Բանաստեղծություններ

Հեղինակ:

Siamanto_(1878-1915)

ԴԱՐԵՐՈՒ  ՎՐԵԺ

 

Հույսերու երկաթե սանդուխին կատարներեն է որ ավետիսս

կարձակեմ,

Մոխիրներու, դիակներու և վշտերու հովիտներեն է որ հասա ի քեզ,

Եվ, ավա՜ղ, քղամիդիս թեզանիքներեն իմ շքեղ ցեղիս արյունը

ահավասի՛կ դեռ կթորա…

Բայց քայլերս անխոջ են և կամքս գերազոր և ձայնս դաժանորեն

ամեհի…

Գլուխս սուգերեն և վրեժեն և ճակատագրեն թեև ալեհեր,

Բայց, տե՛ս, աչքերս  դյուցազնի մը աչքերուն չափ կարմիր և

կերպարանքս է  սոսկատեսիլ:

Իմաստությանս և ցասումիս արեգակին տակ իմ հուժկու իրանս

անկյունաքար,

Այլևս չուզեր այդ սնոտի փառքը հավերժորեն իր վրա կրել:

Եվ պաղատանքի, աղոթքի, լաց  ու կոծի և ողբի այն մատյաններուն

մեջ,

Որ դար առ դար իմ սերունդներս իրենց արյունը և տառապանքն

են լացեր,

Մեկ կողմ նետեցի ես զանոնք, պարտութենե ստրկացում և

աղաչանքե արցունք չերթալու համար…

Եվ մտածումովս և զայրույթովս ձեր ցավերուն ամենախոր

արմատները չափեցի.

Տեսա՛ որ ձեր փրկություն մուրացողի բոբիկ ոտքերն ավերակներու

մոխիրներեն  այրեցան…

Տեսա որ դուք արցունքին մեջ երջանիկ էիք և կենսաբեր կռիվին

դեմ ահաբեկ…

Տեսա՛ որ արդարությունը ստեղծել պետք էր և ազատությունը

մոլեգնաբար հափշտակել:

Եվ այսօր, ահավասի՛կ, իմ անկշռելի բարկությունս իր բոլոր

հուրերը վառեց…

«Ահա՛ քեզ ալ կդիմեմ , եկո՛ւր՝ և ճամփուս վրա ոտքի՝ երգե՛ որ

արձակե՛մ,

Ճամփուս վրա ռազմերգե՛ որ քինահույզորեն և առհավետ արձակեմ

Իմ հավատքի զավկըներուս  վայրենալանջ երիվարները

փոթորկապար…

Ըսե՛, որ գաղափարիս փարոսները հրդեհեմ չորս ծագերուն դիմաց,

Ըսե՛, որ թավալե՛մ ապառաժներուս կույտերը անիրավության

կուրծքերուն,

Եվ ոտքի հանեմ հողիս հրեղեն և ըմբոստ մարտիկներուն հետ,

Քինախնդրության և սարսափի բանակներուս արշավանքն  ալ

ահեղաշար…

Ըսե՛, որ շեփորներս հինավուրց հերոսներու հագագովը շեփորել

տամ…

Ըսե՛, որ երկաթներս կռանեմ և պողպատներս շողացնեմ,

Ըսե՛, որ ես ալ արյունախում նժույգս շքեղորեն թամբեմ,

Ըսե՛, որ անոր սմբակները ձորերեն վեր՝ լեռնե ի լեռ միայն կայծեն…

Երգե՛, ահա, բոլորին արյունը արև է դարձեր և կամքերն ու

դաստակներն է պղնձվեր.

Երգե՛, Եղբայրությունը  տոնվեցավ և շունչերն ու հոգիները

նույն դարերու վրեժովը պսակվեցան…

Ահա՛ թափվող արցունքները ե՛տ դարձան և կուրծքերու կոծումը

դադրեցավ,

Ահա՛ բոլորը մե՛կ, բոլորը մե՛կ, իմ Գերիշխանի թևերուս տակ

հառաջացան.

Արբեցո՛ւր զանոնք դեռ, եթե կրնաս, և արժանաբար

դյուցազներգե՛ զիս, ո՜վ քնարավոր,

Ես գիտեմ որ քու տավիղդ Հայրենիքին ծարավն ունի, ինչպես

վրեժն այնքա՜ն դարերու…

Ուրեմն լարերդ զենիթին շանթերեն հափշտակե, տրցակ առ տրցակ,

Բարձրացո՛ւր ձեռքերդ և զանոնք գիշերվան կապույտներու

կամարին կարկառե՛,

Եվ փառազարդե գլուխս առավոտյան աստղերու բույլով մը

լուսածոր,

Խնկարկե՛ զիս և անմահության տաճարներուն էն փառակերտը

կառուցո՛ւր,

Ծնրադրե՛ և պաշտե՛ զիս՝ և երբ ժամը հասնի՝ ողջակիզվե՛ ինծի

համար,

Եվ փշրե՛ քու հողեղենի ճակատդ իմ կոթողիս  մարմարներուն

դիմաց,

Որովհետև Ես ե՛մ, Ես ե՛մ, իմ անունս է Պայքար և վախճանս

Հաղթանակ»:

 

 

ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼՔ

 

Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…

Քաղաքներուն մեջ և քաղաքներեն դո՜ւրս,

Եվ բարբարոսներն արյուններով կդառնան,

Մեռելներուն ու ոգեվարներուն վրայեն,

Ագռավներու բազմություններ կանցնին վերերեն,

Արյունոտ բերաններով  ու գինովի քրքիջներով…

Ցամաքահով մը կիսամեռները զայրույթով կխեղդե,

Ու պառավներու անձայն կարավաններ

Շտապով կփախչին լայն ճամփաներեն …:

Գիշերին մեջեն արյուններուն ալիքը կբարձրանա

Ծառերուն հետ  շատրվաններ ուրվագծելով,

Ու ամեն կողմե սոսկումով կսուրան հալածված՝

Նախիրները հրդեհվող ցորյաններուն մեջեն…

Փողոցներուն մեջ մորթված սերունդներ կտեսնեմ,

Եվ ամբոխներ անպատմելի սրածութենե դարձող,

Արևադարձային տաքություն մը կբարձրանա

Հրդեհի տրված ազնվական քաղաքներեն …

Ու մարմարի ծանրությունով իջնող ձյունին տակ,

Ավերակներուն և մեռելներուն մենությունը կմսի,

Օ՜, մտիկ ըրեք սա սայլերուն ճռնչյունն ահավոր,

Իրենց վրա դիզված դիակներուն տակ,

Ու սգավոր մարդերուն աղոթքներն արցունքոտ,

Որ կածանե մը դեպի համայնափոսերը կերկարին,

Մտիկ ըրե՜ք հոգեվարքներուն ձայները վերջին,

Հովին հարվածներուն մեջ որ ծառերը կջարդե,

Օ՜, մի՛ մոտենաք, մի՛ մոտենաք, մի՛ մոտենաք,

Չըլլա որ մոտենաք գերեզմանոցներուն և ծովուն,

Կարմիր ջուրերուն վրա նավեր կնշմարեմ հեռուն,

Մեռելներու կուտակումներ անոնց մեջ կան,

Ու ցավեն գալարվող ալիքներուն վրա

Գանգեր ու սրունքներ ինծի կերևան…

 

Մտիկ ըրե՜ք, մտիկ ըրե՜ք, մտիկ ըրե՜ք

Փոթորիկին գոչը ծովուն ալիքներուն մեջ:

Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…

Մտիկ ըրե՜ք, մտիկ ըրե՜ք,  մտիկ ըրե՜ք

Մահաձայն ոռնումը զարհուրյալ շուներուն,

Հովիտներեն ու գերեզմաններեն ինծի հասնող,

Օ՜, պատուհանները փակեք ու աչքերնիդ ալ,

Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…:

 

 

 

ՀՈԳՆՈՒԹՅՈՒՆ

Հոգիիս վրա լուսինը կձայնե…

 

Օ՜, Դեպի Խավարն ու Մոռացումը քալե,

Ով հոգնած ու դանդաղ ու ծանր ուխտավոր,

Աղբյուրներու սա՛ պայծառ տղուն հետ առանձին.

Ան՝ հոն տեղերը մարմարե մեհյաններ գիտե,

Ուր հինավուրց աստվածները՝ ազնվորեն զորավոր,

Քու հոգնությունդ կհասկնան…

Ու մարդկորեն անոր մեծ ցավը կպարին…:

Ավա՜ղ,  մինչև ե՞րբ մեր մարմինները տարփավոր

Այսչափ տենդորեն պիտի գալարվին…

Դեպի փայտե դագաղները դարավոր՝

Հավիտենական ու ապարդյուն կյանքին,

Վերջապես իրիկուն մը մխրճվելու համար…

-Թեև այնչա՜փ չարաշուքորեն-

Արհավիրքով լեցուն բայց փրկարար ծոցը հողին:

Գիտեմ, սքեմիդ մեջի վանականի իրանդ ոսկիե,՝

Շատ ապրած Աստվածի մը խոնջենքն ունի.

Ուրեմն եկո՛ւր սա խարտյաշ ու խորունկ ու լուռ ու մերկ հարսերեն

լեցված՝

Մեր գինին նվիրական սափորն ա՛լ վար դնենք,

Թեև ան մեր երգերուն խենթությունը կըլլար…

Ու այն բոլոր արշալույսե ծաղիկները որ քաղեցինք,

Անկարելի պաշտամունքին համար…

Այս բոլորը ձգենք, մեր կուրծքերուն ադամանդե խաչերուն հետ,

Ո՜վ բարեկամ ու բախտակից ու հոյակապ քրմապետ,

Այնպես չէ՞, ես ալ այս բոլորը ճանչցա,

Քեզի հետ ա՛յնչափ ապարդյունորեն,

Իմ սիրահար տղու խոլաթև իրիկուններուս մեջեն,

Հոգնած և արյունոտ ճակատիս դիմաց, անհունորեն, առհավետ…:

Ու արդեն ավազներու մոգերն աստղերուն  տակ ըսին թե,

Հողին բոլոր գինիները ա՛լ մոլախինդ պիտի ըլլան,

Ու բոլոր կապույտ շուշաններն ալ ձեր Հույսի ծաղկանոցին,

Ամենը մեկ, հանկարծորեն ագռավներու պիտի փոխվին…

Ու հետո գիտես որ բոլոր օձերը փեթակներուն տակ,

Մեզի համար այն սև՜ անձրևներեն ի վեր, հիմակ,

Մահագուժորեն վաղվան մեղրը կպատրաստեն,

Ու դեռ կարծեմ թե գետնափորերուն մեջ է որ

Բոլոր բրուտները, մեռելներու հողերեն,

Ո՞ր ժամանակեն ի վեր ապրողներուն համար մինչև այսօր

Ջրի կուժեր կշինեն…

Ու այն լամպարը որով Ցնորքը կհսկենք մեր կտավե վրանին տակ,

Ահավասի՛կ, քեզի կըսեմ, Արշալույսեն դեռ շատ առաջ պիտի

մարի…:

Օ՜, թևդ թևիս անցուր ու խարխափելեն քալե՛,

Ո՛վ ծանր ու դանդաղ ու հոգնած ուխտավոր,

Որովհետև վաղորդայնը անգթորեն սուտ է…

Ու մեր զգայախաբի ոտվըներն ալ հոգնած,

Կյանքին մինչև Իրիկունները երթալու համար:

Դեպի խավարն ու Մոռացումը թափանցե՛,

Ջուրերու երիտասարդ զավակին հետ առանձին,

Ու քու տարագիր ճամփորդի տառապանքդ բոլոր,

Ու այն աղջամուղջի դարերը զոր օրերն ուսերուդ վրա հարկեցին…

Այդ բոլորը ամենը մեկ ինծի տուր…

Ու միսիդ պատանքներն ալ հոգիս վրան նետե…

Թևդ թևին անցուր ու քալե Ցավին հետ հայրորեն,

Անոր վիրավոր եղնիկի աչվըներն իմաստուն,

Կյանքին բոլոր ճամփաները գիտեն…

Հոգիիս վրա լուսինը կձյունե…

 

 

ԾԱՐԱՎ

 

Ա

 

Հոգիս վերջալույսին մարը մտիկ կընե,

Չարչարանքի հեռավոր հողին վրա ծնրադիր,

Հոգիս վերջալույսին ու հողին վերքերը կխմե…

Եվ իր մեջ դեռ արցունքին անձրևունը կզգա…

 

Բ

 

Ու ջարդված կյանքերուն աստղերը բոլոր՝

Ավերված աչվըներու այնչա՜փ նման,

Սրտիս ավազներուն մեջն այս իրիկուն՝

Հուսահատութենե և սպասումե կոգեվարին…

 

Գ

 

Ու բոլոր մեռածներուն ուրվականներն այս գիշեր,

Աչքերուս ու հոգիիս հետ Արշալույսը պիտի սպասեն…

Որպեսզի կյանքերնուս ծարավն հագեցնելու համար՝

Թերևս վերեն իրենց վրա կաթիլ մը լո՜ւյս իյնա…

 

 

ՀՈԳԵՎԱՐՔԻ  ԻՐԻԿՈՒՆ

 

Սոսկումներու անտառին բոլոր ծառերն անհունորեն,

Զիրենք հալածող ահավոր ցամաքահովեն,

Իրարու մեջեն դեպի ջուրերն եղերական

Խելահեղորեն քալել կսկսին…:

Ու բոլոր տրտմած անասունները հեռավոր ճամփաներուն,

Անշարժ իրարու ետևե,

Ձյունին միջեն, լուսնին դիմաց ոռնալ սկսան…

Ինծի այնպես կուգա որ՝ սովալլուկ բորենիներ,

Գերեզմաննոցին անկյունը,

Աճապարանքով,

Հողեն հանված մեր մեռելները բզկտեցին…

Ու ալիքները մինչև աշտարակը բարձրացան…

Այրի աղավնիները մոլեգնաբար ահաբեկելով.

Ու կամուրջներուն տակի բոլոր թափառիկները,

Հավերուն մեջեն, հուսահատորեն,

Թիարանին դռներն ապաստանեցան:

Ո՞վ գիտե, հովերը ե՞րբ, ե՞րբ պիտի դադրին,

Ու մինչև ե՞րբ աղաղակները պիտի շարունակվին

Լքված անասուններուն,

Հեռավոր ճամփաներեն անդին:

Փլած կամուրջե մը հարսնևորները կանցնին…

Ու փայտե սրունքներով կույրեր կաճապարեն

Ջրանցքին քարափներեն, տաժանորեն դեպի վար,

Վերջապես հասնելու համար

Սահանքներուն բերանը,

Ուրկե՝ խեղդվողներուն ձայները բոլոր մեկեն

«Օգնությո՜ւն, օգնությո՜ւն» կ’աղաղակեն…

Ու կարծեմ թե բոլոր կրոնավորները վանքերուն

Այս իրիկուն,

Երկարորեն աղոթելե  ա՛լ հուսահատ

Բոլորը մեկ՝ մոլախինդե գինով՝ կվախճանին:

Ու դարմանատան բոլոր անբուժները,

Մութ երկնքին վրա անօգուտորեն ու երջանկորեն

Գիշերներով իրենց հույսին աստղերը փնտրեցին…:

Ո՞վ գիտե, հովերը ե՞րբ պիտի դադրին,

Ու մինչև ե՞րբ նայվածքները պիտի շարունակվին

Լքված հիվանդներուն,

Ժամանակներն ի վեր արդեն մեռած աստղերեն անդին:

Ու այս բոլորին, այս ամենուն

Հոգեվարքներն ամբողջովին,

Ու ցավերը տրտմած անասուններուն,

Դանդաղորեն, իմ ներսիդիս կսուզվին…:

 

 

ՍՈՒՐԲԻՆ ԱՂՈԹՔԸ

 

«Լո՛ւյս տուր ինծի, Աստվա՜ծ անհերքելի,

Տիեզերքի անմեկնելի ճարտարապետ,

Ճակատագրի և ճանաչման ստեղծի՛չ,

Շունչի՛ մրրիկ, կեդրոնական կարողություն,

Սուրբ սեղանիդ սարկավագն Մեսրոպ՝

Իր մշուշապատ մեծ երազին՝

Քու ձեռքերեդ հստակությո՜ւն  կաղերսե…:

 

« Օգնե՛ ինծի, մեծապարգև՜ իմաստություն,

Ես՝ անցուպ հովիվ մեծ քարոզիդ,

Ես՝ եղկելի մահկանացու, ես դժգույն տնտես

Հայկազնյան ահեղ ցեղին…

Ես՝ տգետ դպիր և անվավեր վարդապետ,

Ես՝ անծածան դրոշ հավատացյալ ամբոխներուդ,

Ես՝ անօժիտ վերծանո՛ղ  և անանձրև այգեպան,

Ես՝ Կույր աղբյուր և կորաքամակ ճանապարհորդ,

Ես՝ անարժան օրհնաբան անվերջ փառքիդ,

Իմ անդպիր հոտիս համար լո՜ւյս կաղերսեմ…:

 

Օգնե՜ ինծի, Աստվա՜ծ բյուրեղ…

Ես՝ ողորմելի  որոնիչ և անհետևանք խուզարկու,

Ես՝ անքանքար քննիչ և անբերրի հյուլե,

Ես անաստիճան ճգնավոր և անթռիչ հռետոր,

Դառնաժպիտ թափառական և աշակերտ անբանիբուն,

Երազատես մոլորյալ  և անտաղանդ անրջող,

Ես սահմանափակ պատուհան  և փակյալ դուռ,

Ես իմ հոգիիս հանդեպ փշրող երկա՜թ ալիք

Ես՝ գերեզմա՜նի  պահապան և մեռելո՜ց  հաշվակալ,

Ես հրեղեն հացիդ կարո՜տ ցորենաքաղ…

Ես աներդիկ գիշերող և անսափոր ծարավի,

Ես մենավոր մշակ տատասկներու մեջ կորուսյալ,

Ես անճառագայթ աղջամուղջ, ես՝ անլար քնար,

Ես անբարբառ Հայկազնյաց հոգիին՝

Բացատրության Բանալի՜մը կաղերսեմ…

 

«Օգնե՛ ինծի, Տարրերու հայր,

Ես աչք աղոտ և տեսություն անթափանց,

Ունայնամիտ ունկնդիր և չարալուր ականջ,

Աններդաշնակ երաժիշտ և մեղկաձայն երգիչ …:

Ես՝  անհողագործ դաշտորա, շտեմարան թափուր,

Սեղանասպաս անհաց և ցամաքյալ գինեբաշխ,

Ես անկոչ հրավիրյալ Հիսուսական հարսանիքին,

Ես անձեթ լուսարար և անմատյան մտածող,

Ես անգորով գգվիչ և սիրազուրկ սիրահար,

Ես անհրապույր քարոզիչ և քարկոծյալ քրիստոնյա,

Օժիտաբեր աղքատ  և անոսկի հարուստ…

Ես անհամբույր շրթունք և հոգեզուրկ հեծեծող,

Ես սի՛րտ անսեր և կուսություն անկատար,

Ես անբևեռ քալող և երերուն ուղևոր…

Քու փրկության փարոսներեդ կաթի՜լ մը լույս տուր ինծի…

Եվ երկնային  դուռներուդ հետ հոգեկան

Կյանքին դռները դրախտին պես թող բացվին…:

 

Օգնե՜ ինծի, անծի՜ր Աստված …

Ես անկարկաջ առվակ և խափանյալ ջրվեժ…

Ես ուսուցիչ անուս և վարանյալ վարպետ,

Ես դպրությանց դեռ անպսակ տնօրեն,

Ես խղճերու հանդեպ  ինկո՛ղ վարագույր…

Ես որմ մթաշեն, գեհենական բանտարկյալ,

Ես շյուղ կորուսյալ, հո՜ւնտ անպարգև…

Մացառապատ կածան, օձապտույտ գետնուղի…

Ես անհյուրընկալ օթևան և անբազմոց մահամերձ…

Լապտերիդ լույսը մի՛ մերժիր ինձ…:

 

«Օգնե՛ ինծի, համագումար Սկզբունք,

Մկրտության ես անմյուռոն ավազան,

Ես աղոթքի կիսակործան գավիթ,

Ես արորազուրկ հողագործ, անգերանդի հնձող,

Ես անբույժ օծանող և դառնահամ յուղ,

Ես անբալասան բժիշկ և անբեհեզ վիրակապ,

Ես կոտրած կանթեղ և պապակյալ պատրույգ,

Ես հողմակոծ անտառ և արտասվաթոր ուռենի…

Ես անտաշ ատաղձ և բորբոսյալ գերան,

Ես հողաշեն բուրվառ և անծխելի խունկ,

Ես անողկույզ որթատունկ և վարակյալ վարսակ,

Ես անճշմարիտ ճակատ և անուղիղ ձեռք,

Ես անկարող կարգավոր և աննշխար քահանա,

Ես մենությանս մեջ մխացող անկարավան անապատ,

Այցելությո՜ւն տուր ինծի…:

 

«Օգնե՛ինծի, ո՜վ անբաղդատ օրենք,

Ես վարանոտ մարդ և հուսահատ անձ …

Ես ահաբեկ անհատ և շվարած շնչավոր,

Ես տարակույսին մեջ տատանող հողմահալած

Անլսելի աղաղակ և անարձագանք շեփոր…

Ես գոս տերև՝ աշուններեն վա՜ր ինկող…

Ես չորացյալ ճյուղ և անհոտավետ վարդենի,

Ես ուշիմության ուրվական,

Ես կարճիմաստ իմացական և խոնարհած խելք,

Եկեղեցիիդ կամարներուն տակ հեծեծող՝

Քրիստոնյա ժողովուրդիդ դեմ հանդիման

Ես Աստվածաշունչ մեծ Մատյանիդ

Օտարալեզու ընթերցող և անհարազատ թարգմանիչ …

 

«Օգնե՛ ինծի, անծայրածիր Ծանոթություն,

Գերազոր Տեր, անհուն հնարիչ,

Լույսի զենիթ, անկնճիռ իմաստ,

Ջուր երկնային, անանջրպետ հոգի,

Անհաշիվ բաշխող, երազներու սահանք,

Ճանաչումի քու ծածկոցդ լուսեղեն

Իմ կործանյալ ուսիս վրան թող ծածանի,

Եվ՝ հսկումներու, հեծեծանքի, աղոթքներու

Այս իրիկվան, քառասներորդ գիշերին՝

Աստվա՜ծ անհեղլի, Աստվա՜ծ անափունք,

Արարչագործ ձեռքդ իմ ուղեղիս երկարե,

Հոն իմ գյուտս խմորելու… »:

 

Share

Կարծիքներ

կարծիք