Գիշերային ռապսոդիա

 

Մարիա,

թող որ ամեն գիշեր

հրեշտակի նման

տաք փաթիլներ իջնեն

մթնշաղի ճերմակ թարթիչներին,

և բյուրեղյա լույսից արտացոլված

աշնան ֆոսֆորափայլ արցունքների միջով

քո անունը օծված եթերային փոշուց

կիսամութի ոսկե քնքշության պես սուզվի

կապտականաչ ծովի երազների վրա:

Լսիր,

Մարիա,

խոնավ երեկոն սահում է դանդաղ երակներիս մեջ

ու շշնջում է վերջալույսների մարող մեղեդին:

Արծաթեկաթ լուսնից թերթիկներ են թափվում՝

ակոսելով ուրվագիծը ճաքած հայելիների:

Մարիա,

կաթնագույն ստվերները տխրություն են մաղում

պատերին սերտաճած դատարկության վրա:

Օրացույցից պոկվող ապակե տեսիլքները

սինթեզում են մենության մեջ թաղված

մառախուղի անձրևոտ զառանցանքը:

 

 

Հիմա մահը հանդարտ

բժշկուհու նման

իր մատներն է հպում աղակալած մաշկիս…

Մարիա,

բառերը դողում են միայնության մեջ,

տխրություն է հոսում քամուց գիշերային…

ու պեղում եմ մութը գունատ

իմ բիբերի մետաղով…

և աղմուկը սեպագրում է

փշաքաղված ակորդները թղթե մղձավանջի:

Մարիա,

լուսաթաթախ աչքերով Մարիա,

գրիչս թարգմանում է քո հայտնության ֆենոմենը:

Մոմե սարդոստայնից

թափանցիկ հնչյուններ են ընկնում

հուշերի կնճռոտ ափերի մեջ,

ու շշուկներն անթաղ դագաղների նման

համրանում են միջանցքների անլույս ծանրությունից:

…Էլեկտրական,

թարթող լապտերները

փոշոտ տերևներ են շաղ տալիս

տրտմության դեղին ալիքների վրա:

 

Ոչինչ չեմ զգում:

Աչքերով շոշափում եմ պատուհանը լիզող կապույտ գոլորշին:

Ու չասված,

թափանցիկ բառերն արնահոսում են անքնության մեջ:

Դողացող ձեռքերով ուրվականները

խլացնում են ներթափանցող եթերային սիմֆոնիան:

Լուսնոտներ են քայլում անդունդների եզրով…

 

Շարժումը դադարում է:

 

…Թող ձյուն տեղա,

Մարիա,

որ փաթիլների շոյանքից պարուրվես

և լսես հանդարտ հալչող հիշողության ձայները,

որից այն կողմ

գոյություն չունեցող ստվերների աշխարհն է…

Թող իջնող լռությունը մագնիսանա,

գիշերը փակի իր երկաթե կոպերը,

ու խզվող թախիծը ձուլվի լույսից գունատված

ապակու թաց ակնախորշերին:

 

Անդին 9-10, 2015

Share

Կարծիքներ

կարծիք