«Սուտ են այդ մերկ բնորդուհիները»․ Ավետիք Ալավերդյան

Avetik-AlaverdyanՆոյեմբերի 13-ին «Կալենց» թանգարանում  բացվեց նկարիչ Ավետիք Ալավերդյանի «Գույնն իբրև կիրք» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Նկարչի հետ զրուցել ենք սկզբի, ստեղծագործական ընթացքի ու չվերջանալու մասին։

 

Սկիզբը

Չգիտեմ, ընտանեկան պայմանները նպաստեցին, եղբայրս, ով ճարտարապետ է։ Սարի ծաղիկներից եկավ, գառ պահելու ժամանակներից։ Սկիզբը՝ չգիտեմ, ընթացքում ձևավորվեցի։

 

Ես չէի, սարքովի բաներ էին

Ինձ համար մերկ բնորդուհիների, մարմինների, ֆիգուրաների ժամանակն անցել է։ Եթե հիմա նկարեմ, կեղծ կլինի։ Եղել է նման շրջան իմ կյանքում։ Դե, քառասուն տարուց ավելի քաղաքում էի։ Զգացի, որ այն ամենն, ինչ անում եմ, կեղծ է, սուտ են այդ մերկ բնորդուհիները։  Ես չէի, սարքովի բաներ էին։ Միանգամից վերջ դրեցի։

Պետք էր վերադառնալ մանկություն։ Ամենամաքուր վիճակը մանկությունն է՝ ինչ ես տեսել, ինչ ես զգացել։ Սկսեցի վերհիշել այն բույրերը, որ մոռացել էի՝ մանկության, դաշտերի։ Գառ էինք պահում, լճակներում լողանում էինք։

 

Էլի անդերգրաունդ եմ

Ես էլի նույնն եմ, էլի անդերգրաունդ եմ։ Չեմ խառնվում մասսայական ցուցահանդեսների, որ անուններ են կոչում՝ այսինչի հետ կապված, այսինչի առիթով։  Նման ցուցահանդեսներ չեմ սիրում։

Ինձ համար շատ կարևոր է, թե ինչի անվան տակ են նկարները ցուցադրում։  Եթե ավանգարդ վերնագիր լինի, ոչ կառավարական, միգուցե մասնակցեմ։ Ասենք, եթե վերնագիրը «Անդերգրաունդ» լինի, կմասնակցեմ (ծիծաղում է,-հեղ․):

Եթե նկարում ես, պիտի ցուցադրվես, նայած՝ ով է քեզ ցուցադրում։

 

Երևի մի քիչ ինձ սիրում եմ

Մեկ-մեկ անդրադառնում եմ ինքս ինձ։ Որպես դիմանկար ինձ դուր է գալիս, երևի մի քիչ էլ ինձ սիրում եմ։  Ինքնանկար անելու ընթացքում որոշ հոգեբանական բաներ ես բացահայտում։ Մտքեր են գալիս, գնում, խոսում ես ինքդ քեզ հետ։

 

«Ծնողանկարչությունը»՝ տեսակի խնդիր

Եվ իմ ծնողներն են, և այդ տեսակը այսօր պակասում է, գրեթե գոյություն չունի։ Տեսակի խնդիրն եմ փորձում լուծել ծնողներիս նկարելու միջոցով, իսկական գյուղացու տեսակի խնդիրը։

 

Իմ գույնը

Գրեթե բոլոր գույները սիրում եմ։ Դեղինը, սևը, մանուշակագույնի երանգները, այն, ինչ մարդուն գրգռում է, զայրացնում է, ուրախացնում է, տխրեցնում է։ Բոլոր գույները հրաշք են, պետք է տեղին օգտագործել։ Գույների համադրությունն եմ սիրում։

 

Հին ու հարազատ Երևանս

Ուսանողական տարիներ էին։ Թերլեմեզյանի պատուհանից Կոնդը երևում էր։ Անընդհատ նկարում էինք։ Կոնդը, Սարի թաղը այսօր էլ կան ու հարազատ են ինձ։ Երևանի հինն է ինձ դուր գալիս։

Հին Երևանի կենտրոնի քանի՞ տոկոսն է մնացել, հինգ տոկոսը մնացած լինի, թե ոչ։ Այնքան գեղեցիկ թաղամասեր հիմա չկան։ Դուք հին Երևանը հիշու՞մ եք։ Այսօրվա Հյուսիսային պողոտայի տեղում գիտեք՝ ինչ արժեքավոր շենքեր կային, որ հիմա չկան։ Գնացեք Թիֆլիս, ոչ պակաս էր Հին Երևանը։ Չկա, վերացավ։ Ափսոս, բայց էլ հետ չես բերի։

Լսել եմ՝ ուզում են «Հին Երևան» կառուցեն։ Անիմաստ բան է։ Նոր կառուցես հին Երևանը։ Ու՞մ ես խաբում, դա քեզ ի՞նչ է տալու։

 

Ես չէի, սուտ նկարչություն էր

Յոթ տարի Մոսկվայում էի։ Այնտեղ ապրելն ինձ շատ օգնեց, ազդեց նաև նկարչությանս վրա։ Չեմ էլ հիշում՝ մինչ այդ ինչ գործեր եմ արել, ինձ հարազատ գործեր չեն եղել, վաճառել եմ։  Ես չէի, սուտ նկարչություն էր։ Այն, ինչ հիմա տեսնում եք, ես եմ։

Պիտի ազնիվ լինես ինքդ քեզ հետ և ուրիշների հանդեպ։ Արվեստագետը պիտի ներկայանա այնպիսին, ինչպիսին կա։

 

Հասկացվել-չհասկացվելու խնդիր

Գիտեք, չեմ մտածել այդ մասին։ Եթե այդպես լինի, ուրեմն պետք է մտածեմ՝ մարդիկ ինչ են ուզում, իսկ դրան հետևել, նշանակում է կորցնել այն, ինչ ունես։ Թող իրենք խորանան։

 

Արվեստը ․․․

Ճանապարհ է։ Չգիտես՝ ուր ես գնում,  անհայտ տեղ է։ Եթե ասես՝ վերջ, արդեն հասել եմ, էլ տեղ չկա, ուրեմն դու վերջացել ես։ Արվեստն անընդհատ փնտրտուք է։ Եթե չկա այդ փնտրտուքը, չկաս նաև դու։

 

Share

Կարծիքներ

կարծիք