«Կեղտոտ սենյակ» ժողովածուից

546c878379979_medium

Ինքնակենսագրություն

 

Ես ծնվել եմ 48-ի արանքում,

տնակ ապարանքում,

ուր ստվերներ կային:

Գյուղ, ուր սևանում է ղողնոշը,

ու  խոր ձորերի մեջ ապրում քարադոդոշը,

Մայրս ինձ տվեց Վարուժան անունս,

հայրս ազգանունս՝ Վարդանյան,

հայրս ինձ խելք տվեց,

մայրս՝ խենթություն,

հայրս ինձ տվեց գեղեցիկ ատամներ,

մայրս՝ ատամնացավ:

Ու երկուսով՝ բարձր հասակս,

կարծր մարմինս:

Այդպես ապրեցի ես,

ու ապրեցի բարի,

հետաքրքիր այնպես,

ուղիղ 18 տարի,

մինչև որ հասա ձեզ:

 

* * *

Տղամարդիկ և կանայք

առավոտյան

մերթ քայլում են իրարից հեռու

միայնակ

և ձանձրույթից յուրաքանչյուրը

պատրաստ է

պառկել ճամփեզրին ու քնել

իսկ երբեմն

անցնում են հավատի ցույցերով

փաթաթված

և ամեն մեկն աշխատում է

լպստել

մյուսին ավելի շատ

որ մարդիկ հավատան դրան

առավոտյան

ես քայլում եմ միայնակ

և տխրում այդքան տարտամ

հոգնեցուցիչ ու սուտ երջանկության համար:

 

* * *

Սերն ա՛յն,

որ մերը չէ այլևս,

թաղված է

մոռացման գերեզմանոցում,

ինչպես մեռած հանճար,

ինչպես արքա,

որի ստրուկն էինք

խոնարհամիտ, տկար,

այնքան երկար մի կյանք:

Սերն այն,

որ մերը չէ այլևս,

թաղված է և չունի հուշարձան:

 

* * *

Քամին թափահարեց շորերն ինքնասպանի

և նրա հոգին խուժեց

կարմիր իրիկունը

և տան դատարկ պատերը հրդեհվեցին

և մոխիրներն

սկսեցին ծխալ

և քայլեր հնչեցին անմոռանալի

որոնք մեռան

մութ դաշտերում

երջանկության պահին

երբ ծնվում էին ուրիշ քայլեր

և նա

գնում է սպանելու

իր հոգու իրիկունը

և մոխիրներն հանգցնելու

նա քայլում էր զգուշորեն

որպեսզի ծաղիկները չտրորի:

 

* * *

Բոլոր կանանց մարմինների վրայով

ես սողում եմ դեպի քեզ, սեր իմ:

Բոլոր կանանց հայացքների վրայով դեղին

ես սողում եմ դեպի քեզ, սեր իմ:

Կյանքի հարբած փսխուքի վրայով

ես սողում եմ դեպի քեզ, սեր:

Եվ մտքերի վրայով չար ու բարի

ես սողում եմ դեպի քեզ

արդեն հազար տարի

Իմ սեր:

Ես ես սողում եմ դեպի քեզ,

Դեպ քո ոսկեգույն ափը:

 

* * *

Եթե ապրեմ քեզ համար

այնպես լինի ասենք թե

որ հենց որ դու ցանկանաս

մի օր շուկա ուղարկել

ասենք ծաղիկ գնելու

և ես գնամ անտրտունջ

և ծաղիկներ բերեմ քեզ

այսինքն քո տան համար

որ և իմը կլինի,

թե ապրենք լավ ժամանակ

և ես ապրեմ քեզ համար

գոնե մի օր, այդ հաստատ

կամ էլ գուցե քիչ երկար

եթե աստված ցանկանա

կամ էլ մենք չձանձրանանք

բայց այդ օրը, այդ հաստատ

ես մի զամբյուղ կբերեմ

ուր ծաղիկներ կլինեն

հատակի համար մեր տան

և գեղեցիկ այլ բաներ

երջանկությանն նվիրված

և մանրուքներ անհամար

որոնց չենք էլ նկատի

թե ակնոցներ դնենք մուգ

և ես ապրեմ քեզ համար

իմ գործերը մոռացած

մեծ հոգսերը գցած դեն

և չլինեն իմ գլխում

ոչ Ֆրեյդը, ոչ Նիցշեն

տրակտորներս բոլոր

և իմ քիթը փառավոր

այդ ամենը թե մոռանամ ես մի պահ

երջանկություն կգտնեմ երևի

թե չլինի էլ թքած

կհանդուրժեմ լռությամբ

և կթվա մեզ իրոք

որ հաճույք ենք ստանում

մեր ապրելու փաստից լոկ

առավելություն է մեծ

որ ամեն մեկը չունի

ջրահեղձը կամ էլ նա

որին պատին դեմ արին

պատերազմի վատ տարին

հազար ու մի անկյունում

հիմա նրանք են քնում

հազար անգամ սպանված

հավերժությանը գամված…

բայց ո՞ւմ  համար, ով աստված

փողոցային շների

թե սերերի դեռ կանաչ

կամ էլ թե ինչ իմանաս

որ ես ապրեմ քեզ համար

դժկամորեն, անհավես

և ձանձրանամ նրանից

ինչ որ նրանք են ըղձել

գնդակն արնոտ բերանին

թույլ տուր հոգյակս թրջեմ

ծաղիկները մեր կարմիր

արցունքներով անտարբեր

թույլ տուր ուտեմ հողը այն

որտեղ որ մի օր ընկան

հիմարության մեծ վկան

ժպտաց ինձ ցինիկաբար

ասաց. Էլ վերջ և կանգ առ

պետք է  ապրեմ քեզ համար

և ամեն ինչ մոռանամ

կամուրջները խորտակվող

և ուղիները երկար

արցունքոտ պաղ դեմքերով

մանկությունից սկսած

ուր քայլել եմ միայնակ

լոկ ինձ համար և հանկարծ

այնպես լինի ասենք թե

որ հենց որ դու ցանկանաս

ինձ ինչ որ տեղ ուղարկել

ասենք ծաղիկ բերելու

որոնք արդեն հող չունեն

և ես գնամ անտրտունջ

և ծաղիկներ բերեմ քեզ

այսինքն քո տան համար

որ և իմը կլինի

թե ապրենք լավ ժամանակ

և ես ապրեմ քեզ համար

և դիմանամ գեթ մի օր

հնարավոր է իրոք

թե լիովին անհնար:

 

 

* * *

Մի խելագար կատու (ողջ գիշեր, մինչև լուսաբաց)

աղերսում էր, աղերսում իր սերը

(մուրացկանները արշավում են տաքսիներով):

Գիշեր է, և խելագար կատուն

ողբում է հեծկլտում:

(բայց այս ինչ է

լալիս է իմ կինը,

լալիս եմ ես,

լալիս են բոլորը):

Իմ խելագար կատու

աղերսում է, աղերսում իր սերը:

 

* * *

Դու լավ մարդ ես, շուն,

բարի իրիկուն,

միշտ տեսնում եմ քեզ այս աղբանոցում:

(Երկաթգծերի կողքին, ծխի մեջ դու կեր ես փնտրում,

դու ճերմակ ես, չես ստացել ոչ մի ժառանգություն, և այժմ

մշուշի մեջ

դու նայում ես ինձ…):

Մի քիչ խեղճոտ ես, ինձ նման մի քիչ,

դու լավ մարդ ես, շուն,

բարի  իրիկուն:

 

 

* * *

Մի հերարձակ աղջիկ,

նստած անցյալ դարում,

կտավին նկարված

լճակին է նայում,

կողքի սենյակում

նվագում են Շոպեն…

Թավշյա խալաթի տակ

սքանչելի ոտքեր,

երեկվա խմելուց

տապալված եմ լրիվ,

գլուխս է ցավում

ու կրքերս են ցրիվ:

Աղջիկը մազերից

ոջիլներ է հանում,

այնքան գեղեցիկ է,

ափսոս քունս է տանում…

Մի հերարձակ աղջիկ,

նստած լճակի մոտ,

ինձ նայում է, ժպտում

հայացքով անամոթ…

 

* * *

Մենք ապրեցինք մեկտեղ

մի ողջ հավերժություն,

սիրելիս, ես գիտեմ, դու չես սիրում

կարդալ բանաստեղծություններ,

սակայն եկել է բաժանման և

հրաժեշտի պահը,

և մենք պատրաստվում ենք

մի հսկայական տարածություն

ներկել ճերմակ գույնով:

Այնպես հոգնած եմ ես,

և դու նման ես կարդացած գրքի,

իսկ մեր սերը ապրում է որպես պատմություն,

մեզ շղթայելով իրեն

մահապարտների նման:

 

 

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Կարծիքներ

կարծիք