Մելքիսեդեկ Հալիվորի համակարգը

Մի ծերունի, ով երբեք չի ծերանում,

կառավարում է աշխարհը, և Նա Աստված չէ …

 

 

Հայոց Տիեզերավեպում (էպոսում) կա մի դրվագ, որտեղ Խանդութի մոտ գնալու ճանապարհին Դավիթը հանդիպում է մի ալեհեր ծերունու:

 

Դավիթ կը հարցնե.

-Պապե, հե՞ր նստած ես էստա:

Կը պատասխանե.

-Նստած եմ, որ ճանապարհորդներուն իրենց ճամբան ցուցնեմ:

Վանա ծովն այդ ժամանակ այդ կողմեր գոյություն չուներ:

 

(Սասնա Ծռեր, 1944թ., հատ. Բ, առաջին մաս, էջ 124)

 

Թերևս չափազանց կարևոր ֆունկցիա, եթե հաշվի առնենք, որ ճամփա ցույց տալը այս պարագայում նախ և առաջ հոգևոր գործառույթ է: Զարմանալի «պատահականությամբ» այդ ծերունին ճիշտ նույն գործառույթով հանդիպում է նաև հայ ժողովրդական գրեթե բոլոր հրաշապատում հեքիաթներում: Դրանցից մեկում, օրինակ, հերոսը հանդիպում է սպիտակ շորով, սպիտակ մորուքով մի հալիվորի: Մոտենալով հալիվորին՝ տղան հարցնում է.

 

-Բարև, ա՛պո:

-Աստծու բարին, ո՛րդի:

-Դու ո՞ն իս:

-Ես է՛ն իմ, օր հուր-հավիտենից կապրի, ո՛չ ծեր ունիմ, ո՛չ վերջ, ո՛չ ահ, ո՛չ մահ: Ընձի ժամանակ կըսին: Իդա չորս ճամպեք օր կտեսնաս՝ մարդոց ճամպեքն է, ըդոք չորս դիեն գիկան, կը քելին, գընցնան-կէրթան, հմա չորս ճամպեք կան ու կը մնան:

-Մկա ես ո՞ր ճամպով էրթամ:

-Ո՛ր ճամպով գուզիս՝ գնա, հմա մեկ է՝ էլման կը դառնաս, յիգաս կանիս իմ մոտ:

-Ի՞մալ:

-Հմալ: Բան չկա, օր առանց ընձի էղնի: Ես յըմեն ինչ գիմնամ ու կը տեսնամ…

…Կըսե հալվոր, կը դառնա աներևույթք:

 

(Հայ Ժողովրդական Հեքիաթներ. 1967 թ., հատոր 10, էջ 285)

 

Ակնհայտ է, որ այս խորհրդավոր Ծերունին շատ ավելի հին ժամանակներից է գալիս, քան կարող է թվալ առաջին հայացքից: Նրան կարելի է հանդիպել աշխարհի գրեթե բոլոր էպոսներում, հեքիաթներում և անգամ տարբեր կրոնների Սուրբ Գրքերում:

Բայց սկսենք սկզբից, երբ այս խորհրդավոր Ծերունին հայտնվում էր այնտեղ, ուր պետք էր, և աշխարհի ճանապարհներով անցնող քաղաքակրթություններին ու խոշորագույն առաջնորդներին ճամփա ցույց տալիս:

Հասկանալու համար, թե ով է այս Ծերունին, որտեղ է նա մեզ հանդիպում և ինչ գործառույթներ է իրականացնում, կրկին անդրադառնանք Հայոց Տիեզերավեպին:

Այստեղ նա իրականացնում է մի շարք գերկարևոր գործառույթներ: Հենց այդ գործառույթներով էլ նա ճանաչելի է դառնում ինչպես Հայոց Տիեզերավեպում և Սրբազան հեքիաթներում, այնպես էլ այլ հոգևոր ավանդույթներում: Տիեզերավեպում այս անձը հանդես է գալիս երեք դրսևորումներով՝ որպես Հալիվոր կամ Ծերունի, որպես Մելիքսեթ քահանա և որպես Արտատեր Պառավ:

Հայոց Դյուցազնավեպի հենց ամենասկզբում Մելիքսեթ քահանան գալիս է և կնքում նորածին երկվորյակ եղբայրներին.

 

Մնաց: Ինն ամիս, ինն օր, ինը ժամ,

Ինը րոպե որ թամամավ,

Էնոր ժամանակ լըմընցավ,

Էրկու տղա է բեր.

Մեկըն թամամ, մեկըն կիսատ:

Մելքիսեթ քահանան էկավ,

Թոնդրան վերա կնքեց.

Ջոջ տղի անուն էդիր Սանասար,

Պստիկին՝ էդիր Բաղդասար:

 

(Սասունցի Դավիթ էպոսի համահավաք

հրատարակչություն, «Արևիկ», 1989 թ., էջ 74)

 

Փաստորեն Սանասար ու Բաղդասար երկվորյակ եղբայրները կնքվում են ոչ թե եկեղեցու ավազանում, այլ թոնրի վրա: Սա ուղղակիորեն նշանակում է կնունք և մկրտություն ոչ թե ջրի, այլ հրի միջոցով՝ այսինքն օգտագործելով հուրը ջրի փոխարեն: Խորհրդանշաբար դա ավելին է, քան ջրով մաքրագործումը. այն, ինչ չի մաքրում ջուրը, մաքրում է հուրը: Հրով կնքող Մելիքսեթ քահանան Հուր տարերքի ներկայացուցիչ է և իրագործում է Հրեղեն Հոգևոր Համակարգի գործառույթներ: Այս դրվագն ուղղակիորեն ցույց է տալիս թե ինչ հոգևոր փուլի, ծիասակարգի և ինչ ժամանակաշրջանի է վերաբերում Սանասարի և Բաղդասարի կնունքը: Ակնհայտ է, որ նկարագրվող իրադարձությունները խիստ արխայիկ բնույթ են կրում, ինչը ժամանակագրական առումով Հայոց Տիեզերավեպը տեղափոխում է նախաքրիստոնեական, իսկ առավել խորը ընկալման դեպքում՝ նախահեթանոսական շրջան:

Այստեղ տեղին է հիշել Հիսուսի գալուստն ավետող Հովհաննես Մկրտչի խոսքերը.

 

«Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարութեան համար, բայց ով գալիս է ինձնից յետոյ, ինձնից աւելի հզօր է, եւ ես արժանի չեմ հանելու նրա կօշիկները. նա կը մկրտի ձեզ Սուրբ Հոգով եւ հրով»:

 

(Մատթեոս 3:11)

 

Հիսուսը գալիս էր որպես մեկը, ով հրով և ջրով էր մկրտելու, իսկ նման արտոնություններ ունեն բացառապես Հրեղեն Հոգևոր Համակարգի ներկայացուցիչները: Համաձայն դրա՝ եկեղեցին ևս պիտի պահեր այդ կարևորագույն սկզբունքի հոգևոր և խորհրդանշական կողմը՝ մկրտելով ոչ միայն ջրով, այլ նաև հրով: Ստացվում է, որ մինչև քրիստոնեությունը Հայոց Տիեզերավեպում առկա է հրով մկրտության կարգ: Այլ է հարցը, թե ում կարելի է մկրտել հրով և ում՝ միայն ջրով:

Կնունքն ու մկրտությունը բացի մաքրագործումը նաև նշան թողնելու (կնքել = կնիք դնել) խորհուրդ ունեն: Այս դեպքում դա պատահական նշան չէ. այն ուղղակիորեն փաստում է, որ Սանասարն ու Բաղդասարն անցնում են Մելիքսեթ քահանայի Հրեղեն Հոգևոր Համակարգի տիրույթ: Ավելին, հենց Մելիքսեթին է վերապահված երկվորյակ եղբայրներին անուն դնելու պատիվը՝ Հոր գործառույթը: Եվ ահա Հալիվոր-Մելիքսեթը դնում է տղաների անունները, որոնք մի ամբողջ Տիեզերական ծածկագիր-բանաձև են ներկայացնում:

Պատահական չէ, որ Հայոց Տիեզերավեպի շատ պատումներ սկսվում են նախ և առաջ օղորմի տալով Մելիքսեթ քահանային. «Դառնամ-զօղորմի՛ն տամ, տամ զօղորմին նորեն, հազա՜ր օղորմի Մելիքսեթ քահանին», և սա այն դեպքում, որ այդպիսի որոշ պատումներում նա ընդհանրապես չի գործում:

Եվ ահա, որոշ ժամանակ անց նա կրկին հանդես է գալիս այժմ արդեն որպես ծերունի սերմնացան (մի կերպար, որը, ի դեպ, հանդիպում է նաև ռուսաց բիլինաներում ու իրանական էպոսում): Սանասար և Բաղդասար եղբայրները հենց նրան են դիմում իրենց կառուցած ամրոցի անունը որոշելու համար: Պատանի եղբայրները նրան բերում են իբրև պատվավոր հյուրի, Քուռկիկ Ջալալու մեջքին նստեցրած ման են ածում ամրոցի շուրջը, և ծերունին, քարաժայռերի մեծությունից ապշած, կնքում է ամրոցի անունը:

 

Վա՜, էս ի՞նչ սասան քարեր են.

Դուք էն սասուն քարեր

Ի՞նչպես հաներ եք էն վերին տեղ,

Ու քարե սան սուն եք զարկե.

Էս տո՛ւն չեք շինե դուք.

Ապա սասուն մ’եք շինե:

Վա՜, քանի սասուն բերդ մի.

Էս տուն չէ, էս սասուն է։

Սանասար ասաց.- Բա՛վ է, պապիկ,

Էլ ձեն մի՛ հանի. էլ անուն մի՛ դնի.

Ա՛յ պապի, անուն դրվավ.

Անուն էղավ Սասուն:

Քանց էդա ավել ի՞նչ անուն։

Որ դու ասիր՝ սասուն քարեր,

Քարե սանսուն եք զարկե.

Մեր բերդի անուն էղավ Սասուն, Սասուն,

Մեր տան անուն՝ Սասնա տուն:

 

(Սասունցի Դավիթ էպոսի համահավաք

հրատարակություն, «Արևիկ», 1989 թ., էջ 103)

 

Կրկին նույն անձը, ով ճանաչելի է նախ և առաջ իր գործառույթով: Ալեզարդ, սպիատակամորուս այս Ծերունին է այն իմաստունը, ով կնքում է Սասնա ամրոցի անունը: Կասկած չկա, որ Սասունին անուն դնող Հալիվորը Մելիքսեթն է՝ անձ-համակարգ, որը երբեք չի ծերանում: Եվ թեպետ նա ուղղակիորեն անուն չի դնում, այլ, կարծես, հուշում է երկվորյակ եղբայրներին Սասուն անունը, այն, բացի ժողովրդական մեկնաբանությունը, ունի նաև կարևոր հոգևոր նշանակություն: Այդ իմաստով Սասունը բացվում է որպես «սա սյուն», այսինքն՝ սա է Սյունը, Առանցքը, Կենտրոնը: Այդ ծածկագիր-անունն է այդուհետև պայմանականորեն կրում ողջ Ջոջաց տունը:

Մելիքսեթ քահանա-Հալիվորը հրաշքով հայտնվում է այնտեղ, որտեղ անելիք ունի: Եվ անկախ այն բանից, թե ինչ կերպարով է նա դրսևորվում, նրա հեղինակությունն ու հոգևոր իշխանությունը անվիճելի են: Ուշագրավ է Քաջանց երկիր գնացող Սանասարին Ալևորի տված խրատը.

 

Ինչ որ քե ռաստ կու գա՝

Թե՛ քար, թե՛ թուփ, թե՛ հայվան, թե՛ ջանավար,

Ըմնուն էլ բարև տաս, առանց բարևի չընցնես:

 

(Սասնա Ծռեր, 1936 թ., հատ. Ա, էջ 1035)

 

Ոչ սովորական խրատ, որին Սանասարը հետևում է անվերապահորեն: Իսկ այդ խրատն իրականում անգին է՝ դրան հետևելը կյանքի ու մահվան հարց է: Սասնա Ջոջը՝ Տիեզերական դյուցազուն Սանասարը, այնքան խոհեմ է, որ ընդունում է Հալիվորի խրատը:

Սասունցի Դավթի պարագայում Հալիվորը իր գործառույթը առավելագույն արդյունավետությամբ իրականացնելու համար հանդես է գալիս որպես Արտատեր Պառավ: Նա «մայրություն է» անում Դավթին՝ դրանով ապահովելով իր ազդեցությունը երբևէ մորը չտեսած և մոր կարիք ունեցող Դավթի վրա: Պատահական չէ նաև այն, որ Դավիթը նրան ՙնանե՚ է անվանում:

Չնայած չքավոր այրու արտաքուստ միանգամայն երկրային տեսքին՝ Արտատեր Պառավն այս արտաքինի տակ թաքցնում է բազմաթիվ ժողովուրդների առասպելներին հատուկ կերպարներից մեկի՝ Ալևոր Ծերունու գծերը: Այդ գծերն առավել ցայտուն են դրսևորվում հատկապես նրանով, որ Պառավը շարունակ խրատներ ու ցուցումներ է տալիս Դավթին՝ ինչպե՛ս պետք է գործել, կանխագուշակում է երիտասարդ դյուցազնի ապագան, թաքցրած գաղտնիքներ է բաց անում և մայրական խրատներ տալիս, թե, օրինակ, ինչպես խուսափել հորեղբոր կնոջ՝ Սառայի երկար ու համառ հետապնդումներից:

Հենց Արտատեր Պառավի միջոցով է Դավիթը տեղեկանում այն գանձերի մասին, որոնք պատկանում էին իր հորը՝ Մեծ Մհերին, և թե որտեղ են դրանք պահվում, և ինչպես կարելի է դրանք ստանալ: Հստակ հանձնարարականներ ստանալով Արտատեր Պառավից՝ Դավիթը կարողանում է տեր կանգնել արդեն իրեն պատկանող հոր կարողությանը:

 

Դավիթ ասաց.- Պառավ, հապա, սար որ էրթամ

Ինչո՞վ զարկեմ վիրու օչխար:

Ասաց.- Քո հեր նետ ու աղեղ ուներ:

Էդ նետ-աղեղ, ասա, թող տան՝ էնով գնա:

-Բա՜,- ասաց Դավիթ.

-Իմ հոր նետ-աղեղ ո՞ւմ մոտն է:

-Քո հրողբոր կընկան հարցուր:

Էկավ Դավիթ, հրողբոր կնկան՝ Սառյեին հարցուց.

-Հրողբոր կնիկ, իմ հոր նետ ու աղեղ ո՞ւր է:

Ասաց.- Մեռնե՛մ ես քե, Դավիթ, ես չե՛մ գիտի:

Տեսեր եմ՝ նետ-աղեղ քո հոր թև՛ն էր.

Հիմիկ ես չե՛մ գիտի ո՜ւր են մնացե:

Մնաց: Դավիթ տեսավ, որ ճար չը կա՝

Էլի գնաց Պառավու կորկի արտ:

-Պառա՛վ,- ասաց,- իմ հրողբոր կընիկ

Նշանց չի՛ տա նետ ու աղեղ:

Ասաց.- Մեռնե՛մ քեզ, ծուռ Դավիթ, թլո՛ր Դավիթ,

Գնա, նեղի քո հրողբոր կնկան

Ու նետ-աղեղ զոռովեն առ:

-Ինչպե՞ս նեղեմ, Պառավ:

Ասաց.- Գնա, քարից աղանձ արա, ասա՛

«Կամ էս աղանձ տուտես,

Կամ նետ-աղեղ նշա՛նց տի տաս»:

 

(Սասունցի Դավիթ էպոսի համահավաք

հրատարակություն, «Արևիկ», 1989 թ., էջ 265)

 

Այս իմաստուն և հոգատար Պառավը միակն է ամբողջ էպոսում, միակը Սասնա բոլոր բնակիչներից, որին մտահոգում է վարուցանքը (տեղին է հիշել, որ Սանասարի և Բաղդասարի հրավիրած Ծերունին հենց որպես սերմնացան է հիշատակվում): Հոգևոր նշանակությամբ վարուցանքը կրթությունն է՝ գիտելիքների փոխանցումը և նոր հոգևոր սերնդի վերարտադրությունը: Ակնհայտ է, որ երբ խոսքը վարուցանքի և արտի մասին է, ապա գործ ունենք հացահատիկի մշակման հետ (կորեկ, ցորեն, գարի և այլն): Հենց այստեղ է Մհերի դուրս գալու Տիեզերական ծածկագրի բանալիներից մեկը.

 

Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,

Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,

Ու գարին էղավ քանց ընկուզ մի,

Էն ժամանակ հրամանք կա,

որ էլնենք էդտեղեն:

 

(Սասունցի Դավիթ էպոսի համահավաք

հրատարակություն, «Արևիկ», 1989 թ., էջ 417)

 

 

Ստացվում է, որ հենց Արտատեր Պառավն է պատասխանատու ցորենը մասուրի չափ դառնալու և գարու՝ ընկույզի չափ դառնալու կարևոր գործի համար: Դա է այս անձ-համակարգի Տիեզերական Առաքելությունը, հազարամյակներ շարունակ և մինչև օրս հենց Նա է գլուխ բերում այդ Սուրբ գործը:

Հատկանշական է, որ Հայոց Տիեզերավեպի հերոսները կարևորագույն քայլեր կատարելուց առաջ նախ արտաբերում են Հալիվորի հոգևոր բանաձևերից մեկը՝«Հացն ու գինին, Տէր Կենդանին»: Հացն ու գինին Մելիքսեթ քահանայի խորհրդանիշներից են: Պատահական չէ, որ Հին Կտակարանում Աբրահամին հանդիպող և վերջինիս օրհնող Մելքիսեդեկ քահանա-արքան իր ձեռքերից մեկում պահում է հաց, իսկ մյուսում՝ գինի: Պատահական չէ նաև Հիսուսի՝ հացը և գինին բազմապատկելու գործառույթը կամ հացը և գինին որպես իր մարմին և արյուն ներկայացնելը: Բանն այն է, որ այս բոլոր դեպքերում խոսքը միևնույն անձ-համակարգի մասին է: Մի համակարգ, որի մասին քաջատեղյակ էին նաև Հիսուսի աշակերտները:

 

«Մելքիսեդեկ» նախ թարգմանւում է՝ արդարութեան թագաւոր, ապա՝ թագաւոր Սաղեմի, այսինքն՝ թագաւոր խաղաղութեան: Նա անհայր, անմայր էր, առանց ազգատոհմի. ո՛չ օրերի սկիզբ ունէր եւ ո՛չ կեանքի վախճան. նմանուելով Աստծու Որդուն՝ նա կա ու մնում է մշտնջենապէս քահանայ»:

 

(Թուղթ առ եբրայեցիս 7:2-3)

 

Առանցքային է Մելիքսեթ քահանա-Հալիվորին ոչ որպես ֆիզիկական անձ ընկալելը, այլ որպես անձ-համակարգ, որին ճանաչում են նախ և առաջ ոչ թե անունով, այլ գործառույթով, որը նա կատարում է: Դրանք մի շարք խիստ կարևոր գործառույթներ են, որոնք իրականացվում են ինչպես Հայոց Տիեզերավեպում, այնպես էլ այլ ժողովուրդների առասպել-ավանդույթներում: Հալիվորի կարևորագույն գործառույթներից է առաջնորդին գտնելը, պատրաստելը և իշխանության բերելը: Համակարգը նախ առաջնորդի արժանավոր թեկնածու է գտնում, ապա նրան պատրաստում է որպես ապագա հոգևոր կամ աշխարհիկ առաջնորդ: Հաջորդող քայլն արդեն ընտրվածին տվյալ հանրության և ժամանակաշրջանի համար ընդունելի որոշակի սցենարով և ընկալելի եղանակով իրական իշխանության բերելն է:

Դրա համար կարող են օգտագործվել հրաշքներ, մարգարեություններ, անհավանական իրողություններ, գերբնական ուժերի դրսևորումներ, անցյալում արված գուշակությունների իրականացում, նամակներ անցյալից կամ ապագայից: Մելքիսեդեկ-Հալիվորի համակարգը անհրաժեշտ մարդկանց հետ հաղորդակցության մեջ մտնում է տարբեր եղանակներով: Նա գործում է ոչ միայն ֆիզիկական անձի տեսքով, այլ նաև ձայների, տեսիլքների, երազների, գաղտնագրերի, առկա և ՙկորած՚ Սրբազան Գրքերի և բազում այլ միջոցներով:

Հալիվորն անհրաժեշտ եղանակն ընտրում է ըստ նպատակահարմարության և արդյունավետության: Օրինակ՝ Արթուր արքայի պարագայում դա թուրը քարից հանելն էր, որը նախանշեց, որ հենց Արթուրն է լինելու այդ Ընտրյալը: Ալեքսանդր Մակեդոնացու դեպքում՝ քրմերի կողմից դեպի Գորդյան հանգույց նրան ուղեկցելը և հուշելը, թե ինչպես պետք է լուծել խնդիրը: Դավթի պարագայում դա երկաթե սյունը կտրելու փորձությունն էր, երբ անհրաժեշտ տեղեկատվությունը Համակարգը փոխանցեց Հրեղեն ձիու՝ Քուռկիկ Ջալալու միջոցով: Դավթի հոր՝ Մհերի դեպքում՝ Առյուծին երկու կես անելը: Ժաննա դը Արկի պարագայում՝ հուշող ձայները և արքային ամբոխի մեջ ճանաչելը և այլն: Օրինակները բազում են…

Տարբեր իրավիճակներում և տարբեր ավանդույթներում Հալիվորի անձ-համակարգը դրսևորվում է որպես Վարպետ /Դեմիուրգ/, Իմաստասեր, Տեսնող, Ուսուցիչ, Դերվիշ, Ալևոր, Հեքիմ, Գուսան, Գուշակ, Ճշմարտագետ, Քուրմ, Ծերունի, Պատմող, Սուֆի, Հովիվ, Քահանա, Կառապան, Մաշտոց, Կախարդ, Մահաթմա, Հայր, Դաոս, Բրահման, Իմաստուն, Լուսաբեր, Բանասաց, Մերլին, Պառավ, Քերթող, Մանու, Ճշմարտախոս, Ալքիմիկոս, Սերմնացան, Աշուղ, Լուսավորիչ, Հնախոս, Ոգեգետ, Ուղեկից, Արիոսոֆ, Մոգ, Հեքիաթասաց, Մելիքսեթ (Մելքիսեդեկ) և մի շարք այլ գաղտնագիր անուններով:

Սրանք բոլորն իրականացնում են գերազանցապես վերազգային և վերկրոնական գործառույթներ, որոնք, իհարկե, կարող են ունենալ ինչպես ազգային, այնպես էլ կրոնական դրսևորումներ և հետևանքներ: Համակարգի ներկայացուցիչները երբեք ուղղակիորեն չեն հաստատում իրենց պատկանելությունը համակարգին՝ չմոլորեցնելու համար, և դրանով դառնում են գրեթե անճանաչելի: Նրանք, ովքեր պատրաստ են, հասկանում են ում հետ գործ ունեն, ովքեր դեռևս ոչ՝ շարունակում են որոնել: Նրանց անհնար է ճանաչել սեռատարիքային բնորոշիչներով. Հալիվորի անձ-համակարգը կարող է լինել ինչպես տղամարդ, այնպես էլ կին, ինչպես ահել, այնպես էլ ջահել: Անփոփոխ է Տիեզերական Առաքելությունը, որին ծառայում է Նա: Մելքիսեդեկ համակարգի ներկայացուցիչները աշխարհ են գալիս մարդկությանը հաջորդ հոգևոր աստիճանին բարձրացնելու, ճշմարիտ կյանքի օրինակ տալու և Տիեզերքի կամքին անհրաժեշտ չափով ծանոթացնելու համար:

Թույլատրվածի շրջանակներում ավելացնենք միայն մի կարևոր հանգամանք: Մեռյալ ծովի հնագույն Կումրանյան տեքստերում՝ Մելքիսեդեկի միդրաշում (մեկնության մեջ), նշվում է, որ ժամանակների վերջում Մելքիսեդեկն Արարչի դատաստանով պատժելու է «Խավարի Որդիներին»: Այդտեղից իմանում ենք նաև, որ Մելքիսեդեկի մարդկանց և Բելի հոգիների միջև ընթանում է պայքար, որը վերջին՝ հոբելյանական տարում ավարտվելու է Մելքիսեդեկի հաղթանակով: Այսինքն՝ Մելքիսեդեկը մեկն է, ով կռվում է Բելի դեմ և հաղթում Նրան:

 

Անդին 9-10, 2015

Share

Կարծիքներ

կարծիք