Հյուսիսային Գուգարքի տեղանունների հարցի շուրջ. Տապաղիք — Տփղիս — Թբիլիսի

Հեղինակ:

DSC04298 - CopyՀայտնի է, որ այժմ էլ Սոմխեթ կամ Սոմխիթ աշխարհագրական անունը հաճախ է տարընթերցումների ենթարկվում: Իսկ ընդհանուր առմամբ հարցը, որն արդեն գրեթե առանձին տեսական դրույթի է վերածվել, շուրջ հարյուր տարվա պատմություն ունի, հիմնադիրն է Ի. Ջավախիշվիլին [1]: Ընդ որում, վրացի վրացագետների կողմից դեռևս մի քանի տասնամյակ առաջ դրան այնպիսի մի թափ հաղորդվեց, որ մի պահ հայ ուսումնասիրողները ստիպված սկսեցին զսպվածության կոչեր անել: «Որոշ հեղինակավոր պատմաբաններ,- գրում է Պ. Մուրադյանը,- դեռ այսօր էլ վիճում են, թե ի՞նչ պետք է հասկանալ «Սոմխիթ» անվան տակ. Սոմխիթ=Հայաստա՞ն, թե՞ Սոմխիթ=Հարավային Վրաստան: …Սոմխիթը մի գավառ էր, ուր հավասարապես և հայեր էին ապրում, և վրացիներ՝ ամենևին էլ առանց վիճելու, թե ով ում հողում է ապրում: Հայ-վրացական պատմական-մշակութային փոխհարաբերությունները քննելիս որևէ մեկի մերժելու կամ արհեստականորեն «միատարրացնելու» ցանկությունը վտանգավոր է և ոչ պատմական. հայագիտությունն ու վրացագիտությունը նման հարցադրումից չեն շահի: …Մենք խուսափում ենք ավելի վճռական արտահայտվելուց»[2]: Բարեկիրթ այս պահվածքը, սակայն, երբեք ողջույնի չարժանացավ վրացի գիտնականների կողմից: Եվ չէր էլ կարող արժանանալ, «որովհետև ներքին հավակնություն կա Քարթլի համարելու Լոռին, Տաշիրը և այլն, ապա եթե այն կոչվում է դարձյալ Սոմխիթի, ապա այդ Սոմխիթին ոչ մի դեպքում չպետք է համարել Հայաստան»[3], քանզի Սոմխիթի վրացիները կոչել են իրենց երկրի այն մասը, որ հայերը նվաճել են նրանցից և մտցրել իրենց թագավորության մեջ[4]:

Վրացական կողմի պատկերացումները ներկայացնում ենք ըստ Խ. Թորոսյանի նշված հիմնարար աշխատության: Խնդրո վերաբերյալ նա նաև առանձին ուսումնասիրություն ունի[5]: Նկատենք, որ, ըստ էության, սույն հետազոտություններով հարցը կարելի է փակված համարել, մերժել ու դատապարտել շահարկման ցանկացած փորձ, որովհետև Խ. Թորոսյանը քննել, համեմատել, բաղդատել ու վերլուծության է ենթարկել վրացական անխտիր բոլոր սկզբնաղբյուրները: Ուրիշ մեկը նման աշխատանք չի կատարել, ուրեմն՝ հարկ է խաղաղվել և հարգել պատմական ճշմարտությունները: Ասվածն ամրապնդելու համար մի քանի քաղվածք ներկայացնենք նրա առաջին գրքից: «Վրացագիտության մեջ գոյություն ունեցող տեսակետի համաձայն,- գրում է Խ. Թորոսյանը,-  դրանք (Սոմխեթի և Սոմխիթի բառերը.- Հ.Դ.) միևնույն բովանդակությունն ունեցող, աշխարհագրական նույն տարածքը արտահայտող հասկացություններ չեն, միևնույն տեղանվան գրության (կամ արտասանության) տարբեր ձևեր չեն, այլ բոլորովին տարբեր տեղանուններ: Մեկը՝ «Սոմխեթի»-ն, նշանակում է Հայաստանը, մյուսը՝ «Սոմխիթի»-ն, Հայաստանից բացի նշանակում է նաև Վրաստան, վերջինիս այն մասը, որ կոչվում է «Ստորին Քարթլի» (Քվեմո Քարթլի): …Տարիների ընթացքում ծանոթանալով վրաց մատենագրությանը՝ տեսանք, որ «Սոմխեթի» և «Սոմխիթի» բառերի վերոհիշյալ տարբերակումը, համենայն դեպս մինչև XV դ. համար, արհեստական է, չունի աղբյուրագիտական հիմք, որը պարզեցինք նաև բազմաթիվ առանձին երկերի հատուկ քննությամբ»[6]:

«Ի. Ջավախիշվիլին իր տեսությունը փաստարկում է ընդհանուր դատողություններով: Նա իր դրույթը չի հիմնավորում վրաց մատենագրության, մասնավորապես պատմագրության հուշարձանների այն հատվածների կոնկրետ վերլուծությամբ, որոնց մեջ վկայված է «Սոմխիթի» բառը: Այդպիսի աշխատանք, «Սոմխիթի» բառի բովանդակությունը պարզելու համար, վրացագիտության մեջ չի կատարված: Վրացագետները հետագայում կրկնել են հիմնական միտքը, այն, որ իբր «Սոմխիթի» նշանակում է Վրաստան՝ Ստորին Քարթլի: Եվ դրանով անվերապահ ճշմարտության արժեք է ստացել մի դրույթ, որը շատ հեռու է ճշմարտությունից» [7]:

«Այսպիսով, «Սոմխեթի» և «Սոմխիթի» նույն բառն է, նույն բառի երկու տարբերակը: Քանի որ ստույգ է, անվիճելի, հաստատ, որ «Սոմխեթի»  նշանակում է Հայաստան, ապա դրա տարբերակ «Սոմխիթի»-ն էլ պետք է արտահայտի Հայաստանի մի տարբերակ: Որքան էլ դրանք արտահայտեն տարբեր հասկացություններ, դա կարող է լինել միայն ծավալի մեջ և ոչ էության: Մեկը կարող է արտահայտել ավելի մեծ տարածք, մյուսը՝ փոքր, բայց երկու դեպքում էլ Հայաստան: Չի կարող, անհեթեթություն է մտածել, որ Հայաստան նշանակող բառը մի դեպքում նշանակի Հայաստան, մի այլ դեպքում՝ Վրաստան: Հայաստանի ինչ-որ մասը կարող էր լինել Վրաստանի կազմում (և եղել է), քաղաքանապես դա Վրաստան է: Բայց էթնոտարածքային իմաստով դա այնուամենայնիվ Հայաստան է: Դա գիտակցվում է, գիտակցում է նաև Վախուշտին, ուստի իր ժամանակ քաղաքականապես Վրաստանի մաս հանդիսացող այդ տարածքը այնուամենայնիվ կոչում է Սոմխիթի-Հայաստան, որովհետև էթնոտարածքային իմաստով դա Հայաստան է և ոչ Վրաստան: Ճիշտ այնպես, ինչպես որ այժմ քաղաքանապես Վրաստան է թե՛ Հարավային Օսիան, թե՛ Ափխազիան, բայց էթնոտարածքային իմաստով Վրաստան չէ ոչ մեկը, ոչ մյուսը» [8]:

«Քննված են վրաց պատմագրության բոլոր գործերը սկզբից մինչև 13-րդ դ.: Իմ նպատակն էր պարզել, թե ինչ են հասկացել վրաց պատմագիրները «Սոմխեթի» և «Սոմխիթի» տակ: …Բոլոր այդ գործերում չկա «Քվեմո Քարթլի» (Ստորին Քարթլի) բառ, արտահայտություն: Վրաց պատմագիրները, իսկ նրանք հենց Քարթլի պատմությունը գրողներն են, ոչ մի գաղափար չունեն այն մասին, որ իրենց հայրենիքի ինչ-որ մասը կոչվում է ՙՍտորին Քարթլի»: Եվ քանի որ չի եղել «Ստորին Քարթլի» երևույթը, ուստի չի կարող լինել նաև որևէ բառ այն արտահայտելու համար: Հետևապես «Սոմխիթի»-ն չէր կարող նշանակել «Ստորին Քարթլի»[9]:

Մեր կողմից ավելացնենք, որ վրաց հայտնի պատմաբան Մ. Ջանաշվիլին, թվարկելով «սուրբ Նինոյի Վրաստան մուտքի ժամանակ Վրաստանի ունեցած նահանգները», առանձին նշում է Սոմխիթը և առանձին՝ Քարթլին[10]: Ջուանշերի երկի ռուսերեն ակադեմիական հրատարակության թարգմանիչ և ծանոթագրող Ծուլայան նույնպես մատենագրի 12 անգամ հիշատակած Սոմխիթին նույնացնում է Հայաստանի հետ[11]:

Սա՝ ընդհանուր Սոմխեթ-Սոմխիթի մասին: Բայց ահա դրանից բխող ոչ պակաս կարևոր մեկ ուրիշ հարց էլ կա. իսկ ի՞նչ են հուշում երկրամասի բնակավայրերի անունները: Այս առումով Պ. Մուրադյանի ակնհայտորեն փոխզիջումային բնույթ ունեցող վերոբերյալ տեսակետը, թե «Սոմխիթը մի գավառ էր, ուր հավասարապես և հայեր էին ապրում, և վրացիներ՝ ամենևին էլ առանց վիճելու, թե ով ում հողում է ապրում», չի հաստատվում տեղի տեղանվանաբանության (տոպոնիմիայի) ուսումնասիրությամբ: Լոռիում տարածված է ուտ վերջավորությամբ տեղանունը (Արջուտ, Աճարկուտ, Ուռուտ, Թեղուտ, Լորուտ, Շամուտ, Դեղձնուտ, Մամխուտ, Կառնուտ, Կեչևուտ, Կաճաճկուտ, Կնճռուտ՝ Մառնեուլի հին անվանումը), իսկ ըստ Գ. Ջահուկյանի ուտ տեղանվանական կազմիչը հնդեվրոպական ծագում ունի[12]: Մնում է հիշել, որ հայերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին, վրացերենը՝ իբերո-կովկասյան: Այսինքն՝ տարբեր լեզվաընտանիքներ, տարբեր լեզվական կանոններ: Ա. Շանիձեն գրում է, որ վրացերենում աշխարհագրական անունները սովորաբար կազմվում են բառի հիմքին ավելացնելով եթ վերջածանցը (Օրբ-եթ-ի, Քոր-եթ-ի, Բի-եթ-ի)[13]: Ըստ այդմ, առանց այլևայլության կարելի է նշել, որ Հայաստանի Հանրապետության սահմաններում գտնվող«ՙբուն վրացական» Լոռի-Տաշիրում գոնե մեկ վրացական անունով բնակավայր չկա և չի եղել, մինչդեռ Վրաստանի Հանրապետության տարածքում, հատկապես հարավային սահմաններից մինչև նրա Մցխեթ վաղեմի մայրաքաղաքն ընկած հատվածում (իմա՝ Հյուսիսային Գուգարք), տասնյակ բնակավայրեր կան, որոնց անվան նախնական ձևը հայկական է: Նույն Պ. Մուրադյանը հանիրավի մոռացության մատնված մի հրապարակում ունի, որտեղ նա լեզվաբանության ընձեռած հնարավորություններով պատմության հնագույն շերտեր է վերհանում[14]: «Լեզվաբանական աշխարհագրության շնորհիվ հնարավոր է դառնում քննության առնել որոշ գավառների պատմական ճակատագրի ու էթնիկական կազմի խնդիրը»,- գրում է ճանաչված վրացագետը[15]: Բանալին հետևյալն է՝ տեղանուններում իբրև ուղղական հանդես եկող հայցական հոլովաձևը բնորոշ է միայն հայոց լեզվին (օրինակ՝ Ագուլիք-Ագուլիս, Գորիք-Գորիս, Մասիք-Մասիս, Ուխթիք–Ուխթիս//Ոխթիս, Ուրբանիք–Ուրբանիս, Մանգղիք–Մանգղիս): Վրաստանում զգալի թվով տեղանուններ կան, որոնք նույն ձևն ունեն, ինչ հայերենի հայցական հոլովով վերջավորությամբ անունները: Հայերեն նիս//լիս//րիս վերջավորության վրացերեն իսի տարբերակով տեղանուններից են Փազիսի, Խերթվիսի, Ռուիսի, Մանգլիսի, Առանիսի, Բոլնիսի, Դմանիսի, Պանկիսի, Քութա[թ]իսի և այլն: Նույնպիսի ձևափոխության արդյունք է նաև Թբիլիսի անունը. այն առաջացել է հայկական Տփղիք//Տփղիս բնակավայրի անունից: Կասկածի ենթակա չէ Պ. Մուրադյանի տեսակետը, ըստ որի «Задолго до возникновения армянской и грузинской письменности и национальной литературы, задолго до основания города-резиденции Горгасалом на том же месте был населенный пункт первоначально с названием Տփղիք: Но письменность застала форму Տփղիս»[16]: Պատահական չէր, ուրեմն, որ մինչև սովետականացումը հայերը գրավոր խոսքում նախընտրում էին Տփղիս, իսկ բանավորում՝ Թիֆլիս ձևերը:

Անշուշտ, սպասելի էր, որ վրացի պատմաբաններն ամենևին ոչ եղբայրական խանդաղատանքով կընդունեն Պ. Մուրադյանի տեսակետը, չնայած որ այն վիճելի համարվող բազմաթիվ հարցեր է պարզաբանում: Եվ ահա իր ժամանակին նրանց հրապարակած «վռազ» պատասխանից իմանում ենք, որ «топоним Tbilisi (Тбилиси) имеет прозрачную и убедительную грузинскую этимологию» 17]: Այնուհետև՝ նույն հանգերգով: Սույն հուզառատ ընդդիմախոսողները «թափանցիկ և համոզիչ» տեղանվան ներկայիս ձևը իրավացիորեն բխեցնում են վրացերեն թբիլի (հայերեն՝ տաք) բառից, ընդգծելով, որ դա բացատրվում է նրա տարածքում հանքային տաք ջրերի գոյությամբ: Ինչ վերաբերում է քաղաքի անվան Թիֆլիս նախկին ձևին, ապա այն պարզապես կառուցվել էր թբիլի բառարմատի հունա-արաբա-պարսկա-թուրքա-ռուսական աղավաղված տարբերակի վրա: Թվում է՝ ամեն ինչ համոզիչ է ու վերջնական: Այդ դեպքում, սակայն, ինչո՞ւ են հոդվածագիրները խուսափում հայերեն Տփղիս ձևը հիշատակելուց: Չէ՞ որ եթե դա էլ համարենք Թիֆլիս-ի մի աղավաղում, ապա հարցն ինքնըստինքյան կգտնի իր պատասխանը: Ըստ այդմ, ինչո՞ւ են նրանք Տփղիս-ը «մոռանում», եթե պահը հարմար է ասպարեզ հանելու հայ պատմաբանի աճպարարությունները…

Փորձենք ինքներս առաջ գնալ և պարզել, թե ի՞նչ է այդ Տփղիս-ը, արդյոք հայերեն ինչ-որ բան նշանակո՞ւմ է, թե՞ բաղաձայների անհեթեթ կուտակում է: Անշուշտ, պատասխանը գտնելու համար առաջին հերթին պիտի կարողանանք հասկանալ նրա կառուցվածքն ու իմաստը (ի վերջո, տեղանունը նախևառաջ տեղեկություն է տվյալ տեղի ու տարածքի մասին): Հետևաբար, կրկին հիշենք, որ քաղաքը գտնվում է տաք վայրում, այնուհետև՝ հայերեն տաք, ջերմ բառերի համարժեքն է տապ բառը: Աճառյանը համարում է, որ վրացերեն տփիլի (թբիլի) – տաք բառը պատահական նմանություն ունի (մի՞թե պատահական) հայերեն տապ բառի հետ[18]: Ըստ այդմ, եթե նույն այս բառի տապտպտփ հնչյունափոխված ձևը մեզ թույլ է տալիս ստուգաբանել Տփղիս-ի առաջին բաղադրիչը, ապա ի՞նչ անենք նրա ղիս կամ ղիք վերջնամասի հետ: Հասկանալի է, որ այն ածանց չէ (հայերենում նման ձևույթ չկա), նշանակում է՝ լիարժեք բառ է: Բայց ի՞նչ բառ է, տեղանքն ի՞նչ է հուշում: Այս պարագայում վրացերենը մեզ օգնական չէ, որովհետև թերի է, կիսատ է, ընդամենը ասում է՝ տաք գումարած իրենց պնդած is-i վերջածանցը[19]: Հայերեն տապն էլ է տաք, ուրեմն՝ տաք, բայց ի՞նչ՝ օ՞դ, ջո՞ւր, հո՞ղ: Հայերեն ո՞ր բառն է սրանցից մեկնումեկին փոխարինում, ընդսմին ղիս կամ ղիք պարունակում (ավելի շուտ ղիք, որովհետև Պ. Մուրադյանը համոզում է, որ դա է նախաձևը): Պարզվում է՝ կա այդպիսի բառ: Ահա այն՝ աղիք: Այստեղ ոչ մի հորինվածք չկա՝ Հրաչյա Աճառյանն է բացատրում. աղի(ք) հայերեն նշանակում է նաև ընդեր(ք)[20]: Սրանով ամեն ինչ իր տեղն է ընկնում. տապ + աղիք = Տապաղիք՝ բնիկ հայերեն իմաստ արտահայտող տեղանուն: Շատ հավանական է, ուրեմն, որ Տփղիսի հնագույն, անդրենածին ձևը հենց Տապաղիք է եղել, այնպես, ինչպես ունեցել ենք Դարանաղի(ք), Մարդաղի(ք), Մանանաղի(ք) գավառանուններ: Ժամանակի ընթացքում, գուցեև օտար ազդեցությամբ, բառը ճապաղվել է, գռեհկացվել (չնայած հայերենի կանոնների համաձայն), կրել հետևյալ ձևափոխությունը. ՏապաղիքՏպղիքՏփղիքՏփղիս (ա ձայնավորները սղվել են, պ բաղաձայնը հնչյունափոխվել է փ-ի): Այսպիսով, Տփղիս նշանակում է տաք ընդերք: Պարզ, կոնկրետ և հասկանալի: Սա նշանակում է նաև, որ վրացերեն անորոշ ու կիսատ Թբիլիսին (տաք՝ ի՞նչ) ավելի ուշ շրջանի նմանեցում է հայերեն Տփղիս-ին:

Մուրադյանը, ահա, նկատի ուներ նախաթիֆլիսյան այս բնակավայրը, որը եղել է հայկական, իսկ անունը՝ Տփղիս [21]: Հայ վրացագետի դիտարկումներն ամբողջովին տրամաբանական են և ամենևին ապրիորի, տեսական հարցադրումներ չեն: Անհրաժեշտ է պարզապես խնդիրը տեսնել այն նույն չափումներում, նույն ժամանակաշրջանում ու տարածաշրջանում, որը նկատի ունի հեղինակը: Ինչ վերաբերում է նրան, թե որն է վրացական պատմագիտական շրջանների մտահոգության բուն պատճառը, ապա հենց իրենք էլ ակամայից խոստովանում են դա, ըստ որի «если на территории распространения одного языка обнаружена система (а не отдельные имена) иноязычных топонимов – это является серьезным свидетельством исконного распространения на данной территории другого народа с иным языком»[22]:

Ավելացնենք, որ սա ոչ միայն ճիշտ միտք է ընդհանրապես, այլև լույս է սփռում հեռավոր ժամանակների վրա, ակամայից ճշգրիտ կերպով բացահայտում անցյալում տիրող իրավիճակը: Այո, իսկապես, մինչև Կուր գետն ընկած տարածքում հայկական տեղանունների մի ամբողջ համակարգ է եղել, որն աստիճանաբար քայքայվել և օտարվել է: Կարծում ենք՝ վրացական կողմը պարտավոր է հաշվի նստել այս տեսակ պատմական անողոք ճշմարտությունների հետ և, իհարկե, զսպել հատկապես մեր օրերում ուժգնացած անհիմն հավակնությունները Հայաստանին մնացած հայկական հնամենի հողերի հարցում:

 

———

 

  1. Տե՛ս Ջավախիշվիլի Ի., Վրաստանի սահմանները (վրացերեն), Թբիլիսի, 1919:
  2. Վրաց ժամանակագրություն (1207-1318), թարգմ., առաջաբ. և ծանոթ. Պ. Մուրադյանի, Երևան, 1971, էջ 31-32:
  3. Թորոսյան Խ., «Թագակիրների պատմությունն ու գովաբանությունը» որպես Զաքարյան Հայաստանի ու Զաքարյանների պատմության սկզբնաղբյուր, Երևան, 1992, էջ 137:
  4. Նույն տեղում, էջ 118:
  5. Տե՛ս Торосян Х., Топоним “Сомхити” в грузинских первоисточниках, Ереван, 2003.
  6. Թորոսյան Խ., «Թագակիրների պատմությունն ու գովաբանությունը» որպես…, էջ 116-117:
  7. Նույն տեղում, էջ 123:
  8. Նույն տեղում, էջ 160:
  9. Նույն տեղում, էջ 161-162:
  10. Տես Джанашвили М., История грузинской церкви, книга I, Обращение картвельцев, Тифлис, 1898. էջ 22-23:
  11. Տես Джуаншер Джуаншериани, Жизнь Вахтанга Горгасала, пер., введ. и примеч. Г. Цулая, изд. АН СССР и АН ГССР, Тбилиси, 1986. էջ 145.
  12. Ջահուկյան Գ., Հայոց լեզվի պատմություն: Նախագրային ժամանակաշրջան, Երևան, 1987, էջ 415:
  13. Տե՛ս Թորոսյան Խ., «Թագակիրների պատմությունն ու գովաբանությունը» որպես…, էջ 159:
  14. Տե՛ս Мурадян П., “Винительные формы в именительном по данным топонимики Армении”, Լրաբեր հասարակական գիտությունների, 1971, N4:
  15. Նույն տեղում, էջ 38:
  16. Նույն տեղում, էջ 36
  17. Ониани А., Сарджвеладзе З., Против извращения вопросов грузинской топонимики, «Мацнеե, серия языка и литературы, 1971, N3 .
  18. Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան, հ. IV, Երևան, 1979, էջ 372:
  19. Ониани А., Сарджвеладзе З., նշվ. աշխ.: Տե՛ս նաև Грузинская ССР, энциклопедия, Тбилиси, 1981, с. 318.
  20. Աճառյան Հ., նշվ. աշխ., հ. I, Երևան, 1971, էջ 128:
  21. Տեղանունները ձեռնտու տարբերակով ստուգաբանելու, իրականում՝ յուրացնելու վարպետ են նաև թուրքերը: Սրանք, օրինակ, Աղթամար կղզու անունը թուրքերեն «թարգմանում» են Ակ դամար, իբր՝ Սպիտակ երակ, և վատ չեն զգում, որ դրանից անհեթեթություն է ստացվում: Կարևորը, որ հայերեն չէ:
  22. Ониани А., Сарджвеладзе З., նշվ. աշխ.:

 

 

Անդին 9-10, 2015

Share

Կարծիքներ

կարծիք