Լուսանկարներից ջնջված մարդիկ…

Հեղինակ:

Անի

***

Հանիր քեզ բոլոր պատմություններից,

և ես չեմ ունենա էլ ոչինչ ապրած…

հավերժ սիրելը միապաղաղ է

անընդհատ տեղացող անձրևի նման…

ես քեզ չեմ սիրի մինչև կյանքիս վերջ,

ընդհատումները շարժն են զարկերակիս…

Եկ, իմ սիրելի, սիրելի տատրակ…

և մենք կերգենք ագռավավարի…

կերգենք՝ սոխակ, սոխակ ու սոխակ…

կամ դու կլռես՝ հավերժ սիրելու նման ձանձրալի…

մենք կլինենք կույր և կշոշափենք ձայները իրար

դու կգրես քեզ, ես կթարգմանեմ…

Հանիր ինձ բոլոր պատմություններից,

ինչպես մահանում են լուսանկարներից ջնջված մարդիկ…

 

***

Վթարի պահին…

Երբ դու աշխարհում չկաս,

և չկա աշխարհը էլ,

կիսատ մնացած իմ թևերից

ընկնում են փետուրներ…

էլ չի երևում քաղաքը պատուհանից,

այն նույնը, որն ուզում էի վառել…

կիսատ է նորից ամեն ինչ…

երբ դու աշխարհում չկաս,

երբ չկաս քաղաքում՝ արևից վառված…

և ամեն անգամ նույնն է

տագնապը այս օրերի…

և սրտիս թրթիռը,

որ չկրկնեց ինքն իրեն էլ երբեք,

և դողը, որ չմոռացա այդպես էլ…

և որքան շատ են մարդիկ աշխարհում,

որն արդեն չկա…

և ինչպես չեն տեսնում նրանք,

որ իրենց շուրջ ոչինչ այլևս չի ծաղկում,

չի կառուցվում…

չեն թռչում ինքնաթիռները,

և մեքենաները վթարված են ճանապարհներին…

ճիշտ այնպես, ինչպես դու…

և այստեղ, հեռվից

քեզ մեղադրելու փոխարեն

ես նախընտրում էի

քեզ հետ լինել վթարի պահին,

բռնել ձեռքդ և գոռալ՝

թող կորչի աշխարհը, որն առանց այդ էլ չկա…

և քաղաքը, որն էլ չի երևում պատուհանից…

 

***

Քույր

Արի, նստիր կողքիս՝ գետնին՝ հողի վրա,

Նայիր մեր դիմաց…

Իրենց հանդարտությամբ վախեցնում են քարերը…

…և նկարները քարերի վրա….

Նայիր, քույր, այստեղ մեր նախնիներն են…

Նրանք, ում հիշում ենք մենք…

Դու քո մեջ, քո նման…

քո աչքով տեսածն ես պատմում…

ես իմ մեջ, բայց քո պատմածն եմ գրում…

Արի, քույր, նստիր, և մենք կխոսենք,

Այնպես, ինչպես երբեք չենք խոսել…

Այնքան, որքան կորցրել ենք ժամանակի մեջ…

Քույր, քո ամեն հայացքը ես հիշում եմ…

Թռչնավարի պոկվում եմ քո մտքերից, գիտեմ,

որ իմ կողքին ապրեմ…

երբ դու հեռու ես…

Քաղաքը, որը մերն էր դարձել, հիմա հեռու է կրկնակի…

Մենք մի օր սիրեցինք այդ քաղաքը…

Բայց արդյո՞ք որևէ բան մերն է դառնում,

երբ մենք շատ ենք սիրում այն…

Մերն այս հողն է, քույր, այս գետինը՝ արևից սև…

և այս քարերը, որ վախեցնում են…

եթե չսիրենք նույնիսկ…

ես քեզ հետ եմ…

իսկ դու միշտ մեծ ես ու լացկան…

օրերը խարիսխ են անցյալի…

մանկությունը՝ լացի նման շուտ մոռացվող…

Այսօր փողոցում մարդիկ տեսա…

Քեզ չտեսա էլի, քույր…

Վախեցած մի լույս է թաքնվել քո մեջ…

պատժված իմ նման կուչ է եկել անկյունում սրտիդ…

Նեղացրել են նրան, քույր…

Առանց ինձ, այդ ո՞վ է նեղացրել…

Թող այդ ամենը, արի նստենք հողին… տաքանանք…

Նայենք քարերին ու արմատներ ձգենք նորից առողջ…

Հեռացել ենք… մենք լքել ենք մեզ, քույր…

Ես չեմ հիշում քո մանկությունը,

դու միշտ մեծ ես եղել…

և պատմել ես ինձ իմ մասին,

որ ես չօտարանամ ինձ, որ հիշեմ ինձ,

քույր, դու նվիրել ես ինձ իմ մանկությունը…

Ես հիշում եմ ինձ միայն քո ձայնով…

քեզ իմ օրերը տամ,

շարունակվեմ քո պատմությունների մեջ…

իսկ հիմա արի, և մենք միասին կքայլենք

բոլոր այն տեղերով,

որտեղ մեր հետքերը թարմ են դեռ…

որտեղ ես մենակ եմ քայլում քո ստվերի հետ…

Արի, միացիր քո ստվերին, քույր…

 

***

Ես քաղաք եմ լքված

Ես քայլում եմ անդունդի եզրով…

ես այնքան մոտ եմ կործանմանը…

իմ աշխարհը խճանկարի նման

մաս-մաս հավաքել ու մի տուփի մեջ

պահում ես քո տան ձեղնահարկում,

որտեղ ես երբեք չեմ լինի…

քո տանը…

Ինչպես ամպրոպը մթության մեջ,

ես զարկվում եմ անսահման

անորոշության պատերին

ու ծանր է ինձ համար

ամեն մի փոքր լույս արձակելը…

Ես լքված քաղաք եմ,

մի ամբողջ լքված գազանանոցով իմ մեջ,

ես աճում եմ մոլախոտով ներսից,

երանի գրեմ անդադար…

խոսեմ քեզ հետ այսպես,

խոսեմ ամեն գիշեր,

արևածագ լինի քո բառի հետ,

երանի լինես…

Որքան ուշ է հիմա քեզ կանչելու համար,

որքան անիմաստ վերադառնալը,

մեր կորցրած ամեն օրվա համար

ես մեռնում եմ քիչ-քիչ,

մարում ծովյանի պես,

որ փայլում է հորիզոնում

մի ակնթարթ միայն,

և դու չգիտես այդ մասին…

դու չգիտես, որ իմ աշխարհը քեզ մոտ է,

որ ես քաղաք եմ լքված,

որ արևածագն է քո բառերի հետ

լույս գցում իմ պատուհաններին…

երանի քեզ…

հեշտ է այդպես անհաղորդ ապրելը…

Մեկ ուրիշ տեղ,

այլ աշխարհում գուցե

ես կարթնանամ հիմա,

ցավոտ երազի պես կհիշեմ քեզ,

ու թեթևություն կգա վրաս,

երբ կհասկանամ, որ երազ էր ամբողջը…

գուցե ուրիշ տեղ…

իսկ հիմա այստեղ

ես քայլում եմ անդունդի եզրով…

կործանումն այսքան չէր վախեցնի ինձ,

թե քեզ հետ լիներ…

եթե դու միայն իմանայիր սա…

եթե գրեիր… այնքան անվերջ,

որքան մտքերս են շարվում քո օրերի շուրջ…

Ես ձանձրույթից երկարող օր եմ,

առանց անակնկալ, առանց տոն,

ես անքեզ օր եմ և չեմ վերջանում…

Իմ ավարտը քո չգոյությամբ

Պետք է ծանրանա …

Երանի հայացքներիդ, որ թափառում են

Հպվում քաղաքիդ անմարդ մայթերին

Այն թեթևությամբ, որին ծանոթ եմ …

 

***

Մի այլ…

մի այլ աշխարհ…

մի այլ աշխարհ է քեզ սպասում…

քեզ պետք չէ այս գրողական սենտիմը…

քեզ պետք է աշխարհը իմ՝ մի այլ…

փախչող իմ բառը, վերջին…

ինչպե՞ս անցավ ամենավերջին օրդ…

ամենավերջին անգամը կորացումիդ անՑԱՎ…

քեզ պետք չէ այս տագնապը պոետական…

քեզ իմ աշխարհն է պետք վերջին, դեռ չավիրված…

չէ, բառեր են սրանք…

իմ չսպասված, վերջին, անակնկալ…

ես ամուր եմ թվում և հատկապես փոթորիկից առաջ…

քեզ պետք չէ վախն իմ մենակության…

քեզ պետք է թագն իմ աշխարհի՝ մի այլ…

մի այլ ուժով, մի այլ վստահությամբ…

ինձ անծանոթ հույսով ու անծանոթ վհատությամբ

վերջին հեռացումից մնացած հետքերով՝

աչքերիս մեջ մնացած հետքերով քո…

վերջին անգամն է սա մի այլ անվերջության…

մի այլ աշխարհի քո լուռ այցելությամբ…

ամենավերջին անգամն էր սա….

 

***

Օրը անցել է անքեզ… արդեն անցել է…

Փողոցում մի մարդ ինձանից ճանապարհ հարցրեց,

Ես քո տան տեղը բացատրեցի… նա գնաց…

Ես ինքս ինձ ասացի՝ լաց չլինես…

Դու նորից մոռացար…

Մոռացար խնայել ինձ մի քիչ…

Եվ հիմա ես շփոթվել եմ ցավից…

Կտրեցի մազերս, սիրելիս…

Քո այդքան սիրելի, երկար…

Դու դրանք էլ երբեք չես շոյի,

բայց չես էլ նեղանա, որ չկան…

Ես այնպես էի ուզում գրկել քեզ…

Այն օրը մռայլ, անձրևոտ, գալ քեզ մոտ…

Անտեսել մայթերի փոշին…

Մոռանալ ցույցերի մասին…

Մոռանալ վարդերն անճաշակ, դեղին…

Հիմա, քեզ տեսնելիս մտովի կապում եմ թևերս…

Թռչելու համար են դրանք… թե բացեմ, էլ բռնել չի լինի…

Կարճամազ եմ հիմա, սիրելիս…

Փետուրների նման թափվում են մազերս…

Աչքերիս մեջ առավոտներ են թաց…

Լվա ձեռքերդ թարթիչներիս ցողով…

Ես այն ծառի նման օրորվում եմ…

Եվ այն կակաչի պես՝ պոկած թերթիկներով…

 

 

Անդին 9-10, 2015

Share

Կարծիքներ

կարծիք