Բանաստեղծություններ

IMG_8121

 

ակվարիում

 

մտածել, որ գտել եմ քեզ, երբ երեկվա անձրևի պես անխնա թափվում էի մայթերին,

երբ աշխարհի բոլոր անձրևանոցներն ու կատուները իմ կարոտի գույնն ունեին,

գիտակցել, որ մեր երազած թմբիրը շերտ առ շերտ նստում է

տարիների թելերով կարված կոպերին

 

ներիր ինձ ու սրբիր արյունոտ բերանս,

որովհետև ես երկար եմ ծամել ապակու պես փշրվող բառերը քո մասին,

որովհետև ժանգը հանկարծ շարժվեց, ու հիմա մատներիս ծայրից կաթում է ակվարիումի մեջ,

և ինչպիսի հանդարտությամբ են խորտակվում մղձավանջները պատռված լողակներով,

և որքան նախանձելի է նրանց խոնավ դեմքերի անշարժությունը սև ավազին

 

սենյակիս պատուհանով միշտ մի տղամարդ է անցնում ծերության հետ թևանցուկ,

հիմա անցնում է նա, հետո թաղվում եմ բազկաթոռի մեջ, շոշափելի, ինչպես մարմինը հողի,

ու պատերի ցուրտ շնչառությունից

հերպեսի սպիտակ ծաղիկներ են բացվում բերանիս անկյունում,

գնացքների գալն ու ավելի շատ գնալն եմ հիշում,

ու թե ինչպես ամեն բաժանումից հետո

դեռ երկար ցնցվում է ոսկրերիս խայտառակ ճարտարապետությունը

 

այնքան երկար եմ ապրել բանաստեղծության ծեր աչքերում, որ մոռացել եմ ծովի կապույտը,

ու այնքան նայել հայելուն, մինչև դեմքը դառնա նավ ու սկսի լողալ հանդարտ մակերեսին,

ու ես չեմ վստահում բառերին, որ ասեմ, թե որքան գեղեցիկ էին

դաստակիս արյան անցավ խրցերը,-

ու թե որքան դժվար էր դիմագծերիս պես հեռացող նոյեմբերի առավոտը,

սեր իմ, ինձ գրելիս հայրս արտագրել է իրեն ամենադաժան ու դիվային բառերով

 

իսկ ես երբեմն ձուկ եմ՝ չունեմ բառեր, չունեմ հիշողություն,

ամենն, ինչ կարող եմ տեսնել, հանկարծ կործանվում է անթափանց սպիտակի մեջ,

իմ մեջ մոլեգնում են բոլոր պարտված ալիքների ձայները,

որ միայն քո մասին են,

և ես առանց կարդալու սև խաչեր եմ շարում հոգեբանի հարցաթերթիկին,

ու չգիտեմ ինչպես բացատրել,

որ ես մեռնում եմ իմ ակվարիումում, և որ դա սիրուն է, իսկական արվեստ

 

սիրերգ

 

վախեցիր ակնախոռոչներից բուսնած ծառերով կնոջից, որ սիգարետի ծխով

կախաղաններ է հյուսել քեզ համար,

ու անգամ երբ աթոռը սահի ոտքերիդ տակից ու մարմինդ ճոճվի օդում, ինչպես օդապարիկ,

ես քեզ հետ զբոսնելու կգամ ապակու պես փշրված քաղաքի մայթերով

 

գայլը կինն է՝ արգանդդ ներսից քեզ խժռող,

թույլ տուր քեզ հետ վազել անտառներով, որ աճել են հոգեբուժարանի պատերի վրա, ու երազել, որ անկողինը մեզ կուլ տա ու դանդաղ մարսի կանաչ երազների մեջ

 

սիրտն իմ՝ ռումբ լցված մեխերով, բայց քո դիպչելուց ծովի կապույտն եմ հիշում,

ու ինձ խեղդող ալիքը դու ես, ճայն ես դու դանակի շեշտակի հարվածով միջովս անցնող,

ու բոլոր սպանող գիշերներից հետո ես քեզ մոտ եմ վերադառնում

 

մի կացնահարված ու երեսները մեր լողում են հոշոտող կապույտի մեջ,

մակերեսային սահքը ապրելու, կատաղությունը լեզվիս, որին բառերը չեն դիպչում,

ուզում եմ ասել՝ սերն ինչպես այսբերգն իմ մեջ, ավելի շատ չի երևում, քան երևում է

 

ա՜խ, պառկեինք հորիզոնական գծին մայրամուտի, ու արևն իջներ գիլյոտինի սրությամբ,

կամ լինեինք ափ ու ալիք, շոյեինք իրար ամբողջ գիշեր,

ու երբեմն միայն՝ անթարթ, ինչպես ձուկ, կարողանայինք նայել աստղերին

 

 

*

կապույտ քնի մեջ վերքի պես բացվել է միայնությունը կղզուդ,

հորինեի ամենաանցավ դեղը՝ հոգին չարտահոսեր մարմնի անցքերից,

ապրեի թարս, կրեի ինձ ինչպես վերարկու՝ ներսը դուրս շրջած

 

ու միայն հիմա ես կարող եմ վայելել իմ օտարությունը կղզու դատարկ

տրամադրության վրա,

սպիտակ ու քամոտ ամպ, կարողանայիր փչել ինձ ու որպես պոեզիա անձրևեի վրադ,

սա թախծոտ եմ ասում, ոնց որ հրաժեշտը՝ ամենաիսկական ինքնաթիռ,

որ տանում  է ինձ իր թևերի վրա

 

 

ես, որ կրում եմ այս երկարթև թախիծը, որ ինձ նվիրեցիր,

ես, որ միշտ հնազանդ թշնամուս՝ մեռնում եմ ամեն օր,

բայց կատվի պես շատ կյանքեր ունեմ,

չեմ ցնցում ուսերդ, չեմ գոռում շինծու առոգանությամբ՝

ազատությո՜ւն, ազատությո՜ւն մեռյալիս

 

իմ չարիքն ես, իմ նախաճաշի խնձորը, սիրում եմ կծել լեզուդ, պարանոցդ, ականջդ,

սական միայն տղամարդ չեմ, ոչ էլ միայն ժանիք ու թույն,

հատկապես հիմա, երբ դանդաղ, ինչպես սև կատու, լցվում եմ գիշերվա մեջ

 

 

գրկեիր ինձ այս բարակ արևի տակ, երբ  հուլիսյան սեզոնն է

դեռ նոր բացող դեղին հաջողների,

երբ բառը վարակված է մահացու, մարմինը՝ կախիչից կախ,

ու սերն իմ մեջ, ինչպես ցավը ոսկորի

 

 

Անդին 9-10, 2015

Share

Կարծիքներ

կարծիք