«Շնորհավոր ծնունդդ, Կիմ ջան»

DSC05470«Մարդիկ կան, որոնց հետ տասնյակ տարիներ ես ապրել կողք կողքի, աշխատել ես, մինչև անգամ մտերիմ ես եղել ու ընկեր, բայց և էնպես, մի ինչ-որ բան ունեն իրենց մեջ, որից ակամա ակնածում ես ու չես կարողանում նրանց ներկայությամբ հավաք ու ձիգ չլինել, չես կարող քեզ թույլ տալ փնթիանալ: Էդպիսին էր Կիմ Արզումանյանը, որի պահվածքը կիրթ էր, խոսքը՝ մտածված, ասածը՝ հստակ: Անցյալ դարի հիսունական թվականների սկզբին թատերական ինստիտուտն ավարտած, թատրոնով արբեցած մի ստվար խումբ երիտասարդներ ընդունվեցինք Սունդուկյանի անվան թատրոն, ընկերացանք, ու մեր ընկերությունը և՛ անկեղծ էր, և՛ անմիջական ու նաև բուռն ու խառնիխուռն:

Կիմը մեր մեջ էր, բայց նաև մեզնից վեր, մի առանձին բարձրության վրա: Էդպես էլ մնաց իր էդ տեղում մինչև իր կյանքի վերջը: Մեկ խոսքով՝ մեզ հետ էր, բայց բոլորիցս տարբեր: Քչերին է տրված լինել էդքան օժտված ու շնորհաշատ ու դրա հետ միասին՝ էդքան ինքնակազմակերպված էդ տարիքում, էդքան կարգապահ ու իր գործի նկատմամբ էդքան պատասխանատու»,-ռեժիսոր Կիմ Արզումանյանի մասին ասել է թատրոնի և կինոյի անվանի դերասան Սոս Սարգսյանը։

Մարտի 31-ին ռեժիսորը կդառնար 90 տարեկան։ Այս առիթով Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կազմակերպվել էր «Կիմ Արզումանյան-90» խորագրով հուշ-ցերեկույթ։

Ցերեկույթին ներկա էին ռեժիսորի կինը, ընկերները, արվեստի գործիչներ, վարպետի ուսանողները, ովքեր արդեն ճանաչված ու սիրված դերասաններ են։

«Կիմ Գուրգենիչը չափազանց խիստ մարդ էր։ Հիշում եմ մեր առաջին հանդիպումը, նրա դեմքի խիստ արտահայտությունը։ Խիստ էր, բայց հոգատար։ Բախտավոր մարդ եմ, որ հենց նա է եղել իմ առաջին ուսուցիչը, մարդ, ով ձեռքս բռնած սովորեցրել է, թե ինչ է թատրոնը, ինչպես է պետք ապրել, շնչել և լինել բեմում, կայանալ և կարողանալ դիմակայել»,-ասաց վարպետի ուսանողներից Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Նելլի Խերանյանը։

Կիմ Արզումանյանը մեծ ավանդ է ունեցել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պատանի հանդիսատեսի թատրոններում։ Ռեժիսորը զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ՝ դասավանդելով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում:

1960 թվականին Արզումանյանը նկարահանեց «Սայաթ-Նովա» գեղարվեստական հեռուստաֆիլմը՝ նվիրված մեծանուն տաղերգուի ծննդյան 250-ամյակին: Հեռուստաֆիլմը ստեղծվել է սուղ միջոցներով, փոքր՝ 60 քմ տարածքում, որ վարպետը կատակով լուցկու տուփ էր կոչում։ Լուցկու տուփում նկարահանված ֆիլմը հայկական էկրանի ոսկե ֆոնդում է ։

Հուշ-ցերեկույթի ժամանակ Սայաթ-Նովայի «Քանի վուր ջան իմը» հնչեց հեռուստաֆիլմում նկարահանված քամանչայով։

Ռեժիսորի կինը՝ 84-ամյա Աիդա Արզումանյանը, ամուսնու մասին առանց հուզմունքի խոսել չի կարողանում։ Կիմ Արզումանյանի անունը տալիս տիկին Աիդայի ձեռքերը դողում են։ Ասում է՝ հետաքրքիր ու նվիրված մարդ էր, աննկարագրելի ամուսին և հայր, աննման պապիկ։

Գրադարանի դահլիճում՝ դաշնամուրի վրա, դրված էր անվանի ռեժիսորի նկարը։ Բեմից իջնելիս տիկին Աիդան մոտեցավ նկարին ու ասաց՝ շնորհավոր ծնունդդ, Կիմ ջան։

DSC05499 DSC05489

DSC05480 DSC05457

Share

Կարծիքներ

կարծիք