Բանաստեղծություններ

daniel-varujan-1

ՀՈՐՍ ԲԱՆՏԻՆ ՄԵՋ

Դեռ փոքր էի. եկա քեզի մենավոր,

Մութ զնդանի մեջ այցի:

Մայրս հիվանդ էր. կշրջեի ես ազատ

Մեջտեղ բանտի և մահճի:

 

Լուր տվին քեզ, եկար առջևը դռան

Վանդակապատ՝-ոճի՜ր-

Կբաժաներ մեր ողջակուրումը կզկաթ:

Եկար անխոս, վշտակիր:

 

Ո՜րքան նիհար էիր և ո՜րքան աչքերդ

Ծարավ էին արևու.

Մորուքիդ տակ, կարծես ոսկրի վրա բուսած,

Ո՛վ հայր, մեռել մ’ էիր դու:

 

Նշմարելուդ պես զիս ժպտիլ սկսար,

Բայց այդ ժպիտը բարի,

Այդ սուտ ժպիտն՝ էր նունուֆա՛ր մը ծաղկած

Լճին մը վրա արտոսրի:

 

Կարկառեցիր սև վանդակին ետևե

Շրթունքներդ իմ շրթներուն,

Բայց իրարու անոնք, ավա՜ղ, չհասած՝

Մեր համբույրին դողդոջուն՝

 

Նույն ժամանակ եղան օրրան և դագաղ:-

Ո՛հ, պիտի ո՜րչափ քեզի

Բաղձայի տալ ընդգրկումի մը մեջ տաք՝

Ազատ աշխարհը դուրսի,

 

Եվ իմ փոքրիկ բիբերըս քու բիբերուդ

Եղան երկինքն անսահման,

Սրտես սրտիդ պարպել բոլոր օրերս այն,

Որ արևու տակ անցան.

 

Մութ բանտիդ մեջ գարնան վարդերը ամբողջ

Պիտի լեցնել ուզեի,

Կամ ճիղմ հասակս ու ապագան հասակիս

Պիտ հոն թաղել ուզեի:

 

Ո՜վ տխուր ժամ.- Քեզ մի առ մի պատմեցի

Սև վիպակները մեր տան,

Հանիիս մահն, ու հիվանդ մորս հազը խուլ

Լռության մեջ գիշերվան.

 

Ըսի թե մեր տանիքին վրա, լուսնին տակ,

Բուերը պար կբռնեն,

Թե այս տարի մեր վարդենին չորացավ

Գերեզմանատան խորշակեն:

 

Կլսեիր զիս և հարցում կընեիր,

Երբ հրաման մը վայրի,

Կույր հրաման մ’եկավ ըզմեզ բաժնելու…

Դարձա՜ր… առանց համբույրի …

 

Ու ես երկա՜ր ետևեդ պիշ նայելով,

Հա՛յր իմ, մինակ հոն լացի՜.-

(Մինչ կուրծքիս տակ բաշ կթոթվեր ոխ մը նոր)

Սիրտս աչքերես քամեցի:-

 

… Ո՜վ կյանք սիրո, լանջ քրտինքի, սիրտ  փուշի,

Ցեխին նետված սրբություն,

Արևուն բորբ հոսանքներուն դեմ գոցված

Ո՛վ երակներ ազազուն:

 

Տեսա որ ձեզ հետ, ձեզի հետ սուզեցան

Եղեռնի մեջ, արտալած,

Սուրբերն ամե՛ն կրոնքի, ամեն շուշաններ

Եվ  Հիսուսներ թքնըված:-

 

 

Օ՜ ՏԱԼԻԹԱ

 

Կարմրաշռայլ լույսերուն մեջ կվառիշ

Կապելադ, օ՛ Տալիթա:

Բեր գարեջուրն, և թող փրփուրն հոսանուտ

Մատերդ ի վար պղպջա:

 

Ի՛նչ փույթ թե ես ազնվական կթվիմ,

Ունիմ ձեռքեր քնքշենի.

Եվ ինչ փույթ թե դուն աղջիկ մ’ ես ջլեբաց

Որ բանվորներ կընդունի:

 

Կատեմ կիներն՝ որք դիմացն հայլիին

Դիմաներկեր կշաղվեն.

Կծծցնեն Ծերակույտի անդամներ

Տոփանքներով տարորեն:

 

Դահլիճներուն փարթամ կիները կատեմ.-

Իրենց կավատն է՝ ոսկին.

Զիրենք սիրողը կսպառեն, և իրենք

Տան շնիկեն կսպառին:

 

Բե՛ր, Տալիթա՜, բե՛ր գարեջուրն, ու նստե

Ծունկիս վրա՝ թույլ տալով

Որ աղախնի կարճ քղանցքեդ երևնան

Բումբերդ՝ սև գուլպայով:

 

Թող ճրագներդ հյուծին մինչև առավոտ,

Եվ թող շեմին վրա երգե

Գինով աշուղն՝ հառած բիբերը մեզի,

Բիբերը զուրկ կրակե:

 

Թող մազերուդ ոսկի հյուսկերը քակես

Գավաթին մեջ բյուրեղյա,

Եվ ծունկերես վար սրունքներդ օրորես՝

Մինչև որ սերս հասունանա:

 

Ինձի ի՛նչ փույթ թե շրթունքներդ են խածեր

Նավաստիները կոպիտ,

Եվ հոսեր են քրտինքն իրենց տռփանքին

Աչքերուն մեջ ու ծոցիդ:

 

Այսօր կուզեմ կուրծքիդ վրա գինովնալ

Ինչպես զինվոր մը արբուն.

Կուզեմ պարպել գավաթդ, և դուն ալ պարպես

Սիրտս՝ նուռի պես հասուն:

 

Այսօր կուզեմ դահլիճին մեջ ծաղրված

Սերս առջևդ պղծել,

Խաբված հոգիս բերել ռամիկ աղջկան

Գարեջուրով մը ծախել:

 

 

ԱՆԱՀԻՏ

 

Խոտին մեջ է թաղված բագինդ: Չեն ծխար

Խունկերն անուշ, զոհն այնտեղ չի՛ արյունիր:

Կուգա լոկ բույր մը համպար

Խորխի, զոր հոն թողեր է օձ մը կարմիր:

 

Հոն կնստիմ, խո՜նջ ուղևոր: Ձիս  կարծի,

Եվ Վահագնի զամբկին կարծես հոտն առած՝

Կտղուցեն խոլ կխանձի:

Բայց արևեն մեզ չի գար ոչ մեկ աստված:

 

Անհետացան անդարձ խորերն անտառին

Քուրմերը լայն թեզանիքով: Չի՛ երգեր

Ծիծերդ՝ վինը Վրույրին,

Բագինիդ շուրջ կհեծկլտան եղեգներ:

 

Չես հանգրճեր պատմուճանդ ալ. ո՛չ մեկ վիթ

Նիզակահար՝ կներկե ծունկդ արյունով:

Թանգարանին մեջ անդրիդ

Կտաղտկանա, և չի՛ պսակվիր գարունով:

 

Բայց դուն կապրիս, պիտի ապրիս հավիտյան,

Ո՛չ երկրի վրա. երկինքի՛ն մեջ, Անահի՛տ:

Ահա կ’ծագի լուսնկան,

Եվ կծագիս դարձյալ՝ մահիկը ճակտիդ:

 

Քեզ կտեսնեմ աստղերուն մոտ: Ծիծերեդ

Լույս կհոսի աղբյուրին մեջ՝ ուրկե խմող

Եղնիկին դունչը նամետ

Եվ եղջյուրները կօծանվին ոսկեշող:

 

Վա՛ր կնայիս .- Օրիորդները վարար

Կզգաստանան. գինիին  տաշտը կիյնա

Բագոսուհվույն ուսեն վար:

Կաղոթե կույսը ծնրադիր մահճին վրա:

 

Կապարճդ ուսիդ, լարած աղեղդ լայնշի՝

Կվարես սայլը լուսնակին լռելյայն…

Կյանքն անտառին կշարժի.-

Ձեռքիդ ջահեն վախցած՝ գայլերը կոռնան:

 

Կերազե դաշտն.- ու կոկոնները վարդին,

Փքիններուդ խայթին ներքև, մի առ մի,

Բերանիդ պես կբացվին:

Կեռա ավիշն այգիին մեջ վաղեմի:

 

Կհոսես ծիծերդ, կանցնիս կերթաս,- բայց մարդիկ

Չեն պաշտեր քեզ. տա՛րր մը սոսկ կընդունին:

Քանդած են հովն ու ալիք

Մեհրա՛նդ իսկ Քերսոնեսի ափունքին:

 

Միայն, գիշերն, որսական շունդ լքված

Կտեսնե վերն անցքդ, մահիկը ճակտիդ,

Ու բագինիդ վրա նըստած՝

Կնայի քեզ և կուլա, օ՛ Անահիտ:

 

 

ԼՔՈՒՄ

 

Կորիցե օրն՝ յորուն ես ծնայ:

Հովբ.

Իրիկուն է: — Մեր տան դռան առջևի

Պարտեզին մեջ բարտիներուն ըստվերներն

Անհունորեն կերկարին:

Իրիկուն է: — Այնտեղ մինակ և տրտում,

Ջրհորին եզրն արմկած՝

Վար կնայիմ, կնայիմ խորն և կուլամ:

Ներսը, տան մեջ, հանդարտավետ երգելով՝

Հանիիս հետ մայրս խաղող կհնձանե,

Ու եղբայրներս իր չորս դին,

Ողկույզներուն բույրեն արբշիռ՝ կկայտռեն…

Ո՛չ ոք, ո՛չ ոք գիտե վիշտն,

Որ թոքերուս մեջ, զերթ խաշխաշ թունաբեր,

Արագորեն կուռճանա.

Ո՛չ ոք գիտե, թե ի՜նչ կերպ

Հուսահատություն՝ օրե օր զիս մահվան հետ

Կընտելացնե, թե կերթամ ինչ ճամփայով

Կյանքիս մոխիրն ես իմ ափին մեջ կշռել.-

Մահկանացու նայվածքներու  վարագույր

Պիտի ըլլա սարդի ոստայնը, զոր ես

Լռությամբս հոգվույս ավերին վրա կհյուսեմ:

Դո՛ւն գիտես լոկ ճակատագիրս ահավոր,

Ո՛վ Լուսնկա ուրվադեմ,

Որ հորին մեջ տրտմաթախիծ կժպտիս

Եվ զից քեզի՛ կկանչես:

Դո՛ւն գիտես լոկ, թե ի՛նչ հողով թունավոր

Թրծըված է բաժակն այն,

Որով կյանքս իմ խմելու եմ սահմանված.

Ու կխոկաս բախտիս վրա, կգթաս.

Յուրաքանչյուր շիթն արցունքիս՝ որ կիյնա

Խորության մեջ ջրհորին՝

Կայլայլե դեմքդ ու հառաչել կուտա քեզ:

 

Կանո՜ւխ է դեռ ,- իմ ձեռքերս իմ արյան մեջ

Թաթխելու դեռ կանուխ է:

Երբ շիրմաբույր իմ գոյությանս կարոտ

Սրտերուն մեջ, սրտերուն հետ նախ մեռնիմ,

Եվ հանձնեմ քնարս աստվածներուն ոլիմպյան,

Որ կդարձնե դեռ հաճո

Իմ կյանքս ուրիշ արեգնամոլ կյանքերու.

Երբ հույսի Ուղտն, ա՛լ խոնջ, ծալե ծունկերն իր

Անապատին մեջ օրերուս անծաղիկ,

Այն ժամանակ, մտերի՛մ հոր,

Ամեն անոնք, որ ինձ դափնի կքաղեն,

Պետք է դառնան, թող դառնան,

Շուրջն եզերքիդ մեռելապսակս հյուսելու,

Քանզի այն օրն, անիծելով հայրական

Համբույրը կույր՝ որ եղավ

Իմ սև սերմիս առաջնորդ,

Դարձյալ քեզի՜ պիտի  գամ,

Քու երազկոտ, նիրվանական ջուրերո՜ւդ,

Ուր ճակատեն կսրբվի՝ արևուն

Խարանը պիղծ, կլվացվի ամեն տարր,

Ու ամեն հոդ կհաղթվի, կթողու

Հոգին ազատ, հոգին մաքուր, մտնելու

Գիրկն Հանգիստին: — Դարձյալ քեզի՜ պիտի գամ,

Այսպես խաղաղ իրիկուն մ’ երբ տնակին մեջ

Մայրս կերգե, ըզբաղած:

Մահվան սաստիկ ծարավեն՝

Չդնելով ուշ եզերքիդ բաղեղին,

Որ գթությամբ պիտի կառչի քղանցքիս,

Պիտի նետեմ մարմինս այս խոնջ, կարևեր,

Խորհուրդիդ մեջ… իմ հետին ճիչս օրհասի՝

Խորության մեջ դարձդարձիկ՝

Պիտի գանգյուն տա քարերուդ միջև թուխ,

Որուն ի լուր՝ մերձակա

Դռնեն մայրս իմ լեղապատառ պիտ’ վազե.

Սակայն զարթնուն պիտի քնացող ալիքներդ

Ու զիս ընդհուպ ընկլուզեն.

Հետո իրենց սովորական պշնումով,

Աղիտավոր գահավիժման ամեն հետք

Պիտի ջնջեն: Լռությունն՝ իր պատռված

Պատանքը վրաս պիտի հյուսե վերստին

Եվ Լուսնկան (որ պիտ’ փշրի անկումես

Ծնունդ տալով հազարավոր աստղերու),

Հետո դարձյալ, խաղաղիկ,

Պիտի առնե ձևն իր նախկին, պիտ’ ըլլա

Ջուրերուդ վրա՝ իմ անձնասպան հոգիես

Բողբոջած մեծ արյունլվա նունուֆար

Մ’ որուն արմատն ոչ ոք գիտե թե ուր է:

 

ԳԱՐՆԱՆ ԱՆՁՐԵՎ

 

Դաշտերուն վրա իր տրտմությամբ համառոտ

Անձրևը չէ՛ ասիկա:

Գարնան ջաղբն է՝ որ ցանքերուն վրա անհուն

Լուսացնցուղ կտեղա:

 

Աստղեն անհայտ, կարծես հալած արևեն,

Տեղատարափ կթափին,

Եվ կլվան իրենց լույսին մեջ փաղփուն

Անդաստաններն ու այգին:

 

Կապույտն հանկարծ կուլա բուռն ծիծաղեն,

Եվ կտեղա ադամանդ.

Կլուսնան կույր աղբերակներն ու կերգեն

Իրենց ծնունդն արգավանդ:

 

Անհունն ի վար կհեղեղվին շառաչով

Մեծ կաթիլներ շափյուղա,

Լի արևով, ցնծությունով, կապույտով,

Ծիծաղներով  սատափյա:

 

Մարգերը թաց կարտաշնչեն զովություն…

Կլվացվին գառնուկներ …

Բո՜ւյրը հողին, հողին բո՜ւյրը, ծավալուն,

Կլցնե գյուղն ու եթեր:

 

Ու արտերո՜ւս, արտերո՜ւս մեջ քրտնաշատ

Իմ ցորյաններս համեցող

Նոր ուժերով հորդահոսա՜ն կընձյուղին

Կայլակներու մեջ ի լող:

 

Եվ մաքրված անտառին մեջ, այս պահուս,

-Ըստ իմ գյուղիս հեքիաթին-

Կծնի եղնիկն, գոտիին տակ ծիրանի,

Եղնորդ մը՝ նման լուսինին:

Share

Կարծիքներ

կարծիք