Վանոն, նրա աղունիկներն ու երկու կանայք

Alis HovvhannisyanՎանոն արդեն աղունիկներ ուներ: Հինգ զույգ: Կյանքում սրտի ուզածներից մեկն էլ կատարվեց: Այո, հենց «սրտի ուզածներից»: «Ցանկություն», «երազանք», «ոգևորություն», «ձգտում», «սեր», նաև «սեր» բառերը, ինչպես և դրանց կոնկրետ, երկրորդական և երրորդական իմաստները Վանոյի համար շատ հանգիստ տեղավորվում էին գյումրեցուն բնորոշ «գուզեմ» և դրան հակոտնյա «չեմ ուզե» բառերի մեջ: «Ուզել» բայը գյումրվա բարբառով նշանակում է սիրել, նաև նշանակում է աղջկա ձեռքը խնդրել, նաև, իհարկե, «ուզել», «ցանկանալ»:

Շատ տարիներ առաջ, երբ դեռ երեխա էր և երկրաշարժին ծնողներին կորցրած քարշ էր գալիս ողջ մնացած միակ ազգականի՝ քեռորդի Սերոյի պոչից, և Սերոյի հետ ամբողջ օրը փլատակներից վիրավորներ ու դիակներ հանած երիտասարդների կողքին՝ խարույկի մոտ տաքանում էր, Վանոն լսեց, թե ոնց մի շատ գեղեցիկ սփյուռքահայ օրիորդի իր զարմիկը երկար քրտնել-պաղելուց հետո համարձակվեց ասել. «Ես քեզի շատ գուզեմ»: Վանոն տեսավ նաև, թե ինչ ծանր տարավ Սերոն աղջկա՝ արհամարհական ձեռքը թափ տալն ու նույն րոպեին մի ուրիշ տղայի հետ խոսքի բռնվելը: Օրիորդը երևի զարմացել էր՝ այդ անհարմար ժամին, անհարմար տեղում, եթե անգամ ինքն էլ պատրաստ լիներ… Ինչքա՜ն ուղղամիտ ու մանավանդ տոկուն են այս գյումրեցիք…

Վանոն իր ղուշբազ հարևան Հովսեփին, նրա աղունիկների թռիչքին երկա՜ր նայելուց ու երկար մտածելուց հետո մի օր ասաց. «Գուզեմ ես էլ ղուշ պայեմ»: «Էղավ,- ասաց Հովսեփը,-  է գիդե՞ս ըսոնց խասիաթը, պայելու ձևը»: «Չիդեմ, մե քիչըմ սորվըցու»: «Ուրեմն, սըֆտուց բուն բըդի շինես մե բարծրըմ տեղ, օր կադուները վրա չըտան»: «Է, ըդիգ պարզ է. առանց բնի ինճը՞ղ կեղնի»: Թեև երբ իր առաջին կնոջը՝ Վարդին, խաբեց, փախցրեց, ո՛չ տուն ուներ Վանոն, ո՛չ բույն: Վարդի տասնհինգ տարեկան եղբորը փողոցում պատին դեմ էր արել, խաղալիք ատրճանակը պահել ուղիղ նրա ականջի մեջ, սպառնացել, որ եթե Վարդին դուրս չկանչի, իբր ընկերուհին է կանչողը, հենց տեղում դիակը կփռի: Տարել էր Վարդին Մարալիկ՝ հորքուրի տուն, էնտեղ պահել էին, մինչև ինքը կարգի գցեր իրեն բաժին հասած ծակ դոմիկը: Վարդը, ուզած-չուզած, մոռացավ իրեն հավանող լավ-լավ տղաներին, եկավ, Վանոյի կոնտեյները դարձրեց երկու սենյականոց բնակարան: Աղջկա խայտառակությունը կոծկելու համար Վարդի հայրը՝ կոտրած սրտով, օժիտի վարագույրներն ու մի քանի ափսե-բան բերեց, աչքի պոչով նայեց իրեն կարոտած աղջկան, թողեց, գնաց: Մինչդեռ մինչև այս դեպքը աղջկան ուզելու եկող բոլոր խնամախոսներին դուրս էր անում տնից՝ ասելով. «Տղուն պիտի ինքս հավանեմ. թե չսիրեցի, իմ աղջկան տվողը չեմ»: Վարդի ձեռքից շատ բան էր գալիս: Վանոն էլ գործից՝ սևագործ բանվորությունից վերադառնալուց հետո նստում էր դոմիկի պատի տակ, ծխում էր ու նայում Վարդի դուրսուներս անելուն: Դիտում էր իր փոքրիկ, կապույտ աչքերի ծակող գիշատիչ հայացքով, կարծես նա ոչ թե իր կինն էր, այլ ուրիշինը, իր ոխերիմ թշնամունը, և քիչ էր մնում տա սպանի Վարդին, երբ նա գլուխը հեզիկ խոնարհելով «բարիրգուն» էր ասում դռնով անցնող Հովսեփին, մյուս հարևաններին: Իսկ երբ Հովսեփը Վանոյին առաջարկեց Վարդին աշխատանքի տեղավորել իր «օֆիսում» որպես հաշվապահ, Վանոն մի կերպ մարեց իր աչքերի մեջ հուրհրատող կատաղությունն ու ասաց՝ «Կմդաձենք»: Վարդը շատ ուշ իմացավ, թե այդ օրը ինչու էր հղի վիճակում ծեծուջարդ կերել Վանոյից: Չհասկացավ, թե ո՞նց անի, որ էլ «բարի օր», «բարիրգուն» չասի անցնող-դարձողին, բայց չդադարեն իրեն քիչ թե շատ մարդու տեղ դնելուց: Սկսեց հարևանուհիների մազերը կտրել, հարդարել, երբ ամուսինը տանը չէր: Քանի որ գրոշներով էր անում այդ գործը, շրջապատի բոլոր դոմիկների կանայք տան գործերը արագ-արագ վերջացնելուց հետո կյանքի մասին իրենց պատկերացումներով, սերիալային սյուժեներով հարստացած գիտելիքներով ու բամբասանքներով վազում էին իր մոտ: Վերջապես նա փող ետ գցեց, մոտիկ դրկից Սոնային խնդրեց իր համար մի ֆեն բերել «քաղաքից»: Ուզում ենք ասել՝ քաղաքի խանութից, քանի որ Վարդին կարծես թե հայտնի չէր, որ իրենց դոմիկը հենց Գյումրու կենտրոնում է գտնվում: Ֆենը պահելու գործողությունը մտավ դոմիկների կանանց բազում հոգսերի ցանկը: Վանոն զանգում էր Վարդի բջջայինի վրա ու հարցնում. «Տո՞ւնն էս, ըխչի»: «Հըբը ո՞ւրդեղ բըդի էղնիմ»,- զարմանում էր Վարդը: «Դե ջրի կռանտը միացու, օր ձենը լսեմ»: Վարդը միացնում էր ֆենը, Վանոն հանգստանում էր: Մինչև Վանոյի տուն հասնելը ֆենը պետք է տնից անհետացած լիներ, որովհետև իրենց բների մեջ կատաղությամբ ֆռֆռացող, հանցանշան փնտրող նրա սուր հայացքից չէր կարող վրիպել ոչ մի բան: Երբ չէին հասցնում հիշել, թե որ մեկի տանն է գիշերել ֆենը, հաջորդ օրը սկսվում էր փնտրտուքը, ու, կարծես Վարդը դրա սիրտն ուներ, մանավանդ երբ զբաղված էր լինում հերթական ծեծուջարդից հետո կապտուկները ամոքելով, կատակներ էին կապում գլխին, իբր չի գտնվում ֆենը:

Վարդը հոր քթից թռած շեկլիկ, կապուտաչ տղային հասցրեց մինչև մեկ տարեկան, պինդ գրկեց, համբուրեց, թողեց նրան գյուղում ապրող ութսուներկուամյա սկեսրոջ գոգում, տնամերձից գազար բերելու պատրվակով դուրս եկավ տնից, անհետացավ:

Որոշ ժամանակ անց իմացվեց, որ Վարդը Ռուսաստանում է: Ու քանի որ ֆենը հարևանուհիներից ոչ մեկի տանը չգտնվեց, ենթադրեցին, որ վարսավիրություն է անում: Վանոն համոզված էր, որ Վարդը ինչ էլ անի, որտեղ էլ անի, արածը բոզություն է, ուրիշ ոչինչ: Իսկ երբ Վանոյի ականջին հասավ, որ իր տղային գյուղում նմանեցրել են Պուտինին ու սկսել են «Պուտին» կանչել, չգիտեր գլուխը որ պատովը տա: «Ընչի՞ բըդի իմ տղեն Պուտինին նման էղներ»,- գլուխը կոտրում էր այս հարցի վրա: Կատաղում էր, շեկ գլուխը սառը ջրի տակ երկար պահելուց, անիրավվածությունը մի կերպ թոթափելուց հետո խեղճանում, խեղճանում էր ու մեկ էլ տեսնում էր, որ ոչ թե ծխում, այլ ծամում ու թքում է ծխախոտը՝ իր մեջ կուտակված մաղձի հետ: Բայց մաղձը չէր քչանում, այլ բազմապատկվում էր:

Հովսեփը, աղունիկների փողն ստանալով, Վանոյին ասել էր. «Տար, սֆտուց կփագես բնի մեջ մե էրգու օր, օր սորվին՝ ըդիգ իրանց բունն է, էդև կթռցնես մե տասնհիգ րոպե, էդև քիչ-քիչ կշադըցընես թռցնելը: Էդև կռնաս դուռը բաց թողնիս. իրանք էլ ուրիշ տեղ էրտցողը չեն»:

Հիմա արդեն իր դոմիկի պուճուր հողամասում, որ ինչ ճիշտն է ճիշտը՝ Վարդն էր ցանկապատել, մի քանի լոբի-բան էր ցանել, Վանոն տեղադրել էր իրեն-իրեն ցանկապատից այս կողմ հայտնված կրիային, վրան կործել էր լիմոնադի ցանցկեն մի արկղ, որից ներս չէր կարող սողոսկել կատվի թաթը, կրիան էլ չէր կարող իր գլուխը դուրս հանել: Օդը՝ ինչքան ուզես, ջուրն ու խոտը Վանոն տալիս էր ամեն օր: Կրիային նայելիս հիշում էր Վարդին ու մտածում. «Օր էն բոզի ծնունդ բոզին էլ ա՛յ ըսպես փագի տակ դնեի ու վրեն էլ այ ըսպես մե ծանր քարըմ դնեի, ո՞ւր բըդի թպրտար»: Նրա կապույտ, փոքրիկ աչքերից ցայտող վայրի կատաղությունն ու չարախնդությունը չէր հասկանում կրիան: Ճագարները խժռում էին Վանոյի՝ ամեն օր ձեռի հետ բերած առատ խոտն ու իրենք իրենց անտարբեր բազմանում էին: Մեկ-մեկ իր տանը չեղած ժամերին երեխաները մտնում-գողանում էին ճագարներին, բայց Վանոն չէր կարողանում պահել դրանց հաշիվը: Տետրի մեջ խազեր անելն էլ չէր օգնում:

Աղունիկներ գնելուց արդեն երկու ամիս էր անցել, բայց ոչ մի կերպ չէր վճռում բաց թողնել նրանց: Մինչև գործի գնալը նստում էր բնի դիմաց, խորասուզված նայում էր նեղվածք բնում մի կերպ տեղաշարժվող նրանց հպարտ կերպարանքներին և ուրախ էր, որ սրանց փող է տվել, առել է, որ սրանք էլ, իրենց հպարտությունն էլ իրենն են, ինչ կուզի կանի. կուզի բաց կթողնի, կուզի՝ կճզմի: Հարևան Հովսեփի՝ ղշերին թռցնելուց հետո, նրա գլուլ-գլուլ սուլոցը երկա՜ր գաղտագողի լսելուց, նրա «սիրամարգ» աղունիկների ձևավոր թռիչքներին նայելուց ու տեսնելուց հետո, թե նրանք տիրոջ սուլոցի վրա ոնց են վերադառնում, կանգնում մատների ծայրերին ու բացում պոչերը, Վանոն վերջապես որոշեց գոնե մի անգամ բաց թողնել իր աղունիկներին… Աղունիկները զարմացած միմյանց նայեցին, կարկամեցին, չհասկացան, որ արդեն կարելի է թռչել… Վանոն նրանց մեկ-մեկ դուրս բերեց, ափսոսանքի պես մի բան ապրելով թռցրեց… Նայեց նրանց ճախրանքին, էլի մտածեց Վարդի մասին, իրեն մեղադրեց, որ աչքը վրան չէր պահել. եթե օր ու գիշեր հսկեր, ոչ մի սողանցք չթողներ, Վարդը իրենից չէր կարողանա փախչել: Այդ պահին սիրտը մի պահ կանգ առավ, շունչը փախավ, հասկացավ, որ աղունիկներին ետ բերելու մասին ոչ մի բան չէր հարցրել Հովսեփից: Չգիտեր նրա պես մեղմ սուլել: Աղունիկները ետ գալու միտք չունեին: Հովսեփը ասել էր. «Ժամը 100 կիլոմետր կթռնին»: Նայեց ժամին. «Բուն շինե, օր ու գիշեր կերագրե, օր ըսպես էրթան ու կիլոմետրեր թռնին: Էս ինչ բերի գլուխս»: Եվ Վանոն գլուխն առավ ձեռքերի մեջ, ուզեց սովորության համաձայն գլուխը խփել պատին, երբ ուսին խլրտոց զգաց: Աղունիկը եկել, թառել էր իր ուսին: Կարմիր աչուկներից մեկով կարծես հարցնում էր «Էս ընչի՞ ես կադղե»: Վանոն նրան ճանկելն ու բույնը խցկելը մեկ արեց: Զույգերից երկուսն էլ իջան, մտան բույնը, որ ուտեն Վանոյի տված կուտը: Մյուսներն էլ եկան: Վանոն արագ փակեց դուռը, կողպեքն ամրացրեց վրան ու խորը շունչ քաշեց, սիրտը տեղը բերեց:

Երեք ամիս էլ անցավ, բայց էլ ոչ մի անգամ Վանոն չէր բացում աղունիկների դուռը: Առավոտները մինչև գործի գնալը նստում, նայում էր նրանց ճարպակալած մարմինների անցուդարձին ու մեղմորեն սուլել փորձելուց հետո մրմնջում էր. «Վաղը, վաղը կթռցնեմ, էսօր ռիսկս չի հերիքե»: Հաջորդ օրը, աղունիկների աչքերին նայել չկարողանալով, խոստանում էր. «Հըմի ժամանակ չունիմ, մե քիչըմ էլ քեֆս տեղը չէ: Իրգունը թասըմ կխմեմ, ռիսկս տեղը գուկա… Թարս մի՛ նայեք ըդպես: Մի՛ ստիբեք, օր կադղիմ, էրաձս չհասկնամ»:

Քանի որ «հիանալ» բառը Վանոյի բառապաշարից չէր, նա «հավեսն էր առնում», երբ մտածում էր. «Ըսոնց փարա եմ տվե, առել եմ, իմըս են»: Իսկ տղան գյուղում ապահով մեծանում է: «Իմս է: Պուտին է, թե Պուտին չէ, փախնելու տեղ չունի»:

Աղունիկներից մեկը սատկեց: Նրա զույգը երևի իր էգի՞, թե՞ որձի կորստին չդիմացավ: Սատկեց: Հերթով սկսեցին փետրաթափվել, սկսեցին չուտել Վանոյի տված կուտը ու սատկում էին աղունիկները: «Բա՛ց թող, ա՛յ տնաշենի ախմախ,- ասաց Հովսեփը,- ըդոնք հավ չեն, օր դրել ես փագի տակ, թոբա թե պայես գը»: Հովսեփն ի վերջո իր ձեռքով բացեց դռնակը, բայց աղունիկները չթռան, չուզեցին թռչել, գերադասեցին մնալ ու անգամ չնայել Վանոյի տված կուտի կողմը: Միայն մեկը, ում զույգը արդեն սատկել էր, թևին տվեց, թռավ, բարձրացավ երկինք:

Դոմիկին, շանը, կրիային, ճագարներին մի կերպ տիրություն էր անում Հովսեփը, թե չէ մի քանի ժամում կթալանեին ամեն ինչ: Մի օր էլ ամրացրեց դոմիկի կողպեքը, պատուհանի վանդակաճաղերը: Ասում էին՝ Վարդը ճանապարհածախս է հավաքում, ետ է գալու: Գուցե հենց այդ պատճառով էլ Վանոն գլուխն առավ, հեռացավ իր դժբախտ դոմիկից:

Դրանից հետո Վանոյին որպես աշխատող տղա, որպես ամուսին պատսպարեց այրի Ֆլորը, ում Վանոն մի քանի փականքի տակ էր պահում, որ չփախչի: Ֆլորը զարմանում էր. «Քա ո՞ւր բըդի փախնիմ իմ սեփական տնեն»: Խելոք էր, հնազանդ էր: Պատուհանի մոտ կանգնում էր միայն այն ժամերին, երբ Վանոն տանը չէր լինում, քանի որ նա խոստացել էր ոտները ջարդել, եթե հանկարծ համարձակվի փողոցի երթևեկին նայել: Ընդմիջման ժամերին Վանոն տուն էր զանգում և հարցնում՝ «Ի՞նչ կենես», Ֆլորը արդեն լրիվ ցածրացրած էր լինում հեռուստացույցի ձայնը, միացնում էր ջրի ծորակն ու հանգիստ ստում. «Գործ կենեմ, ի՞նչ բըդի էնեմ, ազիզ»: Հետո մենակ-մենակ նստում, նայում էր՝ ձայնը ցածրացրած: Հատկապես սիրում էր դիտել Օ’Բամայի մասին լուրերը, մանավանդ երբ Օ’Բաման երևում էր իր ամբողջ հասակով: Ֆլորը հասկացավ, որ չի կարող և չի ուզում առանց Օ’Բամային էկրանին տեսնելու մի օր անգամ ապրել: Այս սոսկալի գաղտնիքը պահելը շատ ծանր էր իր համար, բայց մի կերպ դիմանում էր: Իսկ երբ երեկո էր լինում, և Վանոն էր նստում հեռուստացույցի դիմաց, անցնում էր Վանոյի թիկունքի կողմը, արդուկ անելով աչքի պոչով նայում էկրանին: Մի անգամ հազիվ իրեն զսպեց, որ արդուկով չխփի Վանոյի գլխին, երբ սա անփութորեն փոխեց ալիքը, որտեղից Օ’Բամային էին ցույց տալիս, իսկ Ֆլորն իր համար հանգիստ, արդուկ անելով երևակայում էր, թե ԱՄՆ նախագահը, ինքնաթիռի սանդուղքից իջնելով, իրեն է ժպտում ու ձեռքով անում: Երբ Օ’Բամային երկրորդ անգամ նախագահ ընտրեցին, և Ֆլորը չկարողացավ զսպել իր ուրախության ճիչը, Վանոն անսպասելիությունից կանաչեց: Ինչ-ինչ, բայց որ Ֆլորը սևամորթի վրա աչք տնկի՝ Վանոյի մտքի ծայրով էլ չէր անցնի: Հենց որոշեց ոչ թե մորթել կնոջը, որ բանտում չփտի, այլ մի լավ ջարդել ոսկորները, զգաց, որ ինքն է ձեռից գնում: Ֆլորը անջատեց հեռուստացույցը, անիծեց Օ’Բամային էլ, Վանոյին էլ… Վանոյին տարան հիվանդանոց: Այստեղ նա մի քանի ամիս ո՛չ մեռած էր, ո՛չ կենդանի: Կոմայի մեջ էր: Այնպես որ հիմա Ֆլորը ուզածի չափ կարող էր նայել Օ’Բամային վերաբերող լուրերը: Ժուռնալներից կտրում, իր պատերին էր փակցնում նրա նկարները:

Աշոտիկ-Պուտինը մեծանում էր գյուղում: Նրան գոգնոցի մեջ տաքացնող տատը չկար այլևս: Մի օր մի աղունիկ եկավ, թառեց երկնքի ամպերին նայող կապուտաչ միայնակ տղայի ուսին: Հարցրեց. «Էդ քո անո՞ւնն են Պուտին դրե, ընչի՞»: «Եսի՞մ»,- ասաց մանկիկը, շոյեց աղունիկի վիզը: «Մյուս անգամ օր գամ, քեզի կտանիմ հորդ, մորդ քով»,- խոստացավ աղունիկն ու թռավ բարձր:

Վանոն հիվանդանոցում դեռ պառկած էր անգիտակից, երբ ծնվեց Ֆլորի ու Վանոյի տղան: Բոլորի հետ Ֆլորն էլ էր ապշահար՝ տեսնելով, որ իր ճերմակ մարմնից դուրս եկած երեխան սեփ-սև, գիշերի նման, Օ’Բամայից ավելի սև էր: Արագորեն պատերից հավաքեց նկարները, թաքցրեց ներքնակի տակ: Ու թեև արտաքուստ զարմացած ու սաստիկ դժգոհ էր իրեն հասած այս դժբախտությունից, բայց սրտում երջանիկ էր, որ իր կաթով սնում է ու մեծացնելու է Օ’Բամայի նման սիրուն մի գյումրեցի տղայի, և որը իր, գուցեև շատերի պաշտպանն է լինելու աշխարհում: Եվ ինքը Վանոյի նման խեղճուկրակի կարիքը չունի այլևս:

Երբ վեց ամիս անց հիվանդանոցից նիհարած, սմքած իր հին դոմիկը վերադարձավ Վանոն, Վարդն ու որդին դռանն իրեն էին սպասում: Նրանց ուղեկցող աղունիկը թռել-գնացել էր: Իրեն այցի եկողներին Վանոն ասում էր. «Մի՛ հարցրեք ուրդեղ էի, ինչ տեսա: Ըսեմ օր էն աշխարհեն եմ էգե: Ընդեղ շատ բան տեսա: Ինադ կենեի, չէի ուզե հասկնա, հըմը գլուխս բացին, մեջը քիչըմ հասկցողութուն լցին»: Հետո միայն Վարդին որպես գաղտնիք ասաց. «Ես գիտեմ, մերս սաղ չէ: Ընդեղ հանդիբանք: Ընձի իրեք էրեխա ցույց տվավ, ըսեց. «Ըսոնք քուգդ են, Պուտինը, Օ’Բաման, երրորդը ծովափի սիբիրցի սիրածդ է բերե, անունը Սերյոգա է, օր մենձնա, բարձր հոգևորական պըդի դառնա և պըդի Հայր Սերգիյ կոչվի»: Վարդը հպարտությամբ շոյեց Աշոտիկ-Պուտինի շեկ մազերը: Իսկ երբ Ֆլորին էր հասել այս տեղեկությունը, նա նայել էր իր կաթն ախորժակով կլանող, անաստղ, անլուսին գիշերի պես սև տղային, հագուստի թևքով ծածկել էր բերանն ու բացականչել. «Ամա՜ն, ի՞նչ կըսեք»:

Քանի որ Վանոն անաշխատունակ էր, Վարդը գնաց աշխատելու՝ որպես տղամարդկանց վարսավիր. կանանց «Գեղեցկության սրահներում» գործ չկար:

Շուտով Ֆլորը նույնպես աշխատանքի անցավ Գյումրու շուրջօրյա «Կակաչ» ռեստորանում որպես մատուցողուհի: Օ’Բամա-Արմենին բերեց Վանոյի ու Վարդի դոմիկը, խնդրեց տեր կանգնել երեխուն՝ «մինչև ինքը մե քիչըմ ոտի կայնի»:

Վանոն բակում բաց թողեց կրիային, որ իր որդիները նայեն նրա անցուդարձին ու ուրախության ճիչեր արձակեն, բաց թողեց ճագարներին, որ մի օրում կերան բակի ամբողջ կանաչը ու ցրվեցին դեպի դաշտերը:

Ամեն օր Աշոտիկ-Պուտինին և գիշերի պես սև Արմեն-Օբամային Վանոն տանում էր զբոսանքի: Սկզբում անցնում էր տղամարդկանց վարսավիրանոցի կողքով, հետո շրջում էր «Կակաչ» շուրջօրյա ռեստորանի մոտերքում: Աչքի պոչով նայում էր բաց լուսամուտներից ներս՝ մի բան տեսնելու, բայց չտեսնելու տալու հույսով, ու գլուլ-գլուլ շվացնելով՝ Գյումրիի փողոցներով քայլում էր դեպի իր դոմիկը: Մտորում էր «երազանք», «ցանկություն»,«ոգևորություն», «ձգտում», «սեր», «հիանալ», «սեր, սեր, սեր» և մի շարք այլ հայերեն բառերի կոնկրետ, երկրորդական և երրորդական իմաստների մասին, որ նրա գլխում հայտնվել ու մնացել էին էն աշխարհ գնալ-գալուց հետո ու կարուսելի խաղալիք կենդանիների նման պտտվում, պտտվում էին անվերջ:

 

Անդին 6, 2015

Կարծիքներ

կարծիք