ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան. «Երկրի կրթության որակը չի սկսվում բուհերից»

 

12391233_966037543455138_7757378344942079653_nՊարոն Սիմոնյան, Դուք Հայաստանի մայր բուհի ռեկտորն եք արդեն գրեթե տասը տարի, և պետք է որ հայաստանյան կրթության մակարդակը Ձեզ ավելի, քան որևէ մեկին լավ տեսանելի լինի: Գո՞հ եք այսօրվա մակարդակից:

 

-Միանշանակ ասել՝ գոհ եմ, թե ոչ, իհարկե հնարավոր չէ: Մենք մեր ֆինանսական սուղ պայմաններում, կադրերի ոչ լիարժեք առկայությամբ և ցածր աշխատավարձով կարողացել ենք ընդունել ժամանակի մարտահրավերները, արձագանքել դրանց և բռնել բարեփոխումների ճանապարհը: Թեև պետք է անկեղծորեն նշեմ, որ ֆինանսական նման պայմաններում շատ դժվար է ապահովել միջագային չափորոշիչներին համապատասխան բարձրագույն կրթություն:

Բայց այդ ամենը դեռևս մեր սպասումների իրականացումը չէ: Երկրի կրթության որակը չի սկսվում բարձրագույն ուսումնական հաստատություններից: Ես ինձ հանրակրթության գիտակ չեմ համարում, բայց դիմորդը, ով գալիս է հանրակրթարանից, պատրաստ չէ իր դպրոցական գիտելիքներով միանգամից դառնալ համալսարանական:

Եվ հետո, մեր ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ փոքր երկրի ու փոքրաթիվ դիմորդների պայմաններում ունենք մեծ թվով պետական ու մասնավոր բուհեր: Այս երևույթն, իհարկե, ոչնչով արդարացված չէ: Թերևս կարող ենք միայն մեր ազգային մտածելակերպի հետ կապել, երբ հայ ծնողները մտածում են անպայմանորեն բարձրագույն կրթության տալ իրենց զավակներին՝ առանց դրա կենսական անհրաժեշտությունը և երեխայի մտավոր ունակությունները հաշվի առնելու:

 

Ցավոք, երբ աչքի ենք անցկացնում աշխարհի լավագույն համալսարանների ցուցակները, հայաստանյան ոչ մի բուհ ցուցակներում չկա: Այդ բացը երբևէ կլրացվի՞, և ինչպե՞ս եք տեսնում դրան հասնելու ուղին:

-Այսօր, թերևս, նման ցուցանիշային աղյուսակները բավական նորաձև են դարձել: Այդ ցուցանիշների հիմք կարող են լինել վիճակագրական այն տվյալները, թե, օրինակ, որքանով են տնտեսության մեջ ներդրվում այդ համալսարանի գիտական հետազոտությունների արդյունքները, կամ հղում է արվում համալսարանական կայքին, հրապարակած գիտական հոդվածներին, կրթությունը միջազգայնացված է, թե ոչ և այլն: Եվ ամենակարևորը՝ հաշվի է առնվում համալսարանի ֆինանսական կարողությունը: Երևանի պետական համալսարանի բյուջեն 20 մլն դոլար է, իսկ Հարվարդինը՝ տարեկան 20 միլիարդից ավելի, պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանի բյուջեից քառապատիկ էլ առավել…

Որպես կանոն այդ և այլ տվյալները չեն բնորոշում համալսարանների իրական վիճակը: Ցուցանիշային աղյուսակներից մեկում տեսա, որ Աստանայի համալսարանը առաջին հինգ հարյուրի մեջ է: Ես բազմիցս եղել եմ այդ համալսարանում, շենքային և սարքավորումների երանելի պայմաններ ունեն, բայց կադրային և ուսանողության հարցում մենք նրանց բնավ չենք զիջում, եթե չասենք հակառակը…

Այսօր աշխարհում կա շուրջ 26 հազար համալսարան, որոնց թվում Երևանի պետական համալսարանը 2-3 հազարի միջակայքում է: Եթե մենք համեմատենք և հարաբերենք, թե մեր պետությունը որտեղ է գտնվում իր սոցիալական և տնտեսական վիճակով, ապա այդ տեղը ցուցակներում լրիվ արդարացված է:

Մի շատ կարևոր փաստ ևս. 21-րդ դարում համալսարանական կրթությունը առանց գործարար աշխարհի մասնակցության անհնարին է թվում: Իսկ մեր գործարար աշխարհը դեռևս պատրաստ չէ դեմքով շրջվելու դեպի համալսարանական կրթությունը: Իհարկե, կան մասնավոր դեպքեր, հենց Սինոփսիսի օրինակը, որը համագործակցում է մեր և Ճարտարագիտական համալսարանի հետ, այլ դեպքեր ևս, բայց դրանք զանգվածային բնույթ չեն կրում և իրենց սակավությամբ մեծ բաց են թողնում համալսարան-պրակտիկա-աշխատանք շրջանի մեջ:

 

Շուտով կտոնենք մեր անկախության քառորդ դարը: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է անկախության սերունդը:

 

-Միանշանակ կասեմ՝ անկախության սերունդը շատ ավելի աչքաբաց ու բանիմաց է, պահանջկոտ իր և դիմացինի նկատմամբ, ավելի կազմակերպված ու զերծ ռոմանտիզմից, որն ունեինք մենք՝ խորհրդային ժամանակների սերունդը: Եվ ես, անկեղծորեն, մեծ հույսեր եմ կապում այս սերնդի հետ:

Մեր ֆակուլտետներում սովորում են ուսանողներ, ովքեր իրենց թե՛ մասնագիտական, թե՛ անձնային պատրաստվածությամբ ու կազմակերպվածությամբ կարող են հեշտությամբ դառնալ արտասահմանյան հեղինակավոր համալսարանների ուսանողներ:

 

Պարոն Սիմոնյան, որպես պատմաբան, Ձեր կարծիքով, որո՞նք են այսօր հայագիտության այն հիմնասյուները, որոնց վրա պետք է ամրանա մեր ինքնությունը:

 

-Հայագիտության ասպարեզում այսօր արդեն մեծ գործ է արված, և եկող սերունդների գործը այդ ավանդույթները ամրապնդելն ու շարունակելն է: Բայց զարգացումը միայն այդպես չէ, որ ընթանալու է:

Նախ նշեմ, որ գիտության մեջ սերնդափոխության և ֆինանսավորման հստակ համակարգի խնդիր կա, որի լուծման համար պետք է պետական ծրագիր: Մեր համալսարանում վերջերս ստեղծեցինք Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, որը զբաղվում է դեռևս քիչ ուսումնասիրված, հատկապես քաղաքական հայագիտության թեմաներով, օրինակ՝ հայ-օսմանական, հայ-քրդական առնչություններով:

Բացի այդ շատ կարևոր է հասկանալ մի բան, որ մեր պատմությունը ոչ միայն անվերջ պարտությունների ու զրկանքների պատմություն է, այլ նաև հերոսական պայքարի, ինքնահաստատման պատմություն:

90-ականներին հայոց ազգային գաղափարախոսությունների մասին մի ոգեշունչ ալիք բարձրացավ, և չնայած շատ տարաձայնություններին՝ կարևոր ու նշանակալի հետազոտություններ եղան այդ ասպարեզում, բայց վերջին տարիներին այդ ալիքը մարեց և փոխակերպվեց սոսկ կաբինետային գիտական քննարկումների:

Եվ այսօր համապարփակ հայ ժողովրդի պատմություն ստեղծելու համար նախ պետք է հասկանալ, թե ընդհանուր քաղաքակրթական զարգացման քառուղիներում ինչ տեղ ու դեր ենք ունեցել, ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում:

 

 

Անդին 9-10, 2015

Share

Կարծիքներ

կարծիք