Պոեզիա

Հեղինակ:

marin

 

***

Թեթև սահում է ձայնը հեռացող:

Պատրանք է հոսում:

Ես նորից լուռ եմ:

Ափս պարզել եմ՝ թափվում է լույսը,

և շուրջս է լուռ:

Լռության հոգում աչքերս թաց են:

Եվ ափս լուռ է…

ու ձայնը լուռ է`

և իջնող լույսը…

և լույսը լուռ է:

***

Սպասումի լույսը տարաձև է համրում կանթեղները սրտիս:

Հանդարտորեն հանգչում, թափվում են աստղերը:

Ամեն մեկում ննջող երազներ են արթուն:

Աստղերն աչքեր ունեն… ես նայում եմ նրանց:

Եվ ժպիտներ ունեն մաքուր և անանուն:

Նրանց ժպիտները երազներ են փակված:

Սպասումով փրկված քայլեր ունեն նրանք:

Եվ քայլելիս լուսաբացվող գիշերներում`

զրուցում են ինձ հետ երազներից…

 

***

Երբ թափվող աշնան

բաց լուսամուտին

ննջում է թեթև մշուշի թևը`

վերցնում եմ նորից

մոմերը վառվող

սահող արևի:

Մոմի գոլորշին ամպի երազն է,

որ ձեռքերիս մեջ ստվեր է դարձել

երկնակապույտը:

Տերև է թափում բաց լուսամուտը.

այնքան հեռու է թաց իրիկունը…

 

***

Հավաքում եմ օրը.

կվերջանա շուտով խառնությունը ցրված օրալույսի…

Հավատ է ցոլցլում պատերին երազ գտած

ուրախ թիթեռներից;

Օրավարտի վերջում արևն անհետանում,

արևը նիրհելով աչքերն է ննջեցնում

և հեռանում ինձնից, իմ աչքերից:

Ուշանում է հեռվում

ջրի արթուն օրոր,

ուշանում է գետում քնող ալիքներից:

Չի երևում այգը…

Հավաքում եմ օրը:

որ ինձ հետ է վերցնում

պաղությունը վարդագույն այգալույսի…

 

***

Փախչող մայթերին անձրև է գալիս.

լիճ է գոյացել ակնթարթի մեջ,

իսկ տերևների երամը չվել,

դատարկ են հիմա մոռացումները

Լուսինն անփակ է`

կանգնիր, ճանապարհ,

անթարթ քարացիր աղմուկների մեջ,

սառույց հնարիր հալված ճահճի մեջ,

հալված սառույցում` կծկված ծառեր….

կծկված ծառեր` տերևից թափված…

Անտերև աշուն`

լուսինը բաց է, և դեմքի վրա ձմռան զրույց է.

լուսնի հայացքից շուտով ձյուն կգա`

ձյունե ժպիտներ լուսնի աչքերում…

 

***

Օտարվել էր մոռացումը

ինձնից էլ առաջ:

Եվ արևը անտեղյակ էր

աստղերի մասին:

Անանուն էր պարզված օդը, մութը սպիտակ:

Լվացել էր օրը իրեն ու մաքրվել:

Ես կիսաբաց դռան առաջ գտել եմ նրան.

մի փոքրացած անինձ տիկնիկ

և աչքերում` ինձ…

 

***

Անշարժ դիմանկար.

մի տարածված կյանքի

պատահական հայացք,

որով որսացել է չնահանջած ձայնի

անխլացնող էջեր,

որ կամրջի նման շաղկապում է իրար

անցման կորագծեր…

որ սլաքի նման ուղղորդում է վերջը

դեպի մի հին սկիզբ…

որ կրկնության նման շփոթվում է մեկ-մեկ`

իմացածի ինքն իր կրկնությունից:

 

Անդին 9-10, 2015

Կարծիքներ

կարծիք