Համայնապատկեր

lorca

  1. Համայնապատկեր

 

Ձիթենիների դաշտը

բացվում և փակվում է

հովհարի նման:

 

Ձիթենու դաշտի վրա

կա ամայի մի երկինք.

սառը լույսերի

մի մութ անձրև:

 

Եղեգը դողում է և

կիսաստվեր գցում

գետի ալիքի վրա:

 

Ոլորվում է մոխրագույն օդը:

Ձիթենիները

բեռնված են աղաղակներով:

 

Գերեվարված թռչունների

մի երամ, որ ստվերի մեջ

շարժում են իրենց

երկարածիր պոչերը:

 

2……

Լսիր, որդիս, լռությունը:

Սա ոլորուն լռություն է,

մի լռություն,

որում գլորվում են

հովիտներ և շշուկներ,

որոնք խոնարհում են

իրենց ճակատները

երկնքի առաջ:

 

3……

 

Անցնելուց հետո

 

Մանչուկները նայում են

մի հեռավոր կետի:

 

Մոմերը հանգչում են:

Մի քանի կույր աղջիկ

հարցնում են լուսնին,

օդի մեջ այրվում են

լույսի պարույրներ:

 

Լեռները նայում են

մի հեռավոր կետի:

 

4……

 

Լաբիրինթները,

որ ստեղծում է ժամանակը,

չքանում են:

 

(Անապատն  է մնում միայն):

 

Սիրտը՝

ցանկության ակունք.

հանգչում է:

 

(Անապատն  է մնում միայն):

 

Այգաբացի պատրանքը

և համբույրները

ցնդում են:

 

(Անապատն է մնում միայն):

 

Մնում է միայն անապատը:

Մի ոլորուն անապատ:

 

  1. ……

 

Ինձ նայեցի քո աչքերում՝

մտածելով հոգուդ մասին:

 

Սպիտակ դափնեվարդ:

 

Ինձ նայեցի քո աչքերում՝

մտածելով հոգուդ մասին:

 

Կարմիր դափնեվարդ:

 

Ինձ նայեցի քո աչքերում՝

բայց դու մեռած էիր:

 

Սև  դափնեվարդ:

 

6……

 

Գիշերը՝ անվրդով:

Օրը գալիս է և գնում:

 

Գիշերը՝ մեռած ու բարձր:

Օրը՝ մեկ թևով:

 

Գիշերը՝ հայելիների վրա,

իսկ օրը՝ քամու տակ:

 

  1. ……

 

Լուսինը եկավ հնոցի մոտ

իր աչք ծակող փայլուն լույսով,

մանչուկը նայում է նրան, նայում,

մանչուկը շարունակ նրան է նայում:

Լուսինը ցնցված օդի մեջ

թափահարում է թևերը՝ ի ցույց դնելով

կոպիտ անագե իր ստինքները՝

վավաշոտ, բայց և անմեղ:

Հեռացիր, լուսին, լուսին,

եթե գնչուները գային,

քո սրտից սպիտակ մանյակներ

և մատանիներ կսարքեին:

Մանչուկ, թույլ տուր պարել,

երբ գնչուները գան,

քեզ կգտնեն աչքերդ փակ,

դարբնի սալաքարին:

Հեռացիր, լուսին, լուսին,

արդեն զգում եմ մոտեցող ձիերին:

Մանչուկ, չմոտենաս ինձ,

չտրորես ճերմակությունս անբիծ:

Հարթավայրի թմբուկը զարկելով.

մոտենում է ձիավորը,

հնոցի ներսում մանչուկն է՝

աչքերը փակ են:

Ձիթենիների կողմից են գալիս

բրոնզը, երազը և գնչուները,

գլուխները վեր են պարզած,

իսկ աչքերը կիսաբաց են:

Ինպե՜ս է երգում տառեղը,

ա՜խ, ինչպես է երգում ծառի վրա,

լուսինը գնում է երկնքով՝

մանչուկի ձեռքից բռնած:

Հնոցի ներսում լալիս են գնչուները՝

բարձր ճիչեր արձակելով,

քամին հսկում է այդ լացը, հսկում է,

քամին շարունակ հսկում է այն:

 

9.

 

Անհավատարիմ տիկինը

 

Եվ ես, որ նրան տարա դեպի գետը,

կարծելով, թե անմեղ կույս էր,

սակայն ամուսին ուներ:

Սանտյագոյի տոնական գիշերն էր.

և կարծես միտումնավոր

հանգչեցին փարոսները,

և վառվեցին ծղրիդները:

վերջին անկյուններում

դիպա նրա քնած կրծքերին.

հանկարծ իմ առջև բացվեցին,

ինչպես հասմիկների փնջեր:

Նրա ներքնազգեստի օսլան

խշխշում էր ականջիս մեջ,

ինչպես մետաքսե կտորը՝

տասը դանակով ճղճղված:

Ծառերն աճել են

առանց արծաթե լույսի իրենց ճյուղերին.

շների մի հսկա հորիզոն,

որ գետի հեռվում հաչում է:

Անցնելով մորիների, եղեգների

և ալոճենիների վրայով.

նրա առատ վարսերի տակ

հսկա մի փոս փորեցի:

Ես հանեցի փողկապս,

իսկ նա՝ իր զգեստը,

ես՝ գոտիս ատրճանակով,

նա՝ իր չորս թելով կորսետը:

Ոչ նարդոսները, ոչ խխունջները

չունեն այդպիսի նուրբ մաշկ,

ոչ էլ լուսնի հախճապակին

շողացող նման փայլ:

Նրա ազդրերը փախչում էին ինձնից,

ինչպես զարմացած ձկներ,

կիսով չափ լցված կրակով,

կիսով չափ՝ սառնությամբ:

Այն գիշեր վազելով անցա

ճամփաներից լավագույնը.

հեծած սադափե զամբիկս

առանց թամբերի, ասպանդակների:

Որպես տղամարդ չեմ ուզում ասել

այն ամենը, ինչ նա ինձ ասաց,

ըմբռնումի լույսը ստիպում է

նրբանկատ լինել խիստ:

Կեղտոտված՝ համբույրներից, ավազից,

ես նրան տարա դեպի գետը.

քամու հետ բախվում էին

շուշանների դաշույնները:

Ինձ պահեցի այնպես, ինչպես կամ,

ինչպես օրինապաշտ գնչու.

նվիրելով նրան կարուձևի համար ծղոտե մեծ աման.

չցանկացա սիրահարվել նրան

որովհետև,

ունենալով ամուսին,

ինձ ասաց, թե անմեղ կույս էր,

երբ նրան տանում էի դեպի գետը:

 

Իսպաներենից թարգմանեց Ռուզաննա Պետրոսյանը

 

Անդին 9-10, 2015

Share

Կարծիքներ

կարծիք