Առնետը

Հեղինակ:

Ծառերի ճյուղերը ծանրացել են ու հասել գետնին: Երբեմն-երբեմն մի մեծ ճյուղ վեր է թռչում՝ ճերմակ փոշի շաղ տալով շուրջը, որ հետո նորից ճկվի ու խոնարհվի ձյան տակ: Փողոցում մեքենաներ չկան. ոչ մի մեքենա չի կարող բարձրանալ մեր դիքը էսպիսի ձյան ժամանակ: Խշխշան լռություն է:

Թռչունների համար լուսամուտի գոգին դրված հացի փշրանքները չեն երևում՝ փաթիլները վաղուց ծածկել են դրանք:

Ձեռքիս ստվարաթղթի կտոր է, գրպանումս՝ փշրանքներ: Ոտքով մի կողմ տալով ձյունը՝ դիմացի թթի ծառի տակ փոքրիկ տեղ եմ բացում, դնում եմ ստվարաթուղթը, վրան եմ լցնում փշրանքներն ու նորից վազում եմ տուն՝ ցուրտ է:

Արածս իհարկե միամտություն է՝ թռչունները հազիվ թե իջնեն փողոց ու սկսեն կտցել փշրանքները, մանավանդ առատ ձյան տակ: Նրանք իսկի չեն էլ երևում: Գիշերներն էլ քնած են, ափսոս:

Փոխարենը հայտնվում է տուզիկ Չարլին ու ձյունոտ մռութն իջեցնելով՝ հետաքրքրված հոտոտում է կերը: Բայց չի ուտում. Չարլին քաղցած չի, նրան լավ են պահում, ուղղակի հետաքրքրասեր է:

-Չարլի՜, Չարլի՜…

Թեև պատուհանը փակ է, նա լսում է ձայնս ու գլուխը բարձրացնելով նայում է իմ կողմը: Ես ձեռքով եմ անում ու շշնջում.

-Չարլիիի՜…

Չարլին մի քիչ էլ է նայում մեր պատուհանին ու պատրաստվում է շարունակել ճամփան: Հանկարծ մեխվում է տեղում ու քարանում: Ես հետևում եմ նրա հայացքին. վախվխելով, թաթերով ճեղքելով բարձր ձյունն ու օդը հոտոտելով՝ ստվարաթղթի կողմն է գալիս մի մեծ առնետ, նրանցից, որ ապրում են փողոցի տակով ձգվող առվի ափերին:

Չարլին անշարժացել է: Առնետը կանգ է առնում, հետո սիրտ անելով սողում է առաջ, դեպի փշրանքները:

Ես զգում եմ, թե ինչպես է մեջս գլուխ բարձրացնում վրդովմունքը, քունքերս սկսում են դմբդմբալ՝ ախր ես թռչունների համար եմ դրել հացը, դու ո՞վ ես…

Առանց վերարկուի կրկին սլանում եմ փողոց:

Երբ հասնում եմ ստվարաթղթին՝ ծանր, ողորկ, քարի պես ամուր ձնագնդին արդեն ձեռքումս է:

Դմբո Չարլին հմայվածի պես նայում է, թե ոնց է առնետը պատրաստվում ուտել թռչունների համար նախատեսված հյուրասիրությունը:

Ես լավ աչք ունեմ, թաղում բոլորը գիտեն՝ ձև չի, որ չդիպչեմ, էն էլ էսքան մոտիկից:

Առնետը հարվածից գալարվում է օդում ու նորից ընկնում է թաթերի վրա: Մի երկու վայրկյան շշմած է, հետո սկսում է ծվծվալ՝ երկար, բարձր, աղիողորմ, աշխարհից խռոված…

Չարլին, ականջները սրած, վախվորած ընկրկում է: Առնետի անհույս ծվծվոցից ներսս միանգամից սառչում է՝ ոգևորությունիցս հետք չմնաց:

Քաղցած առնետը շրջվում է ու կաղալով հեռանում է՝ փիս եմ խփել, որքան ուժ ունեի:

Մնացել եմ ցցված փողոցում, փաթիլներն իջնում են թարթիչներիս ու խուտուտ տալիս: Ցուրտը կծում է քիթս ու ականջներս: Առնետը չքվում է: Մի քիչ էլ եմ կանգնում ու դառնում եմ տուն:

Երեկոյան սիրտ չունեմ պարծենալու մերոնց մոտ, թե ինչ դիպուկ հարվածեցի առնետին:

Քնելիս շարունակում եմ մտածել նրա մասին՝ դառը ծվծվոցն ականջներիցս դուրս չի գալիս:

Մյուս օրը ձյունը կտրվել է, ամպերի հետևում դժվարությամբ նշմարվում է ձմեռային պաղ արեգակը, այնտեղ, ուր երկինքը քիչ ավելի լուսավոր է:

Սահնակը ձեռքիս փողոց եմ իջնում ու նորից տեսնում եմ առնետին:

Բայց արդեն սատկած, վրան՝ անվադողերի հետքեր: Բերանից արյուն է ցայտել ու ներկել ստվարաթուղթը, աղիքները դուրս են թափվել բլիթի պես տափակած փորից. էլի եկել է փշրանք ուտելու ու չի հասցրել, կերը տեղում է… Սառած արյունը վարդագույն պսպղում է:

Ես դանդաղ գնում եմ դեպի դիքը՝ սահնակիս թելը բռնած: Բայց շուտ-շուտ ետ եմ նայում՝ բերանը բաց առնետին:

Մի երկու անգամ դիքից ցած սահելով՝ վերադառնում եմ տուն:

Առնետը քաղցած մեռավ, իսկ ես նստած եմ տաք տանը, կուշտ կերած…

Մաման բուբլիկներ է թխում, քաղցր խմորի հոտը բռնել է ողջ տունը, Արփենիկը նոր կարած զգեստն է հագցնում իր ամենամեծ տիկնիկին ու քթի տակ երգում է, բուրավետ, խաղալիքների մեջ կորած, մինչև առաստաղը հասնող տոնածառը շողում է հազար գույներով, երեկոյան հյուրեր են գալու, վաղը Նոր տարի է…

Գնում եմ ննջարան ու ձևանում եմ քնած, որ մերոնք արցունքներս չտեսնեն: Միանգամից քնում եմ:

Երազում Ձմեռ պապին վերցրել է սահնակս ու մռայլ գնում է դեպի դիքը՝ քշելու: Չի խոսում հետս: Ես արդարանում եմ.

-Թռչունների համար էի դրել…

Պատասխան չկա:

-Էկավ կերավ… հո իրա համար չէի՞ դրել…

-Սուտ մի խոսիր:

Նրա ձայնը բամբ է ու հոգնած: Դիքը, չգիտես ինչու, ուրիշ տեղ է ու շատ հեռու: Շարունակում ենք քայլել:

-Սուտ մի խոսիր, ինքը դեռ ոչինչ չէր կերել, որ խփեցիր: Ու ասենք թե ուտեր, ի՞նչ պիտի լիներ, հը՞:

-Բա թռչունները…

-Թռչունները ի՞նչ… մի ավել բուռ փշրանք չէր ճարվի՞ տանը, որ նորից բերեիր, դնեիր իրենց համար:

Ճիշտ է ասում: Ու երեսիս չի նայում, քայլում է ձյունը ճռճռացնելով: Հազիվ եմ հասնում ետևից՝ քայլերը մեծ են:

-Բայց ինքը առնետ ա… հո թռչուն չի:

-Հետո՞ ինչ, ինչո՞վ է թռչուններից վատ:

-Առնե՞տը… կեղտոտ ա:

-Ո՞վ է քեզ ասել:

-…Բոլորն են ասում…

-Բոլորն ասում են, իսկ ձնագնդիով խփեցիր հենց դու:

Նրան հակաճառելը դժվար է:

-Բայց իմ տեղը ով էլ լիներ՝ կխփեր… չէ՞…

Նա կանգ է առնում ու առաջին անգամ նայում է դեմքիս, վերից վար. բարձրահասակ է, ինչպես մեր տոնածառը, թավ, սառցակալած մորուքն ու հոնքերը խառնվել են իրար, գլուխը հսկայական է, աչքերը խորն են, նայում են հոգնած ու ոչ բարեկամաբար: Ոնց որ մեր աշխարհագրության ուսուցիչը լինի:

-Համոզվա՞ծ ես,- հարցնում է լռությունից հետո,- հաստատ գիտե՞ս, որ քո տեղը ով էլ լիներ՝ կխփեր:

Ի՞նչ պատասխանեմ…

Հիմա էլ չթաքցրած անտարբերություն ու կշտամբանք կա հայացքում, երևի շատ գործեր ունի, դրա համար էլ վերցրել է սահնակս, որ հասցնի դրանք անել:

Կախում եմ գլուխս: Լացս գալիս է, մեղք էր առնետը, արյունն առաջվա պես պսպղում է ստվարաթղթի վրա:

Ձմեռ պապը գնում է: Ես կծել եմ շրթունքս:

-Ձմեռ պապի, ինձ նվեր չբերե՜ս,- հուսահատ, լացակումած բղավում եմ նրա հետևից,- Ինձ ոչինչ չբերես, չեմ ուզում… սահնակն էլ տար:

Ոնց որ իմ ձայնը չլինի, ոնց որ ուրիշը բղավի իմ փոխարեն ձյունածածկ փողոցում:

Նա շրջվում է, նայում է իմ կողմը, վճռական վերադառնում է ու ոտքերիս մոտ է դնում սահնակը՝ ձեռքը հոգոցով թափ տալով:

-Հիմար տղա ես…

Հեռանում է ավելի արագ, էլ ետ չնայելով:

«Հիմար տղա ես»,- շարունակում է արձագանքել նրա թավ ու դժգոհ ձայնը:

Ես լալիս եմ քնիս մեջ. ի՜նչ վատ Նոր տարի է, թող ընդհանրապես չգա…

 

Անդին 9-10, 2015

 

 

 

 

Share

Կարծիքներ

կարծիք