Տխուր էի… բայց նաև ուրախ

Հեղինակ:

lus. Marut Vanyani
Էվիի հետ ծանոթացա երկրորդ կուրսի երկրորդ կիսամյակի մեկնարկին, երբ ես՝ բանակային կյանքից հետո անգամ ամոթխածությունը չհաղթահարած մի տղա, գլուխս կախ, խանութից նոր գնած տետրերը թևատակիս, միջանցքում ծխող ուսանողին հարցրի.

-Կներեք, սա ռուսաց լեզվի և գրականության երկրո՞րդ կուրսն է:

-Հա, հա,- երկու անգամ գլխով արեց ու նետեց քնթուկը,- իսկ ի՞նչ է պետք, ես ռուսաց լեզվի երկրորդից եմ:

-Էդո,- ձեռքս մեկնեցի:

-Կարո:

Կարոն տեղավորվեց  վերջին նստարանին, ես էլ մոտը: Կարոն կուրսի միակ արական սեռի ներկայացուցիչն էր, ահա ևս մեկը, դե կներեք, Բրեդ Փիթ չեմ:

Ահա մեր երիտասարդ դասախոսը՝ Նաիրա Էռնեստովնան: Թեկուզ մինչև բանակ գնալս ինձ չի դասավանդել, սակայն ճանաչում էր:

-Օ՜, Էդուարդ…,- վեր կացավ ու սկսեց փնտրել վերջին շարքում: Կարճատեսություն ուներ:

-Էդվարդ, Նաիրա Էռնեստովնա,- ուղղեցի ես:

-Կներեք, Էդվարդ: Ո՞նց էր ծառայությունը:

-Նորմալ… լա՛վ… Նաիրա Էռնեստովնա:

Նաիրա Էռնեստովնան սկսեց քաղցր-մաղցր կարդալ Ցվետաևայի խռովարար հոգու մասին դասախոսությունը: Նման էր վարժ խոսող, բայց հակաճառություններ ընդունելու պատրաստ գերազանցիկի:

Դասախոսության մեջտեղից մտքիս թելը կտրվում էր. պատճառը երևի Էռնեստովնայի դեղին անձրևի պես թափվող մազերն էին, ձայներանգն ու փխրուն կազմվածքը: Հաստատ կլիներ երեսունհինգ, լավ էր պահպանվել:

-Գիտեք, այս տողերը հայտնի ֆիլմից են,- ժպտաց լսարանին:

 

Ինձ դուր է գալիս, որ իմ գոյությամբ չեք հիվանդացել,

Ինձ դուր է գալիս, որ ձեր գոյությամբ հիվանդ չեմ ես էլ,

Որ երկրագունդը մեզ հետ դարձել է ծանր բախտակից

Հողը չի փախչի մեր ոտքի տակից:

 

Որոնք հուշում են, որ Ցվետաևան հրաժարվում է սիրային հարաբերություններից առանց շարժառիթի: Հարաբերություններ, որոնք, հնարավոր է, գոյություն էլ չեն ունեցել:  Անցնենք առաջ:

 

Մեր մեջ արթնացող տոթից չշիկնել,

Երբ մեր թևքերը հպվում են իրար:

 

Իսկ այստեղ տեսնում ենք, որ հերոսուհին գիտակցաբար է հեգնում հարաբերությունները,- կկոցեց կոպերը Էռնեստովնան:

Հնչեց տզտզան զանգը, ու նա միայն հասցրեց ասել՝ «Բանաստեղծության երրորդ մասում կրքերը շիկանում են, հերոսուհին հակառակվում է: Այստեղ Ցվետաևան կիրառում է անժամբեման. «Ինձ դուր է գալիս նաև, որ հանգիստ նստեք իմ կողքին, Բայց ուրիշին եք քնքշությամբ փարվում…»:

-Իսկ դու գիտե՞ս ինչ է անժամբեմանը,- հարցրեց Կարոն ու ձեռքով թեթևակի թխկացրեց նստարանին:

-Միայն դա գիտեմ. երբ միտքը մի տողով չի ավարտվում ու տեղափոխվում է հաջորդ տող… էֆեկտ է…

-Հզոր դասատու է Էռնեստովնան… Անժամբեմա՜ննն,- ծուղրուղու կանչեց ու գնաց ծխելու:

Աղջիկները ուզում էին դուրս նետվել, սակայն հիշեցին նորեկի մասին: Որոշել էին ծանոթության ծեսը պատվով կատարել: Մոտ տասնհինգ աղջիկ խմբվել էին դռան առաջ ու չէին համարձակվում մոտենալ: Մեջներից ամենախիզախը Էվին էր: Ինձնից կրունկներով տասը սանտիմետր էր բոյով, առանց՝ հինգ:

-Բարև Ձեզ, ես Էվին եմ:

-Իսկ ես՝ Էդոն,- ծիծաղին ժպիտով պատասխանեցի:

-Ես Սոնան եմ,- ժպտաց հաջորդ աղջիկը:

-Շատ ուրախ եմ:

Մնացածին գլխով արի ու չհիշեցի, թե որ անուն ում է պատկանում:

***

Հարմարվում էի նոր ռեժիմին, տետրերիս էջերում նոր պարբերություններ էին հայտնվում:

Գերմաներենի դժոխային դասերին դեմքս թթվում էր մինչև զանգը: Էվին առաջարկեց հետս պարապել. այն աղջիկը, որ կրունկներով ինձնից տասը սանտիմետր է բարձր, առանց՝ հինգ: Դասերից հետո կուչ էի գալիս մոտն ու առաջին դասարանցու նման հետևից կրկնում: Կա՛մ դեկոլտեն էր խանգարում գերմաներենին, կա՛մ հակառակը…

Այդպես ամեն օր առանձնանում էինք, կողպվում… Ես ու Էվի անունով մի աղջիկ…

Մի օր պատահական մի տիպ հարցրեց:

-Էվին ձեր կուրսի՞ց է:

-Այո:

-Դե իմ դուրը գալիս է… ուզողներ ունի՞:

-Եսիմ, չունի:

Տիպը թափառում էր միջանցքում, իսկ ես Էվիի հետ գերմաներեն էի պարապում:

Մի օր Էվին նախքան հերթական գերմաներենը շոշափեց երկնային սիրո մասին նրբոտ թեման:

-Հավատում եմ, բայց կան բաներ, որ կասկածում եմ,- փիլիսոփայեցի ես:

-Հենց դա է թերությունը, երկնայինը չի կարելի չափել ուղեղով,- գրեթե լսելի երերացին շրթունքները: (Նկատեցի, որ վերին շուրթի վրա բարակ ու դեղնավուն աղվամազիկներ կան):

-Բայց մենք ինչպե՞ս պիտի դա հայտնաբերենք, պարզապես ասենք՝ կա ու վե՞րջ: Չկասկածե՞նք, չփնտրե՞նք:

Էվին թուքը կուլ տվեց ու վերից վար կարճ սահանք կատարեց դեմքովս:

-Հասկացիր, դա հրաշք է…

-Իհարկե, ապրելու հեշտ ձև է, կասեի ուղեցույց…

-Հենց ու հենց…

-Սակայն… օրինակ՝ այդ ուղեցույցում չկան բոլոր ուղիները …

Հաջորդ գերմաներենին զգացվում էր, որ Էվին ինչ-որ առաջարկ ունի պատրաստած: Ինձ էր նայում ու հետաձգում ասելիքը:

-Կգա՞ս հետս եկեղեցի, էնտեղ լավ է:

Հասակի բարձրացման համալիր վարժություններից հետո (այդ օրը ներքևի հարկի տիկինը դժգոհեց մորս), ժամը ինն անց կեսից ոտս կախ էի գցել Էվիի ասած վայրում: «Օհո՜, նման է ժամադրության,- մտածեցի,- կյանքիս առաջին ժամադրությունն է, այն էլ աղջիկ է հրավիրել… այն էլ միանգամից երկու հոգու հետ»: Քմծիծաղեցի:

-Բարև…,- շունչ քաշեցին միասին,- հո չե՞նք ուշացել, վախեցանք, թե կգնաս…

-Նորմալ է ամեն ինչ… Ո՞նց եք,- ասացի ինքս ինձնից գոհ, որ լեզուս բնավ էլ չի պապանձվում:

-Ընկերուհիս է…

-Շատ հաճելի է,- չափեցի ընկերուհուն, քիթուբերանը նման էր բադիկի, նրա կողքին Էվին ֆրանսիական կինոաստղ էր:

***

Եկեղեցի կոչվածը նման էր վերանորոգված հսկա ավտոտնակի, որտեղ շարականների փոխարեն ռոք-ն-ռոլլ են երգում:

-Հը, ո՞նց էր,- պատարագից հետո հարցրեց Էվին:

-Եսիմ, լավ էր…

Չգիտես որտեղից մոտ եկավ թրաշակալած, բայց երեխայական դեմքով մեկը:

-Ծանոթացիր, Անդրեյ եղբայրն է,- ներկայացրեց Էվին:

Անդրեյ եղբայրը ձեռքս ցավեցրեց ու ժպիտը լայնացրեց, ասես բանակային ընկերս լիներ: Հետաքրքրվեց, թե երբ եմ գալու, ես էլ ամոթխած նայեցի Էվիին:

-Գալու է, Անդրեյ եղբայր, Էդոն լավ տղա է,- փրկեց Էվին: Անդրեյ եղբայրը ժպիտն ավելի լայնացրեց ու մնացած եղբայր-քույրերի հետ դուրս եկավ եկեղեցուց:

Հաջորդ դասերին Էվին կատակում էր, քթի տակ ծիծաղում, ուրախանում… դե, շատ էլ ջանք չէի թափում:

Զգում էի, որ ժամանակն է շարունակելու… բայց ուշացնում էի… Հիմա էլ եկեղեցուց ու գերմաներենից բացի զանգում էինք իրար ու խոսում ֆիլմերի, գրականության, ֆուտբոլի, հեռուստատեսության, երաժշտության, դասախոսների, դերասանների, երգիչների, սերիալների, գրքերի, հոգու կարևորության, ամուսնական կյանքի ու Շոպենհաուերի ձանձրույթի մասին:

-Ամուսնական կյանքը պարտավորությունների ու կախյալության կրկնապատկում է,- մեջբերում էի Արթուրին: Նա էլ թե՝ ներդաշնակություն է, երկնայինի կամքի միություն…

Երկրորդ կիսամյակը մոտենում էր ավարտին, ես Էվիին էի նայում, ու հայացքս սառչում էր պրենիտի պես մոխրականաչ աչքերում: Փարթամ մազերը թափվել էր պիրկ, լիքը կրծքին: Երբ ոտքի ելավ, հայացքով ընդգրկեցի նրա եղեգնյա բարեկազմ հասակը: «Ի՜նչ լավն է… ամուսնանայինք ու գնայինք էստեղից….»:

****

Արձակուրդ էր, Էվիին տեսնել էի ուզում: Կիրակի առավոտյան շարժվեցի դեպի ավտոտնակ-եկեղեցի: Պատարագը սկսված էր, տեղավորվեցի վերջին շարքում: Կողքի շարքում Էվին էր, երգում էր «ալելուիա»՝ մի տիպի ձեռքից բռնած: Լավ է մոտս մարդ նստեց:

Պատարագից հետո ծանոթացա տիպի հետ, անունը չեմ հիշում, միայն հիշում եմ, որ հաստ հոնքեր ուներ, ասես աչքավերևներում խոզանակով վաքս էին խազել:

Տխուր էի… բայց նաև ուրախ… Վերջապես թողեցի հասակի բարձրացման համալիր վարժություններն ու ամիսներ շարունակ նիկոտին չտեսած թոքերս մի կարգին տաքացրի, թքած վիտամին A-ի վրա: Ուրախ էի… բայց նաև տխուր…

 

Անդին 9-10, 2015

Share

Կարծիքներ

կարծիք