Բանաստեղծություններ

 

***

Բանը Ազնվական,

Բանը Տիեզերքի,

այդ ո՞վ է շնական,

ցուցում մեր տղերքին,

որ Աստծուն են որդի…

Այդ անում է Նեռի մի շանորդի,

որ քայլում մեր մայթով,

բայց փոխում է Բանի

պատվիրանը` գայթով…

 

 

***

Սրանք կարծեցին`

իմ չլինելը օգուտ է իրենց,

և քանի գնաց խորն հարվածեցին,

որ երևային իրենք ինձնից մեծ:

Որ ես փոքր եմ` այդ ինքս եմ ասում,

բայց Աստծո փոքր եմ, ոչ սովորական,

և չեն սպանում մեծերը փոքրին,

այլ պաշտպանում ու հոգում են նրան,

քանի որ «ով իր եղբորն սպանի

սուտ առաքյալ է, և սուտ ուսուցիչ»,

սակայն ինձ եղբայր էլ չընդունեցին,

և հաշվի չառան ճրագը ձեռքիս

և խաչն իմ անձի քայլերին ցուցիչ…

Հիմա մտքերից զորքեր կազմելով

ելել, ուզում են լրիվ ավերել

իմ վանքը պայծառ,

և չեղյալ կոչել Սերն Արեգակի,

որ Տերն է իրենց և Նրանով են

դառնում տոհմածառ:

 

***

Ամբողջ օրը դևերի մեջ,

Ամբողջ օրը ձևերի մեջ,

Ամբողջ օրը խևերի մեջ,

զուր խրվեցի այս ճահիճում…

ինչ պիտի տար աշխարհը ինձ,

որ չունեի,

այդ պատճառով դեռ մնում եմ

օրենքների մեջ անզիջում,

այսչափ թերի…

ակնկալիք ունեմ, Աստված,

չթողնես ինձ այս սնափառ փորձության մեջ

թերակատար,

չթողնես ինձ մահվան գերին ողորմելի,

այլ այնտեղ տար,

ուր ընթացքս շարունակվի

ըստ Քո Կամքի, արդարաքայլ:

 

***

Դևը դևի հետ, հանցանքն հանցանքի,

թև թևի տված մեր կյանքն են որսում,

ոչ ոք չէր ուզում իր խաչը կրել,

իր խաչի համար ծեծվել, համբերել,

ու ապրել անսուտ,

պղինձ ու երկաթ վեր էին պարզում,

թե` ոսկի է զուտ:

Այս էր խնդիրը.

աչքակապուկ էր դրսում ու ներսում:

 

***

Ամոթալի է պարտված մեռնել`

կռնակիդ առած պարտքերի բեռներ.

ես անմիտ եղա

փորձեցի քաղել փշերից խաղող,

և տա Աստված որ

փշերը չելնեն ու չխեղդեն ինձ`

այլ մեջս ունենամ Տերունական կամք, Տերունական ող,

խնդության ողկույզ, ուրախության համ

ի վերինն երկնից,

և խաչակիր ուս` Կամքովն աղոթող:

 

***

Մի խեղանդամված խիստ դատեց նրան,

ով Տիրոջով էր խաչն իր շալակել,

և անարգում էր ամենքի առաջ,

շարունակելով խայթել ու զարկել…

ապշել էինք մենք, լրիվ կարկամած,

սա որ քծնանք էր իր վերևներին,

վերևներից էր ինքն իրեն սարքել

մեր գլխին աստված,

մեր բարևից էր անգամ խուսափում,

որպես ցածրերին անարժան պարգև,

և քայլում էր վես`

իր ատամներով մեր մորթին հափռած

«այր մի սրատես»,

ավելին արեց, քան չարքն հասարակ`

ֆշշում էր տեղում,

և քանի գնաց իր թույնը թնդեց,

Տիրոջ կողմ դարձած մեր մայելն անգամ

համարեց ոչինչ,

զուր ջանքեր արած մարդկության եղուկ,

և ապաշնորհ, անհույս կորածներ

հայտարարեց մեզ,

լոկ իրեն արժան մեր վարձերն աննինջ…

Մենք Քրիստոսի խիստ տկարներից,

խաչակիր տղերք,

խաչագիր տղերք,

կարկամել էինք ոչխարների պես,

որովհետև որ`

մեզ սպանելիս նա ժպտում էր մեզ`

Աստծու փոխարեն օգնության հասած

մերձավորի պես…

 

***

Նա բլթացրեց բազում հատորներ

ու աչքը հառեց մեր վերջին, վերջին,

վերջին նշխարին,

որ կոչում ենք հույս,

մինչ ի մահ խայթեց,

«լրիվ վերջ տվեց կյանքը թշվառիս,

որպես մեզ չկա մեղքերի ներման

խաղողի ողկույզ»,

Մորթին ոչխարի,

իսկ մարմնի մեջ ներսում միայն թույն,

թեպետ մեր նման նույն արևի տակ`

նույն հացն էր ուտում:

Եվ ամեն պահ եմ զարմանում, Տեր իմ,

գիտեմ, ամեն բան ու ամեն ինչ էլ

ծագում է նույնից,

ինչպե՞ս է որ սա սպանդն է փնտրում

նրանց, ում կյանքը և թե իրենը լոկ Դու ես տալիս

և թե պահպանում Վերին անհունից:

Եվ պատասխանդ հնչել է արդեն,

որ Վերջին Դատին,

յուրաքանչյուրին, ըստ չար իր գործի`

պիտ դեմ տաս պատին,

որովհետև որ

ապաշխարության ու ներման գանձի

խաչ չվերցրին,

այլ ըմբոստացան` գոռոզանալով

իրենց նյութապաշտ հպարտման թույնից…

 

***

Եվ ասում են թե` Շեքսպիրը մեծ

կյանքի ավարտին ցորեն էր ծախում,

նա որ հաց տվեց ողջ ժողովրդին`

առևտրով էր

իր գոյատևման հացը վաստակում:

Որովհետև որ

Աստծուց հանձնառած իր խաչը տարավ`

հաց ու ջուր տվեց ծարավածներին,

սակայն ոչ մի մարդ բնավ հոգս չարեց,

մի բաժակ ջուր տար, երբ ինքն էր ծարավ…

Այժմ ինչո՞ւ ես այդպես մռնչում,

իմ հոգի, կյանք իմ,

երբ վարձի պահին քեզ չեն ճանաչում,

ովքեր քեզ կերան, այժմ իրար են

դարձել բարեկամ,

և… չեն ամաչում…

Ով մեծերի դեմ մնում է սև օձ,

տարօրինա՞կ է, որ իմ պես որբին

նետեին փողոց…

 

***

Փշերն ելել են ու խեղդում են ինձ,

գարշերն ելել են ու խեղդում են ինձ,

իսկ ես արտի մեջ հասկ եմ ցորենի,

քայլել չեմ կարող,

Տեր, ազատիր ինձ փշից բորենի:

 

 

Անդին 6, 2015

 

 

Share

Կարծիքներ

կարծիք