոյության մասին ոչինչ չգիտի: Հավատացին նրան և դադարեցրին փնտրտուքը՝ ենթադրելով, որ գողոնը տեղից տեղ տանելիս կարող էր և անբացատրելի պայմաններում մեկ մատանի անհետանալ:

Մի քանի օր հետո «կորսված» մատանին «ջրի երես» ելավ տարօրինակ հանգամանքներում:

Գետառի ափին գտնվող ութերորդ քաղմասի պետ մլիցա Անդրեին ներկայացավ տասներեք տարեկան մի տղա և հայտարարեց, որ ոսկու խանութն ինքն է կտրել: Միլպետը պահանջեց, որ անմիջապես «ռադը քաշի» այդտեղից: Տղան համառեց: Այդ ժամանակ պետը հրամայեց հերթապահ միլիցիոներին «լակոտի շլնքից բռնել և դուրս շպրտել», ինչն արվեց տեղնուտեղը «և մի բան էլ ավելին», այն է՝ աքացու, այն է՝ կիրզե սապոգի՝ հետույքին հասցված երկու ուժգին հարվածով:

Տղան չհուսահատվեց:

Նա ապրում էր այն շենքում, որը տաքացվում էր Բուլոյի հմուտ ջանքերի շնորհիվ, և հարևաններից շատերի հետ տեսել էր Աբոյի ձերբակալման տպավորիչ տեսարանը ու լսել բոլոր մանրամասները: Ուստի նույն օրը երեկոյան նա սեղմեց Սանիչի բնակարանի զանգի կոճակը: Եվ շա՜տ իզուր…

Նորաթուխ մայորն, ի տարբերություն իր նշանավոր կոչումնակցի, անհամեմատ ավելի քաղաքավարի եղավ և խորհուրդ տվեց գլուխը քամիներով լցնելու փոխարեն սպորտով զբաղվել և հաճախել Պիոներ պալատի խմբակներից մեկը: Տղան նորից համառեց և այս անգամ սեղանին դրեց իրեղեն ապացույցը՝ մատանին: Սանիչը, պաղարյունությունը պահպանելով, ասես իմիջիայլոց հարցրեց.

-Որտե՞ղ ես գտել այդ մատանին:

-Չեմ գտել, գողացել եմ,- հանդուգն հայտարարեց տղան:- Եթե չեք հավատում, կարող եք ստուգել. այսպիսի տասը մատանի կար, մեկը վերցրի, մնացած ինը պիտի այնտեղ լինեն:

Սանիչին դուր եկավ տղայի համարձակ և տրամաբանված պատասխանը:

-Իսկ ինչո՞ւ մեկը վերցրիր, ոչ թե տասը:

-Տասը հատն ինձ պետք չէր, այս մեկն էլ պետք չէ, բայց վերցրի համենայն դեպս, ինչպես տեսնում եք՝ պետք եկավ:

Տղան հետզհետե ավելի էր հետաքրքրում Սանիչին, ուստի շեշտակի նայելով նրա աչքերի մեջ՝ ասաց.

-Կարո՞ղ ես այս մատանին ժամանակավոր թողնել ինձ մոտ, որպեսզի ստուգեմ, թե ասածներդ որքանով են համապատասխանում իրականությանը:

-Ստուգեք, ստուգեք, որպեսզի համոզվեք, որ ես եմ գողացել:

-Իսկ գիտե՞ս՝ եթե ապացուցվեց, որ դու ես գողը, ապա քեզ բանտարկություն է հասնում անչափահասների գաղութում:

-Անչափահասների՞…,- ասես հիասթափված հարցրեց տղան:- Իսկ հնարավոր չէ՞ մեծերի հետ նստեմ:

Սանիչը լիաթոք ծիծաղեց, հետո գլուխն օրորելով ասաց.

-Կմտածենք, կտեսնենք, նախ պետք է ստուգել, համոզվել, որ իսկապես դու ես գողացել: Իսկ մինչ այդ մի խորհուրդ. ոչ մեկին ոչ մի խոսք: Եղա՞վ:

Տղան իսկույն ոտքի կանգնեց, պիոների պես պատվի բռնեց և գոչեց.

-Честное пионерское!

Կեցցե՛ս, տղա, հումորի զգացում ունի: Չէ, ափսոս է բանտ նստի, ամբողջ կյանքը կխորտակվի, մեզ այսպիսի հնարամիտ տղաներ են պետք, ես ինքս կզբաղվեմ նրանով, հրաշալի հետախույզ դուրս կգա սրանից, իսկ մինչ այդ…

-Հա, եթե շատ ես ուզում մեծերի հետ նստել, ապա մի բան կանենք:

-Իսկապե՞ս… Խոստանում ե՞ք…,- երանելի ժպիտը դեմքին հարցրեց նա:

Տղայի հեռանալուց հետո մի քանի րոպե ապշած նստել էր: «Կորած» մատանու այս հայտնությունը, փաստորեն, խառնում էր բոլոր հաշիվները, ջնջում իր՝ Սանիչի սխրանքը և ստիպում գործի հետաքննությունը նորից սկսել: Աներևակայելի է, բայց հավատում էր, որ ոսկու գողն իսկապես այս տղան է, թե ինչպես, դա կպարզի հետո, իր առանձին, մասնավոր հետաքննության ընթացքում, որը կարվի այստեղ, բոլորի աչքից հեռու և կմնա գաղտնի, բոլորին անծանոթ, քանի որ չի գրանցվի թղթի վրա:

Հաջորդ օրը Սանիչը սովորականից ավելի շուտ եկավ աշխատանքի և առաջին հերթին հրակայուն պահարանը բացեց: Գողոնը դեռևս գտնվում էր այնտեղ, քանի որ հետաքննությունը ավարտված չէր, բացի այդ, կարող էր դատավարության ժամանակ պետք գալ: Նա անմիջապես գտավ ստվարաթղթե գլանը՝ վրան ինը մատանի հագցրած: Տասներորդը, պակասողն իսկապես այն մեկն էր, որ նախորդ օրը հանձնեց տղան. ճիփ ճիշտ, ոչ մի կասկած: Գլանի վրա շարված ինը մատանիները դրվեցին իրենց տեղը, իսկ տասներորդը նորից հայտնվեց գրպանում և նույն օրն անհետացավ այնպես, որ անհետացնողից զատ ուրիշ ոչ ոք չէր կարող ասել, թե որտեղ է:

Երեկոյան, պայմանավորվածի պես, տղան եկավ: Սանիչն արդեն գիտեր, որ ոսկու գողը նա է, ուստի դեմը դրեց ամուսնական իր մատանին և ասաց.

-Այսպիսի մատանի չկար այնտեղ:

Տղան անակնկալից ասես համրացավ: Բերանը բացում էր, սակայն չէր կարողանում անգամ մի վանկ արտաբերել: Սանիչը հատկապես նկատեց, որ իր բառերն այնպես ցնցեցին նրան, որ ոչ մի ուշադրություն չդարձրեց դիմացը դրված մատանուն՝ համոզվելու համար՝ դա իր տվա՞ծն է, թե՞ ոչ: Եվ նրա շփոթմունքը խորացնելու նպատակով ավելացրեց.

-Ես չգիտեմ, թե որտեղ ես գտել այս մատանին, բայց մյուս իննի հետ սա ոչ մի առնչություն չունի: Այնպես որ մոռացիր այս պատմությունը: Վե՛րջ:

-Ուրեմն բանտ չեմ նստի՞,- տխուր հարցրեց տղան:

-Քո տարիքի տղաներին նման ստեր տարածելու համար բանտ չեն դնում, շատ-շատ մի ապտակ կարելի է հասցնել, որ խելքի գան… Բայց ես դա էլ չեմ անի, որովհետև խելացի տղա ես երևում, համարձակ… Դու ինձ դուր եկար, և ես քեզ ուրիշ կերպ կօգնեմ:

-Ինչպե՞ս…

-Այդ մասին կխոսենք մի երկու օր հետո, ես պետք է խորհրդակցեմ համապատասխան մարդկանց հետ… Հավատա ինձ, դա շատ ավելի հետաքրքիր է, և դու շատ գոհ կլինես: Իսկ առայժմ գնա և բերանդ փակ պահիր ու մոռացիր այս պատմությունը:

Տղան դուրս եկավ շփոթված, բայց տարօրինակ մի ժպիտ դեմքին: Իսկ Սանիչը վերադարձավ և սեղանին տեսավ յուր պսակադրության մոռացված խորհրդանիշը, որը նորից հագցրեց մատին ու միտք արեց. «Չէ, տղան իսկապես անարծաթասեր է, ավելի շուտ անոսկիասեր է և անկասկած այդ գողությունն արել է կատարելապես այլ նպատակներով»:

Սանիչը խոսքի տերը եղավ, նա իսկապես միջնորդեց Նալբանդյան փողոցում նստած կարևոր անձանց մոտ, և տասներեք տարեկան տղային հավաքագրեցին: Հետագայում նա իսկապես գերազանցեց իր հովանավորին և նշանակալի հաջողությունների հասավ այդ ասպարեզում: Հնարամիտ արկածախնդրի ոգին՝ պետական անհրաժեշտությամբ կանոնակարգված և գաղտնիությամբ ծածկված, բացառիկ արդյունքներ էր տալիս:

Արդ, ժամանակն է մանրամասնորեն ներկայացնել Վիկտորին: Այդպես էր տասներեքամյա տղայի անունը: Անհավատալի է, բայց նա ծնվել է մտավորական-արտիստական ընտանիքում: Հայրը Լենինգրադում ուսանած և այնտեղ թեկնածուական պաշտպանած պատմաբան էր, մայրը՝ Մարիինյան թատրոնի մենապարուհիներից մեկը՝ գեղեցկուհի Օլյան, որ դեռևս պատերազմից առաջ ամուսնու հետ եկել ու հաստատվել էր Երևանում:

Երևանի օպերային թատրոնի մենապարուհին՝ իր անթերի մարմնով և ազնվական դիմագծերով, միանգամից դարձավ բարոյականության կատաղի ջատագով հայ կանանց աչքի փուշը: «Դրա ի՞նչն ա սիրուն,- հարցնում էին նրանք և տեղնուտեղը պատասխանում,- վրեն բռնելու տեղ չկա»: Իսկ բռնելու բազում տեղեր ունեցող այս կանանց ամուսինները երազում էին այդ կնոջ գոնե մեկ տեղից բռնել…

Սա դեռ ոչինչ: Որոշ ժամանակ անց թաղում լուր տարածվեց, որ Օլյան՝ «էդ չոդոն», օպերայում «տկլոր պարում ա»: «Տկլորության» աստիճանը չէր ճշտվում՝ լրի՞վ, թե՞ մասամբ, պարզապես ասում էին ու վե՛րջ: Թաղեցիներից մի քանիսը նույնիսկ կյանքում առաջին և վերջին անգամ գնացին օպերա՝ ստուգելու լուրի հավաստիությունը, սակայն տեսան, որ նրա մարմինը (գլխից ու ձեռքերից զատ) ամբողջությամբ ծածկված է, և նա «տկլոր» է նույնքան, որքան բեմում հայտնվող բոլոր պարուհիները: Սակայն նախապես որոշել էին և իրենց կարծիքը չփոխեցին. «Օլյան տկլոր պարում ա»:

Հենց այս հանգամանքն էր, որ արմատապես շրջեց Վիկտորի ճակատագիրը՝ ստիպելով նրան գնալ խելահեղ քայլի՝ ոսկու խանութի գողության:

Քննարկումները տներից իջան փողոց: Տարեկից լակոտները շրջապատեցին Վիկտորին և հարցրին.

-Ճիշտ ա՞, որ մերդ տկլոր ա պարում, հա-հա, հի-հի…

Փորձեց բացատրել, որ տկլոր չէ, որ հագնված է, որ ամբողջ աշխարհում այդպես են պարում, բայց ասածները տեղ չէին հասնում, ամբողջ թաղով պատերազմ էր հայտարարված գեղեցկության դեմ, և եթե նույնիսկ մուշտակով պարեր, միևնույն է, կասեին՝ «տկլոր ա»:

Ծաղրուծանակը շարունակվեց, հասավ դպրոց: Ստիպված եղավ բռունցքներով պաշտպանել մոր պատիվը, բայց մենակ էր անգութ ոհմակի դեմ: Ծեծված, պատառոտված շորերով տուն էր դառնում, սակայն ոչ մի անգամ տնեցիներին չասաց պատճառը: Փոխարենը կռվարարի անուն հանեց:

Որոշեց բանի տեղ չդնել և գլուխը կախ ապրել: Բայց չհաշտվեց: Հոգու խորքում վրեժ փայփայեց, մե՜ծ վրեժ: Դառնալ օրվա հերոս, այն հերոսը, որոնց մասին թաղի խուժանը խոսում էր սրբազան ակնածանքով, «թափով. տղերքը, գողե՜րը…

Վիկտորն իր բնածին երևակայությունը հարստացրել էր ընթերցանությամբ: Մոլի, կատաղի, խելագա՜ր ընթերցող էր և կարդում էր հիմնականում արկածային, ոճրային գրականություն: Հատկապես կլանում էր Կոնան Դոյլի, Չեստերտոնի, Գաստոն Լերուի և Մորիս Լեբլանի վեպերը՝ ռուսերեն, հին ուղղագրությամբ, նախահեղափոխական տպագրությամբ: Կարդում էր, հետո արկածներ ու ոճիրներ երևակայում, մտովի մասնակցում, պաշտպանում զոհերին, պատժում հանցագործներին…

Աստիճանաբար գլխում խմորվեց մի ցնցող գողություն անելու գաղափարը: Անել մենակ, առանց որևէ մեկի օգնության, առանց որևէ շահի ակնկալության, պարզապես հասկացնելու համար բոլորին, որ ինքը հերոս է: Գաղափարը որոշակիացավ և իրականացման հասցե գտավ շատ անսպասելի: Հոր հետ պատահական հայտնվեց «Կովկաս» ռեստորանում: Հրաշալի քյաբաբ կերավ, նույնիսկ մի կես բաժակ գինի խմեց: Հետո մտան կողքի ոսկու խանութը: Հայրն ուզում էր նվեր առնել իր կնոջը, բայց փողը չհերիքեց, և մի տեսակ դժգոհ դուրս եկավ այնտեղից:

Վիկտորի ուշադրությունը գրավեց երկու բան. նախ՝ թե ինչպես հայրը խեղճացավ, ընկճվեց, որ չի կարող իր հավանած ապարանջանն առնել և նվիրել կնոջը՝ ծննդյան օրվա առթիվ, երկրորդ՝ թե ինչպես վաճառողը դիմեց խանութի վարիչին, որպեսզի հսկայական հրակայուն պահարանը բացի և առանձնապես արժեքավոր զարդերը դուրս բերի: Ուշադիր նայեց, թե վարիչն ինչպես հանեց բանալիների տրցակը, առանձնացրեց պողպատյա մեծ ու փայլուն բանալին և երեք պտույտով բացեց ծանր ու հաստ դուռը: Պահարանի ներսում, ցուցափեղկից թափանցող արևի շողերի տակ, ոսկիներ էին փայլփլում և ադամանդներ շողարձակում: Պատկերը տևեց մի քանի վայրկյան, բայց լիովին բավական էր, որպեսզի անջնջելիորեն տպվի ուղեղում և մղի հանդուգն, բայց կշռադատված գործողությունների:

Հեռահար մի նախագիծ մշակվեց նրա գլխում: Նախ մտերմացավ Բուլոյի հետ, շենքի եզակի անձնավորություններից մեկը, որին իսկապես հարգում էր Վիկտորի ընտանիքը: Նրա հետ գնում էր «Սպարտակ»-ի մարզադահլիճ և մասնակցում պարապմունքներին: Դարձյալ հեռահար հաշվարկով մտերմացավ Թափով Յուռի հետ, ժամանակ առ ժամանակ իջնում էր կաթսայատուն, նարդի խաղում հետը, գիտակցաբար պարտվում, նրա զանազան հանձնարարությունները կատարում: Մի անգամ էլ Յուռը բանալին տվեց նրան, ասաց, որ երկու օրով գյուղ է գնալու, պահանջեց, որ խոզանոցի վերածված հնոցարանը իր բացակայությամբ մաքրի-հավաքի: Վիկտորը մինչև հանձնարարությունը կատարելը բանալին տարավ շուկայի մոտ գտնվող ուստա Հարութի կրպակը և մեկ օրվա մեջ երեք ռուբլիով պատրաստել տվեց պատճենը, որը բերեց տուն և պահեց ապահով տեղում: Իսկ նրա մաքրած հնոցարանը Յուռի վերադարձից հետո մեկ շաբաթ անց դարձյալ խոզանոցի վերածվեց:

Հիմնական նախապատրաստությունները, սակայն, ծավալվեցին ոսկու խանութի շրջակայքում: Գրեթե ամեն օր գնում էր «Կովկաս» ռեստորան՝ իր սիրած քյաբաբն ուտելու և այդ ընթացքում ուշադիր զննում էր խանութը, և քանի որ երկար չէր կարող մնալ այնտեղ, ապա դուրս էր գալիս և դիմացի մայթից, ծաղկի խանութի առջևից հետևում անցուդարձին:

Օրերից մի օր կողքի սեղանին տեղ գրավեց ոսկու խանութի վարիչ Գեորգի Մինասիչը՝ ընկերոջ հետ: Նրանք երկուսով մի շիշ կոնյակ խմեցին և այդ ընթացքում կատարելապես անտեսելով տղայի հարևանությունը՝ քննարկում էին բավական պիկանտ մի խնդիր: Ընկերը համոզում էր վարիչին, թե «փեշիդ քարը թափի», վերադարձիր տուն, «կին էր, մի անգամ սխալվեց, էրեխեքն են մեղք»: «Մի անգամ չի է՜,- արդարացավ Գեորգի Մինասիչը:- Ես նրանց քանի՜ անգամ եմ բռնացրել… Էս անգամ էլ չդիմացա… Հենց էրեխեքի խաթեր տեղն ու տեղը չսատկացրի… Էլ չեմ կարող էդ լրբի սֆաթին նայել, դրա համար էլ հեռացա տնից…»: «Բա հիմա որտե՞ղ ես ապրում»: «Էս կողքի փողոցը միսենյականոց եմ վարձել, մինչև տեսնեմ ինչն-ընչոց ա, եթե ժամանակ ունեցար, իրիկուններն անցիր, Սվերդլովի 17, դալանից որ մտնես՝ աջից առաջին դուռն ա…»:

Հասցեն անջնջելիորեն դրոշմվեց Վիկտորի հիշողության մեջ: Նույն օրը երեկոյան գնաց ուսումնասիրեց տեղանքը. խախուտ մի դուռ, անվարագույր մի պատուհան, իսկ նեղլիկ սենյակում՝ մի մահճակալ, անսփռոց մի սեղան և երկու քառոտնուկ: Ահա ոսկիների պահապանի կացարանը:

Այժմ նրա օրն անցնում էր խանութի շրջակայքում: Արդեն գիտեր մշտական հաճախորդներին, արդեն սկսում էր հետաքրքիր մանրամասներ նկատել: Օրինակ՝ նրա ուշադրությունը գրավեց դեղնավուն մետաքսե կիտել հագած մոտ երեսնամյա մի տղամարդ՝ մուգ ակնոցով, թավ բեղերով և ծղոտե եզրագլխարկով: Ամեն օր գալիս էր ռեստորան, տեղավորվում խանութին նայող սեղանի մոտ և ժամեր անցկացնում այդպես: Եվ հանկարծ մի օր նրա կողքին քսան-քսանհինգամյա մի երիտասարդ հայտնվեց՝ անորոշ գույնի աչքերով, երեսը ծածկված թարախոտ բշտիկներով: Նրանք շարունակ նայում էին խանութի կողմը և շշուկով ինչ-որ բան քննարկում, իսկ երբ Գեորգի Մինասիչը հայտնվեց, միանգամից լռեցին և հմայվածի պես հայացքները չէին կտրում նրանից:

Քիչ հետո նրանք  դուրս եկան և քայլեցին տարբեր ուղղությամբ. եզրագլխարկովը՝ դեպի կինո «Մոսկվա», իսկ պզուկոտը՝ դեպի հրապարակ, սակայն ջրերի խանութ հասնելուն պես թեքվեց աջ, դեպի Սվերդլովի փողոց: Նա շուրջբոլորը զննելով դանդաղ առաջանում էր: Հասավ 17-ին, դալանով մտավ ներս և քիչ հետո հայտնվելով՝ դարձավ եկած ճանապարհով, անցավ «Կովկաս» ռեստորանը և բարձրացավ դեպի կինո «Մոսկվա», բայց չհասած՝ մտավ «Ինտուրիստ» ռեստորան: Վիկտորը, տարածություն պահպանելով, հետևեց նրան և տեսավ, թե ինչպես մոտեցավ սյան ետևը նստած մուգ ակնոցով տղամարդուն:

Վիկտորի մարմնով սարսուռ անցավ: Նա շտապ դուրս եկավ ռեստորանից և, անորոշության մատնված, սկսեց մուտքի մոտ թրև գալ: Տասը րոպե չանցած պզուկոտն ու մետաքսե կիտել հագածը նույնպես դուրս եկան, մոտեցան մզկիթի առջև շարված «Պոբեդա» տաքսիների կողքին կայանած կանաչ «Օպել-կապիտանին» և հեռացան: Մի տագնապ մտավ մեջը, սիրտը վատ բան էր գուշակում: Մտածեց գնալ Գեորգի Մինասիչին զգուշացնել: Բայց հնարավորություն չունեցավ անգամ նրան մոտենալու, քանի որ խանութին հասավ այն պահին, երբ վերջինիս, կատարելապես հարբած, նստեցնում էին տաքսիստ Գևուշի մեքենան:

Խանութի վարիչը վերջերս, հասկանալի պատճառներով, հաճախակի էր խմում: Փորձում էր թախիծը խեղդել: Բայց ապարդյուն… Թախիծը գնալով ուժգնանում էր, ինքն էլ ավելի խորն էր սուզվում խմիչքի մեջ: Վիկտորն իր կյանքի պատանեկան համեստ փորձով եզրակացրեց, որ Գեորգի Մինասիչի այս անհույս վիճակը բարենպաստ պայմաններ է ստեղծում իր ծրագրի իրականացման համար: Եվ իսկապես, հաջորդ օրը ուշ երեկոյան նրան տեսավ ավելի խայտառակ վիճակում: Երևում է՝ իր այդ վարքով արդեն զզվեցրել էր բոլորին, որովհետև ռեստորանի մատուցողը բարձրաձայն ասաց. «Ոնց ուզում ա՝ թող գնա տուն, հո ամեն օր տաքսի չեմ կանչելու իրա համար»: Վիկտորն անմիջապես իր ծառայությունն առաջարկեց, և բուֆետչիկի հավանությունն ստանալուց հետո վազեց դեպի կինո «Մոսկվա» և քիչ անց վերադարձավ «Պոբեդա» տաքսիով: Մինասիչին տեղավորեց ետևը, ինքն էլ նստեց կողքը:

Տեղ հասնելով՝ օգնեց, որ դուրս գա, մենակ, գրեթե գրկած ուղեկցեց մինչև նրա վարձու սենյակը, բանալիների տրցակն առավ ձեռքից, դուռը բացեց և առաջնորդեց ներս: Բակում մութ էր, ոչ մի լույս չէր վառվում: Նշանակում է՝ ոչ ոք չտեսավ նրանց ժամանելը: Վիկտորը Մինասիչին խնամքով պառկեցրեց մահճակալին, նույնիսկ կոշիկները հանեց: Հետո կանգնել էր ու չգիտեր, թե ինչ անի: Պատճառը սեղանին դրված բանալիների տրցակն էր, որոնց մեջ, լուսնի արծաթագույն լույսի տակ, փայլում էր հրակայուն պահարանի բանալին:

Առանց երկար-բարակ մտածելու տրցակը գցեց գրպանը, դուրս եկավ և ետքից զգուշորեն փակեց դուռը: Պատկերացնել անգամ չէր կարող, որ բանալիներն այսպես հեշտությամբ իր ձեռքում կհայտնվեն: Ճանապարհը բաց էր, մնում էր գործել շրջահայեցորեն:

Անշտապ քայլեց դեպի խանութ: Հատուկենտ անցորդներ էին մնացել փողոցում: Մեկ-երկուսը՝ հարբած, մնացածներն էլ շտապում էին, որ տեղ հասնեն ու անկողին մտնեն: Ռեստորանը փակ էր: Մոտեցավ խանութին: Դռան վրա երկու հսկայական կողպեք կար: Շուրջբոլորը նայեց: Դիմացի մայթին ընդամենը մի հոգու տեսավ, որի ուշադրությանն անգամ չարժանացավ: Անմիջապես գտավ կողպեքների բանալիները, բացեց և մտավ ներս: Իսկ պահարանի բանալին հրաշալի գիտեր: Երեք պտույտ, և ոսկիները հայտնվեցին նրա առջև: Բայց ինչպե՞ս պիտի տանի:

Իր բախտից, անկյունում շուկայի բավական տարողունակ մի պայուսակ տեսավ, «կաշովկա»: Ոսկիները մեկ առ մեկ լցրեց մեջը: Արծաթյա իրերին ձեռք չտվեց: Խոնավ թաշկինակով սրբեց բոլոր բռնակները, որպեսզի մատնահետք չթողնի: Այդ հնարքը սովորել էր դետեկտիվ վեպերից: Պայուսակը սողնաշղթայով փակեց և հանգիստ դուրս եկավ: Ոչ ոք չէր մոտեցել, ոչ մեկը չէր հետաքրքրվել, թե այդ ուշ ժամին ինչ է տեղի ունենում ոսկու խանութում:

Մի՞թե այսքան հեշտ էր:

Վերադարձավ Սվերդլովի 17, պատուհանով նայեց, համոզվեց, որ Մինասիչն իր մահճակալին է, դուռը զգուշորեն բացեց, բանալիների տրցակը գցեց տանտիրոջ բաճկոնի գրպանը և դուռը ետքից քաշելով փակեց:

Դալանից դուրս էր եկել և գնում էր դեպի Լենինի հրապարակ, երբ տեսավ, թե ինչպես մի կանաչ մեքենա մոտեցավ ֆիլհարմոնիային, միջից դուրս եկավ պզուկոտը և քայլեց դեպի Սվերդլովի փողոց: Իսկ Վիկտորը, հանգիստ ու ասես ամեն ինչին անտարբեր, հսկայական հարստությունը ձեռքին, քայլեց դեպի Հոկտեմբերյան պողոտա, մոտեցավ Կոլխոզ-շուկային, անցավ Գետառի կամուրջը, հասավ կաթսայատուն և թաքստոցից հեռատեսորեն նախապես հանված բանալու պատճենով բացեց երկաթյա դուռը, «կաշովկայի» պարունակությունը դատարկեց ամերիկյան խտացրած կաթի մետաղյա մեծ տուփի մեջ (չէ՞ որ վառարան է դրվելու, ով գիտի ինչ ասես կարող է լինել), վերջին պահին ստվարաթղթե գլանի վրայից հանեց ամուսնական մի մատանի (համենայն դեպս), հետո բահի կոթով թիթեղյա տուփը հրեց հնարավորին չափ խորը, փակեց վառարանը և հեռացավ:

Գիշերվա մեկն էր, երբ տան դռան զանգը սեղմեց: Երկար արդարանում էր, որ ընկերոջ ծնունդն էր, անհարմար էր շուտ դուրս գալ, իսկ հետո, երբ պատշգամբում պառկած (ամառվա շոգերին այդտեղ էր քնում) վերհիշում էր անցած օրը, կաթսայատան դռան ճռռոցը լսեց, ուշադիր նայեց ներքև և ոչինչ չտեսավ: Հինգ րոպե անց ճռռոցը կրկնվեց և չորրորդ հարկի բարձրությունից ճանաչեց պզուկոտ արարածին, որը վախվորած շուրջբոլորը նայելով հեռացավ: Վիկտորին թվաց, թե քիչ հետո պիտի անպայման լսի հեռվում կանգնած մեքենայի շարժիչի ձայնը: Սակայն որքան լարեց լսողությունը, նման աղմուկ ականջին չհասավ:

Հաջորդ օրը կեսօրին գնաց «Կովկաս» ռեստորան: Ոսկու խանութի ներսն ու դուրսը բազմաթիվ միլիցիոներներ կային: Ռեստորանից իրեն նկատեցին, ներս կանչեցին: Քաղաքացիական հագած մի տղամարդ էր, մոտ քառասուն տարեկան: «Հա, էս տղան էր,- ասաց երեկվա տաքսիստը:- Ինքը տարավ ներս… Ոտի վրա հազիվ էր կանգնում»: «Ուղեկցեցիր մինչև դո՞ւռը»,- հարցրեց քաղաքացիական հագած տղամարդը: «Այո»: «Դուռն ինքը բացե՞ց»:  «Այո»,- ստեց Վիկտորը: «Կասկածելի բան չնկատեցի՞ր, մարդ-մուրդ չկա՞ր բակում»: «Ոչ, մարդ չկար»: «Այ ընկեր ջան,- մեջ ընկավ բուֆետչիկը,- ընդեղ որ կասկածելի մարդ ըլներ, էս էրեխեն հըմի ստեղ կըլնե՞ր… արի իմացի ով ա մտել մոտը, էդ ալկագոլիկից բանալին առել ա… Կարող ա ձևացնում ա, կարող ա ինքն ա սարքել էս ամեն ինչը… պարտքի տակ էր… էս խեղճ էրեխեն ի՞նչ կապ ունի… Ինձ էլ իրեք հարուր մանեթ պարտք մնաց… էդ փողը հըմի ո՞վ ա տալու…»:

Քաղաքացիական հագածը սաստեց նրան, որ չխանգարի, բայց, հավանաբար, բուֆետչիկի փաստարկները համոզիչ թվացին, ուստի մի վերջին հարց տվեց. «Ժամը քանի՞սն էր, որ մտավ տուն»: Բուֆետչիկը նորից մեջ ընկավ. «Ժամը տասը կըլներ, շատ-շատ տասն անց կես, որ ստեղից տաքսիով տարան…»: Տաքսիստը հաստատեց, որ մոտավորապես այդ ժամին էր:

Տեղում լսած կցկտուր պատմություններից իմացավ, որ գիշերվա ժամը երկուսին, Սվերդլովի 17-ում հարևանները տարօրինակ աղմուկ են լսել: Իջել տեսել են Մինասիչին մահճակալին կապած, բերանը լաթ խրած, տնքտնքալիս: Կապանքները քանդել են և իմացել, որ մի կես ժամ առաջ, թե՞ մեկ ժամ առաջ, ինչ-որ մեկը մտել է ներս, մի ծանր բանով խփել գլխին… Ներս մտնողի դեմքը չի հասցրել տեսնել, բայց երևում էր, որ մոտ երեսուն տարեկան տղամարդ է… Այնուհետև բանալիներն է փնտրել, չի գտել և խնդրել է անմիջապես միլիցիա զանգեն, իսկ ինքը շտապել է ոսկու խանութ… Հիմա նախնական կալանքի տակ է… Կասկածներ կան, թե դա սուտ գողություն է, թե ինքը՝ Մինասիչն է կազմակերպել, քանի որ վերջերս կնոջ պատճառով «ձեռից գնացել» էր, պարտքերի տակ մտել… «Եթե գողեր ըլնեին, իրան սաղ չէին թողնի, հանգիստ կմորթեին ու կեթային, հենա մեր հարևանին ըտենց չարեցի՞ն մի էրկու աբլիգացիայի համար, իսկ ըստե մեշոկներով ոսկի ա…»: Մեկն էլ ավելացրեց. «Եթե ապացուցեցին, որ ինքն է կազմակերպել, գնդակահարություն է հասնում կամ քսանհինգ տարի…»:

Վիկտորը մի պահ խղճի խայթ զգաց, որ իր պատճառով անմեղ մարդը պիտի տուժի, բայց տեղնուտեղը հանգստացավ՝ հիշելով, որ ինքն այս գողությունը որոշակի նպատակով է արել. դառնալ թաղի, քաղաքի, Հայաստանի հերոսը… Մարդիկ իր մասին պիտի ասեն. «Բա իմացա՞ք ով ա կտրել ոսկու խանութը, որ ասեմ՝ չեք հավատա… Վիկտորը… Էն, որ մերը…»:

Վե՛րջ, այդ մեկն այլևս չի ասվի, նախկին ասողներն էլ կգան ոտքերի տակ կսողան, և ինքը կների նրանց, քանի որ հիշաչար չէ… Իսկ մինչ այդ ոչինչ չի անի, իր սովորույթները չի փոխի, սովորականի պես կգնա «Կովկաս»՝ խորոված ու քյաբաբ ուտելու, միաժամանակ թարմ լուրեր առնելու… Հա, բուռն իրադարձությունների և լուրերի հորձանուտն ընկած՝ մոռացել էր անծանոթ անձի՝ հնոցարան կատարած ուշգիշերային այցելության մասին: Երկու օր հետո հիշեց, գնաց ստուգելու, թե ոսկիներն արդյոք տեղո՞ւմ են, բայց դեմ առավ նոր կողպեքին: Նույն օրը ցերեկով Բուլոյին էր տեսել, հավանաբար նա է փոխել: Առանձնապես շատ չմտահոգվեց, քանի որ ոսկին գողացել էր ոչ թե հարստանալու, այլ ուրիշ, ավելի ազնիվ նպատակների համար: Եթե նույնիսկ իր գողացածը մեկ ուրիշն է գողացել, ապա մատանին մոտն է, միշտ կկարողանա ապացուցել, որ ինքն է առաջինը:

Օրերն անցնում էին, սակայն ոչ մի լուր: Ինչ ասես չէին խոսում ռեստորանում, բայց միայն ենթադրություններ: Վիկտորի կուրծքն ուռչում էր հպարտությունից: Ա՛յ այսպիսի գործ կանեն, որ ամբողջ միլիցիան իրար է անցել և չի կարողանում գտնել գողին, մինչդեռ ինքն այստեղ նստած իր քյաբաբն է վայելում և լսում, թե ինչեր են խոսում մարդիկ:

Օրը օրի վրա գնալով ինքն իր աչքին ավելի էր բարձրանում և սպասում այն ժամին, երբ զինված մարդիկ կեսգիշերին իրենց դուռը կզանգեն, ո՛չ, կխորտակեն, կներխուժեն, կձերբակալեն և ամբողջ շենքի առջև կտանեն որպես վտանգավոր հանցագործի:

Այդպես նա որոճում էր իր ապագա փառքը, երբ մի օր, կեսգիշերին մեքենաներ մտան իրենց բակը, զինված մարդիկ դուրս եկան, ինչ-որ մեկին հանեցին կաթսայատնից ու տարան: Անմիջապես ճանաչեց ձերբակալվածին. այն պզուկոտն էր, որին տեսել էր մուգ ակնոց դրած մարդու հետ, իսկ ավելի ուշ, գողության օրը՝ ֆիլհարմոնիայի առջև, կանաչ մեքենայից դուրս գալիս: Իսկ երբ մեքենաների հեռանալուց հետո Բուլոն հարևաններին ասաց, թե հենց դա էր «ոսկու խանութ կտրողը», քիչ մնաց գոռար ի լուր ամենքի, թե սուտ է, թե ինքն է գողը, մենակ, առանց որևէ մեկի օգնության… Եվ եթե չգոռաց, ապա լոկ այն պատճառով, որ հայրն ու մայրն էին կողքին, պատկերացրեց, թե նրանք ինչպես են ընդունելու այդ լուրը, ուստի որոշեց իրեղեն ապացույցն առած գնալ միլիցիա և պահանջել, որ իրեն ձերբակալեն…

 

Սանիչը ոչ մի անգամ նրան չընդհատեց, ուշադիր լսեց մինչև վերջ: Միայն երբեմն-երբեմն հարցնում էր. «Հետո՞, հետո՞»: Տեսնում էր, թե տղան ինչպիսի բավարարություն է զգում իր ՙսխրանքը՚ մանրամասնորեն պատմելուց: Վերջացրեց ու հայացքը հառեց Սանիչի շուրթերին, ասես սպասում էր նրա՝ աստվածային վճռին:

-Ես քեզ հավատում եմ,- ասաց նա:- Բայց ոչ մեկին չես կարող ապացուցել, որ հենց դու ես գողը:

-Ինչո՞ւ,- զարմացած հարցրեց Վիկտորը:

-Նախ՝ որովհետև Աբոն արդեն խոստովանել է, որ արծաթն ու ոսկին ինքն է գողացել: Փորձագետներն ստուգել և համոզվել են, որ իրոք այդպես է: Բոլոր փաստերը խոսում են այդ վարկածի օգտին: Երկրորդ՝ ոչ ոք չի հավատա, որ տասներեք տարեկան անփորձ տղան կարող էր այդպիսի բան անել: Երրորդ…

-Բայց ես ապացույց ունեմ,- ընդհատեց Վիկտորը:- Մատանի՜ն…

-Ի՞նչ մատանի:

-Ոսկե մատանին, որ անցած օրը տվեցի ձեզ:

-Դու ինձ մատանի չես հանձնել: Պարզապես ցույց տվեցիր ու նորից գցեցիր գրպանդ:

Վիկտորն ապշած էր, ջախջախված, նա մի կերպ կարողացավ արտաբերել.

-Ուրեմն ես չեմ կարող ապացուցե՞լ… Ուրեմն ամեն ինչ իզուր է՞ր…

-Իզուր չէր,- վճռական ասաց Սանիչը:- Դու ապացուցեցիր, որ կարող ես ավելի մեծ բաներ անել, շա՜տ մեծ և օգնել քո ժողովրդին, քո երկրին… Չես ուզո՞ւմ, որ հերոսի աստղը կախեն կրծքիցդ, ինչպես մեր հինգերորդ հարկի հարևանը:

«Հարևանը» Սովետական Միության հերոս հրետանավոր Ա. Հ.-ն էր, որը մեկ մարտի ընթացքում հակատանկային հրանոթով գերմանական վեց տանկ էր խփել:

-Խելքդ գլուխդ հավաքիր, քեզ մեծ ապագա է սպասվում:

Վիկտորն անսաց Լիբկնեխտ Սանիչի հորդորներին և հրաժարվեց սուտ հերոսությունից, որպեսզի ուրիշ, ավելի լուրջ, ավելի կարևոր, վերջապես իսկական հերոսություն գործի: Եվ գործեց հետագայում, շատ անգամներ, բայց, ավա՜ղ, նրա սխրանքների մասին քչերն իմացան, այդպիսին էր նրա ծառայության բնույթը:

Իսկ նրա առաջին հերոսության դափնիներն ամբողջությամբ անցան Պզուկ Աբոյին, և անարժանը, իր շրջանակի չափանիշներով, արժանավորի անուն վաստակեց: Ասում էին, թե նրան «էտապով» ուղարկել են Մագադան, որտեղ, իբրև թե, օրենքով գող է հռչակվել…

 

 

 

______________________

  1. Դրամայի գործող անձինք (լատ.):
  2. Смерть шпионам — Հատուկ զորաբաժանումներ, որոնք Հայրենական մեծ պատերազմի օրերին դիրքավորվում էին առաջին գծում կռվող խորհրդային զինվորների անմիջական թիկունքում և կրակում նահանջողների վրա: Այլ խոսքով, Կարմիր բանակը կռվում էր երկու՝ գերմանական և սեփական կրակների միջև:
  3. Այդպես էր կոչվում թմրանյութը, որ վաճառվում էր Կոմայգու մուտքի առջև, Պլեխանովի փողոցի մոտ, թղթե փոքրիկ տոպրակների մեջ, և մեկ բաժինը՝ «մի բաշը», արժեր հինգ ռուբլի:
  4. Անցյալ դարի 40-ական թվականներին «Արարատ» տրեստը վաճառքի էր հանում կոնյակներ՝ թափանցիկ, անգույն շշի մեջ, տակը փոս, իսկ պիտակին գրված էր այդպես՝ ֆրանսերեն:
  5. «Մնաք բարով, տղաներ» — արգենտինյան հանրահայտ տանգո:
  6. Carlos Gardel (1890-1935) — արգենտինյան տանգոյի արքա:
  7. Ֆրանսուա Բուշե (1703-1770) — Ֆրանսիացի գեղանկարիչ, որ պատկերում էր գերազանցապես վարդագույն, թխլիկ և կրքահարույց կանանց:

 

 

Անդին 9-10, 2015

 

Share

Կարծիքներ

կարծիք