Մասնիկների մասին նկարչության լեզվով

DSC04451«Յուրաքանչյուր մարդու մեջ կա արվեստագետի մասնիկ։ Շատերն ուղղակի այն չեն տեսնում»,-համոզված է երիտասարդ գեղանկարիչ Մուշեղ Հովսեփյանը։

Փետրվարի 15–ին Նարեկացի արվեստի միությունում բացվեց Մուշեղ Հովսեփյանի «Հյուլե» խորագրով ցուցահանդեսը։

«Հյուլեն» գեղանկարչի առաջին անհատական ցուցահանդեսն է։ Մուշեղը ժպիտով է հիշում ինը տարեկանում ունեցած ցուցահանդեսը։ «Ասողիկ» մանկական կենտրոնը բացվել է հենց նրա ցուցահանդեսով։ Քանի որ տարիքով փոքր է եղել, շատ բան չի հիշում, բայց իրեն շրջապատող փոքրիկ գեղեցկուհիներին չի մոռացել։ Այդ ցուցահանդեսի և Մուշեղի բոլոր լուսանկարները, գեղանկարները պահել է գեղանկարչի տատիկը՝ մանկավարժ Ռիմա Առաքելյանը։

Շուրջ ինը տարի հենց տատիկն է Մուշեղի ձեռքը բռնած տարել Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն։ Այնուհետև նա ընդունվել է Խ․Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետ։ Բոլորովին վերջերս Մուշեղ Հովսեփյանն առիթ է ունեցել նաև զբաղվելու մանկավարժությամբ՝ կերպարվեստ է դասավանդել Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում։ Ասում է՝ արվեստը երեխաների դաստիարակության մեջ գլխավոր դերն ունի․ «Երեխաներին մեխանիզմներ պետք չեն։ Իրենք կզգան՝ ինչպես են ուզում նկարել»։

Մուշեղի համար՝ արվեստը հոգեվիճակ է։

«Երբ խոսում եմ արվեստի մասին, պատկերացնում եմ տարրը, մասնիկը, հյուլեն՝  շատ փոքր, բայց միաժամանակ շատ մեծ։ Առօրյա հոգսերով տարված մարդիկ հաճախ այն չեն նկատում, բայց հենց որ զգում են, մտնում են մի ուրիշ, մինչ այդ անտեսանելի աշխարհ։ Մասնիկի մասին շատ արվեստագետներ են խոսել, ամեն մեկն՝ իր լեզվով։ Ես էլ փորձում եմ իմ լեզվով բացատրել»,-Անդինի հետ զրույցում ասաց Մուշեղ Հովսեփյանը։

Մուշեղ Հովսեփյանի «Հյուլե» խորագրով ցուցահանդեսը Նարեկացի արվեստի միությունում ներկայացված կլինի մինչև փետրվարի 21-ը։

DSC04469 DSC04471 DSC04472

Share

Կարծիքներ

կարծիք