Բանաստեղծություններ

DSC05278s

 

Օր

օր է-ինքն իրեն
քրթմնջացող

(միայն
խոհանոցի բույր-
հարևան-բարեկամների
հրմշտոցից զարթնող)

Նոյեմբերյան տոներին պատրաստվող չամուսնացած
Գենյա հորքուրը
հայելու դեմ
ջոկատավար-ակումբավարին վայել խստությամբ
հարթում է ծնոտի կնճիռները-
քթի տակ կրկնելով՝

մեկ-երկուս-
մեկ-երկուս
հավսա՛ր-զգա՛ստ

հորեղբոր մեծը
աթոռին կանգնած
պահարանի դարակներում
փնտրում է Հայրենիքի
կարմիր դրոշը-
որ հորքուրի հետ խցկել են
նախորդ տոներից հետո

մորս թխած
պոպոքով գաթայի շունչը
լցվում է սենյակս

հարևան-բարեկամ-
որ եկել են
բարի ճանապարհ ինձ
մաղթելու-
խոհանոցում վայելում են
մորս թխած գաթան
ու ֆռթացնելով
թեյ են խմում

հետո
տղամարդիկ-պիտի
ինձ տան
իրենց
խելոք խորհուրդները-
յուրաքանչյուրը՝
հիշելով բանակի իր կյանքից պատմություններ-
կանայք
կփսփսան
գլուխները օրօրելով՝
այ-յա-յա-յա

իբր
աննամուս դուրս եկավ
այս մեկը-
ուսումը քաղաքում թողել՝
մեկնում է
բանակ

(հաստատ-էն աղջկա համար կլինի)

գիտեմ՝
այդ պահին
հայրս լուռ
ճանապարհիս
պայուսակն է կապում

տատս կիջնի նկուղ-
բամբակը կարագի մեջ
կթաթախի
ու-թաքուն
մոմի տեղ
կվառի

(ինքը ճրագներ է ասում)

հորեղբոր փոքրը
հեծանիվը կքշի
հեռացող
բեռնատարի ետևից
ու չպիտի լացի-
որովհետև
պայմանավորվել ենք-
որ մեր ցեղի տղամարդիկ
երբեք չեն լացում

այսպես-
կիսաքուն
առավոտին
սոցիալիստական ռեալիզմով
բացվող մի օր
կյանքս կշարվի
դեպի անհայտություն
ու՝ տողանի

Ներս-դուրս

բոլորս
իրար կյանքի մաս ենք
Երկրում-
թեկուզ
մաս-մաս
մենակ

ինչ ծանր են ու երկար հեռացումները, Աստված

Երկրից դուրս-
տխուր ու հուսահատ օրերիդ
սիրուն կանանց
սկսում ես
անկողիններում դիմել
Անուն-Հայրանունով

Հեռակա մի կյանք: Երկրաշարժ
Հրաչին

դեկտեմբերի-
տաքն ու ցուրտը
սթափ է

անձրևի մի
հատիկ
հատ-հատ
հետո
ճակատիդ՝ ճտտացնող

վիրավորներին
բեռնատար ավտոներից
ոտքով-քայլով
շտապօգնության մեքենաներից շալակում-ընդունարան են վազում
կամավոր ուսանողները
սպիտակ խալաթներով

Լենինականից մինչև Երևան-
Նորք-Մարաշի հիվանդանոց
մինչև
ոտքերիդ տակ-
սարսռում են ցնցումները
հողի

փոշու
ու արյան-արյան ու փոշու
շորերիդ ցեխ դառնող
փոշու ու արյան
հոտ է

(լերդանա-կանցնի)

ուշաթափ վիրավորներ
ուշքը գնացող-
նրանց շալակած
ուսանողներ

մի կին ամուր կախվել է
քո ջահել
ուսերից-
բաց չի թողնում՝
բժիշկ, ասա, որ ոտքս չես կտրի-
ես նրան սիրում եմ-
չասես-բաց չեմ թողնի…

ասում-չես ասում
չես ասում-ասում ես

միայն ոտքերիդ տակի
հողը
չփախչի-հիմա չփախչի

չփախչի՛-չփախչի՛-չփախչի՛

ինչ դաժան ամիս է
այս դեկտեմբերը-
սթափ
չլերդացող
մի կյանք-

ամեն
դեկտեմբերի

Թռիչքների ժամանակը

ինձ չեն փնտրում–

ինքնաթիռները
վայրէջք են կատարում
ճիշտ ժամանակին
(երբեմն–բացառությամբ–
փոքր-ինչ ուշացումով)

փորձանքները–
не в счет

ոչ մեկն էլ
չի՜ փնտրում-հիմա
գտած–գողացածն են
մի կերպ պահում

(թռիչքների ժամանակ-
թե վայրէջքներից հետո)

բայց երկնքի
ամպերում
արևի շողեր են լինում
մաքուր
մարգարիտների նման

թռիչքների ժամանակ
ես լսել եմ
նրանց–
ջարդվող
ձայների
հառաչը

Ճիշտը

առավոտը զնգում է
աղջկա քաղցր ձայնով-
«Թիմ» թելեկոմը նորից
առաջարկում է ինտերնետի փաթեթ

տան հեռախոսով` միայն այս աղջիկն է
զանգում
զինվորի պես
պարտաճանաչ
պատասխանում եմ-
մեզ պետք չէ` բայց նորից ասեք

(դու միշտ` ասում էիր-պետք է ճիշտ ապրել)

հետո` գիշերվա եռացրած
հանքայինի շշերի
արդեն սառած ջուրը
հանում եմ մեր անկողնուց-
դատարկում եմ զուգարանում

(դու միշտ` ասում էիր…)

միացնում եմ հեռուստացույցը-
Կոշպիրովսկու աչքերով հաղորդավարը բացատրում է
որ շուտով
բանաստեղծություններ կգրեն
համակարգիչները-
որովհետև` հիմա
բոլորը` իրար նման են գրում
ու` լավ:
իսկ` մարդիկ-նորից պիտի
սովորեն ապրելը
կենդանիներից ու թռչուններից`
մանավանդ` արագիլներից:

(դու միշտ…)

լվացվում-
երեսի սրբիչը
կախում եմ ձախ կախիչից-
աջը` բաղնիքինն է:
սուրճը եփում եմ կաթով-
կաթը չի թողնում
որ սուրճը
լյարդիս վնասի:
պահարանի անկյունին
սուրճի բաժակն է
մենակ-
կարիք չկա ամեն օր
նորը հանելու-
լվանում-դնում եմ տեղը:

(դու…)

պատուհանը մի քիչ բացում եմ-
առավոտվա սառը օդը օգտակար է:
շոշափում եմ ծխախոտի տուփը-
չեմ ծխում:
երեկվանից սեղանին
դատարկ շիշ
ու վիսկու բաժակ չկա:

(դու` միշտ ասում էիր -պետք է ճիշտ ապրել)

գիշերը-որ գա
նորից եռացնելու եմ ջուրը-
լցնելու եմ դատարկ
շշերի մեջ-
մեր անկողինը նորից տաք է լինելու:
առավոտյան-նույն ժամին
քաղցր ձայնով պիտի զանգի
«Թիմ» թելեկոմի աղջիկը:

Սեր

այսօր չգնայիր
կամ գնայիր այնպես-
որ հետո ետ դառնայիր
(թող դա լինի կարմիր-
մի աշնան օր-
կամ պարզապես
մի օր)

պարզապես-մի օր

Անդին 9-10, 2015

Կարծիքներ

կարծիք