Վազգեն Շուշանյանի օրագրային ալեկոծումները

DSC07064 - копияՕրագիրն իր ժանրային բնույթով մեմուարային գրականության ավելի պարզ ձևն է: Այն իրենից ներկայացնում է հեղինակի անձնական կյանքի ամենօրյա կամ պարբերական գրառումներ: Հիմնական ժանրային առանձնահատկությունը ընդհանուր, ողջ պատմությունը միավորող գաղափարական և սյուժետային առանցքի բացակայությունն է:

Օրագրի ինքնակենսագրական ձևերն ունեն ավելի հստակ առանձնահատկություններ: Այստեղ վերարտադրվում է հեղինակի անցած կյանքից մի կտոր, ըստ որում՝ դրա առավել բեկումնային ու նշանակալից շրջանը: Պատմության կենտրոնում հեղինակի անձն է: Սակայն պետք է ասել, որ Շուշանյանի օրագրությունը ոչ միշտ է համապատասխանում ժանրի չափանիշներին: Ի տարբերություն գեղարվեստական գրականության, օրագրությունը հեղինակի «ես»-ից անբաժան է, քանի որ օրագրող «ես»-ը ինքնավերլուծության տարածք է, որն ազատ է ձևի կաղապարվածությունից:

Այս ամենը հաշվի առնելով և քննելով Շուշանյանի օրագրային գործերը՝ կարելի է տալ համառոտ բնութագիր: Շուշանյանը իր օրագրերում խոսում է հայրենի քաղաքի, հոր, մոր ու քրոջ մասին և միայն իր հայրենի տունն է տուն անվանում, իսկ մյուս վայրերը, ուր հեղինակը ապրել է, անվանում է բնակարան, կացարան, օթևան, սենյակ և այլն: Նա նպատակ ունի վերհուշի ձևով վերադարձնել այն, ինչն ինքը թողել է, ինչը խլել են իրենից: Շուշանյանի օրագրերը ամենօրյա թեմաների ընդգրկում չեն միայն, այլ նաև տպավորություններ, որոնք գրվուն են կյանքից բխելով:

Ոչ միայն օրագրերում, այլև գրեթե ամբողջ ստեղծագործության մեջ Շուշանյանն առաջին հերթին կերտել է իր կերպարը: Գրել է իր կյանքի վեպը. «Կյանքս ինքը վեպ մըն է»,- հաստատում է հեղինակը: Շուշանյանը սփյուռքահայ գրականություն բերում է նոր կերպար՝ տարագիր  հայ երիտասարդ մտավորականի կերպարը: Շուշանյանի հերոսը ապրում է հոգեկան ծանր դրամա. օտար քաղաքում տառապում է կորուսյալ հայրենի տան ու կորցրած հարազատների կարոտից և միևնույն ժամանակ փորձում է հարմարվել նոր միջավայրին, թեև գիտի նաև, որ շատ ամուր է կապված արմատներին: Իրականում նրա երկիրը չկար, կործանվել էր, բայց այն մնացել էր նրա սրտում:

Շուշանյանի օրագրային գրքերի և հատկապես «Ալեկոծ տարիների» հիմնական թեման Ցեղասպանությունից մազապուրծ հայ պատանու հետագա կայացման պատմությունն է: Մի կողմից հեղինակը պատմում է գոյատևման համար իր պայքարը սփյուռքի իրականության մեջ, մյուս կողմից վերլուծում է իրեն ու հայ տարագիրներին հուզող բազմաթիվ հարցեր՝ պատմելով իր ընտանիքի և ծննդավայրի հետ կապված հուշեր կամ առօրյային առնչվող  խնդիրներ: Նա իր «Ալեկոծ տարիներ» գրքում չի խոսում Ցեղասպանությունից, չի նկարագրում ջարդի տեսարաններ. ընթերցողը նրա ապրումներից է վերապրում այդ ամենը: Գիրքը ընդգրկում է 1920-32 թվականները, բայց անընդհատ զգացվում է հետադարձ հայացքը դեպի մանկություն: Եվ նա դա անում է գրական այնպիսի վարպետությամբ, որ ընթերցողը դժվարությամբ է զանազանում, թե դեպքերը երբ են կատարվել: Ներկայի կողքին պատկերվում են հայրական տունը, ծնողները և հարազատ ծննդավայրը: Գրքում կան նաև պատանեկան հասունացման մանրամասներ, ինչպես նաև սիրային անհաջող ու անավարտ պատմություններ: Գործը գրվել է 30-35 թվականներին, սակայն այն գրելու ծրագրի մասին հեղինակն իր շրջապատին և ընկերներին հայտնել է դեռ վաղուց: Գրքում կան առանձին գլուխներ («Ալիք-լեհ ընկերուհիս», «Արվեստը մարդուն համար է», «Հայ անկեալ մտքի գահը» և այլն), որոնք, ներքին բաժանումներով, կարծես առանձին ստեղծագործություններ լինեն՝ ավելի ուշ ներառված այս գործի մեջ: Յուրաքանչյուր գլուխը առանձին ամբողջություն է և կարող է կարդացվել առանձին: Ուշագրավ է, որ «Ալեկոծ տարիները» թեև օրագիր է, սակայն և ոչ մի գլխի ամսաթիվ նշված չէ: Ուշադրություն է գրավում  հատկապես Շուշանյանի հարուստ լեզուն, կենդանի արևմտահայերենը, որի հանդեպ պաշտամունքի հասնող հավատարմություն ունի նա: Գիրքը վկայում է այն մասին, որ Շուշանյանը ունեցել է ընթերցանության անհագ ցանկություն: Կենսագրական տվյալները ներկայացնելուց հետո Շուշանյանը փորձում է չանդրադառնալ աքսորի տարիներին, սակայն այնուամենայնիվ համառոտ ներկայացնում է: Այդ տարիները նրանից խլել էին ամեն ինչ, և վերադառնալիս թվում էր, թե խիստ վաղաժամ հասունացած մի տղա է: Ինչպես ինքն է նշում՝ իր ուսերին չորս մեռել ունի և միայն մեկ անգամ է փորձել խոսել, պատմել այդ մասին ու հանդիպել է մարդկանց անտարբերությանն ու ձանձրույթին և ամաչել է իր տկարությունից: Սա է ստիպել հերոսին դառնալ ինքնամփոփ ու մենակյաց: Այս ամենի հետ ներկայացվում է հետզինադադարյան շրջանի ճամփաներից վերադարձող հայ ամբոխների հոգեվիճակը, և հեղինակը համոզված է, որ այդ ամբոխները միայն կհասկանան իրեն: Նա նպատակ չունի իր ժամանակի տրամադրություններով վերլուծել աքսորի և ջարդի դեպքերը: Կան անմոռանալի հիշողություններ, որոնք իր հոգում են և գրքի ողջ ընթացքում լինում են նաև ընթերցողի հետ:

Շուշանյանը ցավով է ակնարկում, որ ժողովուրդը իրեն պատուհասած աղետից հետևություն չարեց և վերստին հարաբերություններ սկսեց թուրքերի հետ: Շատերն անգամ գտնում էին, որ եղածը եղած է և մնում է միայն քանդվածը նորոգել և շարունակել ապրել: Սակայն Շուշանյանը այս գաղափարի հետևորդը չէ: Նա կոտրվող տեսակ չէր և կոչ է անում պայքարել հանուն ճշմարտության: Նա չի ընդունում, որ ազատությունը միայն բառ է և ուրիշ ոչինչ:

Վազգեն Շուշանյանի օրագրային ստեղծագործությունները «Ալեկոծ տարիներ» գրքով և «Օրագրով» չեն սահմանափակվում: Սրանց կողքին կարելի է նշել նաև «Քրոնիկոն քնարական»-ը ու ևս երկու օրագրային գործեր: Շուշանյանի ասելիքն այնքան շատ է, որ ընթերցողի կողմից երբեմն թերի է ընկալվում: Նրա նպատակն է եղել օրագրերում վերհուշի ձևով վերադարձնել այն, ինչը թողել էր հայրենիքում, և ինչը խլել էին իրենից: Իրեն միայն լեզուն էր մնացել, և գուցե դա է պատճառը, որ նա կորցրած հայրենիքի ու հարազատների սերն ընդհանրացնում և արտահայտում է լեզվի գովքով:

Օրագրերում Շուշանյանը խոսում է կյանքի կարևոր երևույթների մասին նաև, արտահայտելով իր սոցիալական համոզմունքները՝ նշում է, որ աշխատավոր զանգվածները, բանվորներն ու գյուղացիները չպետք է թշվառության մեջ ապրեն: Արծարծելով ազգային կյանքին առնչվող խնդիրներ, ընդվզում է, որ պատերազմից հետո հայ ժողովուրդը հարգում է միայն օտարի փառքն ու զորությունը, սիրում է օտարի երգն ու գրականությունը, հպատակվում է օտարի սովորությանը, քանի որ ընդունակ չէ իրեն հարգելու: Սա է եղել Շուշայանի ամենամեծ ցավը: Քանդած գտնելով իր հոգու տաճարը, անկարող լինելով կերտել ուրիշ խորան՝ ժողովուրդը երկրպագում է աշխարհիկ կուռքերին:

Շուշանյանի էությունը կարոտ էր մտավորական միջավայրի և անհագ որոնում էր այն: Պատահական չէ, որ գրողը իր օրագրային գործերում հենց մտավորականի թեման է արծարծում:

Դրան նա անդրադառնում է նաև իր «Օրագրում» և ծավալուն էջերով ներկայացնում իր պատկերացրած մտավորականի կերպարը, այն համեմատում ժամանակի մտավորականի խղճուկ կերպարի հետ:

Ըստ Շուշանյանի՝ հայ մտավորականը, նաև ինքը, աքսորից վերադառնալիս իր հետ բերել է քայքայված առողջությամբ մարմին և անհանգիստ հոգի: Նա երեսուն տարեկանում արդեն իրեն համարում է ծերացած: Ոչ ոք չի կարող պարծենալ, թե բարոյապես անվթար դուրս է եկել Մեծ եղեռնի արյունոտ ճահճից: Ողջ ժողովուրդը հիվանդ է, և հիվանդության ախտանիշների դեմ կռվելու համար անհրաժեշտ է ջանալ ապաքինել մեր մարմինը, բարձրացնել ընդհանուր առողջության մակարդակը: Դեռ երիտասարդ՝ նա իր ուսերին զգացել է կյանքի պատասխանատվության բեռը: Համարում է, որ կյանքը ապերախտ ու դաժան է եղել իր հանդեպ (իմա՝ հայ ժողովրդի և մտավորականի հանդեպ): «Չկայ կեանքի շրջան մը, ուր դեպքերը ժպտած ըլլան ինձ» (էջ 184):

Դժվար է գաղթահայ կյանքի այդ ողբալի պայմաններում ազատություն սիրող ու ինքն իրեն հարգող հանրային գործիչի համար պահել իր արժանավորության զգացումը: Շուշանյանը մարդու առաջին արժանավորությունը համարում է այն, որ նա, որտեղ էլ լինի, գիտակցի, որ կարևորը իր պարտականությունը քաջությամբ կատարելն է: Շուշանյանը, մարդկանցից հիասթափված, դա տեսել է գրականության մեջ, կարողացել է ապաստան գտնել այնտեղ, նստել սեղանի առջև՝ հավիտենության հետ պայքար սկսելու համար: Հաճախ իրեն կշտացած է համարել «բառերի հացով» ու արբեցած՝ «գաղափարների գինիով»:

Այս ամենից հետո ճիշտ կլինի վերստին անդրադառնալ և ներկայացնել Շուշանյանի «Օրագրում» տեղ գտած այն մտքերը, որոնք վերաբերում են մտավորականի նրա բնութագրմանը: Հեղինակը նախ նշում է այն հատկանիշները, որոնք անպայմանորեն պետք է ունենա յուրաքանչյուր մտավորական: Դրանք են՝ ուսումն ու զարգացումը, հմտությունն ու մշակութային մյուս տարրերը, տաղանդն ու բնական ձիրքը, սակայն այս հատկանիշները բավարար չեն որևէ անհատի մտավորականի բարձր կոչում տալու համար, այլ այդ տիտղոսին արժանանալու պարտադիր նախապայման են: Իր տեսակետն արտահայտելու համար Շուշանյանը մեջբերում է ժողովրդական մի խոսք և այն համարում ճիշտ ու տեղին, որ մտավորականը «ոչ միայն պետք է խելացի լինել, այլև ուսյալ»:

Մտավորականությունը ամեն ազգի մեջ հանրային գործոն է, նույնիսկ առաքելություն, հետևաբար՝ անհատը որպեսզի մտավորական լինի, պետք է՝ օժտված լինի իմացական բարձր հատկություններով, անընդհատ գործադրած լինի ու շարունակի գործադրել այդ արժանիքները՝ հանգելու համար մշակութային ու քաղաքակրթական բարձր արժեքի:

Շուշանյանը տալիս է իր ժամանակի հայ մտավորականի մանրակրկիտ դիմանկարը, և այստեղից պարզ է դառնում նրա անհանգստությունն ու մտահոգության պատճառը: Նա կարևոր է համարում նաև մտավորականի գործունեության հավատարմությունը կյանքի ընդհանուր ըմբռնման հանդեպ առհասարակ և վերջապես նշում է ևս մեկ կարևոր պայման՝ անհատի նկարագիրը, քանի որ առանց նկարագրի հանճարեղ մարդն անգամ ոչինչ է:

Ընդհանրացնելով Շուշանյանի մտքերը՝ կարելի է եզրակացնել, որ, ըստ նրա, մտավորականի կոչման կարող է հավակնել միայն նա, ով օժտված է բարձր իմացական ունակություններով, ով անըհնդհատ, անդուլ գործադրում է իր իմացականությունն ու տաղանդը՝ մշակութային ու քաղաքական բարձր աստիճանի հանգելու համար: Այս սևեռուն գաղափարը, մտավորականի կերպարի ու դերի այսպիսի կարևորումն իսկ բավական է՝ հասկանալու համար Շուշանյանի սերն ու նվիրվածությունն իր ժողովրդի հանդեպ:

 

Անդին 9-10, 2015

Share

Կարծիքներ

կարծիք