Ամբողջ Հայաստանը վերածնվում է կրակով

Հեղինակ:

Դատարանի կողմից ցուցմունք տալու ծանուցագիրը ձեռքիս՝ կանգնեցի դատարկության կենտրոնում գտնվող մուգ մանուշակագույն շենքի դիմաց: Շենքից պարզորոշ լսվում էր լռությունը: Մի քանի սևազգեստ անձինք դուրս էին բերում իշոտնուկներ՝ ապագա հանգուցյալի լավ օրերը հիշել ցանկացողների համար: Գլխարկս ամուր գլխիս քաշել՝ ներս անցա: Այն, ինչ կատարվում էր շենքի ներսում, հիշեցնում էր հայաստանյան քաղաքացիական դատական նիստերը. միայն թե ամբաստանյալը կանգնած էր միայնակ, առանց փաստաբանի, իսկ դատավորն ու դատախազները մահվան հրեշտակների էին նման: Կամ հենց իրենք էին: Դահլիճում մի քանի միլիոն մարդ կար, պատերից էլ կախված էին մեծ էկրաններ, որտեղից բազմահազար մարդիկ հեռատեսիլով  հետևում էին նիստին: Շատ չանցած՝ հասկացա, որ նիստը գրեթե զերծ է պաշտոնականությունից: Ձայնեց դատախազներից մեկը, ում արտաքինից ինչ-որ մեկին նմանեցրի, բայց այդպես էլ չկարողացա տեղը բերել:

-Աստարոտ,- դիմեց նա մեկ այլ դատախազին,- ինձ և երեքմիլիոնանոց դահլիճին հիշեցրու, թե որն է ամբաստանյալի մեղավորությունը:

Աստարոտ անվանվածը բացեց մի մեծ կարմիր մատյան և առույգ կերպով սկսեց կարդալ.

-Ինքն իրեն Հայաստանի երրորդ հանրապետություն կոչող ամբաստանյալը մեղադրվում է. առաջին՝ ծանր հիվանդություն ունենալու մեջ: Իր կյանքում տեղ գտած բոլոր իրադարձությունները, մարդկանց, արվեստի գլուխգործոցները Հայաստանը ոչ թե մակերեսորեն է վայելել, ինչպես հարկն է, այլ ներս է վիժեցրել՝ ձեռք բերելով իր համար խիստ վտանգավոր հոգու քաղցկեղ:

Դահլիճում շշուկները ակտիվացան: Պարզորոշ լսեցի կողքիններիս քրթմնջոցները. «ախր, հազար էինք ասում՝ թոքերիդ հերը կանիծես», «ասա քո որ տարիքն է, որ ծխում ես», «իր մասին չի մտածում, իր ներսինների մասին գոնե մտածեր»: Աստարոտը ջղային հայացք նետեց հավաքվածների վրա, բարձր հոգոց հանեց՝ «այս հայերին ո՞վ հորինեց» ասելով, դատավորից հարվածի արժանացավ, ներողություն խնդրեց ու շարունակեց.

-Քանի դեռ Հայաստանի հոգու քաղցկեղը չի հասել իր կիզակետին, չի «արժանացրել» իր կրողին ծանրագույն ցավեր և դանդաղ ու դաժան մահով չի մեռցրել ներսից, երկնային դատարանն առաջարկում է այս հարցը լուծել մեկ գործողությամբ՝ սպանել Հայաստանին և վերջ:

-Սա Հայաստանն է, և … վերջ,- դառը քմծիծաղով մրմնջաց ամբաստանյալը։

-Դեմ եմ, որ մեր երկրին ձեռք տաք,- պատին փակցված էկրաններից ճչացին մի խումբ մարդիկ,- որ եկել հասել ենք, ձեզ էլ, ձեր երկնային դատարանն էլ…

-Այո՛, ոչ ոք իրավունք չունի մատով դիպչել մեր երկրին,- ոգևորված գոչեցինք դահլիճում նստածներս:

-Ոչ ոք չի սպանի մեր Հայաստանին,- գոռգոռացին մյուս էկրաններից:

-Այո՛,- էլ ավելի ոգևորվեցինք մենք:

-Լավ,- սիրալիր ժպտաց Աստարոտը և դիմեց հազարավոր էկրաններին,- վաղն ևեթ բոլորդ եղեք այս դահլիճում, միասին կքննարկենք Հայաստանի լինել-չլինելու հարցը:

Էկրաններից հորդող ոգևորվածությունը մարեց:

-Մի բան հարցնեմ,- խոսեց աստղաշատ էկրանի ներկայացուցիչներից մեկը,- իսկ այդ հիվանդությունը, որ կա, դե, այդ քաղցկեղը, օդակաթիլային ճանապարհով չի՞ փոխանցվում:

Ամբաստանյալը ծանր հոգոց հանեց, նիստին դահլիճում հետևողներով լռեցինք, Աստարոտը գոհ ժպտաց: Մյուս դատախազը՝ Ազրայիլը նրա ձեռքից խլեց կարմիր մատյանը և իր բամբ ձայնով սկսեց գոչել.

-Հարգելի՛ ներկաներ, Հայաստանը մեղադրվում է նաև իր ուսերին գամված միակ առաքելությունը, այն է՝ երջանիկ դառնալը, չիրագործելու մեջ: Եվ այժմ, որպեսզի երկնային դատարանին հետագայում չմեղադրեք անժողովրդավար կեցվածքի մեջ, մեզ պետք է դահլիճի համաձայնությունը Հայաստանը մեկընդմիշտ վերացնելու համար:

Տեսնելով, որ դահլիճը չի կարողանում իր բողոքը փաստարկել՝ ձեռքս բարձրացրի.

-Պարոնայք հարգարժան սատանայահրեշտակներ: Ես գրանցված վկա եմ, ցանկանում են ցուցմունք տալ գործի վերաբերյալ:

Առանց սպասելու դատավորի և դատախազների թույլտվությանը, ես վազեցի առաջ ու գլխարկը էլ ավելի քաշելով գլխիս, սկսեցի խոսել.

-Ես իրեն Հայաստանի երրորդ հանրապետություն կոչող երկրի քաղաքացի եմ ընդամենը քսան տարի: Ինձ ոմանք «լկստված» են անվանում, ոմանք քմծիծաղով են վերաբերվում, բայց բոլորն էլ գիտակցում են, որ իմ ձայնն ամենաարժեքավորն է այսօր: Լուսակիր դատավորը կհիշի. երբ նախկին կյանքս լքեցի, ինչպես և բոլոր հոգիները հնարավորություն ունեցա ապագա ես-ս ընտրելու ու ընտրեցի, թե ինչ սեռով, մարմնով, ցանկություններով ու բարդույթներով պետք է վերադառնամ Երկիր մոլորակ: Երկնքում ազգը չեն որոշում, որովհետև ազգ ասվածը իռացիոնալ է էվոլյուցիոն տեսանկյունից. երկրային արարածները ըստ զարգացման հետևյալն են՝ անշունչ օրգանիզմներ, բույսեր, կենդանիներ և մարդիկ՝ առանց որևէ տարանջատման: Այնպես ստացվեց, որ ծննդյանս գալուստը Հայաստանում եղավ: Եվ ես այժմ գիտակցում եմ, թե ինչու…

Դահլիճը համեմատաբար լուռ էր, դատախազները հետաքրքրությամբ լսում էին ինձ, իսկ դատավորն ու ամբաստանյալը ժպտում էին՝ լավ իմանալով, թե ինչ եմ ասելու:

-Ես Հայաստանում ծնվեցի, որովհետև իմ ներսում խտացված վիճակում Հայաստան կար: Ամեն մարդու մեջ Հայաստանի իր չափաբաժինը կա, բայց իմ դեպքում լուծույթը հարյուրտոկոսանոց էր: Ես իմ կյանքի ուղիով լիովին արտատպել էի Հայաստանի պատմությունը. մինչև հինգ տարեկան դառնալս ես ունեի ամեն ինչ, պաշտում էի մի քանի աստծո՝ Հորս գլխավորությամբ, ուժեղ էի և ինքնավստահ: Դպրոց գնալուս առաջին օրերից ինձ անդադար փորձում էին ենթարկեցնել, շեղել իմ ճիշտ ուղուց, ես էլ ամեն օր իմ տարածքները պաշտպանելու կռիվների մեջ էի: Դեռահասության շրջանում ես գրեթե լիովին կորցրի իմ ես-ը՝ աշխատելով ապրել միայն կենցաղով, միայն վաղվա օրվա համար: Հետո նշեցի Վերածնունդս, որից շատ չանցած վերջնականապես կորցրի այն, ինչ ունեի. իմ բոլոր երազանքները կոտորվեցին, ապրելու ցանկությունս նահատակվեց: Բայց մի գեղեցիկ գերեզման կառուցեցի չիրականացված միլիոնավոր հույսերի համար ու փորձեցի ոտքի կանգնել: Մի քանի անգամ էլ ընկա սրա-նրա ազդեցության տակ: Իսկ հիմա չնայած ծանրագույն հիվանդությանս՝ ձեր առջև կանգնած եմ սեփական ոտքերիս վրա: Հանուն ինչի՞ չսպանել Հայաստանին: Հանուն նրա, որ Հայաստանը ես եմ, որքան ես եմ Հայաստանի մի մասինիկը, այնքան էլ նա է իմը: Առանց իմ համաձայնության և առանց իմ հեռանալու դուք նրան սպանել չեք կարող: Իսկ ես Հայաստանից չեմ հեռանալու:

Հոգեպես մահվանն արդեն պատրաստ Հայաստանի գույնը հետզհետե ետ էր գալիս: Նկատելով ամբաստանյալի և դահլիճի ոգևորվածությունը՝ դատախազները սկսեցին նիստը կարգի հրավիրել: Սակայն «հայ են, չէ»,  արգելքներն իրենց համար չեն, երբ կա առաջնորդող մի գաղափար, որի ետևից կարելի է գնալ: Միլիոնները սկսեցին այսուայն կողմից ճչալ.

-Ես մնալու եմ Հայաստանում հանուն ընտանիքիս,- ճչաց մի երիտասարդ:

-Իսկ ես՝ հանուն նրա, ինչ եղել է, ինչ կա և ինչ կլինի,- բամբ որոտաց մյուսը:

-Հանուն պապերիս գերեզմանների եմ մնալու,- ցածր մրմնջաց մի տղամարդ։

-Տիգրան Մեծի ու Վարդան Մամիկոնյանի անունները չտան միայն թե,- հոգոց հանեց Ազրայիլը, — այս ժողովուրդը ներկայով ապրել չգիտի:

-Հանուն նրա, որ մի օր Արևմտյան Հայաստանը թեկուզ լիզելով վերակենդանացնենք,- ժպտաց մի նվարդադեմ տիկին։

-Իսկ ես զինվորիս եմ սպասում…,- սա էլ մի երիտասարդ աղջնակ ասաց: Ու դահլիճը շարունակեց պայթյուններ բաց թողնել.

-Ես մնալու եմ, որ գնացողների փոխարեն պայքարեմ:

-Ես մնալու եմ, որ քայքայված երկիրս էլ ավելի չքայքայեմ:

-Ես մնալու եմ, որովհետև չեմ կարող չմնալ:

-Ես մնալու եմ, որովհետեւ հանուն ինչի՞… գնալ:

-Հայաստանը ուրի՛շ հմայք ունի:

-Ես ինձ լիարժեք չեմ զգա առանց հայերի:

-Ի ծնե հայրենիքես հեռու եմ եղել, հիմա եկել եմ, քշո՞ւմ եք նորեն…

-Ես մնալու եմ առանց պաթոսի: Ուղղակի մնալու եմ, չեմ բացատրի։

-Ես էլ մնալու եմ հանուն ապահովության: Հայաստանից հեռու ամեն օր սպանդ ու թալան է:

-Դե, մեզ մոտ էլ են երբեմն թալանում, բայց երեխաներին հանգիստ բակ իջնել ենք թողնում:

Միլիոնների ցուցմունքները գրագիրները հազիվ էին հասցնում գրառել: Ամբաստանյալն ու դատավորը կրկին նույն զգացմունքներն էին արտահայտում՝ մեկ սինքրոն ժպտում էին, մեկ իրար նայում, իսկ դատախազները ամեն բացատրությունից հետո աչքերն էին ոլորում. «ո՞ւմ հիվանդ երևակայությունը հայ ասվածին ստեղծեց», հարված էին ստանում դատավորից, ներողություն խնդրում ու շարունակում արհամարհանքով լսել: Հայերը շարունակում էին Հայաստանի ապրելու կողմը քվեարկել:

-Ես մնալու եմ, որովհետեւ կատվիս մեր տնից քշես էլ, դուրս չի գա, իսկ ես ինչպե՞ս կատվիս մենակ թողնեմ ու գնամ,- տեղից վեր կացավ մի պարոն:- Տան պատերից հող է թափվում ուղիղ կատվի պառկելու տեղը, վերանորոգման կարիք ունենք, բայց գումար չկա: Երեխաներս կատվիս կյանքն ուտում են, անընդհատ նրան այսուայնկողմ շպրտելով, նրա կերը դեն նետելով, կատվիս բողոքները հաշվի չառնելով: Բայց միևնույն է, դուռը բացես, կատուն տնից ինքնակամ դուրս չի գա: Կատվի չա՞փ էլ չկանք, ժողովո՛ւրդ:

Ժողովուրդը սկսեց իրար հերթ չտալով գոռգոռալ:

-Բավ է,- մուրճի մեկ հարվածով ժողովրդին լռեցրեց դատավորը, որն իմ գալուց ի վեր առաջին անգամ խոսեց,- Երկնային դատարանն իմ գլխավորությամբ որոշեց… Եթե մեռնի էլ Հայաստանը, մեր որոշումը չի լինի դա, այլ … ձերը: Եթե մեռնի, ապա միայն իր մահով: Ամբաստանյալը մեղավոր է ճանաչվում հիվանդ լինելու և երջանիկ չլինելու մեջ, սակայն ազատ է արձակվում:

Դահլիճում ծափողջյուններ հնչեցին, մարդիկ սկսեցին իրար ոգևորված գրկել, մի քանի երեխաներ վազեցին և գրկեցին ազատված Հայաստանի ոտքերից:

-Լուսակի՛ր, ինձ թվում էր «Ֆաուստից» հետո մենք այլևս երբեք չենք հաղթվելու,- մի կերպ իր դժգոհությունը թաքցնելով խոսեց Աստարոտը։

-Ու չհիշենք, որ այդպես էլ չկարողացանք տիեզերքի գահը գրավել, միակ բանը, ինչ ունենք այսօր, այս խղճուկ նիստերն են,- ավելացրեց Ազրայիլը։

-Շատ մակերեսորեն եք նայում,- ժպտաց սատանան,- այն երկիրը, որով ամեն օր անցնում է իմ կինը, պարզապես չէր կարող վերանալ: Համարեք, որ մի լավ ներկայացում վայելեցիք:

-Կի՞նը,- ապշած իրար նայեցին հրեշտակները և նայեցին իմ կողմը: Չգիտես, թե որտեղից հնչող Որդան Կարմիրի «Լեբլեբիջիների խմբերգի» ելևէջների ներքո արցունքներս սրբելով՝ ես դուրս վազեցի դահլիճից: Հեռու գնալով մարդկանցից՝ բարձր նետեցի գլխարկս, որ այլևս չթաքցնեմ փոքր պոզիկներս:

-Իմ առաքելութունն իրականացրի, հայեր,- ինքս ինձ ժպտացի ես ու ետ նայեցի մուգ մանուշակագույն շենքից դուրս եկող ոգեշնչված ամբոխին,- Igne Natura Renovatur Integra. Սատանաներն այլևս չեն խառնվի ձեր կյանքին: Այժմ Հայաստանն ամբողջովին ձեր ձեռքերում է…

 

  1. Հեղինակը հեռատեսիլ բառն առաջարկում է սկայպի փոխարեն.- խմբ.:

 

 

Անդին 6, 2015

Share

Կարծիքներ

կարծիք