Թանգարանային լռություն: Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Հեղինակ:

DSC02465j2012 թվականին արտասահմանցի ընկերներիցս մեկը այցելել էր Հայաստան, և երբ Ազգային պատկերասրահում միասին դիտում էինք Փանոս Թերլեմեզյանի «Կոմիտաս»-ները, իմ ընկերը հարցրեց. «Իսկ ինչո՞ւ է ձեր Կոմիտասը այսպես «սփռված» թանգարաններում, ինչո՞ւ չկա մի անկյուն, որտեղ հենց Կոմիտասն է հնչում»: Ինձ համար այդքան սպասելի այս հարցին չշտապեցի պատասխանել, և արդեն հաջորդ տարի Կոմիտասի թանգարան բանալու մտահղացումը երկխոսության մակարդակից տեղափոխվեց լուրջ քննարկումների և որոշումների հարթակ՝ իհարկե ոչ իմ նախաձեռնությամբ: Իսկ արդեն այս տարի Հայաստանի լավագույն թանգարանների ցանկը համալրեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, որը գտնվում է Կոմիտասի անվան քաղաքային զբոսայգում, հայոց մեծերի պանթեոնի հարևանությամբ, ուր նաև իր՝ Կոմիտասի շիրիմն է:

Այս թանգարանը, բարեբախտաբար, լուռ չէ, ուստի թանգարանային լռությունն այն բացն է, որ կար մեր մշակութային միջավայրում մինչ նրա ստեղծումը:

 

Նորաբաց թանգարանի խոստումնալից գործունեության և հետաքրքիր ցուցադրության մասին զրուցեցինք տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի հետ:

 

-Պարոն Կոստանդյան, լրատվամիջոցների արձագանքից պարզ է դարձել, որ հասարակությունը բավականին երկար էր սպասել Կոմիտասի թանգարան-ինստիտուտին: Բարի ծնունդ:

 

-Առհասարակ, Կոմիտասի թանգարան ունենալու գաղափարը, կարծում եմ, առաջին հերթին ամեն հայի մտքում է ծնվել, բայց կյանքի կոչվեց 2013 թվականից սկսած, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկեց Վարդապետի կյանքին և ստեղծագործությանը վերաբերող նմուշներն ի մի բերել մեկ տանիքի ներքո: Եվ քանի որ գաղափարը, կարելի է ասել, բոլորի համար երկար սպասված էր, դրա իրագործմանը աջակցեցին շատ շատերը:

Նախագծին աջակից եղավ հենց «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ անհատույց շահագործման հանձնելով այս տարածքում գտնվող մշակույթի նախկին պալատը, որի շինարարական ծախսերը հետագայում հոգացին «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը՝ ի դեմս նախագահներ Լևոն Սարգսյանի և Գաբրիել Ջեմբերջյանի և «Լույս» հիմնադրամը: Ծրագիրն իրականացրել է Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Հայաստանի ազգային կոմիտեն:

 

Թանգարանի նախագծի հեղինակը և ճարտարապետը, ինչպես գիտենք, Արթուր Մեսչյանն է: Եվ վստահորեն կարող ենք ասել, որ այս կառույցը հենց այնպես չի ստեղծվել: Ինչպե՞ս է մեկնաբանվում ճարտարապետական այս հորինվածքը և նրանում ամփոփված ցուցադրությունը:

 

DSC02401d-Թանգարանի ճարտարապետական հորինվածքը դասականի և ժամանակակցի փայլուն համադրություն է՝ շնորհիվ Արթուր Մեսչյանի: Արթուր Մեսչյանը, ցուցադրության հեղինակ և համադրող Վարդան Կարապետյանը և ձևավորող նկարիչ Ալբերտո Տորսելլոն ցանկացել են, որ այցելուն քայլի Կոմիտասի կյանքի ուղիով և ստեղծագործական վերելքից հետո, որը պատկերում է թանգարանի երկրորդ հարկի վերջին սրահը, թեքահարթակով իջնի ներքև, որտեղ սկսվում է Վարդապետի կյանքի մայրամուտը, և ամփոփի ցուցադրությունը մի սրահով, որտեղ Կոմիտասի մահադիմակն է՝ կախված անլռելի զանգի ներքո և դալար չինարի ծառի դիմաց:

Ցուցադրությունը «զինված» է նորագույն սարքավորումներով և լուսավորմամբ, ձայնային էքսկուրսավարով: Սրահները ութն են և ներկայացնում են Կոմիտասի անցած ճանապարհը, աշխատությունները, անձնական իրերը, լուսանկարները: Թանգարանի յուրաքանչյուր սրահում հնչում է Վարդապետի կատարումներից մեկը՝ հենց իր ձայնով:

Կոմիտասի թանգարանն ամփոփում է հարյուր երեսունհինգ ցուցանմուշ, որոնք այստեղ են տեղափոխվել Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից, Ազգային գրադարանից և Հայաստանի ազգային պատկերասրահից: Թանգարան-ինստիտուտի բացման օրը հավաքածուն համալրվեց ևս մեկ, շատ արժեքավոր ցուցանմուշով. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը նվիրաբերեց Վարդապետի արծաթե գրչակալը՝ բյուրեղապակյա թանաքամանով, որը Կոմիտասն ստացել էր Բաքվում 1908 թվականին: Գրչամանի վրա հետաքրքիր փորագրություն կա՝ «Հայ ժողովրդական երգերին ոգի տվող խոսուն երաժշտագետ Հայր Կոմիտաս վարդապետին՝ նրա գեղարվեստական տաղանդը հարգողներից»:

 

Թանգարանը նաև ինստիտուտ է, հետևաբար բացի ցուցանմուշների արխիվացումից և ցուցադրումից զբաղվում է նաև Կոմիտասի կյանքի և ստեղծագործության հետազոտությամբ: Ի՞նչ փուլում է կոմիտասագիտությունը այսօր:

 

-Կոմիտասագիտությունը հայ երաժշտագիտության առաջատար ճյուղերից է, և այս ասպարեզում այնպիսի առաջատար մասնագետներ, որպիսիք են Գեորգի Գյոդակյանը, Լուսինե Սահակյանը, Արթուր Շահնազարյանը, Մհեր Նավոյանը, Տաթևիկ Շախկուլյանը և ուրիշներ, արդեն իրենց ուսերին են կրում գիտության այդ ճյուղի պատասխանատվությունը:

Թանգարանը բավական մեծածավալ գործ է սկսել այս ուղղությամբ. մենք թվայնացնում ենք Կոմիտասին վերաբերող և վերագրվող ձեռագրեր, իսկ վերջերս Գերմանիայում Կոմիտասի ժառանգության ուսումնասիրմանը նվիրված ծրագիր իրականացրինք մշակույթի նախարարության և Գերմանիայում Հայաստանի դեսպանության հետ համատեղ:

Մոտ ժամանակներում պատրաստ կլինի թանգարանի կայքը, որտեղ հասանելի կլինեն մի շարք թվայնացված ձեռագրեր, բայց և պատրաստվում ենք նորագույն սարքավորումների միջոցով հնարավորություն տալ մեր այցելուներին թանգարանում ծանոթանալ թվայնացված ձեռագրերին, արխիվային փաստաթղթերին:

 

Ընդունված է համարել, որ Կոմիտասը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջի՝ Հայոց ցեղասպանության խորհրդանիշն է: Եվ, թերևս, իզուր չէ, որ Վարդապետին նվիրված թանգարանը բացվեց հենց այս տարի՝ 2015-ին: Հարյուրամյակի առթիվ ի՞նչ էիք նախատեսել:

 

-Թույլ տվեք չհամաձայնվել Կոմիտասին Ցեղասպանության խորհրդանիշ համարելու հարցում: Անժխտելի է, որ Կոմիտասի կյանքում Ցեղասպանությունն իր դրոշմը թողել է: Սակայն նրա ողջ կյանքն ուսումնասիրելով տեսնում ենք, որ Վարդապետը կենսախինդ և լուսավոր մարդ է եղել և իր երաժշտությամբ, արվեստով նա Ցեղասպանությանը ոչ թե զոհ է գնացել, այլ հաղթահարել և վերապրել է այն: Ուստի նա ոչ թե զոհված, այլ իր մշակույթով փրկված ժողովրդի խորհրդանիշն է:

Իսկ ի շարս մյուս թանգարանների Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ևս անմասն չմնաց Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումներից և հանրությանը ներկայացրեց «Ծաղկած ծիրանի» խորագրով ցուցահանդեսը, մի շարք համերգներ, հայ երաժշտագիտությանը նվիրված թեմաներով դասախոսություններ և այլ միջոցառումներ:

Թանգարանը նոր, բայց շատ սպասված խոսք է: Եվ, թերևս, շատ տեղին կլինի ասելը, որ Կոմիտասի ժառանգությունն ու իրերը մշտական բնակության հասցե ունեն՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը:

 

 

 

Թանգարան այցելեց Լազարևա Մարիան

 

Անդին 6, 2016

 

Share

Կարծիքներ

կարծիք