Անքնություն

46

 

Գիշեր է երկա՜ր

Քունս չի տանում,

Ու ես լսում եմ

Թռչունի ձայնը,

Շան վնգստոցը,

Եվ ինչ-որ անհայտ, խուլ ոտնաձայներ…

 

Քունս չի տանում.

Եվ լուսինն ինձ դարձյալ մենակ է տեսել՝

Ցնորքնե՜րի հետ, հուշե՜րի գրկում,

Մտորումնե՜րի…

(Ու անքնություն կոչվող այս թույնից

Գինու փրփուրը անգամ խորշում է)…

 

Ու ինձ հասնում է փողոցի կանչը,

Եվ ինչ-որ մեկը ասես դոփում է մայթերին հոգնած,

Թեև քայլում է անշտապ, հանգիստ,

Թափառում մոլոր ու ցաքուցրիվ՝

Քայլքով թափթփված

Կարծես գրկում է մայթերը գունատ

Եվ խոսում անվերջ…

Այդ ինչ-որ մեկի քունն էլ չի տանում.

 

Լուսինը նրան էլ մենակ է տեսել…

 

Իսկ ես նայում եմ հեռացող լուսնին

Քաղաքում մեռած լույսերից վերջին լույսի լուսատուն

Լուռ ժպտում է ինձ.

Փոքր ինչ հեգնելով, բայց և ներելով միայնությունս…

 

Գիշերը երկա՜ր է.

Իսկ ժամը չի շտապում

Եվ անցած օրվա կորուստը չհաշված

Մի նոր կորստի ճամփա է հարթում…

 

Գիշեր է երկա՜ր

Ես սարսափում եմ գալիք  խոհերից,

Եվ փորձում ապրել ներկայով ՝

Առանց ներկայի…

 

Եվ անքնության այս դառը ախտից

Իբրև թողություն

Բառեր եմ շարում

Ու փորձում կյանք տալ

Մեռա՜ծ աստղերին՝

Նրանց ում երբեք չի կենդանացրել

Եվ գեթ ոչ մի բառ.

 

Գիշեր է երկա՜ր.

Քունս չի տանում….

 

Իջնում է երեկոն ու շրջվում,

Թախծի մեջ խեղդվում քաղաքի:

Քո երգը կախվել է օդում,

Քո երգը խռովում է հոգիս…

 

Ժպտում է արշալույսն ու հանգչում,

Տխրում է օրը անհարկի

Քո բույրը  ապրու՜մ է, շնչու՜մ

Քո կարոտը իմ շունչն է վերին…

 

Անդին 6, 2015

Կարծիքներ

կարծիք