Բանաստեղծություններ

…Ու մի պահ է գալիս

երբ դու վախենում ես

կորցնելուց էլի

ու թեքում ես ճամփան

քեզնից ասես թաքուն

հազվադեպից դեպի

ընդունելին…

 

Իմ երազների բարդության մեջ

Չծնվածների անդորրության,

Ու մեռածների գերության մեջ,

Շղթայվածների անզորության

Ու մանուկների բարության մեջ:

 

Չթաղվածների անտերության

Այս բոլորի մեջ ու՝ բոլորի,

Ինչպես խեղճ մարդը չմոլորվի…

 

Ափսո՜ս էլ երբեք ուժս չի ների

Անսանձ պատանու պոռթկուն հույզերով

Ընդառաջ ելնել նոր քամիներին

նավեր խորտակող կամ անձրև բերող

 

Անքնություն

 

Անքնության դանդաղ անիվների վրա

Անքնության անհարթ անիվների վրա

Ես ճամփա եմ ընկնում Աստծո ամեն գիշեր:

Երբ ճամփա եմ ընկնում Աստծո ամեն գիշեր՝

Երուսաղեմ ձգտող ուխտավորի նման

Լոկ հավատով գիտեմ, որ կհասնեմ վերջին…

Անիվները՝ դանդաղ,

Անիվները՝ անհարթ,

Ճանապարհը՝ անհայտ,

Հավերժորեն երկար…

Անիվների վրա՝ աններդաշնակ զանգեր.

Զնգոցները նրանց աճում, աճո՛ւմ, աճո՜ւմ

Ու դառնում են արդեն անպարագիծ տանջանք,

Որից, անկեղծ ասած, էլ գլուխ չեմ հանում

Ու երբ այդ տանջանքից էլ գլուխ չեմ հանում՝

Անքնության դանդաղ անիվների վրա,

Անքնության անհարթ անիվների վրա

Անհայտ ճանապարհի չնչին մասը չանցած՝

Ես թեքում եմ ճամփես դեպի կառափնարան…

 

Չիմացանք էլ թե երբ

Ամեն ինչին երկար սպասելուց հոգնած՝

Մեր աչքերը դարձան խորխորատներ

Ու մուրացիկ շեշտով

Նրանց խորքում հիմա

Ինչպես խարխուլ մենախցում

Թափառում է մի հին, մի հին նվագ:

Ինքնավստահության էլիքսիրից զրկված

Մեր խեղճ շրթունքները

Անվերջ զղջանքների աղոթքներից

Դարձան որդը կերած ծառի տերև.

Նրանց ժպիտները՝ անօգնական,

Նրանց շշուկները՝ անշառավիղ:

Ճակատներին մեր լերկ,

Որպես տապանագիր,

Չվերծանվող տողեր դրոշմվեցին,

Մեր մազերի վրա ձյուներ իջան…

Եվ մեր մարմինները սնամեջ ու բեկվող

Ծանծաղուտում բուսած եղեգների նման,

Արևոտ ու խաղաղ երկինքների հույսով՝

Ծնվում են նույն տեղում

Եվ նույն տեղում մեռնում:

 

 

Մեր արևը՝ մի բազմանիստ հալածո տուֆ,

Մեր երկինքը՝ հոգու կապույտ տոնահանդես,

Մեր ամպերը՝ քերովբեներ այդ կապույտում,

Մեր լեռները՝ առաքյալներ կապտահանդերձ,

Մեր դաշտերը՝ եդեմական պտղատեղի,

Մեր լճերը՝ հայելիներ արարչատես,

Մեր գետերը ոչ մի խրճիթ չեն հեղեղի,

Մեր սրտերը բաց են Աստծո դռների պես:

 

Ձմեռ

 

Ճերմակ դաշտում դրված

Ճերմակ ռոյալ

Ստեղներին իջնող թելերն աստեղային

Առանց ջանք ու ճիգի

Բորբոքում են մարմանդ

Անսահմանի մասին

Մի անբասիր նվագ:

Մեր մրսած ու վհատ մարմինների սիրուն՝

Մեր մրսած ու վհատ

Մարմինները լքում

Ու այդ աներևույթ

Թելերն ի վար ու վեր

Թիթեռների նման,

Իբրև աստղափոշու առկայծումներ՝

Թռչկոտում են, խայտում

Մեր խեղճ,

Մեր խաբված հոգիները…

 

 

 

Զոլաքար

 

Երեկոն՝ ձեռքը ուսիս,

Ինձ կամաց բերում է գյուղ:

Տները՝ կուզի՜կ, կուզի՛կ,

Ծառերը՝ փափու՜կ-փափուկ…

Ի՜նչ լավ է, քամին հիմա

Չի խառնում ճամփի փոշին.

Քայլերս՝ հուշի՜կ-հուշի՜կ,

Երկինքը՝ կաթնակապույտ,

Աստղերը՝ իրար նման…

Ծուռումուռ ցանկապատի

Ձվի պես մեկիկ-մեկիկ,

Քարերը՝ ձեռքի պես տաք,

Լուսինը՝ կաթի աման…

Իսկ առվի ջրերի մեջ

Բահերը՝ քիթը քթի…

Ա՜խ, հողը այսքան ծարավ.-

Էլ առվի ջրերը հեչ…

Սարերը չեն երևում.

Սպասեմ առավոտին…

 

Լուսաբաց

 

Ահա լույսը՝ Ձայնի սարահարթին.

Եվ լռության ձորից, շշուկների տեսքով,

Տկարաթև, գունատ ու գետնաքարշ,

Ճամփա ընկավ Հույսը դեպի նվիրական

Մեծ Հավատի լեռը՝ երկնամերձ ու կապույտ:

Համբերության մամռոտ քարանձավից

Ելավ միանգամից մաքառումի քամին՝

Արթնացնելու Հույսի աչքը միակ.

Այնուհետև քամին այդ կենտ աչքի բիբից

Թելեր ձգեց – տարավ մինչև լեռնագագաթ

Ու այնտեղից բերեց հազարավոր փայլեր,-

Բիբից լեռնագագաթ, լեռնագագաթից բիբ

Վարպետորեն պրկեց մի ձայնային ոստայն,

Որի վրա հանգիստ կարելի է քայլել…

 

Ես փորձեցի գրել

գարնան մասին

աշնան

և ամռան

և ձմռան մասին

 

«Կանաչ աղմուկով ահա

Տոնում են ծնունդը ջրի…»-

Այսպես սկսեցի գրել գարնան մասին

Մոռանալով, որ թռչունները երգել գիտեն

Եվ որ գարնան մասին

նրանց սովորական երգը

Իսկական բանաստեղծություն է.

Ու դուրս եկա նայելու գարնան աչքերի՛ մեջ:

Մաքուր էին նրանք

և այդ մաքրությունից խինդ էր ժայթքում

Եվ հողը բուրում էր մանկությամբ

Հիշողությունը թախիծով էր բուրում

Եվ թախիծն այդ, գիտեք,

այնքանով էր ներկա,

Որքանով որ մահը ծնունդի մեջ,

Եվ մոռացա ես բոլոր այն բառերը

պահված գարնան համար

քանզի նայում էի գարնան աչքերի մեջ…

 

«Տափաստանը ահա ջերմող կնոջ նման

իր խնամողից ջուր է հայցում».-

սկսեցի գրել ես ամռան մասին

Եվ որպեսզի հետո շարունակեմ՝

Ես դուրս եկա տնից

Նայելու ամռան աչքերի մեջ…

Արևը մեծ էր ու խենթ

Երկնքում լույսն աղմուկ էր

Հովիտներում անկաշկանդ կենակցում էին

զմրուխտն ու նարինջը,

Որպեսզի հետո շեկ զավակներ ծնվեն

Որոնք հետո պիտի հրդեհեն դաշտերը

Ու այդ հրդեհների մեջ էլ մեռնեն…

Բոլոր այն բառերից,

որ գրվեին պիտի,

ինձ մնաց միայն «ամառ» բառը

Մերկ, վեհ, անօգնական,

Ինչպես հրդեհվող երգեհոնը.

և ես ամաչեցի իմ ցանկության համար…

 

«Թափվող տերևները մեռնող թռչուններ են»,-

Աշնան մասին այսպես սկսեցի գրել

Եվ որպեսզի հետո շարունակեմ՝

Պետք էր նայել աշնան աչքերի մեջ

խոնավ էին նրանք

Սիրահար աղջկա աչքերի պես՝

բաժանումից առաջ,

Արևը գնում էր պանդխտություն

և տխուր տոնահանդես էր

բաժանումից առաջ,

և մինչև արևը տանող ճամփան

լցված էր կարոտի մառախուղով

ու տեսնել էր պետք,

թե ինչպես ծառերը

Որպես զոհողություն իրենց կուռքին

Մերկանում են դանդաղ

բաժանումից առաջ

Առանց ցավի ցրում ամբողջ ոսկին

Ու ճոճվում են, պարում

քամու եղերական նվագի տակ

իրենց վերջին,

աշնան

մահվան պարը

«Թափվող տերևները մեռնող թռչուններ են».-

էլ չեմ շարունակի աշնան մասին գրել

Ես ուրիշ բառ չունեմ

«Աշուն» բառից բացի…

 

Հիմա ինձ մնում է

վերցնել իմ գարունը

իմ ամառը

իմ աշունը

Ու քայլել, քայլել իմ ձմռան միջով

Դեպի անհիշելի հեռու այն խրճիթը,

Որտեղից դուրս եկա

Երբ գարուն էր…

 

 

Դժվար է շոշափել սեփական հույզերը

Նրանք պատերից դուրս ամեն տեղ կախված են

Ինչպես գլխիվայր կախված այս նկարը

որը մինչև երեկ կոչվում էր «Ձգտում»:

Պատուհանս

բաց է…

խնդում է գարնան օրը

կոճակները պատմում են գերությունից,

Ոտքերը՝ ընկերությունից.

Հպվող ձեռքերի մեջ փթթում է

Մի քրտնքոտ ու կարճակյաց ծաղիկ,

Որը հարուցում է մի կրծքային վարակ

Սակայն մահացու չէ:

Քայլում է իտալական թիկնոցում ծվարած

ձայնարձակ հաճույքը…

 

Արևածագի զանգերը դեղին

Անհոգ մանկության օր են խոստանում

Ես, որ դժգոհ եմ մարդկային ցեղից

Բոլորին հիմա հանգիստ եմ տանում

 

Լույսի պատարագ երկնի տաճարում

Հրեշտակների խրախճանք խռիվ

Անցողիկը էլ ցավ չի պատճառում

Խոսակցությունը չի դառնում կռիվ

 

Հովը բարդենու արծաթն է հաշվում

Ջրերի ձայնին արգելանք չկա

Գառան պատկերով մի ամպ է մաշվում

Եղելությունը միջնորդ և վկա

Ու անհնարին կապույտի միջով

Օրհնանք է հորդում Տիրոջ շուրթերից

Գոհունակությամբ ծունկի եմ իջնում

Ես՝ անճարակս ու հավերժ թերիս

 

Իմ անցյալը հալվեց, մեկնեց ամայություն,

Հիմա փոքրիկ, միակ բաբախում է

Մեռյալ ծովի ծածուկ ծանծաղուտում ընկած

Մի անծանոթ ձկան երախի մեջ…

 

Հիշողության ծառից հասած պտուղները

Չեն թափվում ցած,

Հիշողության ծառին թառած թռչունները

Էլ չեն չվում,

Սակայն ես ճոճում եմ, թափահարում

Ու ջարդել եմ ուզում հիշողության ծառը,

Որից կախված բոլոր պտուղները անվերջ պտտվում են իմ բիբերի հանդեպ,

Որի վրա թառած թռչունները իմ քունքերի վրա հատիկներ են կտցում:

 

Լռում է արյան թափառումը

Մի բան՝ խզվում նորից

Ու թվում է հանկարծ, թե բռում իմ

Պահում եմ ցավի կորիզ:

Մնում է ջարդել — ուտել.

Ջարդում եմ՝ դեռ չեմ ուտում.

Հանում եմ ցավն անձավից,

Քերծում եմ ու կսմթում:

Ուզում եմ ցավը ցավի,

Ուզում եմ ցաված ցավից

Հառնի մի ուրիշ մի ցավ,

Ուզում եմ ցավի ծովից

Ժայթքի ուրիշ մի ծով,

Որ սուզվեմ ծովը ցավի,

Խեղդվեմ ցավի ծովում,

Ու չզգամ ցավի ցավից

Այլ ցավ այլ մի ծովում:

 

 

Անդին 9-10, 2015

Կարծիքներ

կարծիք