«Իմ սիրտը լեռներում է» ժողովածուից

Հեղինակ:

Robert_Burns_1

Տողեր պատերազմի ու սիրո մասին

 

Պատերազմներն այն ավազակային

Ծովային լինեն, թե ցամաքային,

Չարժեն, որ գովվեն, ներբողվեն այդպես…

Ես պատրաստ եմ տալ արյունս վարար

Մարտում այն ազնիվ, մարտում կենարար,

Որի անունը Սեր է պարզապես:

 

Խաղաղությունն եմ գովերգում ես արդ,

Ներբող եմ հյուսում ես սիրո մասին,

Ավելի լավ է արարել մի մարդ,

Քան պատերազմում սպանել տասին…

 

 

Մի հոգևոր անձի դիմանկարի առաջ

 

Այս հայացքը կեղծ չէ բնավ,

Ո՛չ, չեն ստում այս աչքերը,

Ճշմարիտ են ասում նրանք՝

Սրիկա է իրենց տերը:

 

Ֆինդլեյը

 

-Այս ո՞վ է ծեծում մեր դուռն այսքան ուշ…

«Իհարկե, այդ ե՛ս եմ, Ֆինդլեյը»:

-Տուն գնա, մերոնք քնել են մուշ-մուշ…

«Ո՛չ բոլորն»,- ասում է Ֆինդլեյը:

 

-Այդ ինչպե՞ս ինձ մոտ սիրտ արիր դու գալ:

«Սի՛րտ արի», — ասում է Ֆինդլեյը:

-Կարող ես, ասա, գործ ու մործ բանալ:

«Կարո՛ղ եմ», — ասում է Ֆինդլեյը:

 

-Եթե ես քո դեմ դուռը բաց անեմ…

«Բա՛ց արա», — ասում է Ֆինդլեյը:

-Չես թողնի, որ ես մինչև լույս քնեմ:

«Չե՛մ թողնի», — ասում է Ֆինդլեյը:

 

-Եթե փորձ անեմ ու ներս թողնեմ քեզ…

«Նե՛րս թող ինձ»,- ասում է Ֆինդլեյը:

-Դու ողջ գիշերը ինձ հյո՞ւր կլինես…

«Ո՜ղջ գիշերն»,- ասում է Ֆինդլեյը:

 

-Ու թե մի գիշեր անց կացնեմ քեզ հետ…

«Ա՛նց կացրու», — ասում է Ֆինդլեյը:

-Նորից կգտնե՞ս ճամփան այնուհետ…

«Կգտնե՛մ»,- ասում է Ֆինդլեյը:

 

-Այն մասին, որ ես կլինեմ քեզ հետ…

«Կլինե՛ս»,- ասում է Ֆինդլեյը:

-Դու պիտի լռես, լռես առհավետ:

«Թխի՛ գա»,- ասում է Ֆինդլեյը:

 

 

 

***

Երեկոյան դաշտում շրջել,

Արտն է մտել վարսակի

Ու թրջել է, շատ է թրջել

Ջենին շորերն իր հագի:

 

Սրթսրթում է աղջիկն այնպես

Ու ատամներն է զարկում,

Ա՜խ, թրջել է գուլպա ու փեշ

Իրիկվա թաց վարսակում:

 

Բայց եթե մեկն ինչ-որ մեկին

Վարսակի արտն է կանչել

Ու գրկել է մեկն այդ մեկին,

Ի՞նչ կարող ես պահանջել:

 

Ու ի՞նչ հոգսն է մեր ամենքի,

Թե ինչ-որ մեկը թաքուն

Համբուրել է ինչ-որ մեկին

Իրիկվա թաց վարսակում:

 

***

Գարեջուր է Վիլլին եփել

Ու երկուսիս կանչել քեֆի,

Այս աշխարհի երջանկագույն

Ջահելներն ենք մենք երևի…

 

Չէ, հարբած չենք, չէ հարբած չենք,

Միայն այնպես՝ ծիրան-ծիրան,

Թող օրը գա, հավքը երգի,

Լի գավաթով փառք տանք նրան:

 

Երեք հոգով խմում ենք հաշտ,

Երեք հոգով՝ մի տակառիկ,

Նման քեֆեր շատ ենք արել

Եվ մոռացել հոգս ու կարիք:

 

Վար է նայում լուսինը ծեր,

Վար է նայում, որ ի՞նչ ասի…

Աչքով անում, կանչում է տուն,

Չէ մի, քիչ էլ թող սպասի…

 

Վերջինն է նա, ով ցանկանա

Լքել այս քեֆն ուրախալից,

Առաջինն էլ նա է, տղերք,

Ով վերջինը ընկնի հալից…

 

 

Աղջնակ Մեգին

 

Մեգին առվի ափն է գնում,

Իր հետ առած կաժը վուշի,

Մենակ է նա ուզում գնալ

Ու չի կանչել մեկ ուրիշի:

Բայց արի տես, որ այս տղան

Հետքից ընկել, ետ չի դառնում,

Խոսում է նա, լուռ է Մեգին,

Իլիկով է լոկ սպառնում:

 

Նրանք մեկտեղ դաշտը անցան

Ու կանգ առան առվի մոտ զով,

Մեգին վուշ է մանում հանգիստ,

Պատսպարված իր իլիկով:

Տղան ասաց.- Պատրաստ եմ քեզ

Կինս կոչել այսուհետև…

Մեգին իլիկն իր դեն նետեց,

Ջուրը տարավ վուշը թեթև…

 

-Իմ տնակը փոքր է թեկուզ,

Բայց բախտն այնտեղ մեզ չի լքի,

Երեկոյան մենք կնստենք

Բզզոցի տակ քո իլիկի:

Թե կռվում ես՝ ծեծ մի ուտիր,

Թե խմած ես՝ զսպիր դու քեզ,

Թե համբուրել ես աղջկան,

Չէ՛, չպիտի նրան լքես…

 

 

 

Գարու արտում

 

Հուլիսյան մեծ մի լուսնկա

Բռնեց ուղին իր երկնային,

Ես նրա հետ ճամփա ընկա,

Հանդիպեցի իմ Աննային:

Ուշ չէր այնքան, բայց շուտ էլ չէր,

Ճրագները չէին թարթում…

Եվ նա ուզեց ինձ հետ շրջել,

Զրույց անել գարու արտում:

 

Գարու ա՜րտը… Փարթամ էր նա,

Բարեբեր էր, լավն էր տարին:

Ու ես երբեք չեմ մոռանա

Արտն ու գիշերն ամառային:

 

Ննջում էին հովերը տաք,

Ու մենք էինք միայն արթուն,

Լուսնկայի շողերի տակ

Շրջում էինք գարու արտում:

 

Ես գիտեի, որ իմն է նա,

Որ քնքուշ է սերն իր սիրտում…

Ու ես պահն այն չեմ մոռանա,

Երբ գրկեցի նրան արտում:

 

Գգվում էինք մենք քնքշաբար,

Սրտերը մեր դողով զարկում,

Արձագանքում էին իրար

Գիշերային գարու արտում:

Ու երդվում եմ ես երկնքով,

Տիեզերքով եմ ես երդվում

Որ այդ գիշեր նա շա՜տ էր գոհ,

Շա՜տ էր ուրախ գարու արտում:

 

Սիրում եմ ես քեֆ ու սեղան,

Սիրում ես ես նստել քեֆի,

Թե ափիս մեջ դրամ տեղան,

Դեմ չեմ լինի ես երևի:

Բայց բարիքներն այդ երկրային

(Կասեմ ես ձեզ որպես երդում)

Չարժեն բնավ այն մե՛կ բանին,

Ինչ մենք գտանք գարու արտում:

 

 

Նուրբ ակնարկ

 

-Երբ գիշերը ցուրտ է լինում,

Եվ աչքերս են շաղվում մութից,

Ինձ թույլ կտա՞ս, որ գամ ձեր տուն

Ու ներս մտնեմ լուսամուտից:

Համաձա՞յն ես, ինձ կփրկե՞ս

Ցրտից, քամուց այս դժնդակ,

Տաք ձեռքերով ինձ կգրկե՞ս

Ու տեղ կտա՞ս վերմակիդ տակ:

 

-Երբ գիշերը ցուրտ է լինում,

Իսկ դու դողում ես ուղղակի

Ու տաքություն ես որոնում

Պատերի տակ իմ սենյակի,

Խորհուրդ կտամ, թե ուզես գալ

Ու իմ ծոցը մտնել շուտով,

Եկեղեցու դռնով արի

Եվ ո՛չ մեր տան լուսամուտով:

 

 

Ոսկեծամ Աննան

 

Երեկ խմեցի փառավորապես,

Տերն այդպիսի բախտ ձեզ էլ կամի…

Ու գիշերն ամբողջ մենակ եղա ես

Իմ Աննայի հետ, իմ ոսկեծամի:

Քաղցածի համար անապատի մեջ

Մանանան անգամ չունի այն համը,

Ինչ համբույրներն այն, որ ինձ պարգևեց

Իմ չքնաղ Աննան, իմ ոսկեծամը:

 

Նվաճիր, արքա՛, հարավ, արևելք,

Հնդու աշխարհից մինչև սավաննան,

Ես բաց չեմ թողնի իմ ձեռքից երբեք

Այն մարմինը տաք, որ ունի Աննան:

Իմ ինչի՞ն է պետք ձեր բարձրատոհմիկ

Գեղուհիների փայլն ու պերճանքը,

Երբ որ ինձ գրկում, շոյում է մեղմիկ

Ոսկեծամ Աննան՝ իմ ներշնչանքը:

 

Թող որ չծագի արևը ոսկի,

Թող կորչի անգամ ինքը՝ Դիանան,

Թող չշողշողան աստղերը իսկի,

Երբ որ ինձ հետ է ոսկեծամ Աննան:

Գիշերվա խավար, ծածկիր իմ աչքից

Մոլորակների ցոլցլանքը սին

Եվ հրեշատկի մի փետուր տուր ինձ,

Որ երգով պատմեմ Աննայի մասին:

 

 

Հետգրություն*

Թող եկեղեցու ու դատաստանի

Ահեղ պատիժով ինձ միշտ սպառնան,

Ես կասեմ՝ թող ձեզ գրողը տանի,

Երբ որ ինձ հետ է ոսկեծամ Աննան:

Թե նա չլինի, ապա երևի

Լույսը որտեղի՞ց պիտի ստանամ,

Եթե ինձ երբեք ցանկություն տրվի,

Ապա առաջինն հենց ինքն է՝ Աննան:

 

*Հետգրությունը գրված է այն բանից հետո, երբ ժողովածուներից մեկի հրատարակիչը հերոսուհու «ազատ վարքի» պատճառով հրաժարվեց բանաստեղծությունը տպագրել:

 

 

 

***

Ծաղկում էր զվարթ հովիտն այն փարթամ,

Անտառը լի էր շաղով ու շողով,

Տերևներն այնպես նուրբ էին ու թարմ,

Լվացված էին անձրևի ցողով:

 

Այն հրաշք ամառն ո՞ւր կորավ, ասե՛ք,

Լուռ է ու մռայլ խորքը անտառի,

Գարունը կգա, մի քիչ սպասեք,

Եվ կշառաչեն ծառերը վայրի:

 

Բայց ոչ գարունը, ոչ ամառը տաք

Չեն կարող երբեք թափ տալ ինձանից

Բեռը տարիքի, մազերն սպիտակ

Եվ հոգնությունն իմ այս տրտմաթախիծ:

 

Ծերության շեմին օրը շատ է կարճ,

Անքուն գիշերն է անվերջ երկարում…

Գիտեմ, ա՜խ, գիտեմ, որ երկու անգամ

Գարուն չի գալիս միևնույն տարում:

 

Թարգմանությունը՝ Վահագն Դավթյանի

Share

Կարծիքներ

կարծիք