Խորեն Հովհաննիսյանի վերադարձը

Khoren-HovhannisyanԵրկարատև բացակայությունից հետո հայրենիքում է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, միջազգային կարգի սպորտի վարպետ Խորեն Հովհաննիսյանը: Այս տարվա մարտին ֆուտբոլիստի 60-ամյա հոբելյանի առիթով Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ԽՍՀՄ և աշխարհի հավաքականների ընկերական հանդիպումը:

Ֆուտբոլիստի հետ զրուցել ենք անցած ֆուտբոլային գործունեության, հայրենիք վերադառնալու, «ՄԻԿԱ» ակումբը գլխավորելու և մի շարք այլ հարցերի շուրջ:

 

Միշտ ֆուտբոլի մեջ

Միշտ եղել եմ սպորտի՝ ֆուտբոլի մեջ: Կապ չունի՝ մի տարի կաշխատեմ, երկու տարի չեմ աշխատի: Մինչև վերջ նվիրված եմ ֆուտբոլին: Մարդ պիտի զբաղվի այն գործով, որն ավելի լավ գիտի:

 

Դեպի «Արարատ»

1973 թվականին, երբ Նիկիտա Սիմոնյանն ընդունեց  «Արարատ» թիմը, ես խաղում էի ԽՍՀՄ պատանեկան հավաքականում: «Արարատի» կազմ ընդգրկվելու գործում մեծ դեր խաղաց մեր հավաքականի գլխավոր մարզիչ Եվգենի Լյադինը:

Ինձ հարցրեց՝ հիմա որտե՞ղ ես, Արարատում չե՞ս խաղում:

Ասացի՝ ոչ:

Ինձ նամակ տվեց, ասաց՝ կտանես ձեր սպորտկոմիտե, եթե քեզ չընդունեն, էլի կգաս Մոսկվա:

Վերադարձա Հայաստան, նամակը տվեցի, հաջորդ օրն ինձ որպես փոխարինող ընդգրկեցին «Արարատի» կազմում:

Երկու տարի՝ մինչև 1975 թվականը, փոխարինող կազմում էի, ասում էին՝ էսօր կխաղաս, վաղը կխաղաս, և այդպես մինչև Բավարիայի հետ Չեմպիոնների գավաթը, իմ առաջին պաշտոնական խաղն էր:

Կարծես քննություն հանձնելիս լինեի, երբ ասացին՝ պատրաստվիր, երկրորդ խաղակեսին մտնում ես դաշտ: Մեծ պատասխանատվություն էր: Հաղթեցինք 1-0 հաշվով այն դեպքում, երբ Բավարիայի կազմում աշխարհի ինը չեմպիոն կար: Այդ խաղից հետո վերջնականապես ընդգրկվեցի «Արարատի» կազմում ու մնացի մինչև 1985 թվականը:

 

Ֆուտբոլիստի երազանքը

Ֆուտբոլիստի ցանկությունը, երազանքն է, որ խաղա աշխարհի առաջնությունում: Փաստորեն բոլոր փուլերով անցա։ Միայն չեմպիոնական ոսկին չնվաճեցի, ինչը բավականին դժվար է:

 

Ծննդյան և ֆուտբոլային տոն

Չեմ սիրում ծննդյան օր նշել: 60-ամյակս էլ չէի ցանկանում, բայց ընկերներս ինձ համոզեցին, որ անպայման պիտի նշենք ու նշենք մեծ շուքով: Հրավիրեցինք խորհրդային Միության 80-90-ական թվականների ֆուտբոլային աստղերին, որոնց հետ խաղացել եմ: ԽՍՀՄ-Աշխարհ խաղին աշխարհի հավաքականի անունից մասնակցեցին այնպիսի անուններ, ինչպիսիք են Գատուզոն և Զամորանոն:

Չէինք սպասում, որ մարզադաշտը լեփ-լեցուն կլինի: Շատ երկրպագուներ նույնիսկ չկարողացան ներկա գտնվել, քանի որ մարզադաշտում տեղ չկար:

Բոլորը տեսան, որ բարձրակարգ ֆուտբոլիստները կարողանում են հնարքներ ցուցադրել նաև այս տարիքում: Խաղն ավարտվեց 3-3 հաշվով:

Տոնը ստացվեց:

 

«ՄԻԿԱ» ակումբը գլխավորելու մասին

Ամիսուկես առաջ, երբ Մոսկվայում էի, առաջարկ եղավ  «ՄԻԿԱ» ակումբը գլխավորելու: Մտածում էի՝ արժե՞, թե՞ ոչ:

Կարողացան ինձ համոզել վերադառնալ ֆուտբոլ:

Հաջորդ տարի կտեսնենք՝ ինչ քայլեր է պետք անել, ժամանակ ունենք մտածելու: Բոլորին արձակուրդ ենք ուղարկել, հունվարից հետո հետագա ծրագրերը պարզ կլինեն:

 

Մարզիչով շատ բան է պայմանավորված

Այսօր ֆուտբոլային ակումբներն ունեն մարզադաշտեր, դպրոցներ: Քրտնաջան աշխատանք է պետք, արդյունքի հասնելու համար պետք է ճիշտ աշխատել: Երբ ակումբները նոր-նոր էին ստեղծվում, գրեթե ոչինչ չունեին, բայց հաջողության հասնում էին: Հիմա մարզադաշտեր կան, կարելի է ասել՝ ամեն ինչ կա, բայց արդյունք չկա: Անհատական ուժեր են, բայց մի հոգի պետք է, չէ՞, որ կարողանա համախմբել: Համախմբող ուժ չկա, դուք հասկացեք՝ մարզիչ կա, թե չկա: Թիմին գլուխ է պետք: Մարզիչով շատ բան է պայմանավորված:

 

Ֆուտբոլիստի համար

Կազմակերպչական մեծ աշխատանք կա տանելու: Ֆուտբոլիստի հետ պետք է մասնագետներ աշխատեն: Չորս տարի աշխատեցի Հունաստանի «Օլիմպիակոսում»: Տեսա, թե ինչ պայմաններ կան ֆուտբոլիստների համար, ինչպես են հոգ տանում նրանց մասին: Ամեն ինչ արվում է, միայն թե ֆուտբոլիստը դուրս գա խաղադաշտ: Մենք ահագին հեռու ենք եվրոպական ակումբների չափանիշներից: Պետք է դրան հասնել, հասնելն էլ գիտե՞ք ինչ է՝ ֆուտբոլի վրա ծախսվող գումարներ: Այնտեղի միջին ֆուտբոլիստի աշխատավարձը մեր ակումբներից շատերի երեք տարվա բյուջեն է…

 

Այո, բայց…

Զրուցեցին Վարդան Թադևոսյանը,

                      Աննա Կարապետյանը

Անդին 9-10, 2015

Share

Կարծիքներ

կարծիք