Մենք և իմ պատասխանի հարցականները

IMG_6441Շնորհակալ եմ էսսեատիպ նամակի տեսքով Ձեր ապրումների, մտացրիվ հույզերի, ազնիվ մղումների մեկնումը ինձ հասցեագրելու, ինձ հետ կիսվելու և գուցե պատասխանի ակնկալիք ունենալու համար, որին արձագանքում եմ Ձեր իսկ խոսքերով՝ միտքս թափառ, սակայն ինձ ու Ձեզ չվնասելու անկեղծությամբ:

Ինձ ուղղված Ձեր «Պատմական, թե բանասիրական հայրենիք կամ նամակներ ընկերոջս՝ Արամ Սուքիասյանին», ըստ էության էմոցիոնալ ու խոհական հոդվածաշարը Դուք ինձ հասցեագրել եք ո՛չ որպես պաշտոնյայի, ո՛չ որպես մշակույթի մարդու, այլ նախ իբրև ընկերոջ, ով պատիվն ուներ իր մասնագիտական, ռեժիսորական հնարավորությունները ներդնելու տարվա կարևորագույն միջոցառումներում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրերում ու Համահայկական խաղերի հանդիսավոր բացման, փակման արարողություններում, որն էլ առիթ դարձավ ձեր խմբի Արևմտյան Հայաստան ծանր ու արցունքաբեր այցի ու այնտեղ ջահերի գրեթե թաքուն վառման:

Ափսոսում եք, որ մաս չկազմեցի խմբին. իրավամբ ինձ էլ շատ հետաքրքիր պիտի լիներ տեսածիցս իմ իսկ ապրումն ու զգացողությունը, անշուշտ նաև Ձերը, Աշոտ Մելքոնյանի, Էդիկ Մինասյանի, Ռոլանդ Շառոյանի, մյուսների մեկնաբանումն ու ընդվզող հարցական աչքերը: Չստացվեց միասին գնալը, որովհետեև ես մասամբ դադարել եմ զուտ ստեղծագործող լինելուց և իմ ազատության սահմանների որոշիչը միայն ես չեմ:

Որևէ նամակ, թեկուզ պատասխան նամակ հրապարակայանցումից հետո հասցեատիրոջից զատ դառնում է ցանկացած ընթերցողի սեփականությունը:

Եվ որովհետև մենք անկախ տարիքից ընկերներ ենք, ուզում եմ այդ հարթության մեջ պատասխանել՝ մոռացության տալով Ձեր վաստակը մեզանում, տարիքային տարբերությունը, ահռելի կենսափորձը և էլի մի շարք հանգամանքներ, անցնել դու-ի, որովհետև դու-ով ինձ հեշտ է, որովհետև դու ինձ համար շարունակում ես մնալ դու:

Ուրեմն, սիրելի պարոն Տեր-Գուլանյան (որովհետև անգամ քեզ հետ խմելիս անունով չեմ դիմել)

Դու երկար ժամանակ վերապահում էիր ունեցել այցելելու քո պատմական հայրենիքը՝ Արևմտյան Հայաստան, այնուամենայնիվ այցելեցիր, տեսար ու գրեցիր միջնադարյան բառով՝ տեսանողի մտածողությամբ:

Իմ մտավորական ընկեր, դու քո նամակով ստիպեցիր խոսել, ուստի խոսելու եմ ոչ միայն մեր բանահյուսական հայրենիքից, այլև ինձ ժառանգություն հասած հայրենիքից, օրվա հրամայականից, ու զուգահեռներս գուցե լինեն վիճահարույց, գուցե խիստ ու տեղին, տեղ-տեղ՝ ծայրահեղական, իսկ գուցե անտեղի:

Ես գիտեմ, որ գնալուցդ առաջ մտադիր էիր օրագրովդ կառուցելիք նամակդ այս հղել  մեր պապերին: Վերադարձիդ հղեցիր ինձ: Ինչո՞ւ: Ինձ մեծարված զգալուս համա՞ր, հաճելի պատվի՞, թե՞ պիտի շոյվեի: Չունեցա՞ր պապերիդ դիմելու համարձակությունը, վախեցար գերեզմանների՞ց, թե՞ համարեցիր քեզ ավելի քան դաստիարակված: Զգուշացա՞ր:  Հասցեագրեցիր ինձ, որ պատասխաննե՞ր ստանաս, թե՞ չուզեցիր երևակայել անզոր ու անպատվաբեր ենթադրյալ պատասխանները մեր պապերի: Դե գրեիր ու պատասխանեիր ինքդ՝ քո խոհեմությամբ, մտավորականի լրջախոհությամբ: Չէ՞ որ դու էլ քո կերպով ուրույն բանահյուսություն ստեղծող ես:

Թող մերոնք ու ձերոնք, որ նույնն են, ննջեն խաղաղությամբ:

Դու գնացիր տեսար: Ես չեմ տեսել: Իմ տեսածը գրականությունն է, նկարները, պատումը, երգը, իմ ալաշկերտյան ու Մշո ծագումը, խոսք ու զրույցը, որ հուշում են իմ ով լինելը աշխարհում, իմ գիտակցությունն ու ենթագիտակցությունը, արյունը, գենետիկ հատկանիշները և վերջապես այն ձգտումը, որ ուզում եմ որպես սովորական հայ արտահայտվել, իսկ սովորական հայ կարծես չի լինում, մենք բոլորս արտառոց ենք, առաքելություն ունեցող, և որ մեր յուրաքանչյուրի հայրենիքը հայրենիք է մեր ուրույն ընկալմամբ, այնինչ որպես հայ արտահայտվելը պարտավորություն ու բեռ է, որովհետև մյուս հայերին կթվա, թե հանդես եկար իրենց անունից. որովհետև քեզ հայ կոչելու համար պիտի ինքնագնահատանքն ու շրջապատի գնահատանքը համապատասխանի — ինչ զարմանալի բարդույթ:

Մեր մեծ հայրենիքի անվախճան ոգին որպես բեռ վերցրած ու բանասիրական հայրենիքի իրական սահմաններից վախեցած վերադարձար, ու նստած էինք շատերին հայտնի մեր նստավայր-սրճարանում մեր տարեգիր ընկերոջ՝ Վոլոդյայի հետ: Խոսեցիր, հուզվեցիր, ներիր որ հիշում եմ, լաց եղար, որն ամոթալի էր այնքան, որ ես շուրջս նայեցի՝ չնկատողներ փնտրելով, և որքան էլ այն ազնիվ պոռթկում լիներ, լացիդ մեջ չկայացած նպատակի տարրն էր իշխում: Տարաշխարհիկ ապրումներդ գրողական էին, հարազատ ու զայրացնող: Ու քեզ գրում եմ.

Գիտեմ, որ այն քեզ գուցե մղի նոր հոդվածի, բայց, ի սեր Աստծո, թո՛ւյլ տուր փոքրիս չունեցած իրավունքով հոխորտամ ու ավարտենք:

Պարոն Տեր-Գուլանյան, գիտես, այս կամ այն քայլի հետ կապված՝ իմ սերնդի մեջ կան մարդիկ, որ սպառնալից վախով հայտարարում են. «Սերունդները մեզ չեն ների…»:

Անշուշտ, քո սերնդում էլ այդ արտահայտությունը հնչած է մեղավորության զգացումի պատեհ առիթներով, ու վստահ եմ՝ մեր պապերի մեջ էլ կային այդ միտքը հնչեցնողներ:

Եվ ի՞նչ… հաջորդող կամ թոռ հանդիսացող սերունդդ ներե՞ց… Ներո՞ւմ ենք, թե՞ չէ: Գնահատականի արժանացնո՞ւմ, թե՞ շարունակում ենք հայրապաշտ լինել՝ մտածելով՝ մեր անցավորները մեր օջախի անցավորանք են, այս կամ այն անունն ունեին իրենց գյուղում, շենում հարգված, աչքաբաց վաշխառուներ էին… և ո՞ւմ նկատմամբ:

Ո՞ւր է քո մտավորականի հորդորը, քննադատությունը, մե-ղա-դրա-կանը: Ինչո՞ւ չհամարձակվեցիր, ինչպես Րաֆֆին յուր ժամանակին:

Ափսոսանք ես հայտնում ձեզ հետ չլինելուս, իմ բացակայության համար. իսկ ես ուրախ եմ. գայի, ձեզ հետ հուզվեի… մի երգ էլ ես երգեի, որ արցունք բխեցնեի ու իմ կատարումը համարեի ազդեցի՞կ ազդվածներիդ միջավայրում… այդ՝ առայժմ հողատարածք մնացած ու բանասիրական հայրենիքում: Թե՞ տրամադրություն փոխեի երգ-պարեղանակով՝ բառերի վրա զարմանալու ունակությունը կորցրած, տեղ-տեղ խորշելով, թե մի՞թե մենք պարում ենք «Օսման տարավ կույս աղջիկներ…» տողերի ներքո: Սա է՞լ է բանահյուսություն: Աստված իմ, ինչների՞ս վրա ենք այս տողերի ներքո պար գալիս, և ո՞վ այն սերմանեց…

Պատմությունը հուշարձան չէ, այն ունակ է սխալվելու դեպքում կրկնվելու, ճկվելու, կամք ունենալու դեպքում՝ ինքնագնահատական տալու, պատմության վավերագիրն էլ հաղթողներինն ու ուժեղներինն է: Պիտի հիշեմ ավագիդ՝ Հրանտ Մաթևոսյանին. «Իրենց անցյալն ու ապագան նրանք ծրագրում են, այնինչ մեր վարքը օտար ձիու պես փախչում է մեր տակից»: Այո, փախչում է, որովհետև մենք դեռ մեզ այդ ժամանակներում չենք կարողանում ճանաչել ու հասկանալ, ուր մնաց այլոք մեզ հասկանան ու մեր հիշած-պահանջածն էլ հետը  ճանաչեն:

Դու խոսում ես հնարավոր քրդստանից, թրքացած հայերից… Չեմ էլ ուզում խոսել, չեմ էլ ուզում… Ես ուզում եմ նախ հասկանալ անհասկանալին: Ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս կարող էր կոտրվել Հայկ, Վարդան, Մուշեղ, Պապ, Գայլ-Վահան, Չաուշ ունեցող ազգի ոգին, երբ երեք ձիավոր ուղեկցում էր շուրջ 2000 հայի, որոնց մեջ առկա էին նաև տղամարդիկ: Ես ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ էր կատարվել (ու ատում եմ Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմի այդ քայքայիչ տեսարանը), կերազեի, որ բանահյուսություն լիներ և այդքանը միայն: Ուզում եմ մտավորականիդ դիրքից բացատրես, որ հասկանամ. ո՞ւր էր ազնվականությունը. այն էսթետ ազնվականությունը, ովքեր շարժիչն էին կայսրության ու հեգնողը կայսրության: Քաղքենի հասարակության մի որոշ զանգվա՞ծ էին, որոնք մասամբ ֆրանսախոս էին, մի հատվածը՝ անգլախոս, զզվողը մյուս անգրագետ ու բիրտ հայից, իսկ թուրքամետնե՞րը, որոնք իրենց դիրքն ունենալով իշխանությունում՝ մոռացության էին տվել ոչ վաղ անցյալի, այնքան թարմ  ֆիդայականությանը, ովքեր հայ միջավայում օտարալեզու շփվողներից չէին, ռամիկ ու մասամբ վայրագ էին ու վտանգավոր, բայցև նպատակասլաց էին, գեղջուկի իրենց պատկերացումներով:

Նամակումդ Սահյան ես մեջբերում, ես էլ մեջբերեմ. «Գլխատված երկրի հայ գյուղացին իր տունն, իհարկե, պետություն և իրեն էլ այդ պետության մշակի հետ իշխան էր դարձնելու: Երկրի ազնվականությունն անցավ հայ շինականին, թշնամու առաջ հայոց պետականության փոխարեն հայի տունը կանգնեց»:

Կարծիք կա, որ ամենաանշնորհակալ գործը պատմության երերուն դրսևորումների մեջ ճշմարիտը փնտրելն է: Եվ այդ ճշմարիտը կրկին փնտրենք հրաշալի շարադրանք ունեցող Ավետիս Ահարոնյանի՞ մոտ, դեսպան հանդիսացող և Թուրքիո դեսպանին ձեռք չմեկնած Շանթի տրամաբանությա՞ն մեջ, Վրացյանի հետագա երկերո՞ւմ, Թումանյանի նամականիո՞ւմ, թե՞ Լեոյի «Անցյալում»՝ դաժան ու մասամբ սուբյեկտիվ մեկնաբանության մեջ:

Չեմ փնտրելու և ոչ մի տեղ, որովհետև ինչպես հայոց եկեղեցին դարերի մեջ իրականությունը փաստող պատմիչների կաշկանդողը եղավ, որով խեղվեցին ու այլազանվեցին բազում դրվագներ, այնպես էլ ճշմարիտը չեմ փնտրելու քաղաքական նկրտումներով գրախոսների մեջ:

Որովհետև նույնիսկ այսօր տեղեկատվության տեղատարափում չկողմնորոշված  ու շփոթված է մնում ՀՀ քաղաքացին, ազնիվ քաղաքացին, ու մեզ ու ապագայի սերունդներին պատմության դասերը կմնան անհաղորդ, իսկ ձգտումները՝ նույնը:

Գիտե՞ս, ինձ սկսեց առանձնապես չհետաքրքրել քո ապրումը, հույզը Արևմտյան Հայաստանում, նույնիսկ քո մենակի փիլիսոփայությունը:

Օրվաս վախերից է:

Ես քեզ ուզում եմ դիտել որպես սերնդիդ ներկայացուցչի, դիմել ժամանակակցիս ու քեզ ու քո հետ սերտաճած սերնդիդ, որոնք դեռ շարունակում են երկրում որոշիչ լինել:

Ցեղասպանվածի հոգեբանությամբ ստեղծված մեր մշակութը, որ իշխեց տարիներ շարունակ, այսօր էլ իր դրական ազդեցությունը չկորցնելով հանդերձ մնում է ինձ վրեժի կոչող, նաև ընկճող, բարդութավորող գրականություն ու գաղթականի կարոտակեզ երգասացություն: Շուրջ 40-50 տարվա գործուն ու սովետմիության սպառնալից համակարգը ոչինչ էր մարդկային հիշողության դեմ. ինչո՞ւ չեմ ասում 70, որովհետև սովետի վերջին շրջանի սերունդը, այդ թվում և դու՝ քո «Գարուն»-ով, ազդեցություն ունեցաք սերնդի սերուցքի վրա՝ աչքաբացության քարոզով:

Սերմանվեց նպատակ:

Իմ ավագ եղբայրների հաղթանակած ոգին սերմանված էր նպատակով: Փառք հաղթանակին:

Իսկ այսօր իմոնց ու նորերին ի՞նչ ոգի ենք հաղորդում իմ ու ձեր սերունդներով:

Հաղթանակ սիրելու, պետություն սիրելու, կամք ու հպարտության ի՞նչ հունդեր ենք ցանում: Թե՞ վերապրող ու վերապրած-վերածնվածներ կոչենք՝ բավարար է կարգին հայ դառնալուն: Ի՞նչ կարիք կա նույն պապերով հպարտանալու, մեր Սարդարապատով, Առաջին Հանրապետությամբ: Շատ պիտի ուզեմ, որ ինչպես, օրինակ, երկրի քաղաքական առաջին դեմքի գլխավորությամբ ձևավորվեց հանձնաժողովը Ցեղասպանության տարելիցի, նույն կերպ  2018-ին ձևավորվի նույն կազմակերպվածությամբ նշելու այդ հիշարժան ու ոգևորիչ նշանակալի ու ապրեցնեղ տարեթիվը: Շատ պիտի ուզեմ, որ իմ ընկեր Վիգենը Սարգսյան իր ունեցած ողջ փորձառությունը ներդնի նաև Սարդարապատի 100-ամյակին, և անկախ կուսակցական մտայնություններից՝ նշենք  պետականության 100-րդ տարեդարձը: Եվ արդյոք նո՞ւյն մղումով կլինեն աշխարհասփյուռ մեր թեմերը հայ եկեղեցու, հայության կազմակերպությունները, և մեր ունեցած հաղթանակները արդյոք պիտի մե՞նք մեզ մատուցենք որպես մեր ուժի, մեր կամքի հրաշալի ինքնադրսևորում:

Վա՞ղ է, շո՞ւտ եմ քննարկում, այո, որովհետև 2015-ին 100-րդ տարելիցի բուն ծրագրերին զուգահեռ կամ գոնե աշնանը չնշվեց կամ հավուր պատշաճի չնշվեց մի քանի նշանակալի հերոսապատումների 100-ամյակները՝ Վանի, Մուսա լեռան…, որոնք գուցե հենց մեր, իմ ու քո պապերով հպարտանալու հնարավորությունն էր: Պապեր, որոնց շնորհիվ այսօր մենք նամակագրում և տրամաբանում ենք:

Երկրում որոշիչ հանդիսացող սերունդդ կարիքը չզգա՞ց 1915-ի ողբերգության հետ նշելու մեր հերոսական ուղին նաև, որով պիտի մորթվող ազգ լինելու հոգեբանության վրա խարխլեր բացառապես «բանասիրական հայրենիք» հասկացությունը:

Նամակումդ ինձ հիշատակում ես որպես ծրագրերի ռեժիսորի: Շնորհակալ եմ բանավոր բազում հուշումներիդ և ուրախ եմ, որ պետության կողմից իմ առաջ պահանջ դրվեց բացառել լալկանությունը 100-րդ տարելիցի ու Համահայկական խաղերի արարողություններին: Իրավացի էիր, ու հպարտ եմ, որ ես էլ եմ այդպես մտածել, դու էլ ես այդպես հորդորել: Սակայն խոստովանում եմ. մեկ-երկու լուսանկարներից ու կադրերից զատ, որ հպարտություն պիտի մեզ ներշնչեր, այլընտրանք է՛լ չկար, բացառությամբ մեր վերածննդով աշխարհին տված հետեղեռնյան որբերի հետագա ծառայությունները համաշխարհային գիտությանը, մշակույթին ու կրթությանը. իրավամբ հպարտանալիք անհատականություններ ենք տվել: Համաշխարհային որ ասում եմ, այնուամենայնիվ, ծառայությունները որևէ կոնկրետ պետությանն են մատուցած: Ուրեմն իմ ազգի հպարտությունը շարունակում է մնալ դոնոր հանդիսանալը աշխարհում՝ այլո՛ց համար: (Օրվաս մասով էլ գրեթե նույնն է, ու մտահոգ եմ, սակայն սա առանձին հոդվածի նյութ է):

Պարոն Տեր-Գուլանյան ջան, հարազատս, ընկերս: Դու վերնագրում ես «Բանասիրական հայրենիք», ուր ցավի հետ մի տեսակ հեգնանք կա: Լրջանալու հեգնանք:

Մեծ հաշվով բանահյուսությունը տվյալ էթնոսի մշակութային ուղիղ ակունքն ու հիմքն է, իսկ անկյունաքարերը՝ մշակման ենթակա: Ես, դու, բոլորս, ամենքս կրողն ենք դրա, քիչ ավելի, քիչ պակաս:

Խոսում ես Սասունցի Դավթից, Մհերից: Էն Դավթից, ով ծնվեց արդեն որբ, էն Դավթից, որ պիտի անհասկանալի սեր ունենար ու զարկվեր: Ո՞ւմ կողմից, ազգությունը ճշտենք: Մհերը, որ խռովեց ու փակվեց, ու հետո ինչքա՜ն խռով մարդ ունեցանք, որոնց հետ հույս էր կապում ժողովրդը, ու լքեցին ու խռովեցին ու հեռացան, թե՝ դե՛ ղադրս իմացեք: Յուրայիններին պատժելու ինչ սահմռկեցուցիչ վարքագիծ: Դու Մհերի դռան բանալին մեր վզից կախ ես տեսնում նամակումդ: Գրողի հայացք է: Ես առաջարկում եմ կրկին վերլուծել էպոսը, բանահյուսությունը. այդտեղ ազգի կերպն է թաքնված, որն օրվաս խորհրդապաշտական հայացքով ու դրա՝ ժողովրդի վրա ազդեցության նորովի ուսումնասիրման ու վերլուծման աղերսն ունի:

Դառնանք իրատես:

Այլապես փնտրելու ենք Էրգիր ու տեսնենք մեր հին երկրի նոր տերերին ու նրանց հնարավոր ընդվզման ու հնարավոր հաղթանակի մեջ տեսնենք մեզ նվիրատուի՞ն ու հետո սինլքոր, միստիկ մտքերով ասենք. այնտեղ են Աստվածաշնչյան դրախտի չորս գետերը: Ու անսպասելի առաջ անցնելով մտածենք, որ այնտեղ բնակվելուն հազվագյուտ մարդիկ պատրաստ կլինեն, ու հեգնենք, թե մեկը լինի էստեղ ապրի: Իմ ու քո մեծ նպատակներով մեզ հասածը, մեր ժառանգած հայաշունչ հայրենիքն անգամ զարհուրելի պիտի դառնա ու.- Աստված բարին թող անի՞: Էլի մեն ու մեր Աստծուն մեր անճարակության ու անշնորհք լինելու արդյունքու՞մ պիտի հիշենք:

Ու ներսիդ գրողը հիշելու է, որ այնտեղ տեսավ Չարենցի վաճառքի հանված տունը, հուզվեց ու հայհոյեց՝ չկարևորելով այստեղ անվանիների վաճառվող տնե՞րը, նրանց արխիվնե՞րը: Ափսոսելու է տեսած քանդված եկեղեցիները՝ չբարձրաձայնելով, թե մեզանում ևս օր օրի քանդվում են խոնարհվածները, ուր վաղուց Աստված է ապրում, և որ օրհնաբաշխ պիտի լինի հազարամյա իր աղոթք շնչած պատերի վերականգնումը՝ ի տարբերություն բարերարներիս կողմից  հաճախ վեր խոյացող նորերի, ուր իրե՛նց անունն է բնակվում:

Արի դեռ մեզ պատմականորեն վստահվածը անանեծք միմյանց փոխանցենք, իսկ բանասիրական հայրենիքի գոնե բանահյուսությունը ճշգրտենք:

Մենք խոսում ենք բանահյուսությունից ու մեր սերունդներից: Իսկ հաջորդող սերո՞ւնդը. չէ՞ որ դու՝ քո թոռների, ես՝ իմ զավակների համար ակնկալում ենք բարեկեցիկ հայրենիք, նրանց վրա բեռ չդնելով՝ անթաքույց մտածելով. «…թող որ փոքր, բայց խաղաղ հայրենիք»: Հարազատությամբ պայմանավորված՝ չենք ուզելու մղել ավելի մեծ նպատակների, քան Աստծո կողմից շնորհված կյանքն է, որը պիտի համարենք նվեր, և յուրաքանչյուր օրը նրանց համար դարձնենք օրեր՝ բազմապատկելով, իմաստավորելով, քանզի հայր ենք ու պապ, ու սերը գերակա է:

Ուրեմն մեզ մեր սերը խանգարում է ծնելու անհրաժեշտ հերոսներ՝ նպատակներով պայմանավորված, այլ ակամա հերոսներ՝ ըստ դեպքերի զարգացման:

Սակայն գիտեմ նաև, որ ես ծնված եմ այստեղ, իմ լինելիությունն այստեղ պատմական շնորհ ու նվեր է ինձ դարերի մեջ, և ի տարբերություն իմ պապերի՝ իմ ավագ եղբայրները տվել են ինձ պետություն ու պետականություն, ես դրա ընդլայնման անհրաժեշտությունը զգում եմ. սահմանի ընդլայնման և ոչ թե, ինչպես դու ես ասում, ընկեր ջան, բանասիրական հայրենիքի:

Լրջանալ:

Մաքրել ու զտել, համարձակ լինել, փոխել ու փոխանցել սերնդին այն հայրենիքը, ուր  միջին էլ չի լինի: Զզվել հարմարվողականությունից: Ու տանք հնարավորություն եկողներին այս անկաշկանդ, անբարդույթ աշխարհում հպարտորեն հայտարարելու իրենց ով լինելը, և որոնք կունենան անուն-ազգանուն առանց զազրելի մականվան:

Ատում եմ իմ դավաճանին, ով թշնամու պարագային չէ, որ միայն դավաճան է. կիսատներին ու կայացող պետության, իմ երկրի քաղաքացու ու հայի նկատմամբ կիսադավաճաններին, և ինչ ափսոս, որ նրանք շարունակում են լինել, և նրանցից շատերը, որոնք կայացած են որպես միավոր, քո ու արդեն նաև իմ սերնդի բաղկացուցիչներ են:

Հայ ընտանեկան անքակտելի ավանդույթները՝ հրաշալի խորխորատներով ու ազգայինի փիլիսոփայությամբ, հորդորում են ավագի նկատմամբ լինել հարգալից, մեծի առաջ՝ խոնարհ և փոքրի հանդեպ՝ ներողամիտ: Այս ամենն՝ ամեն տարիքում, ընտանիքում, կենցաղում, բայց ոչ երկրում և պետականաշինության գործընթացում:

 

Հ.Գ . Վերընթերցեցի, կարծես շեղվել եմ ու այսքան հարցականներով հոդվածիս մի հարց էլ տամ՝ ինչո՞ւ շեղվեցի:

 

Անդին 9-10, 2015

Share

Կարծիքներ

կարծիք