Անդին ամսագիրը` Իսահակյանի անվան գրադարանի հյուր

«Ինձ միշտ հաջողվել է մարդկանց համախմբել սիրո շուրջ և Գարուն ամսագրում, և Ար հեռուստաընկերությունում. հարյուր քսան հոգանոց ընտանիք էր: Անդին ամսագիրն էլ սիրո շուրջ համախմբված ընտանիք է, ոչ թե նայում ու գովում ենք իրար, այլ նայում ենք նույն ուղղությամբ, ինչպես Էքզյուպերին է ասում իր «Մարդկանց երկիրը» գրքում:

Զինվորներն իրենց հեռախոսի վերջին կոպեկով ինձ զանգում են: Քարվաճառից զանգել, հարցնում էին`ամսագիրն ուշանում է, հո բան չի պատահել: Բանակում տղաները մեծ հետաքրքրությամբ կարդում են մեր ամսագիրը: Գյումրու զորամասերից մեկում էի, հարցրի` ամսագիր ունեք:  Կինը փորձում էր գտնել ամսագիր, որն ավելի բարվոք վիճակում լինի: Ասաց` այնքան են կարդացել, էջերը մաշվել են: Ես էլ ասացի` հենց այդ էլ իմ ուրախությունն է»,-ընթերցողների հետ հանդիպման ժամանակ պատմեց Անդին ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը:

Անդին ամսագրի ստեղծագործական կազմը փետրվարի 26–ին հանդիպեց Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի ընթերցողների հետ:

«Մենք այս հանդիպման կարիքն ունեինք: Որպես ընթերցող` մեծագույն հաճույքով եմ թերթում ամսագրի յուրաքանչյուր էջը, ներքին թրթիռով եմ սպասում ամսագրի յուրաքանչյուր համարին: Երբ երեք տարի առաջ գրական աշխարհում հայտնվեց Անդին ամսագիրը, հենց առաջին համարից հասկացանք, որ հայտնվել է գրական-գեղարվեստական ամսագիր, որ ներկայացնում է ոչ միայն փաստը կամ երևույթը, այլև հետևողականորեն հարցեր է բարձրացնում»,-նշեց գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը:

Կարապետյանի խոսքով` ճիշտ է, գրադարանը բաժանորդագրված է ամսագրին, բայց երբեմն ընթերցողների պահանջով ստիպված է լինում աշխատակիցներից մեկին մոտակա կրպակ ուղարկել մի քանի համար բերելու:

Անդինի հեղինակները ընթերցեցին իրենց` ամսագրում տպագրված և դեռևս անտիպ ստեղծագործությունները: Ընթերցողները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու ամսագրի ստեղծագործական կազմին, ստանալու սպառիչ պատասխաններ:

Լուսանկարների շարքն այստեղ

DSC09307

 

Share

Կարծիքներ

կարծիք