«Հասկեր» գրական մրցույթի լավագույններն արդեն հայտնի են

DSC099311967 թվականից ապրիլի 2–ը ողջ աշխարհում նշվում է որպես Մանկական գրքի միջազգային օր։ 1805թ․-ին հենց այս օրն է ծնվել դանիացի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենը։

Մանկական գրքի միջազգային օրը նշվեց նաև Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։ Ամփոփվեցին «Հասկեր» մանկապատանեկան գրական մրցույթի արդյունքները։ Տեղի ունեցավ մրցույթի լավագույն ստեղծագործությունների ժողովածուի շնորհանդեսը։

«Հասկեր» գրական մրցույթը նախաձեռնել են «Կայարան» գրական ակումբը, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը և «Անդին» ամսագիրը։ Մրցույթին ներկայացվել է 200 աշխատանք (պատմվածք, բանաստեղծություն և էսսե): Ժողովածուում ընդգրկվել են 60-ը:

Մրցույթի լավագույնները պարգևատրվեցին «Սերմնահատիկ» և «Ոսկե Հասկ» անվանակարգերում՝ ստանալով պատվոգիր, գրքեր և «Անդին» ամսագրի համարներ։ «Ոսկե Հասկի» յոթ մրցանակակիրները որպես նվեր ստացան նաև ամսագրի մեկ տարվա բաժանորդագրության հնարավորություն։

«Հասկեր» գրական մրցույթը խրախուսանք է ստեղծագործող մանուկների և պատանիների համար։ Եթե ունեն ասելիք, կարող են այն փոխանցել մրցույթի շրջանակներում։ Շատ ուրախ կլինենք, եթե հետագայում մրցույթի մասնակիցներից մի քանիսը գրողներ դառնան, իսկ այսօր տոնն իսկապես կայացավ»,-մրցանակաբաշխության ժամանակ ասաց «Անդին» ամսագրի երիտասարդական բաժնի խմբագիր Անի Տեր-Գուլանյանը։

Շնորհակալագրեր ստացան մրցույթին առավել ակտիվ մասնակցած դպրոցներն ու ուսուցիչները։

«Երեխաներն իրոք ունեն ստեղծագործական ջիղ։ Դասականները օրինակ են նրանց համար։ Թող հիմա ունենան այդ օրինակը՝ թեկուզ մի քիչ նմանվելով, բայց հետագայում ստեղծեն իրենց ուրույն ոճը։ Անդրադառնում ենք նաև ժամանակակից գրականությանը։ Մեր դպրոցում ժամանակ առ ժամանակ գրողների հետ հանդիպումներ ենք կազմակերպում, որ աշակերտները ժամանակակիցների հետ անմիջական շփման մեջ լինեն, հասկանան, որ այսօր էլ կան գրողներ, որոնց ստեղծագործությունները ապագայում հայտնվելու են դասագրքերում։ Առաջիկայում հանդիպում ենք ունենալու երիտասարդ բանաստեղծ Նարեկ Կիրակոսյանի հետ»,- Անդինին պատմեց Վրեժ Համբարձումյանի անվան թիվ 17 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հրաչուհի Հրաչյանը։

Տասնամյա Նորան սովորում է Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոցի հինգերորդ դասարանում։ Սիրում է Հովհաննես Թումանյանի և Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունները։ Մրցույթին ներկայացրել է երեք բանաստեղծություն։ Հարցնում եմ՝ վաղու՞ց է գրում, նա էլ թե՝ առաջին դասարանից։ Առաջին բանաստեղծությունը անգիր հիշում է՝

Ես ունեմ փոքրիկ մի գիրք ու շատ մեծ մի հայրենիք,

Եվ այդ գրքում իմ փոքրիկ հայրենիքն է իմ գողտրիկ,

Հայրենիքս այդքան մեծ ինչպե՞ս մտավ գրքիս մեջ։

Հայրենիքի և մայրիկի մասին բանաստեղծություններ հորինող աղջնակը երազում է լրագրող դառնալու մասին։

 

DSC00017 DSC00003

DSC09937 DSC00065

 

Share

Կարծիքներ

կարծիք