Կատուն

Հեղինակ:

Սամվելը ման էր եկել արար աշխարհ և տուն էր եկել մեռնելու համար: Ինքն այդ մասին դեռևս չգիտեր, բայց այդպես էր: Գիտեր, որ ամեն ոք երկրի վրա մահկանացու է, հասկանում էր, որ ամեն մարդ աշխարհ է գալիս, անցնում է իր ժամանակի միջով և գնում, բայց, չգիտես ինչու, չէր հավատում իր մահվանը: Ճարտարագետի իր գիտելիքներով ու խելքով քննում ու տեսնում էր, որ մարդկային մարմինը կատարյալ մեխանիզմ է, ինքնավերականգնող մեքենա, որը, սակայն, ինչ-որ բանից ինչ-որ ժամանակ խաթարվել է և ամեն առիթով ուտում է ինքն իրեն: Մարդն իր երիտասարդ օրերին չի զգում, նաև չի գիտակցում, որ այս աշխարհում ամեն բան իր գինն ունի և ամեն ինչի համար հատուցել է հարկավոր՝ ժամանակով, երիտասարդությամբ, առողջությամբ, փողով, սիրով… Մի խոսքով, ապրելու համար կյանքով պիտի փոխհատուցես:

Սամվելը տասը տարի առաջ գնացել էր տանից: Գնացել էր փող վաստակելու, բայց ցավ էր վաստակել, անժամանակ ծերություն, ճաղատ գլուխ: Դեգերել էր Սիբիրի լայնք ու երկայնքով, զարմացել, որ Սիբիրի վատ համբավն է տարածվել միայն, սրտնեղել էր, որ չի կարողանում մի կլորիկ գումար ձեռք գցել, որ շուտ Հայաստան վերադառնա, զայրացել էր, որ ոչ ոք հեշտությամբ չի ցանկանում հրաժարվել իր փողից, հայհոյել էր՝ հասկանալով, որ մարդիկ, բոլորն էլ անխտիր, փողն ամեն ինչից շատ են սիրում… Առաջին տարիներին մի փափլիկ կին էր ճարել, աշխատած ամբողջ գումարը մսխել վրան, հետո կինը ձանձրացել էր նրանից ու ճամպրուկը ձեռքն էր տվել: Հետո, տարիների հետ, նրա հետ ընկերություն անող կանանց տարիքն էլ էր մեծացել, ինքը մեծ քաղաքից նախ շրջան էր գնացել, հետո գյուղ ու վերջին մեկ տարում անանուն մի խուտորում իրենից 15 տարով մեծ մի պառավի տանն էր գլուխը պահել: Սկզբում անեն ինչ կարծես լավ էր եղել, հետո պառավը շատ սեր էր պահանջել, շատ փող էր ուզել, Սամվելն աշխատանք չէր գտել, աշխատել չէր կարողացել ու մի կերպ հանել էր ձմեռը:

Հիմա եկել էր տուն՝ հաստատ համոզված լինելով, որ Հասմիկի մեջ եթե սեր էլ մնացած չլինի, գոնե հայուհու ամոթխածությունը նրան թույլ չի տա իրեն տանից դուրս հանել: Վերջ ի վերջո ազգ ու երամ, հարևան-բարեկամ, ուզող-չուզող ունեն, իսկ Հասմիկն ամոթխած է, Հասմիկը ներողամիտ է, Հասմիկը…

Կինը նախ զարմացել էր ամուսնուն շեմին տեսնելով. նրան թվացել էր՝ հին ու անմաքուր շոր է, պիտի վերցնի, մտցնի տաշտը, վրան եռման ջուր, լվացքի փոշի կամ ժավել լցնի ու տրորի, տրորի, տրորի, մինչև որ նրա բոլոր ծակոտիների ու թելերի միջից կեղտը դուրս գա:

Ամուսնուն ներս էր թողել, հայացքով ցույց էր տվել լողասենյակը, մաքուր փոխնորդ էր տվել: Սկզբում ցանկացել էր լվանալ ու արդուկել նրա հին շորերը, բայց հետո միտքը փոխել էր ու գցել էր աղբատարը: Թե 10-րդ հարկում չապրեին, գուցե թե վառեր, միանգամից վերացներ դրսի, ճանապարհների, տասը տարի տևած օտարության հետքը, բայց չուզեց ուշադրություն գրավել ու շորերը կապոց արեց: Ձեռի հետ նայեց գրպանները, բայց անձնագրից ու մի 10 դոլարանոցից բացի այլ բան չգտավ: Անձնագիրը սեղանին դրեց, կանաչ թղթադրամը՝ վրան ու թողեց, սենյակից դուրս եկավ: Մտավ խոհանոց հաց-մաց սարքեց ու էլի առանց խոսելու դրեց սեղանին: Սամվելը լողացավ, կերավ, խմեց, այդ ընթացքում արդարացնող բառերի հեղեղ թափեց: Հասմիկը լսեց ու չլսելու տվեց, լսեց ու չհավատաց և նրա հազար խոսքին մի բառով անգամ չպատասխանեց: Իրիկունը ամուսնու անկողինն առանձին գցեց և գլխով ցույց տվեց. «Անցիր քո սենյակը»:

Սամվելը՝ օտար կանանց նազուտուզը տարած, Սամվելը՝ օտար կանանց ոտքի տակ փալաս դարձած՝ մտքում վիրավորվեց Հասմիկից, բայց խոսք չասաց: Ի՛նչ ասեր՝ խոսելու տեղ չուներ: Հասմիկի գործազրկության նպաստի հույսին էր: Իսկ հիվանդությունը օրեցօր սաստկանում էր: Ինչ-որ անտեսանելի ձեռք ասես բռնել, սեղմել էր թոքերն ու թույլ չէր տալիս ամբողջ կրծքով շնչել: Մոտ մի ամսվա չափ ապրում էին այդպես: Հասմիկը դեղ էր բերում, հաց ու ջուր էր սարքում, Սամվելի շորերն էր լվանում: Աղջիկն ամուսնացած էր, տղան՝ բանակում, և տանը առավոտից իրիկուն միայն հին ու խամրած էկրանով հեռուստացույցն էր խոսում: Սամվելն առավոտնից իրիկուն նստում էր էկրանի առաջ ու նայում, նայում, նայում… Նայում էր ու ցաված թոքերով զոռ էր տալիս էժանագին սիգարետին: Ծուխը թանձրանում, թանձրանում էր տան մեջ: Տան ամեն ինչից նրա էժանագին սիգարետի հոտն էր գալիս: Հասմիկը համբերում էր: Նրա համար ամեն ինչ անում էր, բայց սրտի մեջ սերը վաղուց կոտրվել-կորսվել էր: Մեկ-մեկ մեղքը գալիս էր ամուսնուն. ուզում էր կողքին նստել, ձեռի հետ պատմել այս տասը տարում իր կրած դժվարությունների մասին, ցուրտ ու կիսաքաղց օրերի մասին, բայց վիրավորանքը, խոր ու անամոք վերք դարձած, փակում էր շուրթերը: Սամվելը փորձեց սիրով փափկացնել նրա սիրտը, բայց բան դուրս չեկավ, ցանկացավ ուշադրությամբ լցնել իրենց արանքում գոյացած անդունդը, բայց ապարդյուն:

Այդպես շարունակվեց մինչև հարևան Թորգոմի մահը: Թորգոմը՝ կարմրերես, առողջ և ուժեղ, մի քնի օր սրտի ցավ էր ունեցել, հետո մի առավոտ աշխատանքի գնալիս ղեկի մոտ ուշագնաց էր եղել: Նախքան իրեն կորցնելը մի կերպ կանգնեցրել էր մեքենան, բայց մինչև հիվանդանոց էին հասցրել, մեռել էր:

Սամվելն այդքանը Հասմիկի հեռախոսային խոսակցությունից իմացավ: Տեսավ, թե կինն ինչպես է հոնգուր-հոնգուր լալիս: Այդպես հարևանի վրա լաց չեն լինում, այդպես կտոր-կտոր են լինում սրտամոտ բարեկամի կամ արյունակից հարազատի վրա: Բայց ինչ ասես, որ չի պատահում կյանքում: Ո՞վ գիտե, Հասմիկն իր թաքուն ցավերի համա՞ր է այդպես կտոր-կտոր լինում: Ու մինչ Թորգոմի մարմինը հիվանդանոցից կբերեին ու մինչ մուտքի մոտ, թերթի վրա կդնեին դագաղի լաքապատ կափարիչն ու լույս կկախեին մուտքում, Սամվելը հագավ դսնավուր շորերը, դուրս եկավ մուտք: Մեկ էլեկտրիկին էր օգնում, մեկ դագաղի կափարիչի վրա ցելոֆան էր փռել տալիս, որ վրան փոշի չնստի, կասես մի օր հետո հողի մեջ չէին դնելու… Թե օրն ինչպես անցավ, գլխի չընկավ: Իրիկնամուտին տուն մտավ, առանց բերանը բան դնելու մեկնվեց չոր թախտին ու ոչ այն է քնած, ոչ այն է արթուն էր: Թորգոմի մահը նրան ո՛չ ցավ էր պատճառել, ո՛չ ափսոսանք: Հարևաններ էին, միևնույն շենքի տարբեր բնակարաններում ապրող մարդիկ, որ բարև-բարիլույսից այն կողմ չէին անցնում: Ժպտում էին իրար, բարևում, մի երկու հերթապահ հարց տալիս ու վերջ… Հիմա էլ, Թորգոմի մահից հետո, Սամվելը կպառկեր թախտին, վաղը, թաղման ժամանակ իր հարևանական պարտքը կտար, եթե չլիներ կատուն: Կատուն շեկ էր, միջին մեծության, ոչ մի բանով աչքի չընկնող, եթե չհաշվենք, որ շենքի մուտքի կողմից պատի նեղ երիզով եկել, հասել էր պատշգամբի լուսամուտին ու այն փակ գտնելով՝ չանգռում էր: Չանգռում ու մլավում էր: Սամվելը ոչ առաջ, ոչ էլ վերջին օրերին այդ կատվին չէր տեսել: Չէր էլ հիշում, որ իրենք կատու պահած լինեն կամ գոնե երես տված լինեն որևէ մեկի կատվին: Ինքը զզվում էր կատվի մազից, Հասմիկը չէր սիրում նրա անմաքրությունը, և դժվար թե իր բացակայության ժամանակ ճաշակը փոխած լիներ: Սամվելը զարմացած նստեց տեղում ու հայացքը կատվին հառեց: Նայում էր ապակու հետևից, թաթը բարձրացնում, զարմանալի կերպով մարդկայնորեն շարժում, ասես Սամվելին հասկացնում էր, որ լուսամուտը բացի.

-Այ քեզ զարմանք,- ինքն իրեն քրթմնջաց ու ապշած շարունակեց նայել: Ու մինչ անելիքը չիմացողի անգիտությամբ շարունակում էր նայել, Հասմիկը մոտեցավ լուսամուտին, ուսով մի կողմ հրեց ամուսնուն ու փեղկը բացեց: Կատուն ներս թռավ: Բայց ոչ թե հատակին իջավ, այլ կնոջ ուսին: Թաթերը ծոծրակի կողմից փաթաթեց նրա պարանոցին ու սկսեց լիզել դեմքը: Նրա շարժումները կատվի չէին, շատ էին մարդկային, ու Սամվելի մտքի մեջ վերակենդանացավ չգիտես երբ կարդացածը. «Հին Եգիպտոսում արգելում էին կատվին նեղացնել, քանի որ, նրանց կարծիքով, մեռածների հոգիները բնակվում էին կատուների մեջ»: Հիշեց միանգամից, հետո նույնքան անսպասելի ծագեց հաջորդ միտքը. «Կարո՞ղ ա Թորգոմն ա»,- բայց չթողեց, որ միտքը բնավորվի, և խռովը մոռացած՝ հարցրեց կնոջը.

-Էս կատո՞ւն երբ ես ճարել:

Կինը չխոսեց: Կատուն ուսին /երեսը լպստելով, վիզը գրկած/, քայլեց դեպի բնակարանի  խորքը:

«Թյո՛ւ,- սրտնեղած մտածեց Սամվելը,- էս կատուն սրանից առաջ չկար, էս մի ամիս է՝ չկար ու հանկարծ, Թորգոմի մեռնելու հետ հայտնվեց»: Հետո մտքում ինքն իրեն թույլ ու անհավես հանդիմանեց: Այնքան էր կռվել ինքն իր հետ, որ հիմա այլևս ուժ չուներ կռվելու, մտքում ինքն իրեն ասել, պրծել էր հանդիմանանքի բոլոր բառերը, սեփական երեսը հազար անգամ վեր էր առել ու հիմա միայն մտքի ծայրով սկսեց դեմուդարձ լինել: Բա ի՞նչ: Տասը տարի է անցել: Թե ծաղիկը տասն օր չջրես, կթառամի, ձեռաց կվերանա, թե ծառը տասը տարի չխնամես, կվայրենանա, ուժ կտա արմատին, արմատը կիջնի, մի պուտ ջուր գտնելու հույսով կգնա գետնի անդունդը, և սաղարթը ծաղիկ ու պտուղ տալը կմոռանա, թե սեփական կնոջդ տասը տարի չսիրես, նույնիսկ կատվին կփոխարինի քեզնով:

Նա արագ գնաց կնոջ հետևից ու փորձեց նրան տնավարի սիրող կատվին ցած գցել ուսից: Կատուն նվաց անբնական ձայնով ու ճանկերը խրեց Սամվելի ձեռքի մեջ: Մի քանի վայրկյան այդպես կախված մնաց ձեռքից, հետո թռավ հատակին ու փախավ, մտավ բազմոցի տակ: Ձեռքի վերքը խորն էր: Ասես դանակ էին մտցրել: Ցավում էր անտանելի, ու արյունը չէր դադարում: Հասմիկը յոդ գտավ, անխոս ու վարժ սպեղանի դրեց վերքին, փաթաթեց:

-Դրան որտեղի՞ց ես գտել,- կնոջ աչքերին նայելով՝ հարցրեց թշնամանքով:

-Էս դատարկ տան մեջ, էս չորս պատի արանքում իմ չոր գլուխը ո՞նց մենակ ապրեր: Կատու է, էլի…,- վերջապես խռովը մի կողմ դրած պատասխանեց կինը:

-Դու ե՞րբ դարձար կատվի սիրահար,- հարցը երկիմաստ էր: Կինը հասկացա՞վ, թե՞ ոչ, Սամվելը չիմացավ, բայց պատասխանեց ամուսնու տոնով.

-Էն օրվանից, երբ անմարդ մնացի, երբ…

Ուզում էր ասել .ՙԵրբ քեզ առողջ և ուժեղ տվեցի օտարությանը և ետ ստացա հիվանդ ու ջարդված՚: Ուզում էր ասել, բայց միտքը թաքցրեց:

-Բա Թորգո՞մը,- այլևս կասկածը պահել չկարողացավ ամուսինը:

-Թորգոմն ի՞նչ,- մի բան թաքցնողի վեհերոտությամբ հարցրեց կինը:

-Դու կիմանաս:

-Ես իմանալու ի՞նչ ունեմ, Թորգոմին վաղը հողին կհանձնեն:

-Հետը սիլի-բիլի չե՞ս արել:

-Խելքդ տե՞ղն է: Մեռածի հետևից կամ լավը, կամ ոչինչ,- կինը նետեց չուզենալով, կանգնեց հայելու առաջ, իրեն կարգի բերեց ու գնաց մեռլատուն: Ինչքան չլինի՝ հարևան են, սև ու սուգը կանցնի, հիշողությունը կմնա, էլի իրար երեսի նայել կա, իրար հետ շուկա գնալ, սուրճ խմել կա:

Իսկ Սամվելի ներսում ուռչում, հոգին կտոր-կտոր էր անում խանդը: Էս կատուն սովորական չէ, էս կատուն բազմոցի տակից իրեն է նայում մարդու աչքերով:

-Դուրս արի,- ասես մարդու հետ խոսելիս լիներ՝ լուրջ ու հաստատուն դիմեց կատվին: Կատուն ավելի խորը մտավ բազմոցի տակ:

-Դուրս արի, կորի,- ձայնը բարձրացրեց Սամվելը:

Կատուն ասես ընդունեց մարտահրավերն ու մլավեց գազազած: Սամվելը կռացավ, փորձեց նրան դուրս քաշել բազմոցի տակից, բայց կատուն սկսեց թաթերով պաշտպանվել: Երկար տանջանքից հետո մի կերպ բռնեց վզից, տարավ պատշգամբ ու բաց լուսամուտից ներքև նետեց: Թող ջախջախվի, պրծնի: Բավական չէ, իր բացակայությամբ տուն է մտել, տեր է դարձել, հիմա էլ եկել, մտել է կատվի մեջ… Նա հիմա լրիվ հավատում էր, որ Թորգոմն ու կատուն մեկ են, որ Թորգոմը գուցե վերջին անգամ, կատվի լեզվով տնավարի ու ընտել, համբուրում էր Հասմիկի վիզն ու դեմքը: Կատուն թռավ մի երկու հարկ, կախվեց յոթերորդ հարկի լվացքի պարաններից: Հետո մարմնամարզիկի նման թոկից կախված՝ թաթերը փոխելով շարժվեց դեպի պարանը պահող ձողը, բարձրացավ պատուհանի գոգին և նեղ բազրիքով շարժվեց դեպի միջանցքի բաց պատշգամբը: Սամվելը նայեց, բայց կատվի ուր գնալը չտեսավ: Ծխախոտ կպցրեց, եկավ ու պառկեց թախտին: Չէր հասկանում՝ իր հետ ինչ է կատարվում: Եթե որևէ մեկն իմանար, որ ինքը ի դեմս կատվի խանդում է մեռած հարևանին, հաստատ իրեն էն հաստատության բնակիչ կհամարեր, բայց կատուն, ախր, շատ էր մարդանման: Այդպես միայն սիրող տղամարդը, կարոտած արուն կարող է գրկել ու սիրել իր էգին:  «Տեսնես կատուն է՞գ էր, թե՞ որձ»,- մտածեց ուշացած: Այդքան կռվել էր հետը, բայց ժամանակ չէր ունեցել կամ գլխի չէր ընկել նայել:

Նստել էր՝ աչքը հեռուստացույցի էկրանին: Հեռուստացույցի ձայնը ցածր էր արել. ամոթ է, հարկում մեռել կա, լավ չէ…

Հասմիկը ուշ եկավ: Դարձյալ անխոս ու լուռ լվաց աչքերը, ով գիտե, շատ էր լացել: Հաց կերավ և պառկեց: Սամվելը մտավ նրա սենյակ: Կինը փաթաթվեց վերմակի մեջ, ինչպես օտար տղամարդու ներկայությամբ կփաթաթվեն: Բայց Սամվելը հարց ուներ:

-Թե կատուն քոնն էր, էսքան ժամանակ ո՞ւր էր: Էսքան ժամանակ տանն եմ ու կատու չեմ տեսել:

Կինը սկզբում որոշեց պատասխանի չարժանացնել նրան, ուզեց երեսը շուռ տալ պատի կողմն ու արհամարհել, բայց նայեց նրա երեսին ու զարզանդ եկավ վրան: Ամուսնու աչքերը մութ էին, խոնավ ու անընտել՝ գարնան անձրևոտ գիշերվա նման:

-Ո՞ւր էր,- նետեց խռով-խռով,- մի ամիս է՝ կորել էր: Էսօր էկավ: Ես ի՞նչ գիտեմ՝ ուր էր:

Քունը չէր տանում, առանց կնոջն ասելու դուրս եկավ տանից ու Թորգոմենց տուն մտավ: Թե ուրիշ ժամանակ դուռը պիտի ծեծես, բացատրես, թե էս ուշ ժամին ինչու ես ուզում ներս մտնել, հանգուցյալի դեպքում ուրիշ է: Մարդու մեռնելով իր դուռը բաց է լինում բոլորի առջև: Ծանոթ ու անծանոթ չի հարցնում, ուզող ու չուզող չի ճանաչում: Մեռելի տունն անառակ կնոջ անկողին է դառնում, ով ասես մտնում է, երբ ասես մտնում է, իր հոգում եղած վիշտը, իր սրտնեղությունը թափում ու հեռանում է: Մարդն ինչքան փակ է եղել իր կյանքի ընթացքում, մահվան երկու-երեք օրվա ընթացքում էդ պարքը տալիս, վերջացնում է ու նոր մտնում է հողի տակ:

Սամվելը թեթև հրեց դուռը, տանու մարդու պես ներս մտավ: Մեռելի սենյակում, պատի տակ նստած էին բարեկամներից երկուսը: Ուս ուսի էին տվել, տերողորմյա էին քաշում ու խոսում առօրյա հոգսերի մասին: Այնքան անտարբեր ու այնքան սովորական էր նրանց խոսակցության թեման, ասես սեղանին դրածն իրենց հարազատն ու արյունակիցը չէր, այլ անծանոթ ու անընտել մեկը: Խոսում էին այնքան հանգիստ, կասես իրենք հավերժ էին, ու մահը մոտ չէր գալու իրենց: Գիշերվա մի ժամի սուրճ բերեցին, օղի, երեկվա խաշլամա: Մի-մի բաժակ ողորմաթաս խմեցին, բաժակներն իրար զարկելու փոխարեն ձեռքները կպցրին իրար, մի թույլ բերան միս ծամեցին, հետո եռման սուրճը խմեցին ֆռթոցով: Ասես հանգուցյալը տան կարասի էր, ասես չէր եղել, ասես… Հետո բարեկամներն սկսեցին դանթել, իսկ Սամվելը տեղից վեր կացավ, ծուխը ցրելու համար լուսամուտը բացեց: Եվ հանկարծ տեսավ կատվին: Կատուն իրեն ճանաչեց, ինքը՝ կատվին, ու թշնամաբար իրար նայեցին: Եվ մինչ Սամվելը կմտածեր անելիքը, կատուն նրա կողքով ցատկեց սենյակ ու հարձակվեց  Թորգոմի դիակի վրա: Եթե չլիներ քնից վեր թռածների աճապարանքը, հաստատ մի վնաս կտար:Փորձա՞նք էր անտերը,- թոնթորաց մեջների տարեցը, որ Թորգոմի հորեղբայրն էր ու կշտամբեց Սամվելին,- բա դու չգիտե՞ս, որ կատուն հարձակվում է դիակի վրա: Չգիտեմ՝ հոտի՞ց է, թե՞ ինչից, հարձակվում է…

Սամվելը չգիտեր ու սսկվեց, բացի այդ ո՞նց պատմեր իր կասկածների, իրենց տանն իր գլխին եկածի մասին ու լռեց՝ մտածելով. «Ես էլ հո մեռել չէի՞»: Հետո հիշեց կատվի չանգռածը, ու վերքն սկսեց տրոփել: ՙՀաստատ թարախակալել է՚,- մտածեց անտարբեր, կարծես ուրիշի ձեռք էր վիրավորվածն ու թարախակալածը: Հետո կատվին դուրս արեցին, լուսամուտը փակեցին, էլի զրուցեցին դեսից-դենից, մինչև լույսը բացվեց:

Երբ իրիկունը Թորգոմենց տուն եկավ, մտքինը նրան մոտենալը, երեսին նայելն ու հարցնելն էր Հասմիկի հետ ունեցած նրա հարաբերությունների մասին: Գիտեր՝ պատասխան չի ստանալու, բայց հույս ուներ, որ ինչ-որ բան գլխի կընկնի: Չգիտեր ինչպես, բայց համոզված էր, որ ինքը մի բան կհասկանա, սակայն կատուն խանգարեց: Եվ, Սամվելի կարծիքով, դա էլ պատահական չէր: Կարող էր առավոտվա դեմ մոտենալ հարևանին, բայց լուսաբացի լույսի տակ նա ասես քնած լիներ, ու Սամվելը միտքը փոխեց: Գնաց տուն, լվացվեց, սափրվեց, կարծես հարսանիք էր գնալու՝ շորերը փոխեց ու նորից կանգնեց միջանցքում: Իրեն Թորգոմին բարեկամ համարող անծանոթներից ցավակցություն ընդունեց, ծանոթներին Թորգոմի մահանալու հազար անգամ պատմած պատմությունը հազարմեկերորդ անգամ պատմեց, մտերիմներին խաբեց՝ իբր ձեռքը միս կտրելիս է վնասել:

Հետո թաղման թոհուբոհի մեջ մոռացավ կատվին, բայց երբ Թորգոմին փոսն էին դնում, և գերեզմանափոր Բուլդուզեր Եղոն մի մեծ քար առած մեխում էր դագաղի կափարիչը, հայտնվեց կատուն: Հուղարկավորների զարմացած հայացքի առաջ նետվեց փոսը, պտտվեց արդեն մեխած դագաղի շուրջը, անտանելի վայնասուն հանեց ու թռավ փոսից դուրս: Դիմացի գերեզմանաքարի վրա պպզեց, նայեց, թե ինչպես են փոսը լցնում բահ առ բահ, և դագաղն ինչպես է իր վրա լցվող հողից ու քարերից տնքում, հետո թողեց, փախավ:

 

***

Կատուն այլևս ո՛չ տանը երևաց, ո՛չ շենքում: Սամվելը գերեզմանոցում կատարվածի մասին կնոջը ոչինչ չասաց՝ վստահ լինելով, որ մեկին տասը ավելացնելով պատմած կլինեն ուրիշները: Մանավանդ որ կինը առաջվա պես լռում էր:

Եվ նա ապրում էր կնոջ լռության ու իր սաստկացող մշտարթուն ցավի արանքում՝ օրեցօր ահագնացող կարոտով սպասելով կատվին, համոզված, որ իր մարմինը ցավից և հոգին՝ խանդոտ կասկածանքից ազատողը նա է լինելու:

 

 

 

Անդին 6, 2015

Share

Կարծիքներ

կարծիք